Covid-19- ը աղքատացնում է հայ ընտանիքներին

Լրագրող: Նարեկ Կիրակոսյան,

Լուսանկարիչ: Արտյոմ Միկրյուկով

16.09.21

Գյումրիից երկու երեխաների հայր Արտյոմ Ավետիսյանը կորցրեց աշխատանքն այն ժամանակ, երբ համաճարակը սկսվեց: Անցած 19 ամիսների ընթացքում նրա չորս հոգանոց ընտանիքը դժվարացել է վճարել յոթամյա որդու՝ Ֆելիքսի դեղորայքի և բուժման ծախսերը, նաեւ հազիվ է խուսափել անօթեւան դառնալուց:

Ավետիսյանն ասում է, որ մինչ Հայաստանում Covid-19-ի բռնկումը շինարարական աշխատանքներ է արել ու օրվա կայուն եկամուտով պահել է իր ընտանիքը։ 

«Աշխատանք չեմ ունեցել սահմանափակումների ընթացքում, բայց վիրուսից առաջ շատ եմ ունեցել, քովիդը որ տարածվեց էլ աշխատանքի չկանչեցին: Մոտ 150 հազար դրամի եկամուտ էի ունենում, որից զրկվել է իմ ընտանիքը»,- ասում է Արտյոմ Ավետիսյանը:

Համավարակի տարածումից առաջ Ավետիսյանը վաստակում էր հայաստանցու միջին աշխատավարձից մի փոքր ավելի ցածր՝ 400 դոլար։ Աշխատանքի հանկարծակի կորուստը բոլոր մակարդակներում անդրադարձավ իր եւ երեխաների կյանքի վրա: Այսօր Ավետիսյանը և նրա կինը՝ Աննա Դավթյանը, մտահոգված են, որ կկորցնեն իրենց բնակարանը, քանի որ այլևս չեն կարողանա վճարել  35 հազար դրամ ամսական վարձավճարը:

Ընտանիքը նաև դժվարանում է վճարել Ֆելիքսի թերապիայի և բուժման համար: Երրորդ դասարանցի Ֆելիքսը ուղեղային կաթված ունի: Մինչ համաճարակը, ընտանիքը կարողանում էր դա ապահովել (ամսական ընդհանուր առմամբ 152,000 դրամ)՝ մասամբ նաեւ տեղի բարեգործական կազմակերպությունների և բարերարների մեծահոգության շնորհիվ:

7-ամյա Ֆելիքսն ուղեղային կաթված ունի, ինչն էլ թանկարժեք բուժում ու դեղամիջոցներ է պահանջում, որոնք ընտանիքն այլևս չի կարող իրեն թույլ տալ:
Արտյոմ Ավետիսյանը նախկինում կարողանում էր հոգալ իր ընտանիքը հոգսերը՝ օրավարձով աշխատելով շինարարության ոլորտում:
Այժմ, համաճարակի ընթացքում, ընտանիքը պայքարում է աղքատության դեմ։ 

Անհրաժեշտ միջոցների հավաքումը սակայն անհնար դարձավ համաճարակի սկսվելուց հետո: Այսօր ընտանիքը սահմանափակվում է ամսական օգնությամբ, որը Ֆելիքսը ստանում է պետությունից (մոտ $ 50):

Ոչ բավարար եկամուտը մշտական մտահոգություն է, սակայն ընտանիքը նաև պայքարում է, որպեսզի Ֆելիքսը և նրա ավագ քույրը ՝ իննամյա Դոնարան, դպրոցից հետ չմնան՝ ամիսներ շարունակ առցանց դասերից բացակայելուց հետո։ Երեխաները դասերը բաց են թողել, քանի որ տանը համակարգիչ կամ սմարթֆոն չի եղել։ 

9-ամյա Դոնարան և Ֆելիքսը մի քանի ամիս առցանց դպրոցից բացակայեցին, քանի որ ընտանիքը համակարգիչ կամ սմարթֆոն չուներ: «Կարիտաս» բարեգործական կազմակերպությունը նրանց համակարգիչ տրամադրեց 2020 թվականի վերջին, որպեսզի երեխաները կարողանան սովորել:

Ավետիսյանների ընտանիքը միակը չէ, ով պայքարում է համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական փլուզումից հետո գոյատևելու համար: Covid-19-ի պատճառով մոտ 720,000 հայեր աղքատացան: Համաշխարհային բանկի տվյալներով ՝ 2020 թվականին Հայաստանի տնտեսությունը կրճատվել է ութ տոկոսով՝ համաճարակի և արգելափակման միջոցառումների պատճառով, որոնք կիրառվել են վիրուսի տարածումը դանդաղեցնելու համար:

«COVID-19-ի կարճաժամկետ ազդեցությունը աշխատանքի և ոչ աշխատանքային եկամուտների վրա կարող է էապես բարձրացնել աղքատության մակարդակը Հայաստանում»,-նշվում է Համաշխարհային բանկի 2021 թվականի փետրվարին հրապարակված զեկույցում:

Զեկույցը պարզեց, որ համաճարակի պատճառով աղքատության մակարդակը կարող է 33,6 տոկոսից հասնել 46,6 տոկոսի, իսկ ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը մեկ տոկոսից դառնալ յոթ տոկոս: «COVID-19- ի տնտեսական ցնցումները կարող են աղքատացնել 370,000 հայերի: Ավելի քան 720,000 (յուրաքանչյուր չորրորդը) հայ կարող է նվազող շարժունակությամբ 2020 թվականին անցնել ավելի ցածր բարեկեցության խումբ»,-նշվում է զեկույցում:

ՀՀ կառավարությունը մի քանի անգամ միանվագ վճարներ է տրամադրել եւ օգնել մարդկանց 2020-ի համաճարակի արգելափակումների ժամանակ:

Օժանդակությունը հատկացվել է որոշակի խմբերին, որոնք բավարարել են որոշակի չափանիշներ. Ընտանիքի յուրաքանչյուր երեխա միանվագ ստացել է 26000 դրամ, պաշտոնապես աշխատանքի ընդունված անձը որպես փոխհատուցում 68.000 դրամ է ստացել. իսկ բիզնեսի սեփականատերերին, ինչպիսիք են մանրածախ ապրանքների վաճառքով զբաղվողները և զբոսաշրջությունը, տրվել է իրենց 2019 թվականի չորրորդ եռամսյակի շրջանառության 10 տոկոսը, իսկ նրանց աշխատակիցները ստացել են մեկ ամսվա աշխատավարձի համարժեքը: 

Քանի որ Ավետիսյանն օրավարձով աշխատող էր, նա գործազուրկ դարձածներին տրվող աջակցությունից օգտվելու իրավունք չուներ: Նրա ընտանիքը ստացել է երեխաների համար հատկացված միանվագ վճարը:

Օգնությանից ամիսներ անց Ավետիսյանը դեռ գործազուրկ է և սահմանափակ հնարավորություններ ունի, քանի դեռ տնտեսությունը չի վերականգնվել, նա չի կարող աշխատանք գտնել:

Հայաստանում ընտանիքները ծանր հարված են ստացել համաճարակից, քանի որ 2020 թվականին տնտեսությունը կրճատվել է ութ տոկոսով:
Ենթադրվում է, որ տնտեսական ճգնաժամի պատճառով աղքատության մեջ կընկնի 370,000 հայ:
Իրավիճակը հատկապես ծանր է Շիրակի մարզում, որտեղ ապրում է ընտանիքը: Հայաստանի կառավարությունն առաջարկել է մի շարք միջոցառումներ 2021-2026 թվականների ընթացքում աղքատության դեմ պայքարելու համար՝ ներառյալ նվազագույն աշխատավարձի բարձրացումը և ամսական օգնություն տրամադրելը երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին:

Նույն ճակատագիրը Շիրակի մարզում շատերն են կիսում: Նույնիսկ համաճարակից առաջ, տարածաշրջանն ուներ Հայաստանում աղքատության ամենաբարձր ցուցանիշներից մեկը. Համաշխարհային բանկի տվյալներով ՝ 48,4 տոկոսն ապրում էր շատ աղքատ, քանի որ նրանց սպառումը ցածր էր աղքատության ստորին գծից։ Իրավիճակը հատկապես ծանր է տարածաշրջանի երեխաների համար, որտեղ յուրաքանչյուր երկու երեխաներից մեկն ապրում էր աղքատության մեջ:

Համաճարակը վատթարացրեց իրերի դրությունը, քանի որ արտերկիր մեկնելու սահմանափակումները անհնարին դարձրին մարդկանց աշխատանքի համար Ռուսաստան մեկնելը:

Շիրակի Մարալիկ քաղաքում Կիրակոսյանների ընտանիքը կորցրեց եկամտի միակ աղբյուրը համաճարակի ժամանակ, երբ փակվեցին դեպի Ռուսաստան տանող ճանապարհները: 7-ամյա Դավիթը, ռեսուրսների բացակայության պատճառով, չկարողացավ միանալ առցանց դասերին և հետ մնաց իր հասակակիցներից: Երկրորդ դասարանցի լինելով, նա դեռ չգիտի այբուբենի բոլոր տառերը և չգիտի կարդալ կամ գրել:

Շիրակի մարզի խոշորագույն համայնքներից մեկի ՝ Ազատանի ղեկավար Վարդան Իկիլիկյանն ասում է, որ թեև տեխնիկապես այժմ հնարավոր է հասնել Ռուսաստան, սակայն PCR թեստերի և ճանապարհածախսի ավելի բարձր լինելը մարդկանց ստիպում են մնալ տանը։

«Ազատանի բնակչության մոտ 30 տոկոսն արտագնա աշխատանքի է մեկնում, հիմնականում Յակուստկ, Մոսկվա, Սախալին, Վլադիվոստոկ, մեկնածները հիմնականում շինարարական ոլորտում են աշխատում։ Կորոնավիրուսի պատճառով բանվորները մնացել են, չեն կարողանում մեկնել։ Արտագնա աշխատանքի մեկնողներից մոտ 300 հոգի էլ, խոպան գնալու սեզոնին չեն կարողացել մեկնել Ռուսաստանի Դաշնություն․ նրանց մի քանիսը տոմսերը հետ են տվել, մյուսներն էլ չեն հասցրել տոմս գնել»,- ասում է համայնքապետը:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա