2017-ի սեպտեմբերին պաշտոնապես շահագործման հանձնված 320 կմ երկարությամբ Մարտակերտ-Վարդենիս մայրուղին Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող երկրորդ ճանապարհն է, որի կարեւորությունը նշանավորվում է ոչ միայն Ղարաբաղի անվտանգությունը եւ հաղորդակցությունն ամրապնդելով, այլեւ նոր ճանապարհի հարակից բնակավայրերի համար առեւտրի բարենպաստ պայմաններ ստեղծելով:
Նախքան 2017-ի ամառը, Ստեփանակերտից Երեւան հասնելու միայն մեկ ճանապարհ կար, որն անցնում էր Բերձորով (հայտնի է նաեւ Լաչինի միջանցք անվամբ), եւ 6 ժամ էր պահանջվում Հայաստան հասնելու համար: Ղարաբաղի հյուսիսարեւմտյան հատվածով անցնող այս նոր 17 մլրդ դրամ ($35 մլն դոլար) արժողությամբ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհը կրճատում է ուղեւորությունը 1,5 ժամով:
Տեղացի պաշտոնյաների հավաստմամբ, այս մայրուղով արդեն իրականացվում է Ղարաբաղի առեւտրի 80 տոկոսից ավելին: Իսկ ճանապարհի դրական ազդեցությունն առաջին հերթին տեսանելի է ճանապարհի հարակից քաղաքների եւ գյուղերի առօրյայի վրա:
Ստեփանակերտից դեպի հյուսիս` մոտ 90 կմ հեռավարության վրա գտնվող Գետավան գյուղով է անցնում Մարտակերտ-Վարդենիս մայրուղու մի մասը: Գյուղի մուտքի մոտ՝ ճանապարհի անմիջապես աջ հատվածում, կարելի է տեսնել տասնյակ գունավոր մեղվափեթակներ և փոքրիկ ցուցանակ` «անարատ մեղր» գրությամբ։
Ցուցանակը 35-ամյա մեղվապահ Վահրամ Սարգսյանինն է:
«Երբ նոր ճանապարհով երթևեկությունը սկսեց աշխուժանալ, եղբորս տան մոտ ցուցանակ դրեցի։ Մինչև այս պահը համարյա ամեն օր շուրջ 10 կգ մեղր միայն այդ ցուցանակի շնորհիվ եմ վաճառում»,-ասում է Վահրամը` նշելով, որ մեկ կիլոգրամ մեղրը վաճառում է 3000 դրամով($6.18):
Սակայն մեղվապահ Սարգսյանների ընտանիքը, ում պատկանում է Գետավանի 500 մեղվափեթակներից 300-ը, միակը չէ, որն օգտվում է նոր ճանապարհի ընձեռած հնարավորություններից:
Սարգսյանի խոսքերով, անցած մի քանի ամիսների ընթացքում երեք նոր մթերային խանութներ եւ երկու սննդային կետեր են բացվել 353 բնակչություն ունեցող այս գյուղում: Մեկ գազալցակայան եւ մեկ ռեստորան էլ կառուցման ընթացքում են: Հիմնական ներդրողները Հայաստանի կամ Ղարաբաղի բիզնեսմեններն են:
Գետավանի համար սա շինարարական բում է: Իսկ փոփոխությունները ճանապարհի երկայնքով գտնվող բնակավայրերի համար միտումնային բնույթ ունեն: Ավելի քան 35 համայնքների բնակիչներ, հարեւան գյուղերում եւ Ստեփանակերտում վաճառելու փոխարեն, այսօր կարողանում են իրենց գյուղմթերքը ավելի քիչ ծախսերով հասցնել Հայաստանի շուկա:
«Մեր արտադրանքը վաճառում ենք Վարդենիսից, Գավառից ու Մարտունու մսամթերման կետերից եկողներին։ Գյուղացիներին ձեռնտու է, ճանապարհածախս չեն անում ու գներն էլ հարմար են»,-ասում է Գետավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լյուդմիլա Առստամյանը` հավելելով, որ հիմնականում արտահանում են թարմ միս, քիչ քանակությամբ ընկույզ, պնդուկ եւ լոբի:
90 մեղվափեթակ ունեցող եւ 800կգ մեղր հավաքած Վահրամ Սարգսյանն ասում է, որ այս տարի գնորդների մեծ մասը նոր ճանապարհով երթևեկողներն են։
«Անցած տարիներին հիմնականում ծանոթ բարեկամների միջոցով էր հաջողվում սպառել արտադրանքը»,-պատմում է մեղվաբույծն ու նշում, որ գնորդների մեջ քիչ չեն նաև հայ և այլազգի զբոսաշրջիկները` հիմնականում Ֆրանսիայից, Ռուսաստանից ու Մոլդովայից:
«Նոր ճանապարհը նախևառաջ լավ խթան է Մարտակերտի և Շահումյանի շրջաներում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը»,-համոզված է Ղարաբաղի կառավարության պետնախարարի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը։
Քիչ չեն նաև ներդրումները ջրային ռեսուրսնեում։ Ներկա պահին երկու շրջաններում գործում է 5 հէկ, ևս երեքն էլ կառուցման ընթացքում են։ Արտակ Բեգլարյանի խոսքով, «Բեյզ Մեթալզ» ընկերությանը պատկանող ամենամեծ հանքի՝ Կաշենի հանքանյութի տեղափոխումն արդեն իրականացվում է նոր ճանապարհով։
«Առաջ Հայաստան բեռ տեղափոխելու համար ստիպված էինք հավելյալ մի քանի տասնյակ կիլոմետր անցնել, այն էլ վատ ճանապարհով։ Նոր ասֆալտի շնորհիվ և՛ մեքենան է քիչ ջարդվում, և՛ վառելիքն ենք խնայում»,-ասում է Գետավանում մեզ հանդիպած «Բեյզ Մեթալզի» բեռնատարներից մեկի վարորդը։
Քարվաճառ քաղաքի մոտակայքում կառուցվում է հանքային ջրի գործարան, որի արտադրանքը նույնպես, ըստ Արտակ Բեգլարյանի, արտահանվելու է նոր ճանապարհով։
«Մի քանի տարուց սահմանամերձ Մատաղիս գյուղի ձկան և սև խավիարի գործարանը (որը ուժեղ հրետակոծվել էր 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ) նույնպես տարեկան տասնյակ տոննա արտադրանք կարտահանի Մարտակերտ-Վարդենիս ճանապարհով»,-նշում է Բեգլարյանը։
Ղարաբաղի պետական հարկային տեսչության վիճակագրության տվյալների համաձայն՝ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի գործարկմամբ երեք անգամ ավելացել է արտահանումն ու ներկրումը նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատ:
Կառավարությունը չունի հստակ թվեր, սակայն Մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարության տուրիզմի դեպարտամենտի պետ Արտակ Գրիգորյանի գնահատմամբ, 2016֊ի նույն ժամանակաշրջանի համեմատ, հունվարից սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղ այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է 40 տոկոսով։
Գրիգորյանի հավաստմամբ, նոր ճանապարհը հեշտությամբ կարող է դառնալ Հայաստանի տուրիստական երթուղու մասը, եւ սա ենթադրում է, որ զբոսաշրջիկների աճը կշարունակվի:
«Օրինակ ավելացել է նոր ճանապարհից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու գտնվող 13֊րդ դարի Դադիվանք և հարակից երկու տաք ջրեր այցելուների թիվը։ Իհարկե, ավելի շատ զբոսաշրջիկներ ընդունելու համար անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն համապատասխան ենթակառուցվածքներին»-ասում է Գրիգորյանը` հավելելով, որ գյուղական համայնքներում հյուրատները կարող են մեծ դեր խաղալ այս հարցում։
«Ճանապարհին մոտ գտնվող գյուղերում սկսել ենք ուսումնասիրե «B&B» ֆորմատի հյուրատներ ունենալու պոտենցիալը։ Գյուղացիներից արդեն հետաքրքրվողներ կան։ «B&B»-ով զբաղվով սկսնակներին տեղեկատվական աջակցություն կտրամադրենք»,- նշում է Գրիգորյանը։
Շատ տաքսիստներ արդեն բացառապես օգտվում են նոր ճանապարհից, քանի որ այն նվազեցնում է վառելիքի ծախսը եւ մեքենայի մաշվածությունը: Թեեւ միկրոավտոբուսները դեռևս հին` Բերձոր-Գորիս ճանապարհով են հիմնականում երթևեկում, սակայն արդեն բացվել է Վարդենիս֊Մարտակերտով անցնող Երևան֊Ստեփանակերտ երթուղին։ Տոմսի արժեքը 5000 դրամ է։
Թե ինչ կլինի նախկին՝ Բերձոր-Գորիս («Լաչինի միջանցքով») անցնող ճանապարհի շրջակա բնակավայրերի հետ, քիչ է քննարկվում: Ինչևէ, ղարաբաղցիների մի մասը, սակայն, մոռացության չի մատնել հին ճանապարհը։ 32-ամյա տաքսու վարորդ Ռադիկ Հայրապետյանի խոսքով, նոր ճանապարհը լավ է տաք եղանակին։
«Ձյանն ու անձրևին հին ճանապարհն ավելի անվտանգ է»,-ասում է նա։
նվիրաբերեք հիմա