Բալետի միակ պարողը Ղարաբաղում

Հեղինակ՝: Քնար Բաբայան

16.05.19
Հրատարակություն: Արականություն
Յուրօրինակ սանրվածքով ու հագուկապով պրոֆեսիոնալ պարողներ Մհեր և Ռաուլ Բաբայանները Ստեփանակերտի փողոցներում քայլելիս արժանանում են տեղացի տղամարդկանց ակնապիշ հայացքներին: Վերջինները շրջվում ու երկար զննում են եղբայրների վառ հագուստն ու մազերի սանրվածքը:

Բաբայան եղբայրները զբաղվում են պրոֆեսիոնալ պարով, որն այստեղ անսովոր աշխատանք է: Ռաուլը հայկական ազգային պարերի մասնագետ է, սակայն մի քանի տարի է, այլեւս չի պարում ողնաշարի խնդրի պատճառով: Իսկ Մհերը մինչ այսօր էլ ակտիվ զբաղվում է պարով: Փաստացի, Մհերը Լեռնային Ղարաբաղի միակ պրոֆեսիոնալ բալետ պարողն է:

«Այն, որ մի քիչ այլ ոճով եմ հագնված ու բալետ եմ պարում, դեռ չի նշանակում, որ իմ աշխատանքը պակաս կարևոր է, կամ տղամարդուն հարիր չէ: Պարը նախ և առաջ սպորտ է, որը պահանջում է լավ մարզավիճակ ու կամքի մեծ ուժ, մանավանդ` բալետում», - ասում է Մհերը, որը նաև պարուսույց է աշխատում:

Վերջինիս պատմելով, ինքն ու եղբայրը սկսել են պարել 4-5 տարեկանից: Նրանք ոգեշնչվել են իրենց հայրիկից` Լեռնային Ղարաբաղի վաստակավոր արտիստ Աշոտ Բաբայանից, որը 2001-ին հիմնադրել է Ստեփանակերտի պարարվեստի քոլեջը:
Լեռնային Ղարաբաղը ո՛չ սովետական միության և ո՛չ էլ պատերազմական տարիներին բալետ չի ունեցել: 1990-ականներին մարդիկ այլ առաջնահերթություններ ունեին: Այսօր էլ Ստեփանակերտի միակ պարի պետական համույթը կատարում է ազգային, ժողովրդական, դասական, իսկ վերջերս նաև ժամանակակից պարեր:

Իրենց երազանքին հասնելու համար եղբայրները ստիպված էին տեղափոխվել Երեւան:
«Ես 13 տարեկան էի, երբ ընդունվեցի Երևանի պարարվեստի պետական քոլեջը: Բալետի բաժնում եմ սովորել, իսկ եղբայրս` ազգային պարերի բաժնում»,- ասում է Մհերը:

Պատերազմը սկսելուն պես, սակայն, եղբայրները վերադարձան Ղարաբաղ և որպես կամավոր մեկնեցին առաջնագիծ: Այդ ժամանակ Մհերը 18 տարեկան էր, իսկ Ռաուլը` 17:

1993-ին պատերազմը դեռ չէր ավարտվել, երբ առաջին անգամ Ստեփանակերտի պարի պետական համույթի կազմում Բաբայան եղբայրները մեկնեցին` Փարիզ հյուրախաղերի:

«Հայրս այն ժամանակ համույթի գեղարվեստական ղեկավարն էր: Համույթի պարողներին թույլատրեցին գնալ հյուրախաղերի: Զենքը հանձնեցինք ու մեկնեցինք Ֆրանսիա` պարելու»,-հիշում է Մհերը:
Ավելի ուշ Երևանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում մի տարի պարելուց հետո 2000-ականների սկզբին Մհերը Itzik Galili dance company-ից հրավեր ստացավ ու մեկնեց Եվրոպա`միանալու հոլանդական թատերախմբին: Հինգ տարի շարունակ հոլանդական տարբեր քաղաքների բալետի, ժամանակակից և դասական պարային խմբերի հետ պարեց եվրոպական մի շարք բեմերում:

Այնուհետեւ տեղափոխվեց Կիևի Fire Dance բալետ, որտեղ պարային շոուներ էր բեմադրում ուկրաինական ու ռուսական փոփ աստղերի համերգների համար: Իսկ 2010-ին աշխատանքի հրավեր ստացավ Կանադայից, բայց մեկնելու փոխարեն որոշեց վերադառնալ հայրենի Ստեփանակերտ:
«Հայրս շատ էր ուզում, որ իմ փորձը Ղարաբաղում ներդնեմ: Ես նշանակվեցի Ստեփանակերտի պարարվեստի քոլեջի գեղարվեստական ղեկավար եւ որոշեցի այստեղ մնալ երկու տարի»,-ասում է Մհերը: Այդ ընթացքում նա նաեւ ընտանիք կազմեց:

«Հասկացա, որ չեմ ուզում թողնել այն ամենը, ինչը ստեղծել եմ այս տարիների ընթացքում ու նորից մեկնել»,- նշում է Մհերը:
Անցյալ տարի Մհերին վերջապես հաջողվեց իրականացնել իր երազանքը եւ պարարվեստի քոլեջում ստեղծել բալետի առաջին խումբը: Նա կարողացավ նաեւ պահպանողական հասարակությունում մեծացած տղա ուսանողներին համոզել, որպեսզի վերջիններս բալետի տրիկո կրեն համերգի ժամանակ:
«Ճիշտ է, սկզբում ամաչում էին, բայց բացատրեցի, որ հանդիսատեսը նայելու է ոչ թե տրիկոյին, այլ նրանց պարին»,-հավելում է Մհերը, որն այս պահի դրությամբ «Դոն Կիխոտ» բալետի բեմադրության վրա է աշխատում: Այն կներկայցվի քոլեջի ամենամյա ավարտական համերգին:
Նախկին մշակութային լրագրող, Ստեփանակերտի «Արմատներ» կենսակենտրոնի միջոցառումների կազմակերպիչ Սարինե Հայրիյանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղում հասարակությունը պահպանողական մտածելակերպ ունի:

«Տղամարդկության ընկալումը մեր հասարակության մեջ պայմանավորվում է որոշակի չափորոշիչներով, որոնց մեջ է մտնում նաեւ մասնագիտության ընտրությունը, հագուկապը, սանրվածքը, խոսելաձևը և վարվելակերպը: Իսկ քանի որ պարողները, մասնագիտության բերումով, տարբերվում են մյուս տղամարդկանցից գրեթե ամեն ինչով, հետևաբար, հասարակությունը նրանց լուրջ չի ընդունում»,-բացատրում է Հայրիյանը` հավելելով, որ այս մասնագիտությունն մեր իրականության մեջ չի դիտարկվում որպես շահութաբեր: 
Լեռնային Ղարաբաղի մշակույթի, երիտասարդության հարցերի և տուրիզմի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ասում է, որ սովետական միության տարիներին Ստեփանակերտում բալետի թատրոն չի եղել, քանի որ բալետի թատրոններ ունեին հիմնականում մայրաքաղաքները: Եւ, այն ժամանակ, որպես ինքնավար մարզի կենտրոնական քաղաք, օպերայի կամ բալետի թատրոն ունենալու իրավունք Ստեփանակերտը չուներ: Բնակիչները բավարարվում էին մշակույթի փոքր տուն ունենալով:

«Պատերազմից հետո էլ համ ֆինանսական միջոցներն էին սուղ, համ էլ համապատասխան կադրեր չունեինք: Վերջերս, սակայն, մտածում ենք դասական պարերի զարգացման ուղղությամբ, մասնավորապես բալետի: Բացի բալետի խումբ ստեղծելուց, պլանավորում ենք նաև բալետի մանկական ստուդիա էլ ունենալ»,-ասում է նախարարն ու հավելում, որ այս պահի դրությամբ միակ խոչընդոտը ֆինանսական միջոցներն ու մասնագետների պակասն է:
Բարեբախտաբար, պատրաստակամ երիտասարդների պակաս կարծես թե չկա:

16-ամյա Սլավիկ Միքայելյանին պարարվեստի քոլեջի դասական պարի բաժին բերել է մայրը:
«Տասը տարեկան էի և շատ բան էլ չէի հասկանում: Մայրիկս ասաց` ինձ համար անակնկալ ունի եւ որ նոր դպրոց եմ գնալու: Հիշում եմ, երբ տնօրենը հարցրեց` կպարես, ամաչելով ասացի` ոչ: Ասաց, հիմա չէ, ընդհանրպես: Ծիծաղեցինք: Այդպես էլ սկսեցի պարել սովորել: Մինչև այդ երբեք պարել չէի փորձել»:
Միքայելյանն ասում է, որ մեծանալով սկսել է ավելի շատ բալետը սիրել: Սլավիկի ընկերներից շատերը չեն հասկանում նրա ընտրությունը, բայց դա չի խանգարում երիտասարդ պարողին երազել մեծ բեմերի մասին:

«Ուզում եմ աշխարհի ամենալավ բալետներում պարել ու դրա համար շատ եմ աշխատում: Երկու տարուց պետք է զորակոչվեմ բանակ: Սովորաբար ծառայության երկու տարիները բացասական են ազդում ճկունության ու վարպետության վրա»,-բացատրում է նա:

Ռաուլ Բաբայանն էլ ասում է, որ ժամանակին համույթը կարողանում էր լավագույն պարողների համար թույլտվություն ստանալ` ծառայությունից որոշ օրեր բացակայելու եւ փորձերին ու համերգներին մասնակցելու համար: Սակայն 2015-ից այդ հնարավությունն այլևս չկա, ինչն էլ ազդում է Սլավիկի նման նպատակասլաց երիտասարդների ապագայի վրա:

Ամեն դեպքում, Մհեր Բաբայանը թերևս Ղարաբաղի առաջին բալետ պարողն է, բայց կարծես` ոչ վերջինը:
Ստեփանակերտի պարարվեստի պետական քոլեջում դասական պարի դասին ուսանողները սովորում են բալետային շարժումներ անել:
Այսօր պարարվեստի քոլեջում սովորում է 56 ուսանող, որից ընդամենը 7-ն է տղա: Նրանց մեծ մասը պարտադիր զինվորական ծառայությունից հետո թողնում է պարը և այլ աշխատանք փնտրում:
16-ամյա Սլավիկ Միքայելյանը դասական բաժնի միակ ուսանողն է, ով մտադիր է մասնագիտանալ բալետի ոլորտում:
Ուսումնարանի դասական բաժնի մի քանի ուսանողների հետ Մհերն աշխատում է «Դոն Կիխոտ» բալետի բեմադրության վրա:
Մշակույթի նախարարության աջակցությամբ առաջիկայում կստեղծվի Ղարաբաղի պատմության մեջ առաջին բալետային խումբը: Մհերն ասում է, որ իրենք պատրաստ են, մնում է լուծել որոշ բյուրոկրատական հարցեր:
Լեռնային Ղարաբաղի պարի պետական համույթի համերգը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում: Մհերը նաև պարի համույթի մենակատարն է:
Լուսանկարներ` Բաբայանների անձնական արխիվից: Նկարում եղբայրներն են իրենց ծնողների հետ: Միակ գունավոր նկարն արվել է 1993թ-ին Փարիզում` Լեռնային Ղարաբաղի պարի պետական համույթի առաջին հյուրախաղի ժամանակ:
Մհերն ու Ռաուլը քննարկում են հունիսի սկզբին Ստեփանակերտում կայանալիք CONIFA 2019 ֆուտբոլային առաջնության բացման արարողությունը, որի պարային շոուն բեմադրելու են եղբայրները:
Մհերը տանը խաղում է երեխաների հետ: Կիրակին միակ օրն է, երբ նա ժամանակ է ունենում զբաղվել երեխաների հետ: « Աղջիկս դեռ չի ուզում պարով զբաղվի, իսկ տղաներիս համար դեռ շուտ է: Մեկ-երկու տարուց արդեն կբերեմ մոտս պարապելու: Արդեն նկատում եմ պարելու նրանց ներուժը»,-ասում է 4 զավակների հայրը:
ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա