Քաղցրահամ ջրում ձկնորոսություն անելը սովորաբար ամենավտանգավոր գործը չէ, եթե, իհարկե, ձկնորս չես Հայաստանի և Ադրբեջանի միջև յուրատեսակ ջրային բուֆեր համարվող Ջողասի ջրամբարում: Այստեղ գյուղացիները ստիպված են ձուկ բռնել գիշերով:
1970 թվականին ջրամբարը կառուցվել է ոռոգման և ձկնարտադրության համար: Չնայած նրան, որ «գավազան» կոչվող հրաբխային ապարին հենված 2.14 քառակուսի կիլոմետր հայելով ջրավազանի տեսքը տպավորիչ է, կյանքն այստեղ ամենեևին էլ հեքիաթային չէ։
90-ականների սկզբներին, երբ Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմ բռնկվեց հայերի և ադրբեջանցիների միջև, այս փայլփլող ջրային զանգվածը անհասանելի էր երկու կողմերի համար:
Ռմբակոծության վտանգի պատճառով լճի մոտ տեղակայված 465 բնակիչ ունեցող Բերքաբեր գյուղի բնակիչները հիմնականում մութն ընկնելուց հետո են իրենց նավակներով դուրս գալիս ձկնորսության: Բերքաբերը ադրբեջանական դիրքերից 500 մետր հեռավորության վրա է: Դիպուկահարների կրակոցներից խուսափելու համար գյուղացիները սովորաբար ձուկ են բռնում ջրափին շատ մոտ տարածքում:
Ստեղծված իրավիճակը կարծես թե ձեռնտու է միայն ձկներին: Հիմնականում կողակ, կարպ և կարմրախայտով հարուստ 60 մետր խորությամբ ջրամբարի հիմնական բնակիչները հեռացել են ափից: Բերքաբերի 6 ձկնորսներից մեկի` 51-ամյա Սերժ Մաիլյանի խոսքով, այլևս առատ որս չի լինում:
Ինչի պատճառով էլ Մաիլյանը ամեն մի ձկնորսությունից աշխատում է ոչ ավել, քան 4,000 դրամ ($8.28):
Այնուամենայնիվ, եղածը բավական էր, որպեսզի Բերքաբերի մեկ այլ բնակիչ՝ 27-ամյա Անուշավան Խուդավերդյանը ձկան չորացման փոքր բիզնես բացեր:
«Աշխատանքը սեզոնային է: Տարվա ընթացքում մենք աշխատում ենք միայն 5 ամիս` ամռանն ու աշնանը, երբ գարեջրի հետ խորտիկի կարիք կա»,-ասում է նա:
Բիզնես սկսելու համար Ռուսաստանից հայրենիք վերադարձած Խուդավերդյանը չորացրած ձկները վաճառում է միայն Տավուշի մարզում, սակայն նշում է, որ իր արտադրանքի աշխարհագրությունը ընդլայնելու նպատակ ունի:
Սա կստացվի միայն այն դեպքում, եթե ռմբակոծությունները չավելանան: Գյուղացիների հավաստմամբ, նախկինում հրադադարի ռեժիմի երկարատև խախտման պատճառով ձկնորսությունը դադարեցվել էր մի քանի տարով:
Նրանք նաև նշում են, որ անկանոն օգտագործման պատճառով ջրամբարի հատակին էրոզիա է առաջացել: Մաիլյանի խոսքով, ջուրսը սկսել է ճահճանալ` շարժման բացակայության պաճառով:
«Ջրամբարի ջուրը մաքուր է: Այն գալիս է լեռներից: Սակայն պատերազմի սկզբից ի վեր, ոչ մեկ [ազատորեն] չի կարող օգտագործել այդ ջուրը:
Ջողասի ջրամբարի ուղղությամբ նայելիս, Բերքաբերի բնակիչները կարող են հեշտությամբ տեսնել Ադրբեջանի՝ Մեզեմի գյուղի բնակիչներին, ովքեր դաշտում աշխատելուց հետո իրենց հանգիստն են անցկացնում ջրամբարի մոտ կամ հարսանիքներ նշում:
Հարուստ մշակովի հողերը, որոնք մի ժամանակ սնում էին Բերքաբերը և որտեղից էլ առաջացել է գյուղի անունը, այժմ անհասանելի են` մշտական գնդակոծությունների և ռմբակոծությունների պատճառով:
Այդ տարածքներին ավելի քան 25 տարի հասանելիություն չունենալու պատճառով բերքաբերցիներից շատերն այսօր փոխարենը միրգ և բանջարեղեն են աճեցնում իրենց ջերմոցներում: Դրանց մի մասը կառուցվել է Երևանում գործող «Սահման» հասարակական կազմակերպության միջոցով, որը սոցիալական ապահովության և տնտեսական զարգացման մի շարք ծրագրեր է իրականացնում Հայաստանի սահմանային գյուղերում:
Ջերմոց ունեցող 64-ամյա Սուրեն Խուդավերդյանը նշում է, որ գազամատակարարման բացակայության պատճառով դժվար է գումար վաստակել ջերմոցներից:
«Գազամատակարարումը հնարավորություն կտար սեզոնից դուրս բարձր գներով միրգ և բանջարեղեն վաճառել»,- ասում է Խուդավերդյանը: Նա էլ, համագյուղացիներից շատերի նման, ջերմոցն օգտագործում է միայն տաք, արևային եղանակներին:
Այնուամենայնիվ, գյուղացիներին որոշակի օգնություն է տրվում ` մեղմացնելու այս խոչընդոտները:
Հայաստանի կառավարությունը հոգում է սահմանամերձ գյուղերի բնակիչների էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի ծախսերի կեսը, ազատել է նրանց հողի հարկից այն տարածքների համար, որոնք այլևս չեն կարող մշակել:
Բիզնեսը խթանելու համար գյուղացիներին ազատել են նաև շահութահարկից և ավելացված արժեքի հարկից: Սակայն այս ամենի վերաբերյալ 2015-ին ընդունված օրենքի ժամկետն ավարտվում է այս տարվա սկզբին:
«Սահման» ՀԿ-ի համահիմնադիր էրիկ Բաղդասարյանը պնդում է` երեք տարին բավական չէ, որպեսզի մարդիկ կարողանան օգուտ ստանալ այս օրենքից, ցանկալի կլիներ, որ այն երկարաձգվեր ևս 5 տարով:
Չնայած այդ ամենին` բիզնես սկսելու ռիսկային գործոնը դեռևս պահպանվում է:
Բերքաբերի 50-ամյա գյուղապետ Գրիշա Դիլբարյանը, ով պարբերաբար այցելուների է հյուրընկալում իր տանը, մտածում է դրա մի հատվածը սրճարան դարձնելու մասին: Տան պատշգամբից հիանալի տեսարան է բացվում դեպի Ջողասի ջրամբար:
Սակայն կա մի «բայց»․ նրա տունն ընկած է ադրբեջանական մարտական հենակետերի դեմ դիմաց:
Տեղացիները կատակում են, որ սրճարանը պետք է անվանել «Կաֆե Էքստրիմ»:
Դիլբարյանը, ինչպես գյուղի ձկնորսները, ջրամբարի վտանգը անտեսում է։ Դա չի կարող խոչնդոտ լինել նրա բիզնես ծրագրերը դադարեցնելու համար:
«Տունը հաճախ է ռմբակոծվում, բայց ես նախընտրում եմ չթաքնվել, այլ հանգիստ նստած մնալ իմ պատշգամբում»,-ասում է նա` հավելելով, որ «Սա հերոսական գյուղ է»:
նվիրաբերեք հիմա