Հիմա ու՞մ վստահել

Լրագրող: Էլլա Կանեգարիան,

Իլյուստրատոր: Թինա Չերթովա

28.09.21

Հունիս։ Տոթ ու շոգ հունիս։ Քաղաքը պատել է ապատիայի շոշափելի զգացումը, կամ, միգուցե, դա ես եմ ու իմ ներքին անկարողությունը որևէ ընտրություն կատարելու։Միգուցե դա մենք ենք մեր ապատիան տարածել ողջ քաղաքով մեկ։

Արդեն շաբաթից ավել է, որ ես կորցրել եմ ընտրություններ անելու ու որոշումներ կայացնելու կարողությունս։ Չեմ կարող որոշել ոչինչ։ Գինի՞ եմ ուզում, թե սուրճ, ուզու՞մ եմ աշխատել տնից, թե ուզում եմ դուրս գալ։ Ես համրարվե՞լ եմ ամենի հետ ինչը կատարվում է, թե փոփոխություններ եմ ուզում․․․իսկ եթե ուզում եմ, ի՞նչ պետք է անեմ դրանք բերելու համար։

Իմ ընկերուհին, ով  հոգեթերապեվտ  է, մի օր ասել էր, որ երբ մենք որևէ որոշում ենք կայացնում, անգամ ամենաանկարևորը կամ նվազագույնը, մենք առավելագույն ներքին ռեսուրս ենք ծախսում առանց անգամ գիտակցելու։ Այսպիսով, եթե քչացնես օրական որոշումներիդ ու ընտրություններիդ ցանկը՝ ուտելիքի, հագնելիքի վերաբերյալ, կկարողանաս էներգիադ կենտրոնացնել ավելի մեծ գործերն ավելի հեշտ կատարելու վրա․․․հիշենք Սթիվ Ջոբսին իր հազարավոր սև վերնաշապիկներով։

Կարող է ես արդեն հասցրել եմ ծախսել իմ էներգիան այնքան անկարևոր բաների վրա, որ հիմա չունեմ ներսս ոչինչ, որ կարևոր բանի վրա կենտրոնացնեմ, օրինակ  Հայստանում առաջիկա արտահերթ պարլամենտական ընտրությունների։

Ես անգամ, մի պահ զգացի, որ անիծում եմ իմ՝ ընտրելու իրավունքը, որովհետև առաջին անգամ կյանքում չեմ հասկանում դրա հետ ինչ անել։ Լրատվամիջոցներն ու բոլոր քննարկումները քաղաքականության շուրջ հասել էին մի կետի, որտեղ ամեն ինչ էմոցիոնալ նրբերանգով էր մատուցվում ու քաղաքականության մասին խոսակցությունները վերածվել էին երկկողմանի մեղադրանքների՝ այս կամ այն քաղաքական գործչի, կամ այլոց։ Մեղադրանքներ՝ լրտեսության, դավաճանության, ինչ-որ գաղտնի կազմակերպությունների ծառայման մեջ։

Բոլորն այնպես էին կենտրոնացել ներքին թշնամու, դավաճանների գաղափարի վրա, որ գրեթե ոչ ոք այլևս չէր քննարկում գաղափարախոսություններ կամ քաղաքական ուղեծրեր կամ գոնե պլաններ երկրի կառավարման հետ կապված։

Թվում էր, թե միակ ճշմարտությունն այն է, որ 2020 թվականի իրադարձությունները, հատկապես սարսափելի պատերազմը, որը դեռ չլուծված հակամարտություն է, երկար տարիների սխալ քաղաքական ընթացքի արդյունք չէին: Ավելի շուտ, դրանք որոշ գաղտնի ուժերի, լրտեսների և գաղտնի կազմակերպությունների մեղքն էին:

Այս նարրատիվի մեջ մոլորված, ընկերներիցս շատերը և ես նույնպես, սկսել էինք ուղղակի թևաթափ լինել, քաղաքացիական ծուլության մատնվելով։ Եթե ամեն ինչ կախնորոշված է ու ինչ-որ գաղտնի պլաններ կամ կազմակերպություններ շարժում են իրադրություններն այնպես ինչպես ուզում են, էլ ինչո՞ւ գլուխ ցավեցնել կեղծ ազատ ընտրության մտքով։

Ավելին, 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն ինձնից տարավ այնքան ընկերներ ու ծանեթներ՝ երկու կողմից էլ, որ ես զգում էի, որ իմ քաղաքացիական իրավունքն ու ընտրությունն այսքան տարի սխալ կողմում եմ գործածել ու դրա իրավունքն էլ չունեմ։

Հենց այդ շրջանում էր, որ աչքիս ավելի ու ավելի հաճախ սկսեց ընկնել “Քո ձայնը քոնն է” ինստագրամային փոսթը, որը որոշ ժամանակ անց պարզվեց մի նախագծի շրջանակներում արված պաստառ էր։

CSN Lab- ի հիմնադիր Տիգրան Ամիրյանի իլլուստրացիան: CSN Lab- ը ստեղծել է փոդքասթ, որը նվիրված է Հայաստանում դավադրության տեսությունների քննարկմանը:
«Քո ձայնը քոնն է», պատկերում է CSN Lab- ի փոդքասթի կատարած աշխատանքը, որն ուսումնասիրում է դավադրության տեսությունների ազդեցությունը Հայաստանում: Պատկերազարդումը ՝ Հարություն Թումաղյանի։

Այս փոստերը պատկանում էին CNS Lab (Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա) հասարակական կազմակերպությանը ու իրենց կողմից իրականացվող դավադրության տեսությունների մասին արշավի շրջանակներում է արվել։ Արշավը ներկայացնում էր կազմակերպության վերջին նախագիծը՝ փոդքասթներ դավաադրության տեսությունների մասին։ Պոդքասթները ստեղծվել էին CNS Lab -ի հիմնադիր Տիգրան Ամիրյանի կողմից, գիտնականի, ով սկսել է ուսումնասիրել դավադրության տեսությունները մոտ տասնամյակ առաջ ու այդ թեմային նվիրել  իր Ph.D. թեզը։

“Պասիվության հոգեվերլուծական կոնցեպտը շատ մոտ է դավադրության կոնցեպտին” ասաց Տիգրանը, երբ կապվեցի նրա հետ՝ արշավի մասին ավելին իմանալու համար։

Տիգրանը նշեց, որ դավադրական տեսությունները հաճախ գլուխ են բարձրացնում ու դառնում պոպուլյար, երբ հասարակությունը կանգնած է փոփոխությունների առջև, երբ այն բախվում է մարտահրավերների, որոնք ցույց են տալիս թե ինչ փոփոխություններ են պետք։

Հայաստանի համար 2020-ն այդպիսի տարի էր։ Պատերազմը պայթեցրեց մի փուչիկ, որի մեջ  հայաստանյան հասարակությունը տարիներով ապրում էր։ Այդ ընթացքը, խայտառակ ցավեցնող, ստեղծեց երկխոսության հարթակ՝ հասարակության տարատեսակ շերտերում, որի շնորհիվ մարդիկ փորձում էին հասկանալ, ինչպես մենք հասանք այնտեղ, ուր հասանք։

Վախի, երկկողմանի մեղադրանքների ու անվստահության միջավայր էր ստեղծվել։ Նման միջավայրը, ըստ Տիգրանի հիանալի նախապայման է դավադրական տեսությունների ծաղկման համար։

Դավադրական տեսությունները մարդկանց առաջարկում են հեշտ մարսելի ու ընկալելի մոտեցումներ՝ բարդ ու կոմպլեքսային խնդիրները հասկանալու համար, բայց հաճախ այս կամ այն խնդրի մեղքը բարդում որոշակի “էլիտար” կամ “ընտրյալ” խմբերի վրա՝ միաժամանակ ազատագրելով հասարակության մյուս մասին մեղավորության իր բաժնից ու որևէ պատասխանատվությունից։

Տիգրանը բացատրեց, որ դավադրության տեսությունը, ամենասովորականն էլ ամենահզորն էլ, պահանջում է “թշնամիների” առկայություն՝ ներքին կամ արտաքին։ Հայաստանի համար, նա նշեց, որ “արտաքին թշնամու” գաղափարն առավել քան հեշտ է ընկալել, քանի որ երկիրն արդեն 30 տարի է Ադրբեջանի հետսառեցված կոնֆլիկտի մեջ է։

“Կոնֆլիկտի մեջ գտնվող երկու երկրներն էլ գործածել են արտաքին թշնամու գաղափարը բազում անգամներ” նշում է նա “Միաժամանակ սառեցված կոնֆլիկտի ու “դրսի թշնամու” գաղափարը այնքան է երկու երկրների կողմից շահարկվել, որ ստեղծել է անվստահություն իշխանությունների հանդեպ, որովհետև շատ դեպքերում մարդիկ մտածում էին, թե դա ուղղակի լծակ է կանխելու ներքին բողոքները կամ ընդդիմությունը։” 

Եթե այնպես է ստացվում, որ չկա որևէ “արտաքին թշնամու” գաղափարին մոտ երևույթ, ապա այդ տեսություններն առաջարկում են փնտրել ներքիններին, ավելացրեց Տիգրանը՝ նշելով, որ ներքինները հաճախ այդ դեպքում դառնում են տարատեսակ սոցիալական խմբեր, կամ խմբավորումներ, որոնք որոշակիորեն տարբերվում են ընդունված նորմերից։

2020-ի պատերազմից հետո մեդիան և տարատեսակ բլոգեր ողողվեցին “նորություններով” կամ “հոդվածներով”, որոնք բոլորը մի բանի մասին էին՝ ներքին շպիոնաժի, ու իշխանական շրջանակներում դավաճանությունների։ Այս միջավայրում առավել քան հեշտ էր դարձել “աչքի ընկնելը” վատ իմաստով ու դառնալ կայքերի ու բլոգերի ուշադրության թիրախ, եթե սխալ արտահայտվես կամ առհասարակ լինես մի քիչ ուրիշ, այլ կերպ արտահայտվես, այլ բաներ ասես, քան ասվում էր։

Տիգրանի ասածը տեսություն չէր, դա այն էր, ինչ այդ պահին բոլորիս աչքի առաջ կատարվում էր։  Այդ շրջանում նման շատ դեպքեր եղան, երբ հասարակությունն անխնա մաղում էր այլախոհական որևէ միտք, մեդիաների կամ բլլոգերի սխալ ուղղորդմամբ։ Այդ դեպքերից ամենաշատը տպավորվել էր Նորա Պետրոսյանի, տրանսգենդեր կնոջ դեպքը, ով LGBTQ հարցերով և խնդիրներով  Fearless ՀԿ-ի հիմնադիրն է և ակտիվիստ։

Անկախ նրանից, որ Նոռան քաղաքացիական ակտիվիստություն է ցուցաբերում և անտարբեր չէ ոչ մի քաղաքացիական հարցի հանդեպ, մեդիան և որոշ բլոգեր նրան էլ էին թիրախավորել որպես “ներքին թշնամի”, պատերազմի ժամանակ։ Նոռայի վիդեոն, որտես ինքը կրում է զինվորական համազգեստ, որն ի դեպ վաղուց էր արված, դեռ մինչ պատերազմը, կրկին շրջանառվում է պատերազմական կոնտեքսոտւմ և օնլայն պտտվում՝ կոնտեքստից դուրս գրառումներով։ Պատերազմի ժամանակ գրեթե ամեն բառ, հայտարարություն, մեկնաբանություն կարող է հեշտորեն այլ կոնտեքստներ ստանալ, հատկապես եթե այդ ամենի աղբյուրը որևէ մեկն է, ում կարելի է դիտարկել որպես “հակա-տրադիցիոնալիստ”։ 

Ըստ Տիգրանի, LGBTQ ակտիվիստները հաճախ հենց այդպես էլ դիտարկվում են հետխորհրդային երկրներում, քանի որ մարմնավորում են ազատության ու բազմազանության այն գաղափարները, որոնք տվյալ երկրներում դիտարկվում են որպես երկրի տրադիցիոն հիմքերը քանդող ուժ։

Միգուցե արժեքներն ու մեր՝ դրանց ընկալումը ընդամենը անդրադարձնում է այն ժամանակն ու այն շրջանը, որում դրանք ստեղծվել են ու միգուցե բոլոր երևույթներն էլ, որոնք մի ժամանակ եղել են էքսպերիմենտ կամ ընդդիմական քայլ, ժամանակի հետ դառնում են տրադիցիա ու ձևավորում որոշակի արժեքներ։ Բայց մեր ներկա արժեքները հասկանալու ու դրանց կարևորությունը հարցադրելու փոխարեն, մենք առանց վայրկյան անգամ մտածելու հարձակվում ենք այն մարդկանց ու խմբերի վրա, ովքեր մեր կարծիքով կարող են այդ արժեքները խաթարել․․․դավադրության տեսություններն էլ մեզ հաճախ օգնում են մեր զայրույթն ավելի նպատակային ուղղել, բաշխելով այն այս կամ այն թիրախային խմբի վրա։

Նոռան իր վրա հարձակումներում ընդամենը տեսնում է նշան՝ առաջ գնալու ու շարունակելու իր գործողությունը, անգամ եթե մարդիկ չեն հասկանում իր գործունեությունը կամ որևէ չարիք են տեսնում դրա մեջ։ Կանգ առնելն ու վախենալը, որ քո գործը սխալ կհասկանան ամենալավ ձևն է առավել կասկածելի երևալու, մի օր ասաց Նոռան։

Փոփոխությունները, անգամ ամենացանկալի, անգամ ամենադրական, պահանջում են ժամանակ, որպեսզի դրանք մարսես ու հասկանաս։ Միշտ էլ եղել են մարդկանց ենթաշերտեր, ովքեր գերադասել են փնտրել արագ բացատրություններ և նրանք, ովքեր տվել են իրենց ժամանակ՝ հասկանալու իրենց շուրջը կատարվող փոփոխություններն ինքնուրույն։

 

CSN Lab- ի աշխատանքը պատկերող պաստառ ։ Նկարազարդող՝ Արմինե Շահբազյան։
CSN Lab- ի աշխատանքը պատկերող պաստառ ։ Նկարազարդող՝ Արմինե Շահբազյան։

Բայց ժամանակակից հասարակարգն իր ամեն ինչի անվերջանալի տարբերակներով, հազարավոր տարատեսակ հավելվածներով, որոնք քեզ գրեթե ամենը առաջարկում են ՀԵՆՑ ՀԻՄԱ, ընտելացնում է մեզ հեշտ բացատրությունների գաղափարի հետ։ Այդ կեղծ զգացումը՝ ամեն ինչ Հենց Հիմա Հենց Այստեղ ունենալու, որը մեզ մշտապես հետևում է, խանգարում է ժամանակ վերցնել ու հանգիստ վերլուծել այն երևույթները, որոնց հասկանալու համար ժամանակ է պետք։ Մենք փնտրում ենք հեշտ ու արագ ուղիներ, իսկ դրանք միշտ թեթևակի “շեղում” են պարունակում իրենց մեջ ու անպայման՝ թակարդի էլեմենտ։ 

“Դավադրության տեսությունների զոհ կարող է դառնալ մեզնից յուրաքանչյուրը” ասում է Տիգրանի փոդքասթի հյուրերից մեկը, Իլյա Յաբլոկովն, ով Բրիտանիայի Լիդսի Համալսարանի դասախոս է և “Ռուսաստան՝Բերդ․ Դավադրության տեսությունները հետխորհրդային աշխարհում” գրքի հեղինակը։ Յաբլոկովը նշում է իր փոդքաստային ելույթի ժամանակ, որ դավադրության տեսությունների լսարանը շատ մեծ է և ներառում է շատ տարբեր սոցիալական խմբեր՝ բանկիրներից մինչև էթնիկ փոքրամասնությունների խմբեր։ Կրթություն կամ սոցիալական դիրք, հավատք կամ այլ որևէ բան չի փրկի այս տեսություններից, որովհետև այս տեսությունները միշտ լցնում են բաց տեղերը՝ առաջարկելով դրանք լցնել՝ տարբեր տրամաբանություններով, տեղեկության տարբեր ներկայացման ձևերով ու ամենաբազմազան դիտակետներով։

“Այդ տեսությունների հիմքում միշտ երկու իրականությունների բախումն է։ Մեկ՝ տեսանելի իրականությունն է և մյուսը, որտեղ իրական որոշումներ են կարատվում՝ մեր տեսանելի իրականությանը վերաբերող” նշում է Տիգրանն, ավելացնելով “Ամեն դավադրության տեսության հիմքում ընկած է գաղտնի գիտելիքին տիրապետելու գաղափարը, երբ մարդկանց մի ըտրված խումբ դիտարկվում է որպես մյուսներից կտրուկ տարբերվող՝ իր գաղտնի գիտելիքով,  ինչը հնարավորություն է տալիս նրանց տիրել ու իշխել մարդկանց այլ խմբերին” 

Ընկերներիցս մեկը՝ դոկումենտալ կինոռեժիսսոր, հավատում է գաղտնի ուժերի ու թաքնված կազմակերպությունների գոյությանը, բայց անգամ ինքը չի թերագնահատում ազատ անհատի ընտրության ուժը ու միշտ ասում է, որ և չարաագործները և հերոսները մեր մտքում են։ Մեր մտքերն ու ընտրությունները կարող են փոխել իրականությունն ու իրադարձությունները, անգամ եթե դրանք նախապես մտածված են եղել։ Բայց անգամ այդ մտքերն ունենալով, նա էլ այս տարի ընտրություններին չգնաց, որովհետև չտեսավ ելք այն տեղից, որտեղ մեր հասարակությունը  հայտնվել է։ Հաճախ նա կրկնում է, որ աշխարհը հիմա մի քիչ ավելի շատ է գժվել, որ փորձես դրա դեմ մի բան անել։

Բայց առհասարակ․․կա արդյոք ելք որևէ տեղից, թե մենք միշտ  ընդամենը նույն ճանապարհին ենք՝ մեկ-մեկ լուսավոր, իսկ մեկ մեկ էլ անելանելի մութ․․․կախված մեր դիտակետից ու տրամադրվածությունից։ Ի՞նչ կլինի, եթե իրոք հավատանք, որ ժամանակակից հասարակագն ամեն ինչ հաշվարկել է՝ բոլոր մուտքերն ու ելքերը, չի՞ տանի դա մեզ մի տեղ, որտեղից մենք էլ ուժ չենք գտնի փնտրելու որևէ լուծում, որովհետև չենք հավատա, որ այն կա։

Միգուցե իմ ապատիկ զգացողությունն ու անկարողությունը որևէ ընտրություն կատարելու շատ անձնական աղբյուրից է բխում և ոչ մի արտաքին ուժից էլ  ազդված չէ։ Կամ, միգուցե ես, ընկերներիս հետ մեկտեղ, առաջին անգամ չէինք հասկանում մեր ընտրությունների միջև ընկած  տարբերությունը։ Դու կարող ես ընտրել քաղաքական դաշտում տարբեր խաղացողների, ընտրել թեկնածուների կողմից ներկայացվող տարատեսակ քաղաքական ուղեծրեր, բայց դու չես կարող ընտրություն կատարել լղոզված քաղաքական ուղիների ու “քաղաքական դեմքերի” միջև, որոնցից այլևս ոչ մեկին չես կարող վստահել ապագադ։ Երկիր կառավարելու համար, քեզ պետք է առաջնորդ, ոչ թե քաղաքական դաշտում խաղացող, կամ անգամ լավ անձնավորություն․․․բայց ում վստահել, երբ գիտակցում ես, որ ոչ մեկին էլ չգիտես, որովհետև ոչ ոք քայլ չի անում իրեն ու իր գաղափարներն ավելի լավ լուսաբանելու։

Միգուցե էթիկական ու լոգիկ տեսանկյունից ճիշտ կլիներ այս անգամ չմասնակցել ընտրություններին, բայց հասարակության մեջ ապրել, հաճախ նշանակում է չլինել էթիկայի կամ լոգիկայի գերին ու անել գործողություն երբ քեզնից դա պահանջվում է, անգամ երբ այլևս չես ուզում։

Ու միգուցե միակ բանը, որ կարող է կոտրել ապատիան՝ գործենլ է, ստիպելը ինքդ քեզ ինչ-որ բան անել,  քո ապագան կառավարող ու կանխորոշող  թաքնված կազմակերպությունների մանիպուլացված զոհ զգալու փոխարեն։

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա