Դա ես եմ

Հեղինակ՝: , Սոնա Քոչարյան,

29.07.18
Հրատարակություն: Ինքնություն

Երբ իրը ցույց է տալիս քո ինքնությունը

 

Ներածությունը` Մոնիկա Էլլենայի

 

Մածունի բանկան  մարմնավորում է տունը, հին, խեցե կուլան խորհրդանշում է մարդկությունը, դափը արթնացնում է կիրք, հոտավետ, հին շապիկը հիշեցնում է մանկության անհոգ ամառները…

Կան իրեր, որոնք մենք արժեւորում ենք, որովհետեւ դրանք սահմանում են մեր էությունը, պարուրում մեր շոշափելի ինքնությունը. ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս, ի՞նչ ենք մենք սիրում կամ ի՞նչ ենք մենք սիրել: Նույնիսկ տանձաձեւ թեյի բաժակը կամ պնդուկի բերքահավաքը կարող է լինել անձնական կամ համայնքային ինքնության մի մասնիկը:

Մենք մեր արժեքների, նպատակների եւ ձգտումների հանրագումարն ենք, խիստ անհատական, կախված` դիտանկյունից: Դեղին ավտոբուսը կարող է լինել պարզապես հին ժանգոտած փոխադրամիջոց, կամ ազգային ինքնության խորհրդանիշ:

«Չայխանան» հայ, ադրբեջանցի եւ վրացի երիտասարդներին խնդրել է պատմել, թե ո՞ր առարկաներն են առավելագույնն արտացոլում իրենց ինքնությունը:

 

Հայաստան

Սրբուհի Այդինյան, 22 տ., բանասիրության ֆակուլտետի ուսանող


 Մեծ պապիս օրագրերը

Սրբուհու ընտանիքը մեծ պապի՝ Անուշավան Երեմյանի օրագրերը գտել է միայն նրա մահից հետո՝ 1990-ին։ Պապը երբեք ոչ ոքի չէր պատմել դրանց գոյության մասին:

«Դրանք թվագրվում են 1939-ից, երբ Անուշավանը հայրենի Մարտունի քաղաքից մեկնել է Ուկրաինա՝ զինվորական ծառայության, և շարունակվում են մինչև Հայրենական պատերազմի ավարտը։ «ԳԱՆՅԱ» վերնագրով բաժնում նա գրում է Ագաֆիա Կլեպցինայի մասին՝ մի ռուս կնոջ, որը հետագայում դարձել է նրա կինը: Նրանք հանդիպել են առաջնագծում, իսկ պատերազմի ավարտից հետո եկել են Արցախ, ընտանիք կազմել և հինգ երեխա ունեցել։ Մեծ պապիկին ես չեմ տեսել, բայց նրա մասին շատ պատմություններ եմ լսել զավակներից ու թոռներից։ Իսկ մեծ տատիկիս շատ լավ եմ հիշում: Նա կար, իրական էր, այնքան բարի ու ջերմ էր»:

Աշխեն Եղիազարյան, 26 տ., ադմինիստրատիվ օգնական


Վարդգես Սուրենյանցի «Թախիծ» կտավը

«Հայրս ինժեներ-ռադիոֆիզիկ է։ Մեր տան իր աշխատասեղանին տարբեր գծագրեր, միկրոսխեմաներ էին, դրանց ֆոնին՝ Վարդգես Սուրենյանցի «Թախիծը»: Ամսագրից պոկված նկար էր ապակու տակ դրված, և ես ուզում էի այն տեղաշարժել, որ ավելի շատ երևա: Շատ սիրուն էր, անորոշ տխրություն կար: Կարդալ դեռ չգիտեի, բայց հատուկ սովորել էի տառերը, որ կարողանայի ներքևի անկյունում նկարչի անունը կարդալ»:

Աշխենը շուտով Գերմանիա է տեղափոխվելու, որտեղ պատրաստվում է արդյունաբերական դիզայն սովորել: Նկարի չափերը համեմատել է ճամպրուկի չափերի հետ: Կտեղավորվի:

«Այս նկարն իմ տունն է, իմ մանկությունը»,-ասում է նա:

Հայկ Գյուլամիրյան, 27 տ., հնագետ


 Խեցեղեն

«Մեր տան խեցեղենից առաջինը ճարտարապետ հայրս է գնել իր առաջին աշխատավարձով։ Խեցեղենը մարդուն ուղեկցած նյութերից ամենատարածվածն ու ամենահետաքրքիրն է, որի միջոցով տեսնում ես մարդու զարգացումը։ Ամեն անգամ, երբ պեղումների ժամանակ մի բան ես գտնում, սկսում ես մաքրել ու մտածել՝ տեսնես հազարամյակներ առաջ ում շուրթն է դիպել, ինչ է խոսվել, ինչ ճառ կամ կենաց է ասվել դրա շուրջ․․․

Հնագետների մոտ մի հետաքրքիր բան կա․ պեղումների ժամանակ սկսում ես երազներ տեսնել, երբեմն չես կարողանում քնել, եթե շատ հետաքրքիր է, ամբողջ օրն ես աշխատում։ Հնագիտությունն ինձ համար ամենանվիրյալ գործերից է՝ քո տունը, քո միջավայրը, քո տեղանքն ու այնտեղ ապրած մարդուն բացահայտելու և հասկանալու տեսանկյունից»:

Ռուզան Սաֆարյան, 27 տ., թվային մարքեթինգի մասնագետ


 Ընտանիքիս հին լուսանկարների ալբոմը

«Ազգային ինքնությունն իմ ինքնության մի մասն է: Ինձ համար այն ավելի մասնավոր ու անձնական պատմություն է՝ ամփոփված ընտանեկան հին ալբոմներում: Դրանցում մարդիկ են, որոնց ես չեմ տեսել, չեմ հիշում, բայց ինձ հետաքրքիր է՝ ովքե՞ր են նրանք, ինչո՞վ են զբաղվել, ինչպիսի՞ կենցաղ են ունեցել: Հատկապես հետաքրքիր է նախախորհրդային ժամանակաշրջանը, Արևմտյան Հայաստանից սկզբում Ռուսաստան գաղթելու, ապա Թբիլիսիում հաստատվելու պատմությունը:

Ինձ համար ազգային ինքնությունը ոչ թե արժանիք է, այլ ուսումնասիրության նյութ: Միամիտ է մտածել, որ մերժելով կամ, ընդհակառակը, գերարժևորելով ինքնությունդ՝ կարող ես ինչ-որ բանից կամ մեկից առավել լինել: Կարծում եմ` միայն ինքնաճանաչողությամբ է, որ կարող ես զարգանալ ու ավելի լավը դառնալ»:

Գոգ Հախեյան, 19 տ., մարքեթինգի բաժնի ուսանող


 Ռոք համերգների տոմսեր

«Ինձ ազգայինի կրող չեմ համարում, ես կոսմոպոլիտ եմ: Պահպանողականությունն իմը չէ, ծեսերն ու ադաթներն իմը չեն: Հայկական երկու բան կա, որ շատ եմ սիրում` խոհանոցն ու հայկական ռոքը: Առաջին անգամ ռոք համերգի ինձ մայրս է տարել, երբ 12 տարեկան էի: Հետո սկսեցի բացահայտել իմ սիրելի խմբերին, գնալ համերգների, նույնիսկ, եթե մենակ էի։ Բացահայտեցի անդրգրաունդը, որտեղ մարդիկ չեն նայում՝ ինչ ես հագնում, մազերդ ինչ գույնի են: Այս միջավայրում ես այն եմ, ով կամ:

Հասկացա, որ այս ենթամշակույթը նույնպես ազգային է, և այն համախմբվում է ընդհատակում՝ հայկական ռոքի շուրջ: Համերգները դարձրի իմ հոբբին, դրանք ինձ կենսական էներգիա է տալիս»:

Ամալի Խաչատրյան, 23 տ., լրագրող


Մայրիկիս ջազվաները

«Երբ ապրում ես մի երկրում, որտեղ բնակչության 98 տոկոսը հայ է, ազգային ինքնությունդ չես զգում: 2016-ին Եվրոպական կամավորական ծրագրով մեկ տարով մեկնեցի Լիտվա, տարբեր ազգերի հետ շփվելով՝ սկսեցի ճանաչել ինձ ու իմ հայ լինելը: Դրսում զգացի մենակությունը, կարոտեցի ընտանեկան ջերմությունն ու մտերմությունը՝ սուրճի սեղանի մոտ։ Տանը սուրճ պատրաստողը ես եմ ու պարտադիր՝ մայրիկի օժիտի ջազվաներով։

Եթե հյուրեր ունենք, օգտագործում եմ հայկական պատկերներով ամենամեծ ջազվան․ միաժամանակ տասը բաժակ սուրճը եփվում է ժամերով։ Ամենափոքր ջազվան իմ միայնակ ճամփորդությունների ուղեկիցն է։»

Հայկ Սիսեռյան, 16 տ. ուսանող


 Խաչ վզնոցը

Ծնվել է Հալեպում, Սիրիական պատերազմի պատճառով 2015-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան:

«Սիրիայում մեզ հայ էր պահում լեզուն ու կրոնը, դպրոցն ու եկեղեցին։ Այս խաչն ինձ հետ է արդեն մոտ տասը տարի: Այն ինձ համար մայրիկս է գնել Սուրբ Գևորգ կոչվող ուխտատեղիից, որ պահի ու պաշտպանի ինձ: Միշտ վզիս է, երբեք չեմ հանում ու միշտ զգում եմ նրա ուժը: Մի օր ես ու եղբայրս քայլում էինք Հալեպի հայաբնակ Վիլլաներ թաղամասում ու աղոթում, ավարտեցինք աղոթքը, մի րոպե չանցած մեզնից մի մետր հեռավորության վրա հրթիռ ընկավ: Ես ու եղբայրս անվնաս մնացինք: Կարծում եմ խաչը մեզ պաշտպանեց»:

Քրիստինա Սոլոյան, 21 տ., լրագրող


 Երևանի Հանրապետության հրապարակը

«Նախկինում Երևանում տեղի ունեցող ցույցերը կենտրոնացած էին Ազատության հրապարակում: Հանրապետության հրապարակն ասոցացվում էր Կառավարության, պետական գործընթացների հետ։ Ինչքան էլ այն սիրուն ու էսթետիկ է, միևնույն է, կարծես օտար մարմին լիներ, ուրիշինը լիներ: Թավշյա հեղափոխության արդյունքում զգացողություն էր, որ մենք այն վերադարձրինք մեզ՝ որպես քաղաքացի, որպես ազգ։ Հիմա այն նորից Կառավարությանն է, բայց նաև քոնն է, քանի որ դու քո ձայնը տվել ես այդ կառավարությանը։ Ես ինձ երբեք չեմ համարել ու չեմ էլ կարող լինել ակտիվիստ, նախկինում բոլոր ցույցերին մասնակցել եմ որպես լրագրող։ Սա եղավ առաջին շարժումը, որին ես մասնակցեցի որպես քաղաքացի սկզբից մինչև վերջ»։

Ադրբեջան

Քամրան Ալիեւ, 21 տ., մարքեթինգի մասնագետ


Կավալ

Ոչ խորը, ձեռքի հարվածային գործիք` փայտյա շրջանակով, որը հանում է դողացող, ուժեղ ձայն. այն կարմիր թելի պես անցնում է ադրբեջանական ազգային երաժշտության միջով: «Կավալի ձայնը շարժում է հոգուս խորքի լարերը եւ օգնում զգալ հին ժամանակների ռիթմը: Վստահ եմ, որ մեր ապուպապերը կավալի հանած ձայներից ուրախանում եւ պարում էին այնպես, ինչպես մենք այսօր լսում ենք էլեկտրոնային երաժշտություն»:

Միրկարդաշ Սալման, 23 տ., վաճառքի մենեջեր


Գորգեր

«Գորգերն ինձ համար միշտ էլ հատուկ են եղել: Հիշում եմ` փոքր տարիքում ժամերով խաղում էի գորգի վրա կամ նայում, թե ինչպես էր մայրս ընտանիքի հետ ամեն ամառ լվանում այն: Ջերմ եւ ուրախ հիշողություն է»:

Աֆագ Խալիլովա, 19 տ., դերասան


 Ադրբեջանցի ազատագրված կնոջ արձանը

Ֆուադ Աբդուռահմանովի արձանը Բաքվի կենտրոնում դրվել է 1960 թվականին: Այն ներկայացնում է ադրբեջանցի կնոջ, որը հանում է իր գլխաշորը եւ ազատագրվում սահմանափակումներից, որոնք գլխաշոր կրելը դնում է: Խալիլովայի համար ազատագրման այս խորհրդանշական գործողությունը գրավիչ է: «Ես ուզում եմ ադրբեջանցի կանանց տեսնել ազատագրված Աբդուռահմանովի արձանի կերտած կերպարի պես»,-ասում է Խալիլովան` հավելելով` «Երկար կյանք ադրբեջանցի կանանց»:

Խանըմ Թափդիգովա, 27 տ., նկարիչ


Տատիս ականջօղերը

«Էթնիկ ոճի այս ականջօղերը պատկանում են տատիս: Դրանք կոչվում են «զամբյուղներ»․ ցանցազարդեր են` փոքրիկ ուլունքներով և փաթաթված թելերով։ Դրանք ներկայացնում են իմ ազգային ինքնությունը: Բոլոր հին զարդերը բացահայտում են ազգի պատմությունն ու մշակույթը: Վարպետների յուրահատուկ հմտություններն ընդգծում են անհատականությունն ու ինքնությունը»:

Լեման Նասիրովա, 22 տ., տնտեսագետ


Քարտեզներ

«Մանկությունիցս տարված եմ քարտեզներով: Կասպից ծով ձգվող հպարտ արծիվը [քարտեզի վրա Ադրբեջանի ձեւը] ինձ ամենահարազատ քարտեզն է»:

Ֆիդան Աբդուլայեվա, 22 տ., տնտեսագետ


 Քալաղայը

«Այս քալաղային [մետաքսյա ավանդական գլխաշոր, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում] պատկանում է տատիս: Փոքր տարիքում դրանով հետաքրքրված չէի: Հիմա այն շատ եմ գնահատում»:

Բաբեք Ահմեդովսկի, 25 տ., կիթառիստ, խմբի ղեկավար


Ուզեիր Հաջիբեյովի երաժշտության ձայնագրությունները

Ադրբեջանի դասական երաժշտության եւ օպերայի հիմնադիր, 20-րդ դարի կոմպոզիտոր Ուզեիր Հաջիբեյովը մեծ ազդեցություն է ունեցել Բաբեք Ահմեդովսկու վրա, որը «Ահմեդովսկի եռյակի» ղեկավարն է դեռ մանկուց: «Ես երաժշտությամբ տարված եմ վաղ տարիքից, երբ իմ ծնողներն ինձ դաշնամուրի դասերի ուղարկեցին»:

 

Ուլքըր Գուրզալիեւա, 21 տ., տնտեսագետ


Թեյի բաժակներ

Տանձաձեւ թեյի բաժակները, որոնք կոչվում են «արմուդու», շատ ադրբեջանցիների համար ասոցացվում են ընկերների, ընտանիքի, հյուրերի շրջապատում տեղացիների` սեւ թեյ խմելու սիրո հետ: «Դրանք ինչ-որ առումով կախարդական են թվում: Թեյը մեր ավանդական տանձաձեւ բաժակներում ավելի համեղ է դառնում»:

Վրաստան

 

Գիորգի Ջինորիձե, 25 տ., դիզայներ


 Ծաղկած ծառեր

«Ինձ համար ինքնությունն առավելապես արտահայտվում է զգացմունքների, քան թե առարկաների միջոցով: Մի գարնանային օր աշխատանքից վերադառնալիս ծաղկած ծառ տեսա [Թբիլիսիի] Կայարանային հրապարակի մոտ:  Շուրջբոլորն այնքան մռայլ էր, որ ծառը նման էր անմեղ դեռահասի, որին պատրաստվում են նկարահանել պոռնոգրաֆիկ ֆիլմում: Ես կարող եմ օգտագործել նույն համեմատությունը մեր երկրի համար:

Վրաստանը պետք է դրախտ լինի երկրի վրա, սակայն դժբախտաբար անպարկեշտ մարդիկ փչացնում են նրա գեղեցկությունը: Ես չեմ սիրում մարդկանց: Բայց սիրում եմ [իմ] երկիրը:

Ես խուսափում եմ մարդկանց հետ մտերմիկ հարաբերություններից: Կարծում եմ, որ ինձ հարազատ մարդիկ ամենալավն են: Շատ դժվար է նրանց նման մարդկանց գտնել»:

 

Անի Կիլաձե, 21 տ., սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող


 1989 թվականի ապրիլի 9-ի մասին գրքեր

«Երբ երեխա էի, տարօրինակ կերպով հետաքրքրված էի 1989 թվականի ապրիլի 9-ի իրադարձությունների մասին գրքերով [ապրիլի 9-ին Վրաստանը նշում է Անկախության վերականգնման եւ 1989 թվականին Թբիլիսիում ԽՍՀՄ-ի պաշտպանության նախարարության զորքերի կողմից բազմահազարանոց հանրահավաքի ցրման զոհերի հիշատակի օրը]: Նստում եւ նայում էի մահացածների ֆոտոները: Չէի կարողանում հասկանալ ցույցերի իմաստն ու նպատակը: Նման գրքեր կային բոլոր տներում: Պարզեցի, որ շատ մարդիկ ինձ պես նույն փորձառությունն են ունեցել: Ծնողներս մասնակցել էին ցույցերին: Նրանք լավագույն էին ուզում իրենց երկրի համար: Ես եւս կլինեի այնտեղ: Ես մասնակցում եմ ցույցերի, ես սոցիալական պատասխանատվության զգացում ունեմ: Ընդհանուր խնդիրը ստիպում է քեզ միասնական զգալ ազգիդ հետ: Մեր ընդհանուր պատմությունը մեզ բերել է այս կետին [ազգային միասնության ընկալմանը]:

Լուկա Քիրիա, 18 տ. բժշկական համալսարանի ուսանող


 Դեղին ավտոբուսներ

«Լեփ-լեցուն ավտոբուսը կարող է լինել հասարակության հայելին: Մարդկանց վարքագծում կարող ես տեսնել ազգին բնորոշ գծերը: Վրացիների մեծ մասը աշխատող դասակարգից է: Նրանք օգտագործում են հանրային տրանսպորտ: Ես պատկանում եմ այս դասակարգին եւ այս ազգին: Մենք օտարականներ ենք, որոնք կիսում են միեւնույն ճակատագիրը:

Ավտոբուսները նման են ժամանակի մեքենաների. հին դեղին ավտոբուսները պատկանում են անցյալին, իսկ նոր կապույտ ավտոբուսները տանում են մեզ ապագա: Դեղին ավտոբուսները մեզ համար նույնն են, ինչ տրամվայները հին սերնդի համար:

Մի օր, երբ վերջին դեղին ավտոբուսը դուրս կգա ճանապարհորդության, ես ուզում եմ ներսում նստած լինել: Այն կդառնա Թբիլիսիի քաղաքային պատմության մի մասնիկը»:

Լեվան Չկոնիա, 19 տ., կինոյի եւ հեռուստատեսության ֆակուլտետի ուսանող


 Ֆուտբոլային համազգեստ

«Ազգային ինքնությունը ամռան համար պահարանից հանած հին, հոտավետ կիսատաբատն է եւ կիսաթեւ շապիկը, հատկապես` «Միլան» ֆուտբոլային ակումբի կարմիր եւ սեւ ֆուտբոլային համազգեստը: Այն ներկայացնում է այլ երկիր, բայց ես իմ մանկությունն անց եմ կացրել «դրանց մեջ»` բակի ֆուտբոլի դաշտում խաղալով: Եւ մեր բակը իմ երկիրն է: Ինքնությունը կարեկցանք է, մի բան, որին կարող ես կապված լինել: Ընդհանուր առմամբ, ես մտածում եմ, որ իմ սերնդի համար ազգային պատկանելիության զգացողությունն օտար չէ: Դեռահասների կողմից երբեք չես լսի [Վրաստանի մասին] մակերեսային քննադատություն: Նրանց իրոք մտահոգում է երկրի խնդիրները: Քիչ մարդկանց գիտեմ, որոնք ուզում են լքել երկիրը: Որոշները գնացին, սակայն հետո հետ եկան»:

Սոֆո Շերազադիշվիլի, 17տ., ավագ դպրոցի աշակերտ


 Թենգիզ Միրզաշվիլիի նկարները

«Ես սիրում եմ [վրացի գեղանկարիչ] Թենգիզ Միրզաշվիլիի [նույն ինքը Չուբչիկայի] հեղինակած այս նկարը, քանի որ այն ինձ հիշեցնում է Կազբեգին, որտեղ անցկացրել եմ մանկությունս եւ ուր ես դեռ գնում եմ: Նկարի տղամարդը իմ հայրն է, իսկ փոքրիկ աղջիկը` ես եմ: Կովը` մեր կովն է` Թեթրշուբլան, որին շատ էի սիրում:

Ես սիրում եմ իմ երկիրը: Դա նաեւ իմ ինքնության մի մասն է: Վրաստանն ինձ համար Կազբեգին է: Երբեմն սկսում եմ Կազբեգիի բարբառով խոսել եւ կրկնում եմ արտահայտություններն այստեղի [Թբիլիսիի] իմ ընկերների համար: Ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում իմ եւ Կազբեգիի ընկերներիս միջեւ: Մենք շփվում ենք սոցիալական մեդիաների եւ հեռախոսի միջոցով, դիտում ենք նույն հեռուստատեսային սերիալները եւ կարդում նույն գրքերը:

Կրիստինա Կոբալիա, 24 տ., հանրային կառավարման համալսարանի շրջանավարտ


 Պնդուկ

«Մինչեւ 14 տարեկանն ապրել եմ Ռուսաստանում, այնուհետեւ իմ ընտանիքը վերադարձել է Աբխազիա [Գալի քաղաք]: Այնտեղ մենք մեծ տուն ունենք եւ հողատարածք` պնդուկի բազմաթիվ ծառերով: Որոշ ընտանիքների համար պնդուկը եկամտի միակ աղբյուրն է: Բերք հավաքելն ինձ համար կարեւոր արարողություն է: Ամեն օգոստոս ես գնում եմ ծնողներիս մոտ` օգնելու նրանց: Երբ նրանք մահանան, այդ հողատարածքը կփոխանցվի ինձ, ես էլ կժառանգեմ իմ երեխաներին:

[Մարդու] քաղաքացիությունն ինձ համար կարեւոր չէ: Մարդասիրությունն է ինձ համար գլխավոր արժեքը: Ես հարգում եմ բոլոր մշակույթները: Չեմ կարող ասել, որ վրացական որեւէ բան ինձ համար շատ կարեւոր է: Իմ տունն Աբխազիայում է, եւ դա այն վայրն է, ուր ես կարող եմ միշտ վերադառնալ»:

Անաստասիա Կվինիկաձե, 17տ., ավագ դպրոցի աշակերտ


 Մածուն

«Լեռներում գտնվող իմ գյուղում` Ռաճայում, կանայք տանը մածուն են պատրաստում: [Տարբեր] ընտանիքներ մշտապես դրանք գնում են, քանի որ այն առողջարար է: Երբ ես ապրում էի ԱՄՆ-ում, հասկացա, որ մարդիկ չգիտեն, թե մածունն ինչ է: Ես նույնիսկ չէի կարող բացատրել համը: Կանայք [Վրաստանում] սովորություն ունեին մածունը դռնեդուռ ընկնելով վաճառել, սակայն հիմա շատ հազվադեպ կարելի է դա տեսնել: Տնական մածունն առանձնահատուկ համ ունի: Այդ համը հիշեցնում է տունը:

Ես Վրաստանում ամեն ինչ սիրում եմ: Ուրիշ ոչ մի տեղ չէի ապրի: Հիմա սահմաններն ավելի բաց են: Կարող ես գնալ եւ հետ գալ ցանկացած ժամանակ, եւ թերեւս, դա է պատճառը, որ իմ ընկերներից մի քանիսը չեն մտածում արտագաղթելու մասին: Շատերն ուզում են արտասահմանում սովորել, բայց ոչ հաստատվել այնտեղ»:

Մարիամ Կեվլիշվիլի, 21 տ., տտ ոլորտի ուսանող


 Միջնադարյան ոճի վզնոց

«Ես գնել եմ այս վզնոցը [Թբիլիսիի] Նավթլուգիի օգտագործված իրերի շուկայից 20 թեթրիով ($0.08): Այնտեղ կարելի է շատ բաներ գտնել, սակայն ծանր է տեսնել, թե ինչպես աղքատ մարդիկ էժան գնով վաճառում են իրենց իրերը: Այս [վզնոցը] ինձ հիշեցնում է 11-12 դարերի միջնադարյան զարդերը, այդ ժամանակ Վրաստանն ուժեղ էր:

Հայրենիքը քո ինքնության անբաժանելի մասն է: Այն չի թափառում ինչ-որ արտաքին տարածքում: Ես չեմ հասկանում, երբ մարդիկ ասում են, որ ինտերնետը, գլոբալիզացիան եւ բաց սահմանները մեր ազգային ինքնությունը խլում են մեզանից: Ինչպե՞ս կարող ես կորցնել մի բան, որը քո ներսում է»:


 

Հուլիս 2018 «Ինքնություն» թողարկում

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա