Փնտրելով ապահով տեղ՝ խաղալու համար

Հեղինակ՝: Անահիտ Հարությունյան
26.11.19
Հրատարակություն: Վախ
Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում երեխաները դեռ խաղում են 1988-ի երկրաշարժի հետևանքով քանդված շենքերի ավերակների մեջ: Թուրքական սահմանի մոտ գտնվող, շուրջ 120 000 բնակիչ ունեցող քաղաք Գյումրին կամաց-կամաց վերակառուցվում է: Ծնողները սակայն ասում են, որ այգիներն ու խաղահրապարակները հիմնականում մնում են անտեսված:

Նրանք քիչ հնարավորություններ ունեն: Կամ երեխաներին թողնում են խաղալ փողոցում՝ ջարդոնների ու աղբի մեջ, կամ պահում ներսում, որտեղ երեխաներն առցանց համակարգչային խաղեր են խաղում: 

Մասնագետները զգուշացնում են՝ երկու դեպքում էլ երեխաները տուժում են: 

«Առողջ մանկություն ունենալու համար Գյումրին չունի պայմաններ, ցեխի, փոշու մեջ են երեխաները խաղում»,- ասում է «Ալվան ծաղիկ» սոցիալ-կրթական կենտրոնի տնօրեն Լիլիթ Գյունաշյանը:
Գյումրիի Արագած թաղամասում են քաղաքի ամենաբարձր շենքերը: Շատ բնակիչներ դեռ հիշում են 1988 թվականի երկրաշարժի սարսափը: Շենքերի ավերակները նույնպես անընդհատ հիշեցում են աղետի մասին: Շինարարական թափոնների ու աղբի պատճառով երեխաները դժվարանում են խաղահրապարակում անվտանգ տեղ գտնել:
Երկրաշարժից ծանր հարվածներ ստացած Արագած թաղամասի երեխաները խաղում են ինը հարկանի շենքի փլատակների մեջ: Տեղի բնակիչների խոսքով բակում ցեխի, առնետների ու փլատակների պատճառով երեխաները դժվարանում են խաղալու համար անվտանգ տեղ գտնել: 

11-ամյա Ստյոպան, ով ապրում է հարևանությամբ, ասում է, որ երեխաները հաճախ խաղում են ավերակների մեջ: Նա հիշում է, թե ինչպես մի օր մի երեխա ընկավ և ճակատը վնասեց: 

Թաղամասն ինքնին կարծես երկրաշարժին հաջորդող օրերը պատկերի: Բազմաբնակարան շենքը ստվերում է փոքրիկ տնակները: Մի քանի քայլի վրա 30-ամյա շինհրապարակ է՝ լցված աղբով և մետաղալարերով: 

Երեխաները գիտեն՝ ինչ հնարք օգտագործել ցեխի ու կեղտի միջով անցնելու և երկաթյա մահճակալից պատրաստված ճոճանակին հասնելու համար:
Երեխաները հին ցատկահարթակը ճոճանակի են վերածել:
Ամենաակտիվն ու համարձակը 6-րդ դասարանցի Թաթուլն է, ով յոթ տարի է ապրում է այս տարածքում: Նա այստեղ է տեղափոխվել գյուղից, որտեղ սակայն կարողանում էր ազատ խաղալ: Թաթուլը հիշում է, որ Գյումրիում ստիպված է եղել հեծանիվը քշել շենքի ճեմասրահում, քանի որ դրսի ճանապարհը վատ վիճակում էր: Երկու ամիս առաջ ծնվել է տղայի եղբայրը: Հիմա նա անհանգստանում է, որ երեխան նույնպես խաղալու ապահով տեղ չի ունենա:

«Գյուղը ավելի հանգիստ է, ազատ ես, հետո ցեխոտ չէ, մաքուր է: Ինչղ ըսեմ, էսպես զիբիլոտ չէ, ջարդած քարեր չկան, մաքուր է»,- ասում է Թաթուլը: Նրա խոսքով այնտեղ բակում շինարարական աղբ չկար, ուստի հեծանիվ քշելն ավելի հեշտ էր:

«Գուզեի, օր սաղ քարերից մաքրեի, դարուփոսերը ուղղեի: Ըդոր համար գուզեմ, օր ախպորս համար սիրուն կարուսելներ սարքեմ, նոռմալ ֆուտբոլի դաշտ էղներ, էրեխեն խաղար»:

Թաթուլը նշում է, որ տեղի բնակիչները նույնպես պետք է ավելին անեն տարածքը մաքուր պահելու համար. տեսել է, որ մեծահասակները փողոցում աղբ են նետում:

Մի քանի քայլ հեռավորության վրա Թաթուլի հասակակից Աիդան ընկերոջ՝ Աշոտի հետ ընկույզ է կոտրում: Նա ասում է, որ չնայած իրական բակի բացակայությանը երեխաները շատ խաղեր են հորինում: Աիդան սակայն համաձայն է Թաթուլի հետ՝ աղբն իրական խնդիր է:

«Ես զիբիլը շատ կխանգարե, էստեղ կռիսներով է շրջապատված, որ էս զիբիլները մաքրեն, մենք կկռնանանք հանգիստ ապրի ու խաղանք ստեղ: Կռիսներ շատ կան, շենքի հետևը»



Այս դաշտը շատ փոքր է ֆուտբոլ խաղալու համար: Եթե գնդակը շատ ավելի հեռու գնա, այն կմնա երկաթների կույտի մեջ:
Չնայած ֆուտբոլային պատշաճ դաշտի կամ այգու բացակայությանը, երեխաները խաղալու ուղիներ գտնում են
Գյումրիում երեխաները բավարարվում են նրանով, ինչ ունեն. ֆուտբոլ են խաղում բաց դաշտում, կամ լքված կահույքը վերածում ճոճանակի:
Մի տարեց բնակիչ նշում է, որ տեղացիները փորձել են մաքրել աղբը, բայց շինարարական թափոնները տեղափոխման համար չափազանց մեծ և ծանր են: Բադալ պապը, ով երկու թոռ ունի, ասում է՝ քաղաքական գործիչները ամեն ընտրության խոստանում են ճոճանակներ կառուցել երեխաների համար: Ասում է ստիպված փորձում են պահպանել խաղային սարքերը, որոնք կառուցվել են յոթ տարի առաջ:

«Մեր էրեխեքը չե՞ք տեսնի ինչ զիբիլի մեջ կխաղան, խաղի տեղ չկա: Մենակ դպրոցմ կերթան կզբաղվին, էն էլ մինչև կէրթան դպրոց մինչև ականջները ցեխի մեջ են, է՜հ , ինչքան ասենք, էնքան են եկել ու գնացել»,- ասում է տեղի բնակիչներից Գայանեն:

Գյումրու երիտասարդ բնակչուհի Ասյան չի կարծում, թե իր մանկությունը վատ է անցնում. Նա նշում է, որ շատ երեխաներ կան ում հետ կարող է խաղալ և ասում է, որ շուտով տան մոտ շինարարական թափոնները մաքրվելու են, և հանգստի համար այգի են ունենալու:
Քաղաքն ունի զվարճանքների այգի, որտեղ երեխաների մի քանի սերունդ է խաղացել: Եվ չնայած երեխաները ցանկանում են այստեղ գալ, ծնողները վախենում են թույլ տալ: Առաջին հերթին ատրակցիոնները հին են: Բացի այդ տեղի բնակիչները վախենում են, որ կառավարման մարմինները բավարար աշխատանք չեն տանում անվտանգության բոլոր չափանիշներն ապահովելու համար: 

Լաուրա Պաոյանն իր թոռնուհուն զվարճանքների այգի բերում է, սակայն թույլ է տալիս միայն մեկ կարուսելից օգտվել: Պապոյանը նշում է՝ որոշ կարուսելներ այնքան վատ տեսք ունեն, որ պարզ է դառնում, դրանք անվտանգ չեն:

«Իմ ուսանող վախտվա կառուսելներն են ու մինչև հմի կօգտագործվի: Հաճելի կէղնի որ քիչմ վերանորոգեն»,-ասում է նա՝ լուսանկարելով թոռնուհուն, ով կարուսելի վրա նստած միակ երեխան է:
Սա Գյումրիի ամենաբարձր և ամենասարսափելի կարուսելն է: Դա մասամբ վախ է ներշնչում բարձրության պատճառով, իսկ մասամբ էլ այն պատճառով, որ այն հաճախ կանգնում է և երեխաները ստիպված են լինում վերևում սպասել, մինչև այգու սպասարկող անձնակազմը կարողանա նորից գործարկել այն:
Փոքրիկ Լիլիթն այսօր առագաստանավով միակ ուղևորն է: Նա ասում է, որ ավելի երջանիկ կլիներ, եթե այլ երեխաներ լինեին, որոնց հետ կկարողանար քշել այն:
Զվարճանքի այգու առաջին իսկ օրերին ՝ Խորհրդային Միության ժամանակ, ամենատարածված ավտոմեքենաների մոդելներն էին Moskvich- ը և Pobeda- ն: Այսօր երեխաները ձևացնում են, որ BMW- ն և Mercedes Benz են վարում
Զվարճանքների այգու աշխատողները հիշում են, երբ ատրակցիոնները լի էին երջանիկ երեխաներով:
Ինչպես հավաստում է «Ալվան ծաղիկ» սոցիալ-կրթական կենտրոնի տնօրեն Լիլիթ Գյունաշյանը, ծնողները հաճախ իրեն դիմում են՝ օգնություն խնդրելով խորհուրդ տալ երեխաների խաղի համար անվտանգ տեղ գտնել: Զվարճանքների այգին այդ ցուցակում չէ: 

«Որպես ծնող վախենում եմ ու խուսափում եմ մեր կարուսելներից: Մենք անվտանգ  մանկություն չենք տալիս մեր երեխաներին»,- ասում է «Կոնտակտ պլյուս» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար ու վերականգնողաբան բժիշկ Հասմիկ Պետրոսյանը: 

Խնդրի մասին տեղյակ է Գյումրու քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Վարդգես Սամսոնյանը: «Հաջորդ տարի մենք նախատեսում ենք վերանորոգել փողոցները, մասամբ մաքրել աղբը, կառուցվելու են նաև նոր խաղահրապարակներ: Մենք բարեկարգում ենք բակերը ՝ ելնելով բնակիչների պահանջներից: Սակայն անհրաժեշտ է, որ բնակիչները ևս հոգ տանեն այդ մասին»,- ասում է նա: Բայց նա նաև իր մտահոգություններն ունի: Սամսոնյանը հիշում է, որ երբ փոքր էր իրենք խաղահրապարակ չունեին, խաղալիքներ նույնպես. «Բայց մենք շատ կխաղայինք, թաղերից մեկում բասկետբոլի դաշտ ենք կառուցել, գնում նայում եմ, խաղցող չկա»:

Գյումրի քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Շողիկ Ալեքսանյանն էլ հավաստում է, որ երեխաների համար միջոցառումներ են փորձում կազմակերպել, տարբեր թաղամասերում յոթ նոր խաղահրապարակ է կառուցվում:
Ընտրարշավների ընթացքում քաղաքական գործիչները հաճախ խոստանում են վերակառուցել այս շրջանը: Բայց տեղի բնակիչները ասում են, որ կատարված խոստումների մասին այսօր շատ քիչ բան է վկայում:
Հոգեբան ու հոգեվերլուծող Արմինե Գմյուռը, ով զբաղվում է երեխաների խնդիրներով, ապրում է Գյումրիում և տեղյակ է բոլոր խնդիրներին, որ քաղաքն ունի, հատկապես երկրաշարժից հետո: Նա ասում է, որ խնդիրն ավելի խորքային է, քան պարզապես վատ ենթակառուցվածքներ ունենալը: 

«Մենք կարող ենք ասել, եկեք ամեն ինչ անենք երեխաների համար ու պարտավոր ենք անել. սիրուն խաղահրապարակներ լինեն, կարուսելներ, բայց մենք չենք կարող մտնել ամեն մեկի ընտանիք ու ասել, «Գիտեք, պետք է խաղաք երեխայի հետ, նույնիսկ ներարգանդային կյանքից սկսած ու այդ խաղին պետք է մասնակցի և՛ հայրը, և, մայրը»:

Այլ մասնագետներ անհանգստություն են հայտնում այն ​​բանի համար, որ երեխաները երկար ժամանակ են ծախսում համակարգչի առջև նստած կամ հեռախոսով զբաղվելով:

Գմյուռն ասում է ավելի գերակա է ծնողների կրթությունը, որպեսզի նրանք հասկանան, թե որքան կարևոր է երեխաներին խաղալ սովորեցնելը: «Ու այդ դեպքում, թեկուզ փլատակների վրա երեխան կխաղա ու իր ստեղծագործական միտքը կզարգացնի, կձգտի ինքը ստեղծել միջավայր, երկու քարով դարեր շարունակ ինչպե՞ս են խաղացել»:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա