Հանքերով շրջապատված կանաչ կղզին

Հեղինակ՝: Արշալույս Բարսեղյան
25.06.19
Հրատարակություն: Մեր շրջակա միջավայրը

50-ամյա Արմեն Ղազարյանին Կապանում լավ գիտեն։ Չնայած նա գրեթե չի տեսնում, բայց առողջական խնդիրը չի խանգարում ամեն օր լիարժեք աշխատել Սյունիքի մարզի 43,000 բնակիչ ունեցող այս քաղաքում։

Պարզվում է, Արմենը հեռատես էր Սյունիքի չօգտագործված ռեսուրսը էկոտուրիզմի զարգացման հիմքում տեսնելու հարցում։ 2015-ին նա հիմնադրում է «Արկ Արմենիա» բնապահպանական հասարակական կազմակերպությունը կնոջ՝ 47-ամյա Սիրանուշ Վարդանյանի հետ, որն էլ այժմ ՀԿ-ի նախագահն է։ Այս փուլից ամուսինները սկսում են ծրագրեր իրականացնել ուղղված Կապանում էկոտուրիզմի զարգացմանը։

Այստեղ խնդիրը զբոսաշրջային հոսքը չէ. Հայաստանի հարավում ընկած մարզը հայտնի է իր լեռներով։ Տուրիստներին հետաքրքրում է նաև Տաթևի միջնադարյան վանական համալիրը, որին հասնելու տարբերակներից մեկը աշխարհում ամենաերկար՝ 5,7կմ երկարությամբ ճոպանուղին է։ Սակայն, Սյունիքը Հայաստանի հանքարդյունաբերական կենտրոնն է, որի հասցրած բնապահպանական վնասների և մեծածավալ աղտոտման մասին բարձրաձայնում են որոշ էկոլոգներ։ Մյուս կողմից էլ հանքարդյունաբերությունն է, որ գումար ու աշխատատեղ է ապահովում այստեղ։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ Կապանից ոչ հեռու գտնվող Քաջարան քաղաքում գործող երկու ընկերություններ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը և «Արմենիան մայնինգ քոնթրաքթոր» ՍՊԸ-ն 2019 թվի առաջին եռամսյակում Հայաստանի 20 առաջին խոշոր հարկատուների ցանկում են։

Վերջին ուսումնասիրություններն էլ հավաստում են, որ Սյունիքում հնարավոր է դժվարություններ լինեն հանքարդյունաբերության կողքին էկոտուրիզմի զարգացման համար։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2018-ին հրապարակած ստուգումների արդյունքները վկայում են, որ ԶՊՄԿ-ից տեղի է ունեցել կեղտաջրերի արտահոսք, իսկ Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի հետազոտությունն էլ փաստում է, որ կեղտաջրերի պարբերական արտահոսքի պատճառով աղտոտվում են ջրային ռեսուրսները, գետերը և գյուղատնտեսական հողերը։ Սրան զուգահեռ հարևան Վայոց ձորի մարզում դեռևս շարունակվում է Ամուլսարում ոսկու հանքի շահագործման հետ կապված թեժ պայքարը ցուցարարների և «Լիդիան Ինթերնեյշնլ» հանքարդյունաբերական ընկերության միջև։ Եթե մի կողմը պնդում է, որ այն իր բացասական ազդեցությունը կարող է ունենալ մոտակայքում գտնվող  հանքային ջրերով հայտնի առողջարանային Ջերմուկ քաղաքի վրա, ապա մյուս կողմը հավաստում է, որ հանքը նման վտանգ չի ստեղծում։

Բնապահպանները էկոտուրիզմը նաև շքեղ հյուրանոցների և թանկարժեք տուր փաթեթների այլընտրանքն են համարում։ Էկոակտիվիստ 34-ամյա Աննա Շահնազարյանը Շվեդիայի Լունդի համալսարանում իր մագիստրոսական թեզը գրել է Սյունիքում էկոտուրիզմի զարգացման մասին։ Բացատրում է, որ զբոսաշրջության այս տեսակը նպատակ ունի գտնել բիզնես մոդել, որը կօգնի պահպանել բնությունը։ Ասում է, ի տարբերություն ավանդական տուրիզմի, այն ավելի փոքր մասշտաբներով է իրականացվում և ձգտում է ներգրավել տեղացիներին։

«Սյունիքում գործ ունենք իրավիճակի հետ, երբ արդեն ավերված տարածքներ ու էկոհամակարգեր կան, բայց կան նաև տարածքներ, որոնց դեռ ձեռք չեն տվել», - ասում է Աննան մեզ հետ հեռխոսազրույցի ընթացքում․ - «Իմ հետազոտությունը ցույց է տալիս, որ էկոտուրիզմ զարգացնելու համար մենք ունենք միայն մեկ մրցունակ առավելություն, դա բուն ռեսուրսն է՝ բնությունը։ Բայց միայն սա բավարար չէ։ Մենք նաև պետք է ունենանք էկոտուրիզմի քաղաքականություն, որն իրենից ենթադրում է լոկալ ենթակառուցվածքների զարգացում և քաղաքական կամք՝ շատ խիստ ստանդարտներ կիրառելու համար», - բացատրում է նա։

Կոմերցիոն շատ այլ տուր օպերատորների նման Արմենի առաջին քայլն էլ հյուրերին Կապանով հրապուրելն էր։ Ասում է այս գործը ավելի հեշտ է ասել, քան՝ անել։ Պատճառն այն է, որ շատերը քաղաքն ասոցացնում են հանքարդյունաբերության հետ, տեղյակ չեն, որ շրջակայքում կան պահպանված մաքուր տարածքներ։

Տեղացիներից շատերի նման ինքն էլ սկզբում կասկածում էր քաղաքի տուրիստական ներուժի մասով, բայց Սոչիում չորս տարի ապրելուց հետո երբ ամուսինները վերադարձան, իմացան մի տենդենցի մասին, որն էլ ամբողջապես փոխեց իրենց մոտեցումը։

«Տուրիստների մեծ մասը գալիս է մինչև Տաթև, բայց կա մի մեծ խումբ, որը շարունակում է ճամփորդությունը մետաքսի ճանապարհով դեպի հարավ՝ Իրան։ Իրենք սովորաբար փոքր բյուջե ունեն ու մեծամասնությունն էլ ուզում է կամավորություն անել», - ավելացնում է Սիրանուշը, որը ծագումով Գյումրիից է։

Այժմ այս ճամփորդներից որոշներին կարելի է հանդիպել «Արկ Արմենիա» ճամբարում, որտեղ Կապանի կետրոնից ոտքով կես ժամում կհասնես։

Ամուսինները 2015-ին են հիմնել ճամբարը։ Կառուցելու հարցում նրանց օգնել են օտարազգի կամավորները, իսկ ֆինանսական հարցը լուծելու համար դրամահավաք են կազմակերպել, նաև օգտագործել իրենց անձնական խնայողությունները։ Ի դեպ, ճամբարում օգտագործված նյութերը վերամշակված են․ փայտը որպես վառելանյութ տրամադրել է տեղական հանքարդյունաբերող ընկերությունը։

Բացի ճամփորդներին ու կամավորներին հյուրընկալելուց, այս թերապիայի այգում է Արմենն անցկացնում մերսման կուրսը՝ «Երջանկության մեխանիկա»-ն, որը հիմնված իր մշակած մեթոդի վրա։

Որպես Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտ՝ Արմենն իր կարիերան պատկերացնում էր տնտեսագիտության ոլորտում։ Սակայն, աստիճանաբար վատացող տեսողությունը և փոփոխվող աշխարհայացքը մղում են նրան որդեգրել նոր կենսակերպ։
Մարդիկ տնակները տարբեր կերպ են ընկալում․ որոշների համար այն երկհարկանի դագաղ է, ուրիշների համար էլ` թռչնի սիրունիկ բույն, իսկ Արմենի նման մարդկանց համար այն բնությանը առավել մոտ լինելու տարբերակ է։
«Արկ բրիջ» արահետի աջ կողմում երևացող կարմիր նշանը ցույց է տալիս, թե որ ուղղությամբ պետք չէ գնալ։

Ոգևորվելով էկո ճամբարի հաջողությամբ՝ Արմենն ու Սիրանուշը սկսել են իրենց երկրորդ ծրագիրը՝ «Արկ բրիջը»․ այն 93կմ երկարությամբ քայլարշավային արահետ է, որը կիսով չափ հարմար է նաև հեծանվով անցնելու համար։

«Խնդիրն այն է, որ շատ տուրիստներ գալիս են Տաթև ու չկա ենթակառուցվածք, որ կարողանան հասնել մեր ամենագեղեցիկ տեղերը։ Շատ արագ նման ծրագիր ստեղծվեց մտքումս․ Տաթևը՝ որպես տուրիստական ամենահայտնի տեղ միացնել Կապանի սիմվոլի՝ Խուստուփի հետ», - պատմում է Արմենը։

Նա անձամբ է անցել մի քանի արահետներով, մինչև որ վերջնական քարտեզագրումն է արել։ Սա ամենակարճը ճանապարհը չէ, բայց ընտրվել է ապահովության, գեղեցիկ բնապատկերների ու տեսարժան վայրերի համար։ Էկո ճամբարներն էլ ճանապարհի որոշ հատվածներում են։ Արահետը կապում է տուրիստներին տեղացիների հետ, ինչը կարևոր է ցանկացած էկոտուրիզմի ծրագրի համար։ Նրանք ունեն փոքր հյուրատներ, վաճառում են տեղական բնամթերքը, նաև հնարավորություն են տալիս զբոսաշրջիկներին օգնել իրենց  գյուղական աշխատանքներում։

Այժմ «Արկ Արմենիա» էկո ճամբարում ապրող օտարերկրացի կամավորները օգնում են ամբողջությամբ նշագրել քայլարշավային արահետը ու մաքրել այն աղբից։ Նրանցից մեկը 28-ամյա ավստրիացի Ֆլորիան Էղբշվենդներն է, որն Հայաստանում է ընկերուհու՝ 30-ամյա Իզաբել Ուոլթլի հետ։ Նրանք որոշել են Կապանում կամավորություն անել մատչելիության, Իզաբելի՝ սարերի հանդեպ ունենցած մեծ սիրո ու իրենց ընդհանուր ձգտման` բնապահպանական ակտիվիզմի համար։

«Մենք վերցնում ենք ներկերն ու վրձինները ու գնում անտառ` պայքարելու հանքարդյունաբերության դեմ գույներով ու սիրով։ Այստեղ բացի հանքերից գրեթե ոչ մի ուրիշ արդյունաբերություն չկա։ Սա կարծես մի դատարկ էջ լինի, որի վրա կարող ես մի լրիվ նոր բան ստեղծել», - ասում է Ֆլորիանը։

Ավստրիացի կամավորը վստահ է, որ այլևս կարիք չկա պայքարելու հանքարդյունաբերության դեմ․ - «Ուղղակի օգտագործիր քո էներգիան այս նոր տնտեսությունը ստեղծելու համար, ու հանքարդյունաբերությունը ինքն իրեն կվերանա»։

2015-ից Արմենն ու Սիրանուշը ընդունել են 120 կամավոր 35 երկրից։ Արմենն ասում է․ «Երբ երիտասարդ էի, ուզում էի ամբողջ աշխարհով ճամփորդել, իսկ հիմա ամբողջ աշխարհն է ինձ մոտ գալիս»։
Ամուսինները ցանկանում են փոխանցել իրենց ունեցած ալերգիան մեգապոլիսների նկատմամբ, որից եկող սպառողականությունը նրանք համարում են բնապահպանական խնդիրների հիմնական պատճառներից։
Ֆրանսիացի Ռոքսան Լեվալուան այստեղ աշխատող կամավորներից է, օգնում է քայլարշավային արահետը մաքրել աղբից։
Այս աղբը կամավորները հավաքել են 3 օրվա ընթացքում միայն մեկ վայրից։
Իզաբել Ուոլթլը նկարում է հաջորդ նշանը։ Դեռ նշանագրելու շատ գործ կա։

Արահետի նշագրումը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում է իրականացվում։ Սյունիքի մարզպետարանում դրական են վերաբերվում էկոտուրիզմի զարգացման այս նախաձեռնությանը։

Սյունիքի մարզպետարանի Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում ասաց, որ սա նշանակալի ներդրում է մարզում տուրիզմի զարգացման համար։ Մարտիրոսյանն ընդունում է, որ հնարավոր է հանքարդյունաբերությունը խանգարի տուրիզմին, բայց իրենք ունեն այլ երկրների օրինակներ, որոնք հաջողել են զարգացնել տուրիզմն ու հանքարդյունաբերությունը կողք կողքի։ Սակայն նա չմանրամասնեց, թե որ երկրների մասին է խոսքը։

«Եթե նայենք վերջին մի քանի տարիներին՝ մեզ մոտ նոր հանքավայրեր չեն բացվել, նոր տարածքներ չեն հատկացվել հանքագործական արդյունաբերության զարգացման համար։ Մարզի զարգացման ռազմավարության մեջ հստակ ամրագրված է, որ Սյունիքը ցանկանում է զարգացնել ոչ լեռնահանքային արդյունաբերությունը և այն ճյուղերը, որոնք լեռնահանքային արդյունաբերությունից ուղղակի կախում չուեն», - ավելացնում է նա։

Չնայած սրան, մարզում հանքարդյունաբերության համար տրամդրվող նոր տարածքների որոշումը ոչ հեռու անցյալում է կայացվել․ 2015 թվին ՀՀ կառավորությունը բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչեց 5 գյուղերի ընդհանուր 4.92ք/կմ տարածքի վրա Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի ընդլայնման համար։

«Մենք հասկանում ենք, որ այս պահին հնարավոր չի փակել հանքերը, բայց գոնե դրանք չընդլայնվեն ու չկեղտոտեն այն վայրերը, որոնք մաքուր են», - ասում է Արմենը, որի ներդրումը մարզի էկոլոգիական խնդիրների հարցում միայն էկոտուրիզմով չի ավարտվում։

2017-ին նա կնոջ՝ Սիրանուշի ու իրենց ընկերների հետ Կապանի կայուն զարգացման 25 տարվա ռազմավարությունն են մշակել։ Նրանց առաջարկներից մեկը էկոլոգիական հարկերի սահմանումն է, որը պետք է վճարեն հանքարդյունաբերողներն ու գործարանները՝ բնությանը հասցրած վնասի դիմաց։ Այդ գումարը պետք է օգտագործվի տեղացիների համար ավելի ապահով աշխատանքային պայմաններով այլընտրանքային աշխատատեղեր ստեղծելու համար։ Ծրագիրը ներկայացրել են Կապանի քաղաքապետարանին և Սյունիքի մարզպետարանին։ Իրենց որոշ առաջարկներ տեղ են գտել 2018-ին ընդուված Կապանի 2019-2023 զարգացման ծրագրում։

Չնայած այս հաջողություններին՝ Արմենն ու Սիրանուշը Կապանում դեռ քիչ աջակիցներ ունեն։ Արմենը սա պայմանավորում է քաղաքի՝ մեկ դարից ավել ձգվող ինդուստրիալ զարգացմամբ։ Այն իր ազդեցությունն է ունեցել տեղացիների նոր բան փորձելու և  հանքերում աշխատելու իրենց առօրյան փոխելու ցանկության վրա։ Նոր բիզնեսի ռիսկերն ու գիտելիքների պական էլ այս հարցում թողնում են իրենց ազդեցույթունը։ Բայց ամուսինները չեն հուսալքվում, նվիրված են էկոտուրիզմը հանքարդյունաբերության այլընտրանքը դարձնելու նպատակին։ Համոզված են, որ ժամանակի ընթացքում իրենց աջակիցների թիվը կավելանա։

«Տուրիստները մեզ գտնում են պատահական կամ կամավորական ցանցի միջոցով։ Բայց այն ինչ կա, դեռ բավական չէ մեզ բիզնես կոչելու համար։ Պլանավորում ենք 2020-ից ունենալ ամբողջական ենաթակառուցվածքը ու դրանից հետո միայն կարող ենք անցնել տուրիզմի ոլորտ՝ որպես սոցիալական բիզնես», - ամփոփում է Սիրանուշը։

Սիրանուշը 14 տարի անգլերեն էր դասավանդում Գյումրու պետական մանկավարժական քոլեջում, երբ 2008-ին հադիպում է Արմենին։ Հաջորդ տարի նրանք միասին տեղափոխվում են Սոչի։
Ամուսինները նպատակ ունեին այգում ստեղծել բացօթյա ֆիթնես ակումբ, որտեղ Արմենը կարող էր անցկացնել իր մշակած թերապիան՝ «Երջանկության մեխանիկան»։
ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա