Հոդվածը, որը կարդում եք, Չայ Խանայի արխիվի մի մասն է։ 2015-ից մինչև 2025 թվականը Չայ Խանան լուսաբանում էր Հարավային Կովկասը` կիսելով պատմություններ Վրաստանից, Հայաստանից և Ադրբեջանից։
Զինվորական վիլիս մակնիշի ամենագնացը սլանում է առաջնագծի հողե ճանապարհով՝ օդ բարձրացնելով փոշու անվերջանալի ամպ։ Ճանապարհի մի մասում ղարաբաղադրբեջանական շփման գիծն է, մյուսում` ղարաբաղյան պաշտպանական դիրքերն են։ Խրամատների կողքին հուլիսյան արևից շիկացած հողի վրա աչք է ծակում սպիտակ փոքր քարերից պատրաստված խաչն ու կողքի գրությունը` «Պատիվ ունեմ»։ Նմանատիպ խաչերը, փոքրիկ մատուռներն ու աղոթքի անկյուններն ամենուր են: Զինվորականների խոսքով, դրանց քանակն ավելացել է 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո։
«Եթե զինվորը մատուռ է սարքում իր խրամատում, մոմ վառում ու աղոթում իր զինակիցների ու իր ընտանիքի բարեկեցության համար, չհավատաք, որ որևէ պարագայում նա կհանձնի իր դիրքը»,-ասում է 32-ամյա փոխգնդապետ Նվեր Ներսիսյանը, ով մասնակցել է ապրիլյան պատերազմի հյուսիսային ուղղությամբ ընթացող ամենաթեժ մարտերին:
Ղարաբաղի պաշտպանական շրջաններում այսօր գործում է շուրջ 8 եկեղեցի ու մատուռ` չհաշված առաջնագծի տասնյակ ինքաշեն մատուռներն ու աղոթքի անկյունները։ 15 սարկավագ հոգևոր ծառայություն են իրականացնում պաշտպանության բանակի զորամասերում։ Այստեղ անգամ մկրտություններ են անում։
«Եթե քաղաքացիական կյանքում շատ հարցերում հույսդ դնում էիր հարազատների ու ընկերների վրա, ապա բանակում լիովին ինքնուրույն ես ու պետք է ինքնդ լուծես քո բոլոր հարցերը։ Ըստ իս, եկեղեցին ու կրոնն օգնում են ինքնության կայացման այդ ճանապարհը հնարավորինս հարթ անցնել»,-ասում է 23-ամյա շարքային Գուրգեն Մելքոնյանը:
Օգոստոս 2018, Հավատք եւ Կրոն