Օքանի ինքնության որոնումները Հայաստանում

Հեղինակ՝: Սուրեն Ստեփանյան
10.07.18
Հրատարակություն: Ինքնություն

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բնակվող 33-ամյա Օքան Դողանը իր հայրենիքում հաճախ էր լսում, թե ինչպես է «հայ» բառն օգտագործվում որպես վիրավորանք, ինչպես որ հայերն են օգտագործում «թուրք» բառը, երբ որեւէ մեկին ուզում են վիրավորել:

Չնայած Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չկան (1993-ից ի վեր Թուրքիան միակողմանի փակել է Հայաստանի հետ սահմանը` հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը) եւ Թուրքիայի կողմից հերքվում է Ցեղասպանության փաստը,Դոքանը որոշեց գալ Հայաստան ու գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները:

Հայերով սկսել էր հետաքրքրվել դեռեւս տարիներ առաջ` համալսարանում ուսանելիս.
«Որոշեցի ուսումնասիրել Հայկական հարցն ու Հայոց ցեղասպանության պատմությունը, ինտերնետային աղբյուրները սպառելուց հետո ցանկացա անցնել ակադեմիական մակարդակի, բայց գրադարաններում թուրքերենով բավարար գրականություն չգտա, ինչը զարմանալի էր ինձ համար: Այդ տարիներին ինձ շատ օգնեցին թուրք պատմաբան Թաներ Աքչամի   աշխատությունները, որոնց մեջ նա ազատորեն խոսում է հայ-թուրքական հարցի ու Ցեղասպանության մասին»:

Դողանի հավաստմամբ,  վերոնշյալ հարցերում ինֆորմացիայի պակասի ու անտեղյակության խնդիրը Թուրքիայում սուր է:

«Կան մարդիկ, ովքեր ուղղակի հերքում են Ցեղասպանության փաստը միայն այն պատճառով, որ Թուրքիա պետությունն է հերքում: Միլիոնավոր մարդիկ էլ կան, ովքեր նույնիսկ չեն էլ լսել դրա մասին: Այս առումով ես զգում եմ, որ մեծ գործ ունեմ անելու իմ հայրենիքում»,-ասում է 33-ամյա հետազոտողը` հավելելով, որ երիտասարդ գիտնական իր ընկերները հիմնականում բավարար գիտելիք չունեն Ցեղասպանության ու առհասարակ հայերի մասին,-«Հաճախ են հարցեր տալիս, փորձում ճշտել այս կամ այն փաստի իսկությունը, սիրով օգնում ու պատմում եմ»:

Անկարայում գտնվող Բիլքենթ համալսարանում քաղաքագիտություն սովորող Օքանը 2017-ին դիմեց «Հրանտ Դինք» հիմնադրամի ամենամյա Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծին ու որպես հետազոտող եկավ Երեւան` 8 ամիս անցկացնելով այստեղ: Նա հյուրընկալվեց Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնում:

Հետազոտության թեման հայ լրագրողների, թուրքագետների, քաղաքագետների վերաբերմունքն էր հայ-թուրքական խնդրին ու նրանց հնարավոր ազդեցությունը հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։

Օքանը ներկայացնում է Հայաստանում իր կատարած հետազոտությունը, որի շրջանակում լսել էր հայ մտավորականների կարծիքները երկու երկրների շուրջ ստեղծված խնդիրների վերաբերյալ:
Օքանի կարծիքով՝ Թուրքիան պետք է դադարեցնի իր ժխտողական քաղաքականությունը։ 2000-ականների սկզբին Թուրքիայում մի շարք մտավորականներ հորդորում էին իշխանություններին առերեսվել պատմության հետ ու ընդունել Ցեղասպանության փաստը։
CRRC-Armenia-ի իր հայ գործընկերների հետ նա հաճախ շփվում է նաեւ հայերենով՝ լեզուն զարգացնելու համար:

Օքանի այցելության կարեւոր կետերից էր նաեւ հայերեն սովորելը, որն օգնեց Հայաստանում իր նկատմամբ վստահության ձեւավորմանը:

«Այստեղ իմ առաջին քայլը եղավ հայերեն սովորելը: Սկզբում թվում էր` բարդ կլինի, բայց այդպես չէր: Կուրսը չորս ամիս էր, եւս երկու ամիս սովորեցի իմ հաշվին: Վեց ամիս հետո արդեն կարողանում էի շփվել, խոսակցություն ծավալել, մտքերս շարադրել պարզ ձեւով: Լեզվաբանությունն, առհասարակ, շատ հարցերի պատասխաններ է տալիս: Երբ լսում եմ հայերի խոսակցությունները, ակամայից որոշ բաներ եմ հասկանում, քանի որ շատ բառերի արմատներ նույնն են, նախադասությունների կազմության տրամաբանությունը նույնն է: Մի օր լսեցի, մեկը ասում է «թարսի պես», ասեցի, որ նույն արտահայտությունը թուրքերեն գրեթե նույն կերպ է հնչում: Լեզվական առումով Հայաստանում իմ ամեն օրը նոր բացահայտում էր, ինչն ինձ շատ է ուրախացնում»:

Օքանն ասում է, որ Հայաստանում խնդիրներ չի ունեցել իր ազգության հետ կապված, ավելին` իրեն հանդիպած շատ մարդիկ կամա-ակամա մտնում են երկխոսության մեջ ու խոսակցության վերջում որեւէ դրական հայտարարի գալիս:

«Երբեք չեմ թաքցրել իմ ազգությունն ու ինքնությունն այստեղ: Նստում եմ տաքսի, հարցնում են` որտեղի՞ց եմ, ասում եմ թուրք եմ` « Թուրքիայից, եկել եմ ծանոթանալու ձեզ հետ, հայերեն եմ սովորում», գրեթե միշտ դրական արձագանք եմ ստացել: Հայ ծանոթներիցս մեկի հետ ամեն հանդիպման ժամանակ մի լավ ծիծաղում ենք, ասում է` «Օքան ջան, երբ հետ վերադառնաս Թուրքիա, գնա, բացատրի, որ փակ սահմանն այն կողմից վերջապես բացեն»:

Դողանը վստահ է, որ սահմանի բացումը լուրջ խթան կլինի երկու ժողովուրդների միջեւ համերաշխություն հաստատելու համար.

«Այսպես, թե այնպես հայերն ու թուրքերն առեւտուր ու բիզնես են անում իրար հետ` Վրաստան միջոցով, այդ կապը ինչ-որ կերպ տեղի է ունենում, ինչո՞ւ չդնել դա ուղիղ հիմքերի վրա»:

Օքանի՝ հայերենով գրված շարադրությունն իր ծննդավայր Անկարայի մասին։ Նման արդյունքի Օքանը հասավ 6 ամիս հայերեն ուսանելուց հետո։
Օքանը Թուրքիայում հունիսի 24-ի նախագահական ընտրությունների քվեարկությանը գնացել էր հայկական թավշյա հեղափոխության սիմվոլներից մեկը դարձած «Դուխով» գլխարկով։ Գլխարկը միակ հիշատակն է հեղափոխական օրերից, որին ականատես եղավ նաեւ Օքանը։
Հունիսի 17-ին Օքանը վերադարձավ Թուրքիա՝ ֆեյսբուքում թողնելով հրաժեշտի այս գրառումը:

33-ամյա գիտնականն ուշադրությամբ հետեւում էր 2008-ի աշնանը ընթացող հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պրոցեսին եւ հավաքականների միջեւ ընթացող ֆուտբոլային խաղերին:  

«Ցավոք բանակցությունների գործընթացը տապալվեց: Բայց հիմնական խնդիրներից մեկը նաեւ Ղարաբաղի հարցն է ու Ադրբեջանը: Կարծում եմ` տասնամյակներ կտեւեն մինչեւ հայ-թուրքական հարաբերությունները վերականգնվեն: Բայց Ղարաբաղի հարցն ու հայ-թուրքական հարաբերությունները միանգամայն տարբեր երկու հարցեր են: Թուրքիայում այսօր ոչ մի քաղաքագետ քաջություն չունի կանգնել եւ հայտարարել, որ այս երկու հարցերը պետք է տարանջատել իրարից:  Մինչ սա տեղի ունենա` մենք` քաղաքագետներս, լրագրողները, բիզնեսմենները, Հայաստանում ու Թուրքիայում ապրող հասարակ մարդիկ շատ անելիք ունեն: Պետք է սկսենք ճանաչել մեր ինքնությունն ու պատմությունը, դասեր քաղենք, աշխատենք ու շփվենք իրար հետ, որպեսզի երբ պահը գա, պատրաստ լինենք ու մի քայլ առաջ արած լինենք մեր հարաբերություններում»,-ասում է նա:

Այժմ, երբ Դողանը վերադարձել է Անկարա, ընկերները պարբերաբար հարցեր են տալիս Հայաստանից, օրինակ, թե ի ՞նչ են հայերը ուտում, ի ՞նչ երաժշտություն են լսում, ի ՞նչ տեսք ունի Երեւանը, ինչ են մարդիկ ասում Թուրքիայի վերաբերյալ եւ արդյո ՞ք ինքը խնդիրներ է ունեցել իր ազգության հետ կապված»:

Դողանը հավատում է, որ երկու ժողովուրդների միջեւ եղած բազմաթիվ նմանությունները կարող են հիմք հանդիսանանալ հարաբերությունների «re-start»-ի համար:

«Ծանոթներիցս մեկը  վերջերս ինձ ապարանցիների մասին անեկդոտների գիրք նվիրեց: Կարդալիս նկատեցի, որ շատ անեկդոտների պատմությունների հիմքը նույնն է, նույն անեկդոտներն էլ մենք ենք պատմում Թուրքիայի սեւծովյան տարածաշրջանի մարդկանց մասին»,-ամփոփելով նշում է Օքան Դողանը:


Օքան Դողանն իր հետազոտությունն իրականացրել է ՀՌԿԿ-Հայաստանում Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի շրջանակներում, որը 2017-2019 թթ-ին իրականացնում է Հրանտ Դինք հիմնադրամը Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ` Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:


 

 Հունիսի 1, «Ինքնություն» թողարկում

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա