Մեծ Սարիարի միակ հյուրատունը և կորոնավիրուսի հետևանքները
29-ամյա Մարտին Սարգսյանը մեծ ծրագրեր ուներ 2020 թվականի համար:
Նրա հյուրատունը միակն է Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղում, որը պետք է բացվեր այս տարի։ Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի կողմից ստանալով 20.000 դոլար ֆինանսավորում՝ շուրջ 3 տարի առաջ, մասնագիտությամբ լեզվաբան Մարտինը սկսել է կառուցել հյուրատունն իր պապական գյուղում՝ հաճախելով բիզնեսի կառավարման դասերի։
Սարգսյանների հյուրատունն ընտանեկան բիզնես է։ Մարտինի հայրը կենտրոնացել էր ընտանիքի՝ 150-ամյա մեղվաբուծության բիզնեսի վրա,իսկ մայրը և կինը իրենց ժամանակը նվիրել էին հյուրատունը կահավորելու և ճաշացանկը կազմելու գործին: Տարվա սկզբին երկհարկանի, երեք սենյականոց հյուրատունը պատրաստ էր զբոսաշրջիկների համար:

Ընտանիքն այն սկսեց գովազդել սոցիալական ցանցերի ու մեղրի բիզնեսի միջոցով: Կատարված աշխատանքի պտուղները տեսանելի էին: Մարտ ամսվա ընթացում Մարտինը 17 ամրագրում ունեցավ՝ ավելի լավ արդյունք ակնկալելով ամառվա սեզոնին:
Սակայն կորոնավիրուսային համաճարակ ինքն էլ չէր կանխատեսել։ Կառավարությունը փակեց սահմանները, և Սարգսյանը ստիպված էր չեղարկել ամրագրումները:
Նա ասում է, որ դեռ ցավալի է հիշել համաճարակի առաջին օրերը, երբ ընտանիքը կամաց-կամաց սկսեց գիտակցել, որ սեզոնը ավարտվեց, նախքան սկսվելը:
«Երբ սահմանները փակվեցին, սկզբում մտածեցի, որ կարճ կտևի և տուրիզմին լրջորեն չի խանգարի։ Բայց հետո հասկացա, որ տարին արդեն կորած է»,- ասում է Սարգսյանը։
«Ինչպես ասում են՝ լավ սպասարկված հաճախորդը իր հետ նոր հաճախորդներ է բերում։ Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, մեր կորուստը շատ մեծ է եղել։ Այս պահին մոտ 2-3 միլիոն դրամի սպասվող եկամուտ արդեն անվերադարձ չկա»։

Սարգսյանների ընտանիքը համաճարակի հետևանքով տուժած ձեռնարկատերերից միակը չէ:
«Այս տարվա առաջին եռամսյակում ներգնա զբոսաշրջիկների թիվը կազմել է 311 հազար, ինչը 14.6%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մենք այս տարվա համար կանխատեսել էինք առնվազն 10% աճ, բայց համաճարակը խանգարեց»,- ասում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
Բացի այդ, միայն ներգնա զբոսաշրջության առումով այս տարվա առաջին կիսայմակում Հայաստանը 350 միլիոն դոլարի կորուստ է ունեցել:
«Տուրիզմից ստացված ընդհանուր եկամուտը պետական բյուջեի եկամուտի մոտ 20%-ն էր կազմելու։ Այդ ամբողջ գումարը պետք է ծախսվեր տնտեսության տարբեր ճյուղերում։ Բայց այս պահին զբոսաշրջության ոլորտը տոտալ զրկվել է բոլոր տեսակի եկամուտներից»,- ասում է Ապրեսյանը։
Մինչ կառավարությունը համաճարակից ելնելով որոշ բիզնեսների արտոնյալ վարկեր է տրամադրում` ներառյալ տուրիզմի հետ կապված բիզնեսներին տարվա մի մասի շահութահարկի կանխավճարից ազատելը, Ապրեսյանը ասում է, որ անհրաժեշտ է ավելին անել, հատկապես՝ զբոսաշրջության ոլորտի համար:
«Ամենաէականը, որ ոլորտի համար անհրաժեշտ է, այդ ծրագրում բացակայում է, այն է՝ թույլ տալ տնտեսվարողներին արտոնյալ վարկը օգտագործել իրենց գործող վարկային պարտավորությունների մարման համար»,- ասում է Ապրեսյանն ավելացնելով, որ լավագույն տարբերակը կլինի բիզնեսին թույլ տալ մի քանի ամիս դադարեցնել տոկոսների վճարումը:
Տուրիզմի հայկական ֆեդերացիան բանակցություններ է վարում Կառավարության և Էկոնոմիկայի նախարարության հետ և հուսով է, որ մոտ ապագայում զբոսաշրջությանն առնչվող բիզնեսներին առաջարկներ կարվեն վարկային արձակուրդի տրամադրման հարցում:
Միևնույն ժամանակ, Սարգսյանների ընտանիքը համաճարակային իրավիճակում լավագույն լուծումն է համարում բիզնեսի ճյուղավորումը։ Այդ պատճառով էլ որպես այլընտրանքային միջոց այս պահին հյուրատան հարևանությամբ արտադրամաս են կառուցում։

Սարգսյանը հույս ունի, որ փոքր գործարանը կօգնի որոշ եկամուտ ստանալ սննդի վաճառքից, մինչ վարակը կվերահսկվի, և զբոսաշրջիկները կվերադառնան երկիր: Ի վերջո, նա ցանկանում է, որ հյուրերը հնարավորություն ունենան մասնակցել գործընթացին և իմանալ, թե ինչպես է պատրաստվում մեղրը:
Մարտին Սարգսյանն ասում է, որ գործարանը և թոնրատունը, որ պատրաստվում են կառուցել, նոր ապրանքատեսակներ կավելացնեն ու իրենց ընտանեկան հյուրանոցին ագրո-տուրիստական գրավչություն կբերեն:

Մարտինը նշում է, որ գործարանի կառուցման համար ներդրում անելը ռիսկային է, քանի որ ընտանիքը դեռ հյուրատնից եկամուտ չի ստանում: Մարտինը պետության կողմից ևս օգնություն չի ստացել, քանի որ համաճարակի ժամանակ հյուրատունը պաշտոնապես դեռ չէր սկսել գործել:
«Մեր կարգավիճակում գտնվող բիզնեսի համար շատ դժվար է, քանի որ աջակցություն չենք ստանում։ Երբ համաճարակը սկսվեց, ստիպված եղանք նաև դադարեցնել հյուրատան թղթաբանության գործընթացը»։
Սարգսյանը նշում է, որ Շիրակի մարզում վնաս կրած մի շարք ձեռնարկությունների տերեր այժմ աշխատում են տարածքում զբոսաշրջությունը զարգացնելու համար:
Չնայած այս տարվա կորցրած եկամուտներին, նոր նախագիծն օգնել է Սարգսյանին լավատես մնալ: Նա նշում է, որ ամենակարևորն այն է, որ բոլորն առողջ լինեն և շարունակեն աշխատել՝ ավելի լավ ապագայի համար:
«Չենք ուզում վտանգել մեր և նրանց առողջությունը։ Եթե մենք դառնանք վիրուսակիր, հաջորդ այցելուին կփոխանցենք ու դա շղթայական կդառնա»։
նվիրաբերեք հիմա