Պատերազմը՝ փաստեր ստուգող լրագրողի աչքերով

Լրագրող: ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ
15.10.20
Հրատարակություն: Ճակատ
թեման: Կոնֆլիկտ

Պատերազմի սկզբի մասին հուշող նշաններ միշտ կան, երբեմն դրանք չափազանց ակնառու են: Սակայն երբեմն էլ մենք նախընտրում ենք դրանք անտեսել: Այս պատերազմն էլ շատ ուրիշների նման, սկսվեց անսպասելի, թեպետ մի ամբողջ ժողովուրդ դրան էր սպասում շուրջ երեք տասնամյակ։

Սեպտեմբերի վերջին, պատերազմի մեկնարկից մի քանի օր առաջ, ես տարված էի Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական թռիչքների թվի ավելացման մասին լուրերի ուսումնասիրությններով: Պատերազմի՝ հորիզոնում լինելը վկայող նշանները շատ էին։ 

Միևնույն է, շոկային էր սեպտեմբերի 27-ի առավոտյան գործընկերոջս եղբոր զանգն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից (միջազգայնորեն հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ)՝ հայտնելու, որ իրենք երեխաներին ուղարկում են Հայաստան:

Վերջին պատերազմի ժամանակ քաղաքի բնակիչները հրաժարվել էին լքել իրենց տները, այս անգամ էլ դժվար թե գային, իսկ երեխաներին հեռացնելու փաստն արդեն տագնապ էր ներշնչում: 

Տանից ու ծնողներից հեռու մնացած մի աղջնակ ասում էր՝ հիվանդ կձևանա՝ վերադարձի հնարավորություն ունենալու համար։ Հադրութից տարհանված ու ծննդավայրումս հաստատած մեծահասակ տղամարդն էլ պատմում էր, որ իրենց տունն ավերվել է, և իրենք ստիպված էին հեռանալ: Ասում էր, որ չի պատկերացնում ապրելն իր քաղաքից դուրս, բայց նաև ի վիճակի չէ վերադառնալ ու տեսնել այրված տան մնացորդները: 

Լինելով Հայաստանի մայրաքաղաք Երեւանում՝ ես վախենում էի, որ սկսվում է  ոչ թե փոխհրաձգությունների նոր փուլ, այլ իրական պատերազմ: Նախատեսված կոնֆերանսը չեղարկվեց, գնալով ավելանում էին մարտերի մասին նորությունները։ Գործընկերներս սկսեցին ծրագրել ուղևորություններ դեպի Ստեփանակերտ: Ոմանք անգամ երեկոյան ուղիղ հեռարձակումներ ունեցան առաջնագծից։ 

Բայց, որպես փաստերը ստուգող լրագրող, իմ մարտերը Երևանից էին. վերահսկում էի կեղծ լուրերի և ապատեղեկատվության հոսքը: Իսկ կեղծ լուրեր սկսել էին տարածվել կրակոցներից էլ առաջ: 

Փաստերը ստուգող լրագրողները պետք է ուսումնասիրեն  յուրաքանչյուր լուսանկար, պնդում, ցանկացած տեղեկություն, որ տրվում է երկու կողմից: Կառավարությունները տեղեկատվությունն օգտագործում են որպես ռազմական քարոզչության մաս, բայց ես հավատում եմ, որ հասարակությունն իրավունք ունի իմանալ ճշմարտությունն, անգամ եթե այն ցավ պատճառի։ Պատերազմ լուսաբանելիս լրագրողները պետք է նաև ապրումակցեն, բայց ցանկացած իրավիճակում էյֆորիան անդառնալի հետևանքներ կարող է ունենալ:

Ես պիտի հույզերս մի կողմ դնեմ. պատերազմում ամեն ինչ ստուգելի փաստ է՝ օգտագործված զենքերը, դրանց տեսակներն ու մատակարարները, քարոզչական հնարքներն ու դրանց աղբյուրները: Այդ փաստերը պետք է փոխանցվեն ինչպես պատերազմող կողմերին, այնպես էլ նրանց, որոնք հետևում են զարգացումներին:

Նստած էի գրասեղանիս մոտ ու կիրակի երեկոն գիշերվա էր փոխվում, իսկ լուսանկարներն ու հրապարակումները թվում էին անվերջ. պարզ էր, որ այս անգամ ամեն բան այլ է: Թվում էր, թե 2016-ին հայ հասարակությունը ժամանակ չունեցավ ամբողջությամբ մոբիլիզացվելու պատերազմական գործողությունների շուրջ. մարտերն ավարտվեցին չորս օրում: Այս անգամ ակնհայտ էր, որ ազգը ոչ մի վայրկյան չի սպասելու. զգացմունքները, հատկապես զայրույթն ու ատելությունը միանգամից երևան եկան: Մյուս կողմից՝ աստիճանաբար աճում է եղբայրության զգացումը: Սահմանից եկող ամեն լուրի հետ մարդիկ ավելի քրտնաջան են սկսում աշխատել, ապահովել ամենն, ինչ անհրաժեշտ է սահմանին: Երկիրը, կարծես մի նպատակի համար աշխատող գործարան դարձած լինի։

Երկուշաբթի կռիվն արդեն ավելի մոտ դարձավ. եղբորս զորահավաքի համար կանչեցին ոստիկանության բաժանմունք, հետո տուն եկավ: Դեռ հույս ունեի, որ մարտերը շուտով կավարտվեն. դա իմ ու ամողջ շրջապատիս հույսն էր ու հավատը, որ մենք՝ ողջ ազգով, պատերազմ չենք ուզում: Ուրեմն այն շուտով պիտի ավարտվի: Անպայման կավարտվի: 

Բայց ոչ. հաջորդ օրը եղբորս նորից կանչեցին, այս անգամ առանց տուն ետ գալու․ երեկոյան արդեն Արցախում էր: Այդ պահից պատերազմը դադարեց ինչ-որ հեռավոր ու անիրական բան լինելուց։ Եվ ես ու սիրելիներս էլ դարձանք դրա մի մասը։

Հետո պատերազմը նաև ֆիզիկապես մոտեցավ։ Երբ տեղեկություն ստացվեց, որ Աբովյանում (Երևանի մերձակա քաղաք) անօդաչու թռչող սարքեր են նկատվել, իսկ մարդիկ ապաստարաններ տեղափոխվել՝ Արցախից տարհանված երեխաների համար պատերազմ-խաղն ավարտվեց: Նույն խաղը երկու տարբեր տեղերում խաղալն, անգամ նրանց համար, չափազանց էր։

Պատերազմն ամենակործանարար ու դաժան բանն է, որ իրար նկատմամբ կարող ենք անել: Այն քայքայում է մի ամբողջ հասարակություն, մի ամբողջ սերունդ: Դեպի ճակատ գնացող տղաները, լուսանկարների այն տղաները, որոնց տեսնում էի էկրանից, ու նրանք, որ կռվում ու մահանում են, ուղղակի պատանիներ են՝ տասնութ ու տասնինը տարեկան: «Պատերազմի սերունդ» լինելու համար են մեծացել այս դարի սկզբին ծնվածները։Մտքումս մի բան է միայն. նրանք մեռնում են դեռ ապրել չսկսած:

Ես շարունակում եմ տեսնել հայ ու ադրբեջանցի զինվորների դեմքերը, որ քարացել են համակարգչիս էկրանը լցնող պատկերներում, անգամ երբ փակում եմ աչքերս: Նրանք երեխաների են նման, նույնիսկ ինձ՝ 21 տարեկանիս համար: 

Աշխատելու և մարտի դաշտից իմ համակարգիչ տեղափոխված տվյալների ամեն մասնիկն ուսումնասիրելու ընթացքում «Մանուկների խաչակրաց արշավանք»-ից մի մեջբերում եմ տեսնում։  «Դու կձևացնես, որ ոչ թե երեխա էիք, այլ տղամարդ, որոնց ֆիլմերում կխաղան Ֆրենք Սինատրան, Ջոն Ուեյնը կամ դրանց նման այլ հմայիչ, ռազմատենչ, կեղտոտ ծերուկներ: Եվ պատերազմը հրաշալի կթվա ու դրանք էլի կլինեն: Ու այնտեղ կկռվեն երեխաներ, ինչպիսին վերևի հարկում խաղացողներն են»։

Ամեն անցնող օր լուսանկարներում և տեսանյութերում տեսնում եմ, թե ոնց են այդ երեխաներն այնտեղ՝ ինչ-որ տեղ հեռվում, տղամարդ դառնում: Ուզում եմ հավատալ, որ կա Երկնային  արքայություն, ու որ դա նրանցն է:

Երբ օրերը շաբաթներ են դառնում, զգում եմ, որ  ավելի հեշտ էր դիմանալ համավարակի ընթացքում մեկուսացման հինգ ամիսներին, քան պատերազմի առաջին տասնօրյակին: 

Կեղծ լուրերի փնտրտուքներում նկատում եմ, թե ինչպես խաղաղասերները ազգայնականներ են դառնում, հետեւում եմ աճող ատելությանն և ջանքերին՝ թույլ չտալու, որ այդ զգացմունքները սպանեն մարդուն՝ մեզնից յուրաքանչյուրի ներսում։ Ես հիշում եմ բռնության և կեղծ լուրերի անվերջանալի հոսքը 2016-ի ապրիլյան մարտերի ընթացքում: Չորս տարի առաջ մենք կարծես հասկանում էինք մահվան ու ատելության այդ հեղեղի վտանգը: Դեռ հիշում եմ օրերը, որ անցկացնում էի մորս ֆեյսբուքյան լրահոսից ապատեղեկատվություն տարածող էջերը ջնջելու համար:

Վտանգը չի վերացել: Բայց  նկատելի է, որ որ մարդիկ դրա ու, ընդհանրապես ամեն ինչի նկատմամբ ասես իմունիտետ ձեռք բերած լինեն, նույնիսկ՝ միջազգային հանրության «կոչերի» ու «մտահոգությունների» նկատմամբ: Իսկ նրանք՝ «պատերազմական գոտու» մարդիկ, սովորել են ականջակալներով լռեցնել հրթիռների ձայնը, պառկել՝ սպասելով օդային տագնապին, որը նրանց հետ՝ ապաստարաններ է տանելու:

Ու միակ բանը, որի նկատմամբ իմունիտետ երբևէ չենք ունենա՝ կորցրած կյանքներն են։ Բայց, նման կորուստներ արդեն շատ ունենք:  Մենք անգիր էինք սովորել 2016-ի մարտերի ընթացքում զոհված զինծառայողների անունները, թեկուզ նրանք 100-ից էլ ավելի էին: Այժմ, կռվից գրեթե մեկ ամիս անց՝ ավելի քան 700 անուն ունենք․․․

Այս օրերին ես արթնանում եմ զարթուցիչից առաջ՝ մտածելով ռմբակոծության ձայներից արթնացող մարդկանց ու զինվորների մասին։  Գիիտեմ, որ բոլորս պիտի փորձենք վերադառնալ առօրյա կյանքին: Ժամանակը կանգ չի առնում: Ես փորձում եմ հավաքել ուժերս ու կենտրոնանալ դասերի, աշխատանքի, կյանքի վրա: Սա իմ վերջին համալսարանական տարին է:

Բայց 2020 թվականը հագեցած է անակնկալներով. ավարտական աշխատանքիս թեման՝ «փաստերի ստուգումը համավարակի ընթացքում», կարծես, գերակա էր, երբ ընտրում էի այն: Այժմ, չնայած Covid-19-ի դեպքերի թիվն օր օրի ավելանում է, դժվար է գրել որևէ բանի մասին՝ պատերազմից բացի։

Ես փորձում եմ չատել: Լինել ավելի ռացիոնալ, քան երբևէ, ստուգել երկու կողմից տարվող քարոզչությունը, փաստերը, ապատեղեկատվությունը՝ մեկ սուզվող, մեկ՝ ջրի երես դուրս եկող։

Իմ ընտանիքը բախտավորներից է. եղբայրս անվնաս է: Երկրորդ անգամ հայտարարեցին զինադադարի մասին: Գիտեմ, որ  չի պահպանվելու, բայց եղբայրս, ու բազմաթիվ եղբայրներ հավանաբար, ուզում են, որ այն երկար տևի: Նրանք հանգստի կարիք ունեն, իսկ մեզ ժամանակ է պետք՝ մեր զոհերին հողին հանձնելու համար:

Ծանուցում. Չայխանան ըմբռնումով է մոտենում հակամարտության երկու կողմերի համայնքների տեսակետներին ու ապրումներին: Մենք հասկանում ենք, որ այս հրատարակության որոշ նյութեր կարող են վիրավորել ընթերցողներին: Հուսով ենք, որ լրագրողներին այս դժվարին ժամանակներում իրենց փորձի մասին անկեղծորեն գրելու հարթակ տալով՝ մենք կօգնենք խթանել երկխոսությունը:

Կարդացեք, թե պատերազմն ինչպես է ազդել մեր ադրբեջանցի գործընկերոջ վրա. A week on the frontline

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա