Կես կյանք

Հեղինակ՝: Նազիկ Արմենակյան

18.08.17
Հրատարակություն: Տաբուներ եւ ստիգմաներ

Ամեն տարի աղքատությունը և գործազրկությունը ստիպում է բազմաթիվ հայերի արտագաղթել, հիմնականում Ռուսասատան` աշխատանք փնտրելու նպատակով։ Արտագաղթն իր խորն ազդեցությունն է թողել երկրի բնակչության և ավանդական հայ ընտանիքի վրա․ տղամարդիկ մեկնում են` Հայաստանում թողնելով իրենց կանանց և երեխաներին։ Արդյունքում, ամբողջական գյուղեր մնում են բնակեցված միայն կանանցով, որոնք մեծացնում են երեխաներին։ Տղամարդկանց մի մասը երբեք չի վերադառնում։ Մեծ մասն էլ վերադառնալով իրենց հետ բերում են երկարատև բաժանման հետքերը՝ ներառյալ սեռավարակներ և ՄԻԱՎ/ՁԻԱՀ, որը հետո փոխանցվում է կանանց։

Արտագաղթը համազգային խնդիր է։ Գեղարքունիքի մարզն ունի սեզոնային աշխատանքով պայմանավորված տղամարդկանց արտագաղթի ամենաբարձր ցուցանիշը։ Հիմնականում մեկնում են Ռուսաստան՝ շինարարական ոլորտում աշխատելու համար։ Մարզի 231800 բնակիչների  14.7 տոկոսը արտագնա աշխատողներ են։ Ըստ 2015֊ին հրապարակված զեկույցի` երբևէ ամուսնացած կանանց 44 տոկոսի ամուսիններն արտագնա աշխատողներ են (այս ցուցանիշը ողջ Հայաստանում 25 տոկոս է): 

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Մելանյա Գևորգյանի հավաստմամբ, 2014-ին ՄԻԱՎ/ՁԻԱՀ֊ի կանխարգելման ազգային կենտրոնը տարածաշրջանի գյուղերում սկսեց անցկացնել ՄԻԱՎ-ի, Հեպատիտ B և C֊ի պարբերական անանուն անալիզներ։ Ողջ տեղեկությունը գաղտնի է և կլինիկայում վիճակագրություն չկա վարակակիրների վերաբերյալ, սակայն «եթե մարդիկ շարունակում են հանձնել անալիզներ, նշանակում է խնդիրը կա»։ Թեև հստակ վիճակագրություն չկա, սակայն տարբեր գնահատականներով, Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների կեսը արտագնա աշխատողներն են։

Կանայք ապրում են ոչ լիարժեք կյանքով և այս ամենը ազդում է նաև նրանց առողջության վրա` մենակության խարանի եւ աղքատությանը զուգահեռ:

3060 բնակիչ ունեցող Արծվանիստը գտնվում է Սևանի ափին։ Այս գյուղը Գեղարքունիքի մարզում արտագնա աշխատողների ամենաբարձր ցուցանիշն ունեցող գյուղերից մեկն է։
34-ամյա Տաթևիկ Հովհաննիսյանն իր որդու՝ Կարենի հետ դաշտում։ Տաթևիկն ապրում է իր տղայի, դստեր և սկեսրոջ հետ։ Նրա ամուսինն արդեն 15 տարի է, ինչ արտագնա աշխատանքով է զբաղված։
Վարդուհի Բադալյանի և Հարութ Թորոյանի 2011֊ին կայացած հարսանիքից լուսանկար։ 25-ամյա Վարդուհին ապրում է երկու դուստրերի, սկեսրոջ և ամուսնու տարեց տատիկի հետ։ Նրա ամուսինը մեկնում է արտագնա աշխատանքի ամեն մայիս ամսին և վերադառնում է նոյեմբերի վերջին։ Ամուսինը երեխաներից ոչ մեկի ծնվելուն ներկա չի եղել։
Վարդուհին նորածին Մանեյի՝ իր երկրորդ դստեր հետ։ Նա ասում է, թե կնախընտրեր, որ ամուսինն իր կողքին լիներ հիմա, քանի դեռ երեխաները փոքր են։ «Ու՞մ է պետք հայրը 20 տարի անց»։
Ընտանեկան բժիշկը կշռում է նորածին Մանեին։
1000֊ից քիչ բնակչություն ունեցող Դպրաբակ գյուղում։
Խոտի հունձ Երանոս գյուղում։ Երեխաներին մեծացնելուց բացի, կանայք իրենց ուսերին են վերցնում նաեւ ծանր գյուղատնտեսական աշխատանքների բեռը։
46-ամյա Մարիամ Չատիկյանի ամուսինը վերջին տասը տարին անցկացրել է Սարուխան-Ռուսաստանի Դաշնություն ճանապարհներին՝ չնայած իր երկրորդ կարգի հաշմանդամությանը։ Ըստ Մարիամի` կրթությունը կանանց հաջողության բանալին է, նա ամեն ինչ անում է, որպեսզի իրենց 13֊ամյա դուստրը կրթություն ստանա։
Հռիփսիմե Հովհաննիսյանն իր երկու դստրերի հետ ապրում է Արծվանիստում։ Նա ամուսնացել է 18 տարեկանում, երբ իր ամուսինն արդեն արտագնա աշխատող էր Ռուսաստանում։ Նրա երկու հղիությունները ծանր են անցել, և հիմա 23֊ամյա Հռիփսիմեն չի դիմանա ևս մեկ հղիության։
Այս երիտասարդ կինը տեղեկացել է իր ՄԻԱՎ վարակակիր լինելու մասին երկրորդ երեխայով հղիության ընթացքում։ Նա վարակվել է ամուսնուց, որը Ռուսաստանում արտագնա աշխատող էր։ Ամուսնանալուց հետո ամուսինը արտագնա աշխատանքի մեկնել է անկանոն եւ պարբերաբար ընտանեկան բռնության է ենթարկել իր կնոջը: Վերջինս հեռացել է ամուսնուց և այժմ ապրում է երկու երեխաների հետ՝ պայքարելով աղքատության և խարանի դեմ։
Երանոսում աչքի է ընկնում հսկայական և թանկարժեք այս տունը, որի տարածքում գտնվում է նաև մատուռ։ Տերերն արտագաղթել են Ռուսաստան և հայրենի գյուղ վերադառնում են տարվա մեջ միայն մի քանի շաբաթով։ Շքեղ տներ կառուցելը տնտեսական հաջողության հասածների համար առաջնահերթություն է․ այն սոցիալական կարգավիճակի և հարստության ցուցանիշ է։
Խաթուն Ժամհարյանի տան համակարգիչը։ Համակարգիչները գյուղական տներում լայն տարածում են գտել, քանի որ դրանց միջոցով ընտանիքները կարող են պարբերաբար կապ հաստատել արտագնա աշխատող իրենց հարազատների հետ:
21-ամյա Գոհար Թորոյանն ամուսնացել է 2017֊ի սկզբին և հղիացել հարսանիքի հաջորդ ամսվա ընթացքում։ Նրա ամուսինը մեկնել է արտագնա աշխատանքի ամուսնանալուց երեք ամիս հետո։ Հարսանիքները Գեղարքունիքում սովորաբար լինում են ձմռանը, քանի որ այդ ընթացքում արտագնա աշխատողները վերադառնում են հայրենիք և մինչև գարուն մնում այստեղ:
33-ամյա Խաթուն Ժամհարյանն իր սկեսրայր Սուրենի հետ (Երանոս գյուղ): Խաթունի ուսերին են թե՛ գյուղատնտեսական աշխատանքները և թե՛ տան հոգսերը։ Նրա ամուսինը գալիս և գնում է, սակայն տան հարցերով մշտական զբաղվող է պետք։
ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա