Անձնական տարածք
Առավոտյան 7-ն է: Մինչ փորձում եմ արթնանալ, ոտքերս ինքնաբերաբար ինձ տանում են խոհանոց: Առավոտյան երկչոտ լույսը կամացուկ ներխուժում է խոհանոց: Երևանի կենտրոնից հեռու պատուհանիցս երևում է ամպածրար Հատիս սարը: Լուսաբացի թեթև հովի մեջ վզզում են թռչունները:
Իմ տան սրտում եմ: Այստեղ` այս չորս պատերի ներսում ձգում եմ ժամանակը` կում-կում խմելով սուրճը եւ կիսելով առավոտյան խոհերը ամուսնուս հետ: Երբ աշխատանքի չեմ, ընդարձակ պատուհանից հետևում եմ, թե ինչպես է երկինքը փոփոխվում: Երբեմն խմբագրում եմ լուսանկարներս կամ ուտելիք սարքում, գրում եմ կամ ուղակի նստում:
Մշտապես ցուցարարներ եւ տարատեսակ իրադարձություններ նկարելուց հետո տարիներ առաջ օբյեկտիվս ուղղեցի դեպի այս փոքրիկ տարածքը եւ սկսեցի լուսանկարել խոհանոցի սալօջախի եռացող թեյնիկը, պարանին ձգված իմ լվացքը կամ ամուսնուս ստվերը` պատուհանի առաջ: Կամաց կամաց ես դարձա ականատեսը, թե ինչպես է արտաքին աշխարհը ներխուժում իմ տուն:
Խոհանոցի պատուհանից բացվող տեսարանը մշտապես փոփոխվող կտավ է, որ միշտ առջևս է: Թմբերն ու Հատիս սարը միշտ նույն են և տարբեր ամեն ժամ: Պատուհանիցս երևում են տների տանիքները: Լուսադեմին նկատում եմ, թե ինչպես է երկինքը փոփոխում իր գույները` մինչ ծուլորեն ըմպում եմ սուրճը:
Հետո թեյնիկը եռում է: Տնեցիներն արթնանում են, կտավը կրկին փոփոխվում է, ինչպես և իմ տրամադրությունն ու զգացողությունները:
Խոհանոցից դուրս և ներս արված լուսանկարները իմ և ինձ շրջապատող տարածքի որոնումներն են: Պատկերելով այդ փոքրիկ սենյակը` ես վերլուծում եմ իմ ներքին և արտաքին աշխարհները, որ առերեսվում են ինձ շրջապատող տարածքի հետ:
Սա իմ անձնական տարածքն է, որտեղ ես սիրում եմ լինել:
նվիրաբերեք հիմա