Հայ մայրիկների պայքարը կրծքով կերակրման համար․ աշխատանքի և հասարակական ճնշումների միջև

Լրագրող: Ռուզան Գիշյան, , Իլյուստրատոր: Մարի Գրիգորյան
24.09.24

Երբ 31-ամյա Սոնա Քոսայանն ունեցավ իր առաջնեկին՝ բժիշկները նրան ասացին, որ նա բավարար կրծքի կաթ չունի երեխային ճիշտ կերակրելու համար:

«Երեխաս շատ անհանգիստ էր, ես զգում էի որ փորի կծկումներ ու ահավոր շատ գազիկներ ունի, բայց կողքից ասում էին` սոված ա մնում, դրա համար լացում ա: Փորձեցինք արհեստական, մի մեծ շոշով կերավ, էլի սկսեց լացել՝ ավելի բարձր, ու էլ չտվեցի»,- պատմում է 31-ամյա Սոնա Քոսայանը։

Նորածին տղան իրականում հիվանդանոցից աղիքային ինֆեկցիա էր վերցրել եւ անհանգիստ լինելու ու անընդհատ լացելու հիմնական պատճառը հենց դա էր, սակայն, ինչպես բժիշկները, այնպես էլ շրջապատող մարդիկ Սոնային համոզում էին, թե կրծքով կերակրելն է պատճառը։  

Կանանց իրավունքներով ու խնդիրներով զբաղվող «Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանն ասում է, որ իրենց հաճախ են դիմում մայրեր, ովքեր կրծքով կերակրման հետ կապված խնդիրներ են ունենում։ Որոշ դեպքում պատճառը լինում է այն, որ կինը ընդհանրապես չի ունեն պրակտիկ գիտելիք՝ երեխային կերակրելու, խնամքի վերաբերյալ, որովհետև հղիության, իսկ հետո արդեն երեխայի ծնունդից հետո բուժհիմնարկում չի ստանում այդ գիտելիքն ու օգնությունը։ 

«Պրակտիկայում հանդիպող խնդիրներից է նաև, երբ, բացի նրանից, որ կնոջը չեն օգնում, սովորեցնում կրծքով կերակրել նորածնին, նաև անտակտ ռեպլիկներ են հնչում բոլորովին՝ ոչ կոմպետենտ աշխատողների կողմից։ Օրինակ, մի կին պատմում էր, որ իրեն ասել էր՝ պտուկ չունես, ո՞նց ես կերակրելու։ Նման արտահայտությունները խիստ վիրավորական ու դեմոտիվացնող են։ Բուժանձնակազմը պետք է պատրաստված լինի ծննդկանի կամ նորածին ունեցող կնոջ հետ աշխատել՝ հաշվի առնելով թե կնոջ, թե նորածնի ոչ միայն ֆիզիկական առողջության հարցերը, այլ նաև հոգեհուզական վիճակը»,- ասում է Աստղիկը։

Համաշխարհային առողջապահական կազմակերպությունները խրախուսում են կրծքով կերակրումը։ 

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կրծքով կերակրվող նորածիններն հոսպիտալացման ավելի ցածր մակարդակ ունեն և հակված են ավելի լավ առողջություն ունենալ», - նշում է Քլիվլենդի կլինիկան: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւս կարեւորում է կրծքով կերակրման աջակցությունը և կարծում, որ կառավարության մեծ դեր պետք է ունենա այդ պրակտիկային աջակցելու հարցում: ԱՀԿ-ի նպատակն է, որ ծնվելուց մեկ ժամվա ընթացքում կրծքով կերակրվող նորածինների թիվը հասնի 70 տոկոսի:

2000 թվականից սկսած Հայաստանում ծննդյան առաջին ժամի ընթացքում կերակրվող երեխաների թվի թեև զգալի աճ է արձանագրվել (2000 թվականին՝ 24.5%), սակայն այն դեռ բավական ցածր մակարդակում (40.88%) է՝ զիջելով համաշխարհային միջին՝ ցուցանիշին (47%): 

Հայաստանի կառավարությունը սկսել է խրախուսել կրծքով կերակրումը 2014 թվականին, երբ խորհրդարանն ընդունեց «Երեխաների կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքը։ Բուժաշխատողները պարտավոր են խրախուսել կրծքով կերակրումը և նորածիններին չտրամադրել ոչ մի տեսակի սնունդ կամ հեղուկ, բացի կրծքի կաթից. ամրագրված է օրենքի 19-րդ հոդվածում:

Նույն հոդվածի 6-րդ կետով ամրագրվում է, որ բուժաշխատողները մանկական սնունդ արտադրողների և (կամ) բաշխողների կողմից ցանկացած առաջարկի դեպքում (նմուշ, նվեր կամ այլ շնորհ) կամ սույն օրենքի նորմերի այլ խախտումների դեպքում պետք է տեղեկացնեն առողջապահական կազմակերպության ղեկավարությանը։ 

Բժիշկները այս պրակտիկան կիրառելու գործում հաճախ դանդաղում են, մասամբ՝ արհեստական ​​խառնուրդ արտադրող ընկերությունների կողմից ագրեսիվ շուկայավարման, ինչպես նաև սովետական տարիներից եկած համոզմունքների պատճառով:

Նեոնատոլոգ եւ կրծքով կերակրման մասնագետ Աննա Տոնիկյանի խոսքով ամենատարածված միֆերը նրանք են, երբ մայրիկին ասում են, թե իր կաթը լավը չէ, յուղոտ չէ, կամ մեկ տարեկանից հետո ջուր է դառնում։

Նա փաստում է՝ մայրական կաթը բաղադրությունը փոխվում է ըստ երեխայի պահանջի, օրինակ երեխայի հիվանդ ժամանակ պարունակելով ավելի շատ հակամարմիններ։

«Կրծքի կաթը կարելի է ասել կախարդական է, որովհետեւ առավոտյան այլ կազմ ունի,երեկոյան՝ այլ, հիվանդ ժամանակ՝ այլ։ Եթե մայրիկն ունի բավարար գիտելիքներ ոչ մեկի ասածն իր վրա ազդեցություն չի թողնելու»,- ասում է Աննա Տոնիկյանը։

Երեւանի մի քանի ծննդատներում եւ բուժհաստատություններում գործում են մայրության դպրոցներ, հիմնականում ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի՝ ՄՕՄ կենտրոնի հետ համատեղ։ Այստեղ մայրիկները համապատասխան գիտելիքներ ես ստանում։

ՄՕՄ կենտրոնը (Միշել Օդեն Մայր Կենտրոնը), որի նպատակն է ապահովել բազմակողմանի, գիտահեն խնամք կանանց համար՝ հղիության ամբողջ ընթացքում և հետծննդաբերական շրջանում, ապագա հայրիկների համար եւս նախաձեռնություններ ունի։ «Մաստերկլասս Հայրիկ» դասընթացների ընթացքում հայրիկները հանդիպում են մասնագետների հետ եւ ակտիվ քննարկում նաեւ կրծքով կերակրման հարցը։ 

Ֆեյսբուք սոցիալական հարթակում կրծքով կերակրող մայրերին աջակցող խումբ է նաեւ գործում։  Կրծքով կերակրելու սենյակ-ի (Armenian Breastfeeding and Mother-to-Mother Support Group) նպատակն է ստեղծել ջերմ մթնոլորտ, որտեղ ապագա կամ ներկայիս մայրերը կզրուցեն կրծքով կերակրելու թեմայի շուրջ, կօգնեն իրար և կստանան անձնական փորձի վրա հիմնված խորհուրդներ և մասնագիտական տեղեկատվություն: Խումբը մոտ 58,000 անդամ ունի։ 

Կրծքով կերակրումը խթանելու համար Առողջապահության նախարարությունը եւս նոր նախաձեռնություն ունի։ 

«Կրծքով կերակրող խորհրդատուի կամ համապատասխան պատրաստվածություն ունեցող բուժաշխատողի առկայությունը պարտադիր պահանջ կլինի ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում»,- ասում է ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Լիլիթ Ավանեսյանը։ 

Աստղիկ Կարապետյանը սա դրական մոտեցում է համարում, սակայն իրավիճակի փոփոխության համար առաջնահերթ է պրակտիկան, քանի որ պարզ չէ՝ պրակտիկայում ինչպես այն կաշխատի։ 

Նեոնատոլոգ եւ կրծքով կերակրման մասնագետ Աննա Տոնիկյանի խոսքով այս մոտեցումը հրաշալի է, քանի որ հնարավորություն է տալիս, որ մայրիկներն ադեկվատ օգնություն ստանան։ Բայց շատ կարեւոր է, թե ինչ դասընթացներ են անցնելու մասնագետները։

«ԱՆ կողմից դեռ հստակեցված չէ, թե կկ մասնագետ ո՞վ կարող է դառնալ, ինչպե՞ս կարող է դառնալ, ի՞նչ քննություն պիտի տա, որքա՞ն ժամ պրակտիկա ունենա։ Արտասահմանյան IBCLC որակավորում կա, ըստ որի մասնագետը պիտի 95+ ժամ դասընթացների մասնակցի, անցնի էթիկայի դասեր, ունենա 1000+ ժամ պրակտիկա, հանձնի քննություն եւ այլն»։

Ըստ ուսուցման և զարգացման «TMM» կենտրոնի հոգեբան Մելինե Խուդեյանի՝ կրծքով կերակրելը  մայրության անբաժան մասն է եւ մայրանալ պատրաստվող ցանկացած կնոջ անհանգստացնող առաջին կարևորագույն խնդիրներից է։ Կրծքով կերակրման ընդունումն ավելացել է, թեև կանայք դեռ զգալի մարտահրավերների են հանդիպում:

«Կարևոր մի հանգամանք, որ մշտապես պետք է հիշել անկախ բոլոր տեսակի ճնշումներից կամ տեսակետերից՝ միայն կերակրող մայրն է որոշում ինչպես և որքան կերակրել փոքրիկին։ Կարևորը, որ նա դա անի սիրով և հաճույքով, խորհուրդ է տրվում մայրիկներին կրծքով կերակրման պրոցեսը վերածել ուրախության և հպարտությամբ կատարվող գործընթացի։ Պետք է նշել, որ վերջին շրջանում հայ հասարակությունը ավելի դրական է ընդունում կրծքով կերակրումը հասարակական վայրերում»,-ասում է նա։ 

ՀՀ Աշխատանքային օրենսգրքում հստակ դրույթներ կան, որոնց նպատակը արձակուրդից հետո երեխայի կրծքով կերակրումը շարունակելուն նպաստելն է։

Այսպես՝ Օրենսգրքի 258-րդ հոդվածը սահմանում է, որ կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում` կես ժամից ոչ պակաս տևողությամբ: Այսինքն՝ 8 ժամ տևողությամբ աշխատանքային օրվա ընթացքում կրծքով կերակրող կինը կարող է ունենալ հավելյալ առնվազն 1 ժամ ընդմիջում։

Մասնագիտությամբ լրագրող 28-ամյա Աննան (անունը փոխված է, քանի որ նա շարունակում է նույն տեղում աշխատել) դժվարությամբ է համատեղել աշխատանքն ու կրծքով կերակրումը։ Ֆինանսական խնդիրների պատճառով նա աշխատանքի է վերադարձել, երբ աղջիկը դեռ 3,5 ամսական էր։ 

Աննան սակայն նշում է, որ աշխատավայրից տուն հասնելու համար մոտ 30-40 րոպե էր անհրաժեշտ եւ ժամանակը խնայելու համար ինքը ստիպված էր ամեն անգամ խոհանոցում փակվել, կաթը կթել ու այն տուն ուղարկել։

«Ես նկատում էի, որ գործընկերներս խեթ աչքով են նայում, երբ փակվում եմ խոհանոցում, բայց դա միակ հարմար տեղն էր։ Ինձ համար նվաստացուցիչ էր դա զուգարանում անել»,- ասում է Անան։ 

«Կետ 33» ՀԿ նախագահ Աստղիկ Կարապետյանի խոսքով կա կարգավորում աշխատավայրում կերակրասենյակ ունենալու վերաբերյալ․ սա իմպերատիվ նորմ չէ։ Կա նաև հնարավորություն ոչ լրիվ օրով աշխատելու։ Սակայն չկան հեռավար կամ ճկուն այլ պայմաններով աշխատելու վերաբերյալ կարգավորումներ։ 

«Օրենսդրական կարգավորումներից զատ, շատ կարևոր է հենց  գործատուների կողմից կիրառվող պրակտիկան։ Օրինակ, որևէ տեղ գրված չէ, որ տրանսպորտում հղի կնոջը պետք է տեղ զիջել, բայց շատերս զիջում ենք։ Այս դեպքում ևս եթե գործատուի համար հղի կինը կամ մայրը, երեխան հարգանքի, հոգատարության են արժնի ոչ միայն կենաց ասելու պահին, ապա նրանք իրապես հնարավոր են դարձնում իրենց աշխատողների համար երեխայի խնամքն ու աշխատանքը համատեղելը։ Եվ սա բոլորովին չի ենթադրում մեծ ռեսուրսներ ծախսել․ օրինակ, եթե կազմակերպությունը փոքր է, չունի մեծ ֆինանսական հնարավորություններ, ապա կարող է կրծքով կերակրող աշխատողի համար սահմանել ճկուն աշխատանքային պայմաններ՝ հեռավար աշխատել, արդյունքի հիման վրա պայմանագիր ունենալ կամ վերջնաժամկետներով աշխատել, և այլն»։

«Պետք է օգնել մամաներին, որ խնդիրները շատ ավելի հեշտ հարթվեն։ Եւ ի վերջո ինչո՞ւ չօգտագործել այն, ինչ տալիս է բնությունը»,-ավելացնում է Սոնա Քոսայանը։  

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա