Հոդվածը, որը կարդում եք, Չայ Խանայի արխիվի մի մասն է։ 2015-ից մինչև 2025 թվականը Չայ Խանան լուսաբանում էր Հարավային Կովկասը` կիսելով պատմություններ Վրաստանից, Հայաստանից և Ադրբեջանից։
Հայաստանում գրեթե ամեն ինչում սահմանը կնոջ և տղամարդու միջև շատ հստակ է դրված. երեխաների խնամքի և տնային տնտեսվարման հարցերը կնոջ ուսերին են, իսկ տան տղամարդը զբաղված է ընտանիքի ապրուստի համար գումար վաստակելով: Այս մտածելակերպը սերմանվում է դեռ մանկուց, երբ երեխան ակամայից դառնում է մեծահասակների պահվածքի, զրույցի մշտական հանդիսատեսը և սովորում «կարելին» և «չի կարելին»: Հայկական շատ ընտանիքներում հանդիպում է «տղամարդու գործ» և «կնոջ գործ» հասկացությունները:
Թեև դանդաղ, բայց մայրաքաղաքում և դրանից դուրս, սերնդեսերունդ կյանքը փոխվում է: Ասիական Զարգացման Բանկի 2015֊ի ուսումնասիրությունում նշվում է, որ 50֊ից բարձր տարիքի տղամարդիկ ավելի հավանական է, որ որոշ աշխատանքներ կբնութագրեն որպես «բացառապես կանանց գործ, օրինակ` ճաշ եփելը, ամաններ լվանալը և այլ տնային գործեր, անկախ նրանից կինն աշխատանք ունի, թե ոչ»։ Սակայն անկախության սերունդը հավատում է, որ ամուսինները պետք է տնային աշխատանքը հավասարապես բաժանեն, բայց նույնիսկ այստեղ մինչև 39 տարեկան հարցվածները կարծում են, որ մաքրությունն ու ճաշ եփելը «կնոջ գործն է»։
Չնայած այս ամենին` այսօր երբեմն կարելի է հանդիպել տղաների, ովքեր ջանասիրաբար օգնում են մայրերին, և հակառակը` կան աղջիկներ, ովքեր տղամարդկանց կարծիքով զբաղվում են «ոչ կանացի գործերով»:
Ալեքսանդրը և Նարեն, ապրելով Երևանում և Լեռնագոգ գյուղում, դաստիարակվել են այնպիսի ընտանիքներում, ուր սահմանը կնոջ և տղամարդու աշխատանքների և նախասիրությունների միջև գծված չէ, և նրանք ազատ են իրենց գործողություններում: