Երկու աղջիկ եւ աստղազարդ երկինք. հայ աստղագետները վերականգնում են իրենց ժառանգությունը

Հեղինակ՝: Իննա Մխիթարյան

26.02.19
Հրատարակություն: Միլլենիալներ

26-ամյա Հասմիկ Անդրեասյանն աստղագետի դուստր է եւ մեծացել է Հայաստանի ամենամեծ` Բյուրականի աստղադիտարանի հարեւանությամբ: Այսօր գնում է հոր հետքերով եւ աստղադիտարանում աշխատող երիտասարդ ինը կին աստղագետներից մեկն է:

Հայկական աստղագիտությունը, հատկապես Բյուրականի աստղադիտարանը, հարուստ պատմություն ունի: Հայ աստղագետները մեծ բացահայտումներ են արել այս ոլորտում, հատկապես աստղաֆիզիկայի: Ժամանակակից աստղագիտության լեգենդ Վիկտոր Համբարձումյանը, որը նաեւ աստղադիտարանի հիմնադիրն է, ազգությամբ հայ է:

Սակայն Հայաստանում աստղագիտության կրթությունը բազմաթիվ կորուստներ է ունեցել Սովետական միության փլուզումից հետո: Ֆինանսավորման եւ կրթական բարեփոխումների բացակայությունը եւս դերակատարություն են ունեցել այդ գործում:

53 հեկտար տարածք ունեցող աստղադիտարանում այսօր 43 գիտաշխատող կա, նրանցից 18-ը երիտասարդներ են, իսկ երիտասարդների ճիշտ կեսը` 9-ը կանայք են: Հասմիկը եւ 30-ամյա Անահիտ Սամսոնյանը ներկայացնում են Հայաստանի աստղագիտության նոր սերունդը: Երիտասարդ գիտաշխատողները գրեթե ամեն օր մայրաքաղաք Երեւանից 40 րոպե տեւողությամբ ճանապարհ են անցնում ծառայողական ավտոբուսով` գիտական աշխատանքներ եւ դիտումներ անելու համար:

Հասմիկը մասնագիտացված է երիտասարդ բռնկուն աստղերն ուսումնասիրելու գործում, Անահիտը զբաղվում է ակտիվ գալակտիկաների ուսումնասիրությամբ ինֆրակարմիր տիրութում:

Մինչ Հասմիկը մեծացել է` ուսումնասիրելով աստղերը, Անահիտը տիեզերքով սկսել է հետաքրքրվել, երբ ուսանողական խմբի հետ 3-րդ կուրսում այցելել է Բյուրական:

Երկու գիտաշխատողներն էլ ակտիվ են իրենց ոլորտում: Պարբերաբար ամբողջ գիշերներով արթուն են մնում եւ սպասում մինչեւ երկինքը բացվի, որպեսզի կարողանան դիտումներ անել:

«Մեր մասնագիտությունը շատ ռոմանտիկ է թվում, բայց իրականում այդպես չէ: Մենք հիմնականում համակարգչի դիմաց նստած հաշվարկներ ու գիտական հետազոտություններ ենք անում: Թեեւ մեր առօրյան շատ բազմազան է դառնում դիտումների օրերին»,-ասում է Հասմիկը:

«Մեր աշխատանքը չի ենթադրում 8-ժամյա աշխատանքային օր ու 5-օրյա աշխատանքային շաբաթ: Իմ դիտման օրերին երբեմն ամբողջ գիշերն արթուն եմ մնում, պարբերաբար բակ դուրս գալիս, երկնքին նայում, պատահում է երկինքն այդպես էլ չի բացվում դիտումների համար: Բայց մեր գործում դա նորմալ երևույթ է, դիտմանը օրերով սպասելը նույնպես մեր աշխատանքի մաս է»,-հավելում է նա:

Դիտումների օրերին գիտաշխատողները մնում են աստղադիտարանի համանուն գյուղում: Այնտեղ դեռեւս Սովետական միությունից մնացած ծառայողական բնակարաններ կան աստղադիտարանի աշխատողների համար:

«Հայրս աստղագետ է, եւ ես Բյուրականում եմ մեծացել: Նա ծառայողական բնակարան ունի այստեղ: Ես գյուղի դպրոցն եմ հաճախել: Այս մթնոլորտում չէի կարող չսիրել աստղագիտությունը»,-ասում է Հասմիկը:

Հայաստանի արեւմտյան հատվածում գտնվող այս գյուղը գուցե այնքան հայտնի չէ, որքան Փարիզը կամ Լոնդոնը: Սակայն այն լավ ճանաչված է աստղագիտության ոլորտում:

Անահիտն ու Հասմիկը` Բյուրականի աստղադիտարանի 2.6 մետրանոց դիտակի ներսում:
2.6 մետրանոց դիտակն ամենամեծն է Բյուրականում:
Հասմիկն ու Անահիտը` աշխատելիս: Աստղադիտարանում միայն ինը կին գիտաշխատող կա:
Հասմիկը հեղուկ ազոտ է լցնում սարքի մեջ: Այն թույլ է տալիս տիեզերքից եկած ինֆորմացիան գրանցող համակարգը սառը պահել՝ ստացվող պատկերների որակը ապահովելու համար:
Անահիտն օգնում է իր գործընկերուհուն` Հասմիկին, դիտման սենյակում: Նա հազվադեպ է դիտակով դիտումներ անում: «Գիշերային աշխատանքն ինձ համար չէ: Շատ դժվար է դիտումներ անել»:
Անահիտն ու Հասմիկը դիտումից առաջ քայլում են աստղադիտարանի պատշգամբում, մինչեւ դիտակը եւ տեխնիկական այլ սարքավորումներ պատրաստ լինեն դիտման համար:
Նախկինում Բյուրականի տարածքում երեկոյան ժամերին գյուղի և աստղադիտարանի բնակիչները մուգ վարագույրներով փակում էին պատուհանները, իսկ դրսում լույսեր չէին վառում: Վիկտոր Համբարձումյանի տանը վարագույրները նույնությամբ պահպանվել են:
Հասմիկն աստղագետի դուստր է եւ մանկուց ցանկացել է աշխատել աստղադիտարանում:
Անահիտն իր ավագ գործընկերների` գլխավոր գիտաշխատող Տիգրան Մաղաքյանի եւ գիտաշխատող Մարիետա Գյուլզադյանի հետ` աստղադիտարանի ճաշարանում:
Բյուրականում այնքան ցուրտ է, որ տաքացուցիչները չեն կարողանում ջերմացնել ծառայողական բնակարանի փոքր սենյակները: Հասմիկը թեյ է պատրաստում իր եւ Անահիտի համար, որպեսզի տաքանան, քանի դեռ սպասում են աստղազարդ երկնքի բացվելուն:
Հասմիկն ու Անահիտը քայլում են Բյուրական գյուղում, որը միտումնավոր լուսավորված չէ: Նպատակը լուսային աղտոտվածությունը նվազեցնելն է, որը խոչընդոտում է աստղադիտարանի աշխատանքը:
Անահիտն ու Հասմիկը քննարկում են գիտաժողովը, որին Նիդերլանդներում վերջերս մասնակցել է Հասմիկը: Իսկ Անահիտն էլ գրեթե նույն ժամանակահատվածում կրթական ծրագրով մեկնել էր Ֆինլանդիա:
Երկինքը մի քանի ժամով բացվեց` հնարավորություն տալով Հասմիկին աշխատել:
Երիտասարդ աստղագետներն օգտագործում են հեռախոսի լույսը` մթության մեջ աստիճաններով բարձրանալու համար:

Մի քանի մեծ հայտնագործություններ են արվել այս աստղադիտարանում, որը հիմնադրվել է 1946 թվականին: Հենց առաջին տարիներին Վիկտոր Համբարձումյանը եւ նրա գործընկերները հայտնաբերեցին աստղասփյուռները, ցույց տվեցին դրանց ընդարձակումը, գալակտիկաների ակտիվությունը եւ այլն: Այնուհետեւ դրանց գումարվեցին գերխիտ նյութի վարկածը, բռնկվող եւ այլ անկայուն աստղերի ուսումնասիրությունները:

Անահիտն ասում է, որ այսօր հայ աստղագետները բազմաթիվ հնարավորություններ ունեն գիտության մեջ ցանկացած նորություն շատ արագ իմանալու, սահմանափակումներ չկան նաեւ մասնագիտական ձեռքբերումների առումով:

«Աստղագիտությունը սահմաններ չունի, ես համաշխարհային գիտական համայնքից ինձ առանձնացած կամ կտրված չեմ զգում: Իմ կարիերան կախված է ինձանից, իմ ձգտումներից, ու ոչ մի սահմանափակում չկա: Կարիերայի ցանկացած փուլում հնարավորություն կա ուսումը շարունակելու այլ երկրում` ընդլայնելով գիտելիքներդ ու մտահորիզոնդ: Մենք ինտերնետի դարում շատ մեծ հնարավորություններ ունենք գիտական ցանկացած արդյունքի մասին իսկույն տեղեկանալու»,-ասում է Անահիտը:

Նա նաեւ նշում է, որ երիտասարդ մասնագետները տարին 3-4 գործուղում են ունենում արտասահման` մասնակցելու գիտաժողովների, սեմինարների, համագործակցելու օտարազգի գործընկերների հետ:

Անահիտն ասում է` քանի որ Բյուրականի աստղադիտարանն աշխարհի առաջատարներից է եղել, այդ իմաստով իրենք լուրջ պատասխանատվություն են զգում` շարունակելու Համբարձումյանի գործը եւ հետ չմնալու աստղագիտության ձեռքբերումներից, ինչպես նաեւ ոգեշնչելու երիտասարդներին` այս ոլորտ մուտք գործելու համար:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա