Ադրբեջան. «Անհետացած, բայց չմոռացված»
Տրակտորի վարորդ ադրբեջանցի 35-ամյա Էլշադ Ալեքբերովի մոտ դեռ թարմ է հոր կորստի մասին հիշողությունները: Դա տեղի ունեցավ 1992թ-ի հունիսի 15-ին, ղարաբաղյան պատերազմի շրջանում: Ալեքբերովն այդ ժամանակ 10 տարեկան էր:
«Մայրիկս խենգյալ (խմորից պատրաստված ադրբեջանական ուտելիք) էր պատրաստել, հայրս հենց նոր էր սկսել ուտել, երբ կամավորների ավտոբուսը եկավ: Նա գնաց եւ հետ չվերադարձավ:
Ալեքբերովի հորեղբոր` 62-ամյա Հիդայաթ Մուստաֆաեւի խոսքով, այդ օրը Աղդերայի շրջանի Սիրխավենդ գյուղի վրա հարձակման արդյունքում մոտ 420 կամավորներից միայն 67-ը կենդանի մնաց: Վիրավորվածների շարքում էր նաեւ Մուբարիզ Ալեքբերովը` Աղդամի Քիչիքլի գյուղից, ով այդ ժամանակ 36 տարեկան էր եւ նույպես տրակտոր էր վարում:
«Ես կապեցի նրա թևը եւ նստեցրի մեքենայի մեջ»,-պատմում է Մուստաֆաեւը: ԹեԺ մարտերի պատճառով ավտոմեքենան ռմբակոծվել էր, վթարի ենթարկվել եւ պայթել: «Երբ մենք հասանք մեքենային, հնարավոր չէր ոչ մեկին գտնել»,-նշում է նա:
Ռազմագերիների, գերիների եւ անհետ կորածների պետական հանձնաժողովի տվյալներով, Ալեքբերովը համարվում է 1-ը այն 3127 զինվորականներից, որոնց գտնվելու վայրը զինադադարի կնքումից 24 տարի անց էլ անհայտ է: Անհետ կորածների մեծ մասը զինվորականներ են:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) տվյալներով, 1992 թվականից Հայաստանից եւ Ադրբեջանից անհետ կորածների ընդհանուր թիվը հասնում է 4500-ի: Կոմիտեն, սակայն, նշում է, որ այս տվյալները կարող են ճշգրիտ չլինել:
Անհետ կորածների ընտանիքները նշում են, որ իրենց հարազատներին գտնելու համար հակամարտության սկզբում հնարավոր էր ուղիղ կապ հաստատել հայկական կողմի հետ:
Գործարար Զահիդ Ալիեւը, ում 36-ամյա եղբայրը` սերժանտ Թահիրը անհետացել է Ալեքբերովի կորելուց մի քանի ամիս անց, պնդում է, որ կամավորները ռադիոկապի միջոցով հայերի հետ հաղորդակցության մեջ էին:
Թահիր Ալիեւը անհետացել է 1992թ-ի սեպտեմբերի 4-ին, Աղդամի շրջանի Աբդալ Գյուլաբլի գյուղի մարտերից հետո:
Ալիեւի ջոկատի անդամները, որոնք դիրքավորված էին գյուղից դուրս, վերջին անգամ նրան տեսել են վիրավորված ձեռքով, նախքան ադրբեջանցիների՝ գյուղի նկատմամբ վերահսկողություն կորցնելը:
«Երկու զինվոր մեզ պատմեցին նրա վնասվածքների մասին: Թե ինչ է պատահել նրան դրանից հետո, չգիտենք»,-ասում է 55-ամյա Զահիդ Ալիեւը:
Եղբոր հետ պատահածը պարզելու համար 4 երեխաների հայր Ալիեւը չորս անգամ մասնակցել է Չարթազ գյուղում հայ կամավորականների հետ հանդիպումներին։ Չարթազը գտնվում է Ղարաբաղի արեւելքում, Խոջավենդի շրջանում:
Հետաքրքիր է, որ նախքան անհետացումը Թահիր Ալիեւը, ով խուսում էր նաեւ հայերեն, «բազմիցս գերի է վերցրել հայ զինվորականներին եւ նրանց փոխանակել ադրբեջանցի գերիների հետ»,-պնդում է եղբայրը: Սակայն դա ոչինչ չփոխեց:
«Առաջին հանդիպմանը [հայերը] ասացին, որ իմ եղբայրը գերի է ընկել իրենց մոտ: Երկրորդ հանդիպմանն ասացին, որ նա մահացած է, եւ որ իրենց մոտ է գտնվում եղբորս դին: Այն փոխանցելու համար գումար ուզեցին»,-ասում է Ալիեւը:
Երրորդ հանդիպմանն Ալիեւն իր հետ շատ ռուբլի էր վերցրել եւ նաեւ մի քանի սպանված հայերի դիակներ [փոխանակելու համար]: Սակայն հայկական կողմից բերված ադրբեջանցիների դիակների մեջ նրա եղբոր մարմինը չկար:
«Չորրոդ հանդիպմանը նրանք ինձ ասացին, որ եղբորս այլեւս չեմ տեսնի: Սակայն չէին նշում` արդյոք եղբայրս մահացած է, թե կենդանի: Հետո ես որքան էլ փնտրեցի նրան, չկարողացա գտնել: Մինչ մահս կսպասեմ եղբորս»,-ասում է Ալիեւը:
Մուբարիզ Ալեքբերովի դեպքում, կամավորները փորձում էին փոխանակել մահացած հայերի դիակները ադրբեջանցիներով, սակայն, չստացվեց:
«Ես չեմ հավատում, որ նա կվերադառնա»,-շշուկով ասում է Ալեքբերովի մայրը:
«Անհետ կորածի քրոնոլոգիան ունենալը կարող է առանցքային դեր կատարել նրա ճակատագրի բացահայտման համար»,-ասում է Ավազ Հասանովը, ով Ադրբեջանի ներկայացուցիչն է եղել գերմանական «Ռազմագերիների, գերիների ազատման եւ ղարաբաղյան հակամարտությունում կորածների որոնմամբ զբաղվող միջազգային աշխատանքային խումբ» ոչ առեւտրային կազմակերպությունում: Վերջինս զբաղվում է նման դեպքերի ուսումնասիրությամբ:
«Երբեմն մենք այցելում էինք զորամասեր, կալանավայրեր` տվյալներ ճշտելու համար: Փորձում էինք ինֆորմացիա ճշտել նաեւ գյուղերում ապրող մարդկանցից: Ցավոք մեր որոնումները երբեմն դրական արդյունք չէին տալիս, քանի որ պատերազմի սկզբում գործավարությունը վատ էր իրականցվել, եւ տարածքների քարտեզը փոխվել է մի քանի անգամ»,-ասում է Հասանովը:
Աշխատելով նաեւ Հայաստանում եւ Ղարաբաղում, Հասանովի խումբը կարողացել է գտնել եւ հարազատներին փոխանցել անհետ կորածների մի քանի մարմիններ:
Անհետ կորածների հարազատները խոցելի են կասկածելի պնդումների հանդեպ։Տասը տարի առաջ Էլշադ Ալեքբերովի ընտանիքը տեղեկություն ստացավ, որ ադրբեջանցի մի կին տեսել է ողջ Մուբարիզ Ալեքբերովին Իրանում` գորգերի մի գործարանում աշխատելիս: Անծանոթ կինը պնդում էր, որ Մուբարիզն իր միջոցով նամակ էր փոխանցել ընտանիքին: Գործարանի Բաքվի գրասենյակը այդ առիթով ոչ մի տեղեկություն չուներ եւ ամեն ինչ ժխտում էր:
«Որոշ ժամանակ անց լուր ստացանք, որ կինը ձերբակալվել է խարդախության համար։ Մենք որոնումները դադարեցրինք»,-ասում է Էլշադ Ալեքբերովը:
Բարդա քաղաքի Ջումա մզկիթի հոգեւորական Ռամազան Հուսեյնովը գիտակցում է, թե որքան կարեւոր է ինֆորմացիա ստանալ առաջին ձեռքից:
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ բազմաթիվ չճանաչված դիակների բերվել են իր մզկիթը:
«Նախքան թաղելը, ես նրանց լուսանկարել եմ: Նկարների հետեւում գրել եմ գերեզմանի համարը եւ թաղվածի վրա առկա դաջվածքների, երեսի խալերի եւ այլնի մասին տեղեկություններ: Այնուհետեւ կախել ենք այդ ֆոտոները պատից [մզկիթի ներսում]: Երբ մահացածների ընտանիքները ճանաչում են իրենց հարազատին, մենք բացում ենք գերեզմանը եւ նրանց հանձնում մարմինը»,-ասում է հոգեւորականը:
Ամենավերջին նման դեպքը պատահել է 2015 թվականին: Սակայն Աղդամի Ուչողլան գյուղից 74-ամյա Սուրխայ Գուլիեւին դա չի հաջողվում:
Ղարաբաղյան պատերազմում Գուլիեւը կորցրել է երկու տղաներին` 20-ամյա Թահիրին, ով անհետացել է 1993-ին (վերջին անգամ նրան տեսել են Խրամորթ գյուղի մոտ) եւ 19-ամյա Ռաֆայելին, ով սպանվել է մի տարի անց:
Նախքան իր մահը Ռաֆայել Գուլիեւը խոստացել էր նվիրատվություն կատարել իսալամական սրբատեղիներին, որպեսզի արագացնի իր եղբոր վերադարձը: Սուրխայ Գուլիեւն այժմ պահում է այդ գումարը իր տանը` ի հիշատակ երկու որդիների:
«Մեր տնից երեւում է այն գյուղը, որտեղ իմ տղան` Թահիրը, կորել է, եւ ես այդ գյուղին եմ նայում ամեն առավոտ: Մարդիկ չեն գտնվել, սակայն նրանք երբեք չեն մոռացվի»,-ասում է Գուլուեւը:
View The villages where the missing are from in a full screen map
նվիրաբերեք հիմա