Գյումրու շինարարական աղբի ոդիսականը

Հեղինակ՝:
25.06.19
Հրատարակություն: Մեր շրջակա միջավայրը

65 ամյա Լալա Ստեփանյանը 25 տարի է բնակվում է ժամանակավոր կացարանում:

«Ես և ամուսինս տեղափոխվեցինք այս տնակ: Ամուսինս ասաց ժամանակավոր է տնակում բնակվելը, շուտով մեր տունը կունենանք: Այդպես էլ մինչ օրս «ժամանակավոր» ապրում ենք այս «ժամանակավոր» տնակում: Երբ հարևան տնակները ապամոնտաժում են, վերցնում ենք մեզ պիտանի նյութերն ու ամրացնում տնակը, բայց այսօր արդեն գնալով պակասում է տնակների քանակը, հետեւաբար նաեւ մեր «շինանյութի» աղբյուրը»,-ասում է Ստեփանյանը` հավելելով, որ իրենց տունը հիմնականում կառուցված է շինարարական աղբից:

Ստեփանյանը 1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով անօթևան դարձած տասնյակ հազարավոր անձանցից մեկն է: Աղետի զոհ դարձավ ավելի քան 25 հազար մարդ, իսկ ավերվեց եւ բնակության համար անպիտան դարձավ 20,612 բնակարան:

Բնական աղետների պատճառով, ինչպիսին էր Գյումրիում տեղի ունեցած երկրաշարժը, մեծ թվով աղբ է կուտակվում, որն էլ իր հերթին բացասական է ազդում բնակիչների առողջության և շրջակա միջավայրի վրա: Բնական աղետներից հետո շինարարական աղբից կառուցված տնակներն աճում են սնկի պես՝ իրականում վերածվելով մշտական կացարանների:

Իսկ, երբ տնակում բնակվողը բնակարան է ստանում և ապամոնտաժում այն, այդ նույն տնակից հարեւանը կամ որեւէ մեկը նոր կացարան է հավաքում և որպես շինանյութ օգտագործում շինարարական աղբից զտված ցածրորակ շինանյութը:

Գյումրու քաղաքապետարանի ներկայացրած տվյալների համաձայն՝ այսօր Գյումրիում կա 2800 տնակ, որից քանդման ենթակա է 183 տնակը: Այսինքն այս պահի դրությամբ այդ թվին համապատասխան ընտանիք ստացել է բնակարան, իսկ նոր բնակարանը սեփականաշնորհելու պարտադիր պայման է տնակի ապամոնտաժումը:

«Բնակիչները, ովքեր մշտական բնակարան են ստանում, պարտավոր են տնակն ապամոնտաժել եւ տարածքը մաքրել»,- բացատրում է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը` հավելելով, որ քաղաքային աղբավայրում շինարարական թափոնների համար հատուկ տարածք է հատկացված:

Այս գործընթացը, սակայն, միշտ չէ, որ պատշաճ կերպով է կատարվում: Բնապահպանները պնդում են, որ թեպետ քաղաքապետարանի ու ՀԿ-ների կողմից ժամանակ առ ժամանակ իրականացվում են տարածքների մաքրման տարբեր ծրագրեր, սակայն այս ոլորտում կան մի շարք բացեր, ինչի պատճառով էլ տեղի են ունենում թերացումները:

Լալա Ստեփանյանը ժամանակավոր տան բակում, որն ամբողջովին կառուցված է քաղաքաշինական աղբից՝ փայտից, քարից և ապակուց:
Ստեփանյանների տնակը` ներսից: Հյուրասենյակն է:
Գյումրիում գտնվող 2800 ժամանակավոր կացարաններից մեկն է: 1988-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո մեծ թվով մարդիկ հայտնվեցին անօթևանի կարգավիճակում:
Գյումրի քաղաքի միակ աղբավայրն է: Քաղաքապետարանից հավաստիացնում են, որ շինարարական թափոնների համար հատուկ բաժին է հատկացված, իսկ բնապահպանները պնդում են, որ այն միայն կենցաղային աղբի համար է:

«Գյումրիում մենք չունենք որևէ աղբավայր, որը ստեղծված է շինարարական աղբի համար: Երբ ասվում է, որ բնակիչը պարտավոր է տնակը ապամոնտաժել, դա ճիշտ է, ընթացակարագն է այդպիսին, սակայն այն ոչ միշտ է պահպանվում»,-նշում է 45-ամյա բնապահպան Գևորգ Պետրոսյանը, ով արդեն 15 տարի է զբաղվում է շրջակա միջավայրի պաշտպանությամբ:

Պետրոսյանը հավելում է, որ որպես կանոն, տնակի սեփականատերը ապամոնտաժում է տնակը, պատերն ու տանիքը հեռացնում է տարածքից, սակայն չի կարող ամբողջովին մաքրել վնասակար նյութերը:

Տնակների կառուցման հիմքում լայնորեն կիրառվում է ասբեստն ու ապակե բամբակը: Ասբեստը սիլիկատների դասի նուրբ թելային հանքանյութերի հավաքական անունն է։ Բնության մեջ հանդիպում է արտակարգ բարակ նրբաթելերի տեսքով, որի ամրության շնորհիվ էլ այն դարձել է նախընտրելի մեկուսացնող նյութ: Ապակե բամբակը արհեստական նյութ է, որը պատրաստվում է հալեցված ապակուց, քարից կամ արտադրական թափոններից: Երկուսն էլ խիստ երկարակյաց են և կարող են ազդել մարդու առողջության վրա: Ասբեստը հայտնի է որպես քաղցկեղածին նյութ:

Այսօր աղբահանության խնդիրը լուրջ հարց է ամբողջ աշխարհում, Հայաստանն էլ բացառություն չէ:

«Հայաստանի ներկա օրենսդրությունը սահմանում է, որ քաղաքաշինական աղբը նախ պետք է զտվի, այսինքն տեղում պետք է որոշվի, թե քանդվածից ինչը կարող է պիտանի լինել օգտագործման համար: Հետո ոչ պետքական նյութերը պետք է տեղափոխվեն աղբավայր»,-ասում է շրջանաձև տնտեսության փորձագետ 39-ամյա Հարություն Ալպետյանը և հավելում, որ  այսօր տարիների ընթացքում կուտակված խնդիրներ կան, որի լուծմամբ զբաղվում է կառավարությունը:

2019 թվականի մայիսին կառավարությունը հայտարարեց, որ թափոնների վերամշակման աշխատանքները համակարգող ժամանակավոր աշխատանքային խումբ է ստեղծվել:

Ծրագրի շրջանակներում կուսումնասիրվեն կենցաղային կոշտ թափոնների, շինարարական, արդյունաբերական, էլեկտրական և էլեկտրոնային, գյուղատնտեսական ու այգեգործական, բժշկական, ավտոմոբիլային թափոնների քանակը և բաղադրությունը: Ուսումնասիրության ընթացքում թափոնների որոշ տեսակների համա կարվի նաեւ էներգետիկ արժեքի գնահատում:

Հետազոտության արդյունքները կնպաստեն Հայաստանի Կառավարության կողմից շրջանաձև տնտեսության սկզբունքների վրա հիմնված թափոնների կառավարման համապարփակ քաղաքականության վերամշակմանն ու իրականացմանը: Ծրագրի նպատակն է տեղեկատվություն ստանալ թափոնների հավաքման, վերամշակման և էներգիայի օգտագործման ոլորտներում ներդրումների վերաբերյալ որոշումներ կայացնելու համար:

Արդեն մի քանի տարի է` Գյումրու անօթևանների բնակարանային խնդրի լուծմամբ է զբաղվում «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Կենտրոնի ղեկավարը Վահան Թումասյանն է: Մոտ 10 անձից բաղկացած թիմը, որի մեծ մասը կազմում են կամավորները, նաև ապամոնտաժում են բնակարան ստացած ընտանիքների տնակները: 2007 թվականից մինչ օրս կազմակերպության շնորհիվ մոտ 160 ընտանիք է բնակարան ստացել:

Վահան Թումասյանը կանգնած է ընդամենը մի քանի ամիս առաջ «Շիրակ կենտրոնի» կողմից ապամոնտաժված տնակի տարածքում: Տեղում, սակայն, դեռ առկա է շինարարական աղբը՝ ապակե բամբակը, ինչը կարող է վնասել տարածքում խաղացող երեխաներին:
22-ամյա Արշակ Թումասյանն ամրացնում է վերամշակված փայտերը: «Շիրակ կենտրոնը» զարգացման կենտրոն է կառուցում սոցիալապես անապահով երեխաների համար:
«Շիրակ կենտրոնի» հյուրատունն է: Այն ևս մասամբ կառուցված է շինարարական աղբի վերամշակումից ստացված նյութերից:
Շինարարական աղբից զտման միջոցով ստացված վառելափայտով լեցուն պարկերն են՝ նախատեսված սոցիալապես անապահովների համար: Կենտրոնը աղբի զտմամբ զբաղվում է 2019 թվականից:

«Առաջին հայացքից թվում է բարդ գործ չկա, նաև սիրով ենք անում, մեր քաղաքն ենք մաքրում աղբից, սակայն առանց համապատասխան հագուստի և տեխնիկայի, իրականում խիստ բարդ է տնակի ապամոնտաժումը»,-բացատրում է կազմակերպության 54-ամյա հիմնադիրը,-«Մենք կամավոր ենք ունեցել արտերկրից, ով մեծ սիրով մեզ միացավ տնակներից մեկի ապամոնտաժման ժամանակ: Մենք նրան փորձեցինք բացատրել, որ գոնե բաց ձեռքերով չկպնի ապակե բամբակ կոչվող դեղին նյութին: Չլսեց: Հետո 4 օր միայն մարմնի ծակծկոցի դեմ էր պայքարում»:

Թումասյանը հիշում է, որ դեռ տարիներ առաջ տնակների ապամոնտաժման ժամանակ հաճախ են բախվել խնդրին, թե ինչ անեն կուտակված աղբի հետ: 2015 թվականին նման մտորումներից մեկի ժամանակ էլ որոշել է, որ ժամանակն է անցում կատարել աշխարհում ընդունված աղբի վերամշակման պրակտիկային:

«Տնակը ապամոնտաժելուց հետո աղբը զտում ենք: Նախ ընտրում ենք դեռ պիտանի նյութերը, որոնք վերամշակվում ու դառնում են շինարարական բոլորովին նոր և պիտանի նյութեր, ապա առանձնացնում ենք վառելիքի տեղ ծառայող աղբը: Քաղաքում մենք ունենք մեծ թվով անապահովներ և հենց նրանց էլ տրամադրում ենք այդ վառելիքը, իսկ մնացած արդեն ոչ պիտանի նյութերը տեղափոխում ենք քաղաքային աղբավայր»,-ասում է Թումասյանը:

Վերամշակված շինարարական աղբի օգնությամբ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն այսօր ձեռնամուխ է եղել ուսումնական արհեստանոցի կառուցմանը: 2 հարկից բաղկացած կենտրոնը նախատեսված է Գյումրու անապահով երեխաների համար:

Թումասյանի համար տնակների ապամոնտաժումը հատուկ իմաստ ունի:

«Մենք փնտրում ենք բարերարներ, նրանց շնորհիվ տներ ենք նվիրում և շտապում ենք հագնել շինարարական ձեռնոցներ, քանի որ յուրաքանչյուր քանդվող տնակ նոր սկսված կյանքի մասին է պատմում: Մենք չենք դժգոհում մեր աշխատանքից, մենք պատրաստ ենք մերկ ձեռքերով պայքարել այս շինարարակն աղբի դեմ, միայն թե քաղաքը ազատվի տնակային ավաններից»,-ամփոփում է նա:

 
ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա