Բախտ փնտրելով․ Կարմիր տատիկի հաջողության թալիսմաննները

Լրագրող: Էլլա Կանեգարիան,

Լուսանկարիչ: Արտյոմ Միկրյուկով

06.04.21
Հրատարակություն:
թեման: Կանայք

“Հեհ․․․էկել եք էստեղ, որ իմ մասին գրե՞ք։ Բա ի՞նքը, ի՞նչ ա անում՝ նկարո՞ւմ ա ինձ, բայց ինչի՞ համար։” 

81-ամյա Ռիմա Սահակյանը զարմացավ, երբ իմացավ, որ եկել եմ իր մասին գրելու:

Ռիման, ում տեղացիներն անվանում են «Ռեդ տատի» (անգլերենից թարգմանաբար՝  "կարմիր”), ապրում է Հայաստանի մայրաքաղաք Երևանից 44 կմ հեռավորության վրա գտնվող փոքրիկ գյուղում՝ Բջնիում եւ աշխատում տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Կիրակի է: Պատարագ: Պասը կսկսվի երկուշաբթի օրն ու տեղացիներից մի քանիսը եկել է եկեղեցի՝ աղոթելու, պատարագ լսելու ու հաղորդություն ստանալու: Ռեդ տատին ժամանակի մեծ մասն անց է կացնում ոտքի վրա՝ այս ու այն կողմ է  քայլում, օգնելով եկեղեցու մարդկանց պատրաստվել ու տեղացիներին մոմեր տալիս:

“Գիտեք չէ, որ ես մոդել չեմ, տատի եմ, տատի։”  ասաց նա՝ աշխատանքին զուգահեռ մեղմ քրքջալով. “Մեծ բան չի տատի լինելը․․․սաղս էլ էդտեղ կհասնենք”

Ինչ-որ կերպ, տարիների ընթացքում Ռեդ տատիկը դարձավ խիստ կարեւոր անձ, մի շարք մարդկանց համար ու որոշ շրջանակներում, կարելի է ասել անգամ՝ հայտնի: Երեւանից շատերը գնում են հենց նրանից մոմեր գնելու, որովհետև դրանք հաջողություն են բերում, ըստ իրենց պատմությունների:

Ճիշտն ասած, ես նույնպես եկել էի հենց այդ նպատակով։ Հայաստանում դժվար տարի էր, և ես զգում էի ինձ՝ անհասկանալի երևույթների խաչմերուկում, մոլորված: Այս հոդվածի համար հայտնի Ռեդ տատիկին հանդիպելը՝ քաղաքից դուրս գալու ու տրամադրությունս տեղը գցելու լավ միջոց թվաց:

Երբ այս ամենը բացատրում էի  Ռեդ տատիկին, նա լսում էր հանգիստ, կարծես գոհ դեմքով, բայց մի պահ թվում էր թե ինչ-որ կասկածներ էին նրան անհանգստացնում։ “Ուղեղը ինչ գիժ միտք ասես կտա, չէ՞,” ասաց նա՝ ավելացնելով “Աստծոն հավատալն ա  հաջողություն բերում ու բախտի համար լավ։ Մնացած բաները, քիչ թե շատ, հորինած ա ու խանգարում ա քեզ”

Ռեդ տատը ծանոթ է այն ուժին, որը հավատը տալիս է մարդուն, նաև ճակատագրի կտրուկ  շրջադարձերին, որոնք դրդում են մեզ փնտրել այդ հավատը: Նա երկար ու դժվար կյանք է ապրել, չնայած իր տարիքից՝ 81 տարեկանից, շատ երիտասարդ է երևում ու իր ասածի պես՝ “տնգոզ” (բարբառ, նշանակում է՝ ակտիվ կամ կենսուրախ)։

Նա սկսել է աշխատել, երբ դեռ 15 տարեկան էր: Ռեդ տատը դեռ հիշում է, թե որքան էր սիրում դպրոցը, բայց դպրոցի վարձերը շատ էր, և նրա ընտանիքը չկարողացավ միաժամանակ վճարել և նրա և եղբոր ուսման համար:. Բացի այդ, նրանց պետք էր փող, որը նա  վաստակում էր թութունի տերևներ վաճառելով ծխախոտի գործարանին: Նույնիսկ հիմա՝ ավելի քան 60 տարի անց, նրա աչքի առաջ դեռ այն տեսարանն է, թե ինչպես է մայրը դեն նետում իր  դպրոցական պայուսակը, որովհետև դրա կարիքն այլևս չկար: Այս հիշողությունն էլ, սակայն, չի փչացնում նրա տրամադրությունը:

“Աշխատել սկսեցի ու, բախտս բերեց, հանդիպեցի ամուսնուս։ Ինձ շատ էր սիրում ու մի վեց ամիս տևեց, մինչև միասին հանդիպենք ու ամուսնանանք։ Մեր ժամանակներում, գիտես, ձեր պես չէինք հանդիպում։ Ես իսկի իրա աչքերի մեջ էի ամաչում նայեմ, բա։” ասում է նա՝ ժպտալով։

“Ինչ լավ ա, որ դու աշխատում ես։ Ուժեղ աղջիկ ես երևում, բալես։ Բայց էդ քեզ հերիք չի։ Մի օր պետք կլինի մեկին ընտրես ու մնաս ընտրածիդ հետ։ Թե չէ սաղ կյանքդ ընտրելով ման կգաս,բալես, իսկ կյանքը արագ ա, է, թռնում”

“Գիտեմ՝ տեսքից ջահել եմ երևում, բայց 81 տարեկան եմ։ Պատկերացրու ինչքան պատմություն եմ է տեսել։ հասկանում եմ համ էլ ձեզ բոլորիդ՝ ուզում եք ուժեղ լինեք, ցույց տաք, որ մենակով մեծ բաների կարող եք հասնել, բայց բալես, կյանքը շատ ծանր կարող ա դառնա, եթե մեն-մենակ ես։ Բոլորս էլ էս կյանքը մենակ ենք թողնելու՝ գնանք, ինչի ապրելն էլ մենակով անենք։ Բոլորին էլ ընտանիք պետք ա։ Ընտանիքը հողն ա։ Տեսե՞լ ես կյանքումդ մի բան՝ առանց հողի աճող։”

Ռեդ տատը կորցրեց ամուսնուն, երբ ընդամենը 47 տարեկան էր, մի քանի տարի անց ընտանիքը տեղափոխվեց Բջնի՝  Ռեդի պապին խնամելու համար: Այսօր նա այնտեղ ապրում է իր որդու, նրա ընտանիքի և իր բոլոր թոռների ու ծոռների հետ. “12 շունչ”՝ ինչպես նա է ասում:

Բացի իր կենսաթոշակից, որն ընդամենը 35000 հազար դրամ է կազմում՝ մոտ 72 դոլար, նա մի փոքր եկամուտ էլ եկեղեցուց է ստանում: Դա քիչ է, բայց Ռեդ տատն ընդհանրապես չի բողոքում:

“Գիտես իմ տարիքի համար ինչն ա սովորական, բալես։ Բողոքելը, հա։ Գիտես ինչի։ Մենք սաղս շատ բան ենք տեսնում։ Լավն էլ վատն էլ։ Մեկ-մեկ վատի վրա ենք կենտրոնանում։ Բայց հո վատը մենակ չի լինի, չի կարա տենց լինի։ Նայի, երբ ես ծնվել էի ՝1939 թիվն էր։ Մի հատ հաշվի քանի պատերազմ, երկրաշարժ ու նման բան եմ ես հասցրել տեսնել։ Մի հատ պատկերացրու քանի վատ օր եմ հասցրել ունենալ․․․բայց ես իրանց հիմա չեմ հւշում։ Ինչի՞, որովհետև էդ վատ օրերը ինձ չեն սնում” ասում է նա: 

“Օրինակ, հիշում եմ, որ երեխա ժամանակները դպրոց բոբիկ էինք գնում։ Հեռու էր, մի գյուղ հեռու համարյա։ Բայց մի օր քեռիս կովը մորթեց, կաշին մաշկեց ու մծակեց։ Էդպես մեզ կոշիկ սարքեց՝ տրեխ, ու մենք էլ բոբիկ չէինք։ Տես, ես կարող էի հիշել ինչքան բարդ ա ոտաբոբիկ քայլելը կամ ոնց էր ոտքերս ցավում, բայց ես հիշում եմ ինչ լավ էր կոիկ ունենալ։ Էդ օրը լավ օր էր, հիշում եմ։ Ինչքան շատ կապրես, էդքան շատ բան կունենաս հիշելու ու մենակ լավը չես կարող ունենալ։ Ամեն ինչ միասին ա մարդուն պատահում։”

Նա վայրկյանի տակ ժպտաց, ինչը թաքցրեց նրա աչքերն, իսկ դեմքը՝ լցրեց վառ  լույսով:

Արևի ճառագայթները խաղում էին նրա դեմքին, հագուստին ու ձեռքերին։ Այդ պահերին, երբ լույսն ընկնում էր նրա վրա, միանգամից պարզ էր դառնում, թե ինչու են ոմանք Երեւանից 44 կմ հեռավորություն հատում մեքենայով՝  պարզապես նրան տեսնելու կամ հենց նրանից մոմ գնելու համար: Նա ուրախ մարդ է։ Իսկ ուրախ մարդիկ գրավում են նրանց, ովքեր փնտրում են երջանկություն։

Միգուցե նա ճիշտ է ասում, ու  մտածելը, թե ինչ-որ մեկը քեզ հաջողություն է բերում, կամ հակառակը, խանգարում է կամ սահմանափակում, բայց միգուցե այդ միտքը կարող է նաև քեզ օգնել:

Իսկ ի՞նչ կլինի, եթե նայեք ձեզ հաջողություն բերող բոլոր «թալիսմաններին»  որպես վախերն ավելի հեշտ հաղթահարելու միջոց, կամ մտայնությունների խեղդող օղակներից դուրս գալու ու այլ բան  փորձելու հրավեր։

Հավատը երբեմն ընտրության արդյունք է, երբեմն չափազանցության։ Երբեմն էլ այն բխում է  անելանելիությունից, կամ էլ ուղղակի դառնում այս կյանքն ապրելու միակ ձևը։ Միակ ձևը, որով կարողանում ենք դիմակայել կյանքի անսպասելի շրջադարձներին ու փորձառություններին։ Եվ վատ և լավ։ Ինչպես Ռեդ տատին է ասում՝  երկուսն էլ իրար հետ են գալիս։

Այս պատմությունը պատրաստվել է Ֆրիդրիխ-Էբերտ-հիմնադրամի (FES) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Արտահայտված բոլոր կարծիքները միայն հեղինակինն են, և պարտադիր չէ, որ արտացոլեն FES-ի կամ Չայխանայի տեսակետները:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա