Archive

Հայ հարևանների ադրբեջանցի պահապանը

Հայ հարևանների ադրբեջանցի պահապանը

1988թ. փետրվարի 28-ի ցուրտ գիշերն էր, երբ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից հյուսիս ընկած՝ արդյունաբերական Սումգայիթ քաղաքում Գյուլերի դուռը մեկը թակեց: 40-ամյա կինը երեխաների հետ տանը միայնակ էր: Բացելով դուռը՝ նա տեսավ իր հայ հարևաններին՝ գունատ դեմքերով, դողացող ձեռքերով:

«Անյան, Սվետան ու Աիդան էին՝ իրենց երեխաների հետ: Նրանք ինձ հարցրին. «Կարո՞ղ ենք այսօր այստեղ գիշերել, վաղն առավոտ շուտ կհեռանանք»: Վախեցա: Հարցրի, թե ինչ է կատարվում, բայց նրանք էլ բանից անտեղյակ էին: Ասացին միայն, որ հայ ընտանիքներին ամենուր որոնում են»:

1988թ. փետրվարի 28-29-ին Սումգայիթում ծայր առած բռնությունների ալիքը, միջազգային լրատվամիջոցների տեղեկություններով, խլեց 26 հայի և 6 ադրբեջանցու կյանք: Արյունահեղությունը ծավալվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածության ֆոնին, այնուհետև՝ երկու հանրապետություններում՝ Լեռնային Ղարաբաղի համար մղվող պայքարի համար. ադրբեջանական տարածաշրջան, որի էթնիկ հայկական բնակչությունը կողմ էր արտահայտվել հարևան Հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետությանը միանալուն:

Սումգայիթի բախումները հանգեցրին քաղաքի գրեթե ամբողջ՝ շուրջ 14,000 հայերի փախուստին, ինչպես նաև Ադրբեջանի այլ շրջանների հազարավոր հայերի բռնի տեղահանմանը: Այս մասին իր «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ու պատերազմի միջով» գրքում նշում է «Կարնեգի Եվրոպա» հիմնադրամի (Լոնդոն) Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը: Թեև բռնությունների ծագման իրական պատճառների մասին տեսակետները տարբերվում են, այդուհանդերձ, պարզ էր, որ Ադրբեջանում երկու ժողովուրդների խաղաղ համագոյակցությունն արդեն անցյալում է: 

1988թ. սկզբին քչերը կարող էին նման բան պատկերացնել: Սումգայիթում, սակայն, շատերը գտնվեցին, որ պաշտպանեցին իրենց հարևաններին, ընկերներին և ծանոթներին բռնությունից: 70-ամյա Գյուլերը նրանցից մեկն էր:

«Նրանք մեր հարևաններն էին»,- ասում է նա հայ երեք կանանց և նրանց երեխաների մասին, որոնց ապաստան էր տվել 1988թ. այդ գիշերը: «Մենք միասին էինք մեծացրել մեր երեխաներին, միասին ծիծաղել և լացել, բայց որ ամենակարևորն է՝ այդ մարդիկ մեզ որևէ վատ բան չէին արել»:

Այդ գիշեր սակայն ոչ ոք չքնեց, շարունակում է Գյուլերը (ազգանունը չի հրապարակվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով):

«Անյան խոսում էր փողոցում կուտակված ամբոխի մասին և անհանգստանում իր երեխաների համար: Սվետան փորձում էր ամուսնուց պարզել, թե ուր են այնուհետ գնալու: Ես էլ էի վախեցած, ինչպես իմ հարևանները: Հուզական շատ ծանր վիճակում էի»:

«Այդպես էլ անցկացրինք գիշերը՝ հանգիստ, այդ փոքր սենյակում: Նստեցինք մինչև առավոտ՝ մեր ծնկները գրկած: Ես ասացի, որ կարող են մնալ այնքան, որքան կցանկանան, բայց նրանք պատասխանեցին. «Վաղ թե ուշ պետք է գնանք»»:

Գյուլերը հիշում է՝ առավոտյան ժամը 5-ի մոտ «գրկախառնվեցինք, արտասվեցինք, ու նրանք գնացին»:

Եվ պարզապես անհետացան: Այդ օրվանից ի վեր Գյուլերը լուր չունի իր հայ հարևաններից: Որդին փնտրել է նրանց Facebook-ում, սակայն ապարդյուն:

Նրա անձնական իրերի թվում անհետացած հարևաններից հուշեր են մնացել: Նա պահում է Աիդայի նվերը՝ բյուրեղապակյա վազան: Ինչպես նաև հագուստները, որոնք դերձակ Աիդան կարել էր Գյուլերի, նրա որդու և հարևան բոլոր դպրոցականների համար:

«Նա մեզանից երբեք գումար չէր վերցնում: Եվ մենք մեր տարածաշրջանից (Լեռնային Ղարաբաղ) նրան նվերներ էինք բերում: Ես պահել եմ ինձ համար Աիդայի կարած բոլոր կիսաշրջազգեստներն ու զգեստները: Դրանք այնքան թարմ են մնացել, կարծես երեկ կարված լինեն…»:

Նա հավելում է, որ «այդ օրերին չէին էլ կարող պատկերացնել, որ նման հակամարտություն կծագի ապագայում»: 

Աիդայի որդին՝ Կամոն, սիրում էր լուսանկարչությամբ զբաղվել, և Գյուլերը դեռ պահում է նախապատերազմական շրջանում արված լուսանկարները:

«Նա անմահացրել է մեր լավ օրերը, տոներն ու ծննդյան օրերը: Այդ ժամանակ լուսանկարչական ապարատ քչերն ունեին: Ինչպե՞ս կարող են այդ օրերը մոռացվել: Մենք դրանք միասին ենք ապրել»:

Նա սիրով է վերհիշում իր ընտանիքի և հայ հարևանների միջև ձևավորված հարաբերությունները, երբ մինչև 1980-ականները վերջը նրանք բնակվում էին միևնույն թաղամասում, որը տարբեր ազգությունների միախառնման վայր էր: Այդ տարիներին ռուսների, հրեաների, ուկրաինացիների, ադրբեջանցիների և հայերի էթնիկ տարբերությունները որևէ դեր չէին խաղում, ասում է նա:

«Հազվադեպ կարելի էր լսել «Դու ո՞րտեղից ես» հարցը: Ես հիշում եմ, որ մեր շենքում ապրում էր երեք հայ և մի քանի ռուս ընտանիք: Մենք որևէ տարբերություն չէինք դնում: Մենք բոլորս հարևաններ էինք»: 

Նրա խոսքով՝ իր երեխաները հաճախ էին հյուր գնում Աիդայի և նրա ամուսնու՝ Արտուշի բնակարան՝ դիտելու իրենց շենքի միակ գունավոր հեռուստացույցը: «Ոչ ոք նրանց չէր ասում. «Մի՛ նստիր այնտեղ, մի՛ նստիր այստեղ»: Մեր օրերում դժվար է հանդիպել նման համբերատար վերաբերմունքի ուրիշի երեխաների նկատմամբ»:

«Ադրբեջանական Նովրուզի՝ գարնան տոնի ժամանակ, մեր երեխաները սովորություն ունեին՝ միասին ներկելու և կոտրելու եփած ձվեր, մինչ մենք զրուցում էինք,- շարունակում է նա: -Սվետայի պատրաստած թխվածքները պարզապես հրաշալի էին, դա նրա մոտ շատ լավ էր ստացվում: Նրանք մեր հարսանիքների հյուրերն էին: Մենք նրանց կողքին էինք և աջակցում էինք նաև տխուր պահերին, հուղարկավորությունների ժամանակ: Աշխարհի ամենահամեղ ուտելիքը բավականաչափ լավը չի լինի, եթե այն չկիսես քո ընկերների հետ»:

Գյուլերը դեռ փորձում է հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ: Նա կարծում է, որ հակամարտությունը քաղաքական արմատներ ունի և հասարակ ադրբեջանցիների կամ հայերի մեղքով չէ:

«Ես միշտ ասում եմ՝ անիծյալ լինեն այս պատերազմի հեղինակները: Այն խլեց մեզանից մեր հարևաններին և երիտասարդներին: Մենք կորցրինք գլխավորը՝ մեր համայնքն ու ընկերությունը»,- հառաչում է նա:

Գյուլերը ևս ավելի ուշ տեղափոխվել է Սումգայիթի մեկ այլ շրջան: Երբեմն, սակայն, նա վերադառնում է իր հին բակը, որտեղ հայ ընկերների հետ մի ժամանակ ապրել է:

«Ես գնում եմ այնտեղ և նայում պատշգամբներին ու պատուհաններին: Հիմա այլ մարդիկ են նայում այն պատուհաններից, որոնք մի ժամանակ իմն էին, Աիդայինը, Սվետայինն ու Անյայինը: Այնտեղ միայն մի քանի հին հարևան է մնացել»:

«Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ չհասցրինք անգամ իմանալ, թե ում բաժին հասան նրանց բնակարանները: Փոխանակվեցի՞ն դրանք, վաճառվեցի՞ն, թե՞ պարզապես այլ մարդիկ եկան ու բնակվեցին այնտեղ: Ես չգիտեմ…»:

Որոշ ժամանակ խոսելուց հետո Գյուլերը հանկարծակի լռում է:

«Մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ անգամ վախենում եմ ասել, որ լավ հարևաններ եմ ունեցել: Իրավիճակն այնքան տարօրինակ է, որ դժվար է դրա հետ համակերպվել»,- հավելում է նա:

Պատերազմը վերջ դրեց երկու ժողովուրդների և տարածքների միջև երբեմնի ազատ տեղաշարժին:

Գյուլերը, որի եղբայրը զոհվել է պատերազմում, այլևս չի կարող այցելել Ղարաբաղում իր հարազատ Ջաբրայիլ բնակավայրը, որը ներկայում վերահսկվում է հայկական բանակի կողմից:

Չնայած հակամարտության բոլոր սարսափներին՝ նա դեռ հավատում է, որ ճիշտ է վարվել 1988թ. փետրվարյան այդ գիշերը: Նա շեշտում է՝ պատերազմում հասարակ մարդկանց մեծ մասն անմեղ է:

«Երբեմն ինձ ասում են՝ «Հայերն օկուպացրել են ձեր տարածքը, դու ինչո՞ւ ես կարոտում քո հայ հարևաններին»»: 

Գյուլերը տարուբերում է գլուխը, նա ունի պարզ, սակայն միակ ճիշտ պատասխանը. «Դա նրանց մեղքը չէ»:

Գյուլերը ցուցադրում է իր և որդու՝ Նաթիգի հին լուսանկարը՝ արված հայ հարևանների տանը:
Գյուլերը նկարներ է ցուցադրում ընտանեկան արխիվից, որոնցում նրա հայ հարևանը՝ Կամոն, ֆիքսել է իրենց երջանիկ պահերը:
Կամոյից (մեջտեղում) մնացած միակ լուսանկարը: Նրա աջ կողմում Գյուլերի որդին է՝ Նաթիգը:
Գյուլերի հագին հայ հարևանուհու՝ Աիդայի՝ տասնամյակներ առաջ կարած բլուզն է:
Աիդայի նվիրած այս բյուրեղապակյա վազան Գյուլերը որպես թանկ հիշատակ է պահում:
Թեև տարիների ընթացքում Աիդայի նվիրած վազան ճաքեր է տվել, սակայն դրա հետ կապված հիշողություններն անգին են: «Ես չեմ կարող հրաժեշտ տալ այս վազային»,- ասում է Գյուլերը:
Աիդայի նվիրած բյուրեղապակյա վազայի նման հուշանվերները Գյուլերի և նրա հայ հարևանների անձնական հիշողությունների պահապանն են:
Աիդայի կարած կիսաշրջազգեստը Գյուլերը հաճախ չի կրում. նրան թվում է, որ այն այլևս իրեն չի սազում:
Այն բնակելի շենքն ու բակը Սումգայիթում, որտեղ Գյուլերը թաքցրել է իր հայ հարևաններին 1988թ. միջէթնիկական բախումների ընթացքում:
Նախքան 1980-ականների վերջին ծագած Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Սումգայիթի բնակելի շենքերը տարբեր ազգերի միախառնման վայր էին:
Սումգայիթի այն բնակարանը, որտեղ այժմ բնակվում է Գյուլերը:

Նյութում կարող են տեղ գտնել եզրեր, որոնք ընդունելի չեն կոնֆլիկտի բոլոր կողմերի համար։ Նյութում օգտագորված նման եզրերը բացառապես պատկանում են հեղինակին կամ հերոսներին, եւ ոչ Չայխանային:

Հոկտեմբեր 2018, «Խաղաղարարներ» թողարկում

Archive

Every news story eventually grows old. Since 2015, over the course of a decade, Chai Khana has documented the narratives of the South Caucasus. This archive brings together the photo projects, documentary films, and articles from that era—stories that have now become the history of the region.