Չորս տարի առաջ Ռոբերտ Դանիելյանը մասնակցեց մի դասընթացի, որն իր կյանքն ամբողջությամբ փոխեց։ Երբ անիմացիայի դասընթացին նա առաջին անգամ տեսավ, թե ինչպես են իր նկարները թվայնացվում, միանգամից գաղթակղվեց։
«Ես ձեռքով նկարներ նկարեցի, ապա թվայնացրեցինք։ Այդ օրվանից իմ կյանքը փոխվեց։ Ես սկսեցի ինքս ինձ փորձել տարբեր բնագավառներում՝ ծրագրավորում, դիզայն, ռոբոտաշինություն»,- ասում է Ռոբերտը։
Այս ամենի միակ բացասական կողմն այն էր, որ դասընթացներին պետք է հաճախեր անցնելով 35 կմ ճանապարհ։ Տղան ապրում է Աշոցքում, իսկ գյուղից մարզկենտրոն Գյումրի գալու համար պետք է այդ ճանապարհն ամեն օր անցնել։
Դասընթացներն իրականացվում են «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում»։
Համաշխարհային բանկի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում բնակիչների 96%-ի համար համացանցը հասանելի է, ու չնայած լայն սփռմանը, գյուղական համայնքների երիտասարդներն այնուամենայնիվ քիչ հնարավորություն ունեն սովորելու բարձր տեխնոլոգիաներ, ինչպիսիք են ծրագրավորումը կամ ռոբոտաշինությունը։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները եւ «Թումո ստեղծարար կենտրոն»-ը փորձում են այս ամենը փոխել եւ անվճար դասեր են իրականացնում գյուղական համայնքի պատանիների համար։
Ստարտափ TakeAr-ն իր հերթին գյուղերում աշխատում է մասնագետների հետ: Ավագ դպրոցի շրջանավարտ Մհեր Իսրայելյանն ապրում է Ջուջևան քաղաքում, որը 407 բնակիչ ունի: Նրա համայնքը մոտ է ադրբեջանական սահմանին։ Բայց նրա կոլեգան, ով նաեւ TakeAr-ի համահիմնադիրն է, ապրում է Արագածոտնի մարզում։
Հեռավորությունն ու անմիջական շփման բացակայությունը, օրինակ, չի խանգարել Մհերին՝ սովորել ծրագրավորման մի քանի լեզու եւ աշխատել հասակակիցների հետ։ TakeAr- ում համահիմնադիրների հետ նրանք նաեւ փոքր դրամաշնորհ են շահել եւ այն կիրառել տուրիզմի զարգացման համար։ Մհերը վաստակել է իր առաջին գումարը, մոտ 200 դոլար։
Համալսարանն ավարտելուց հետո Մհերը միտք ունի նորից գյուղ վերադառնալ եւ տեղում տեխնոլոգիական կենտրոն բացել, որտեղ գյուղի երեխաներին հնարավորություն կտրվի սովորել ծրագրավորում եւ այլ հմտություններ։
Նա նշում է, որ կրթական կենտրոնները դանդաղորեն հարմարվում են գյուղական համայնքներին ու տեղի բնակիչներին օգնում իմանալ տեխնոլոգիաների մասին, նույնիսկ եթե նրանք տանը ինտերնետ կամ համակարգիչ չունեն:
Այս միտումը կարեւոր է, նշում է CyberHUB- ի հիմնադիր, ՏՏ խորհրդատու Արթուր Պապյանը:
«Հայաստանը պետք է հասնի յուրաքանչյուր գյուղի անկյուն և տաղանդներ փնտրի, եթե ցանկանում է պահպանել իր ներկայիս դիրքը որպես տարածաշրջանային ՏՏ գեներատոր», - ասում է նա:
«Երկիրն արդեն բախվում է մի խնդրի, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատողների խիստ պակաս կա: Եվ մինչ Երևանում երեխաները փչացած են մեծ հնարավորությունների պատճառով, հեռավոր շրջանների երիտասարդները նման նախագծերից շահելու մեծ հնարավորություն ունեն»:
TakeAR-ի հիմնադիր Վիգեն Խաչատրյանն ասում է, որ ստարտափը նախատեսում է ընդլայնել թվային ծրագրերը:
«Մենք ստեղծում ենք դպրոցական վիրտուալ լաբորատորիաներ, օրինակ կենսաբանության լաբորատորիան, երբ օրգանները կարելի է ուսումնասիրել 3D/թվային ձևաչափով»,- ասում է նա։
«Նման նախագծերը տանում են ապակենտրոնացման, մարզերի զարգացման և մեծ ինտեգրման, այնպես որ շատ ենք կարևորում նման ստարտափերի և նախագծերի դերը մարզերում»։
Գյումրիի Թումո կենտրոնի աշակերտ Ռոբերտի համար անվճար դասընթացները հանգեցրին նրան, որ նա Հայաստանի հանրային ռադիոյի կայքում նոր հարթակ ունեցավ: Իր փոքրիկ Աշոցք գյուղից Ռոբերտը վլոգեր է անում համայնքին հուզող հարցերի մասին: Դահուկավազքի վերաբերյալ վերջերս նկարված վլոգը օգնեց համայնքին բարձրացնել իր հեղինակությունը որպես ձմեռային զբոսաշրջության կենտրոն՝ ասում է նա:
«Թումո» կենտրոնի դասընթացներին մասնակցելու համար Ռոբերտը երբեմն ստիպված է լինում Աշոցքից Գյումրի ավտոստոփով գնալ, բայց ասում է, որ իր ստացած հմտությունների համար արժե լրացուցիչ ջանքեր գործադրել։
«21- րդ դարը թվային դարաշրջան է եւ մարդիկ ամենուրեք օգտագործում են թվային տեխնոլոգիաներն ու պետք է գաղափար ունենան այս տեխնալոգիաների մասին», - ասում է Ռոբերտը՝ հավելելով, որ ինքը եւս ցանկանում է իրենց համայնքում թվային տեխնոլոգիաների կենտրոն հիմնել, որ հնարավորինս շատ մարդու հասանելի դառնան այս հմտությունները։
Ռոբերտի ընկերը՝ Քնարիկ Պողոսյանը եւս «Թումո» կենտրոն է հաճախում արդեն չորս տարի։ Նա ասում է, որ թվային տեխնոլոգիաների տված հիմնական առավելությունն այն է, որ չկա սահմանափակում՝ ոչ սեռի, ոչ աշխարհագրական դիրքի։ «Եթե դու ուզում ես մի ոլորտում մասնագիտանալ, քեզ միայն աշխատելու ցանկություն է պետք։ Նույնիսկ եթե դու ծրագրավորումից հեռու ես, դու կարող ես սովորել, ու կապ չունի՝ քանի տարեկան ես, սոցիալական ինչ խավից ես կամ որտեղ ես ապրում։ Շատ կարեւոր է, որ Թումոն տալիս է այս հավասարությունն իր սաներին», - ասում է Քնարիկը՝ հավելելով, որ տեխնոլոգիան կարող է բոլորին հավասար դարձնել։
«Կանայք այս ոլորտում մեծ դեր ունեն, աղջիկները կարող են լինել նույնքան լավ ծրագրավորողներ, որքան տղամարդիկ, եւ կարող են կոտրել կարծրատիպեր։ Թումոյի ներսում լրիվ այլ միջավայր է, որտեղ յուրաքանչյուրը ցույց տալիս իր հնարավորությունն ու ստեղծում հավասարություն», - ասում է Քնարիկը։
նվիրաբերեք հիմա