Ընկած երիցուկներ Հրազդանի կիրճում

Լրագրող: Մարիամ Եղիազարյան

22.02.22
Հրատարակություն: Համայնք

Մկնիկի ցուցիչը վեր ու վար է անում Հրազդանի կիրճում։ Google֊ի քարտեզով կիրճն ուսումնասիրելը հանգստության զգացում է բերում, պատնեշ ստեղծում ֆլեշբեքների եւ անհանգստացնող հիշողությունների համար։ Համակարգչի քարտեզը ցույց չի տալիս վայրի երիցուկների եւ կակաչների ընկնելը, մաշկիս վրա կաթկթող քրտինքը, կամուրջի սյուների վրա ստվերներ գցող արեւը, չորացած խոտերի մեջ թաղված անթիվ ասեղներն ու պահպանակները, Հրազդան գետի վրա սահող մամուռը, տղամարդկանց, որ հարմար պահի են սպասում որտեղից որտեղ հայտնվելու համար․․․բայց ես տագնապում եմ իմ սենյակում նստած։

Ինչու՞ եմ  միշտ գնում այն թեմաների հետեւից, որոնք վախեցնում են ինձ։ Ինչու՞ եմ ամենուր զգում ցավը։ Գրեթե երկու տարի անց կանգնած եմ նույն կիրճում, միայն թե այս անգամ կին լինելն իմ միակ ինքնությունը չէ։ Հույսս տեսախցիկիս վրա եմ դնում ու հենվում վրան, որ ուղեկցի, փրկի, մեղմացնի ցավը, ինչպես միշտ է անում։ Հավանաբար շուտով անձրեւ կգա։ 

Իմ բնակավայրից Հրազդանի կիրճ հասնելը  մեքենայով 10֊15 րոպե է տեւում՝ գրեթե այնքան, որքան Կենտրոնից։ Սա նշում եմ ընդգծելու, թե որքան մոտ է այն քաղաքի կենտրոնական հատվածին, բայցեւայնպես այն ո՛չ վիզուալ, ո՛չ զգայական առումով չի հիշեցնում մայրաքաղաքը։ Երեւանը գեհենային բարձրահարկերի, ճարտարապետական գոհարների ավերակների եւ ամեն անկյունում հանդիպող առեւտրային կենտրոնների ու սրճարանների քաղաք է։ Կանաչ հանրային տարածքները սահմանափակվում են մի քանի այգիներով եւ պուրակներով, որոնցից շատերում արգելված է քայլել գազոնի վրա, էլ ուր մնաց, թե նստել կամ պառկել։ Սրան հակառակ՝ Հրազդանի կիրճի որոշ հատվածներում կարելի է գտնել շատ ծառեր, որոնք պարզապես դեկորացիաներ չեն։ Բացի այդ՝ այնտեղ գետ կա` կեղտոտ, զզվելի, բայց իսկական գետ, որ դեռ չի ցամաքել, ինչպես Գետառը։ Չնայած սրան՝ կիրճը բնավ օազիսի համբավ չունի։ Բազում ռեստորաններ եւ ժամանցի վայրեր, որոնց ճանապարհները հարմար են միայն մեքենաների համար, Խորհրդային միությունից մնացած Մանկական երկաթուղին, որը հիմա առավելապես մեծահասակների համար է, մի քանի կամուրջներ եւ երթուղիներ, որոնք օգնում են վարորդներին շրջանցել խցանումները․․․ Սա մասկուլինացված տարածք է։ Գետի մի մասը նույնիսկ ոչ պաշտոնապես պատկանում է տարեց տղամարդկանց, ովքեր լողում են այստեղ։ Երիտասարդների որոշ խմբեր, հիմնականում՝ սեռական փոքրամասնություններ, զարմանալիորեն շահում են տարածքի ներկայիս բնույթից, եւ մարդիկ շշնջում են այստեղ կատարվողի մասին, որպեսզի այդ համայնքներին չվնասեն։ 

Ես չունեմ որեւէ սոցիալական դեր, որը կերաշխավորի իմ անվտանգությունն այս տարածքում․ կինը, որ կարծում է, թե կարող է միայնակ լավ ժամանակ անցկացնել բնության գրկում, միամտորեն սխակվում է, Երեւանն ամեն գնով մերժում է նման պատումները։

Արդեն գրեթե երկու տարի է ընկերներիս հետ խոսում եմ կիրճի մասին։ Երբեմն միացնում եմ ձայնագրիչս, երբեմն՝ ոչ։ Նրանց պատմում եմ, որ այստեղ սեռական ոտնձգության եմ ենթարկվել, հարցնում, թե ի՞նչ են մտածում այդ տարածքի մասին, ինչպե՞ս են իրենց զգում այնտեղ։ Հոգատար եւ անհանգիստ ձայնի տոնով եւ դեմքի արտահայտությամբ, հարցնում են, թե ի՞նչ էի կորցրել այնտեղ, թե ինչու՞ էի մենակ գնացել։ Ընկերուհիներիցս մեկն ասաց, որ առաջին անգամ արտասահմանցի ընկերոջ հետ է գնացել Հրազդանի կիրճ։ Տղամարդու։ Պատմեց, որ տղամարդկանց խմբի հետ ապահով է զգացել այնտեղ, բայց երբ մի անգամ ընկերուհու հետ է գնացել այնտեղ, թփերի միջից իրենց հետեւող եւ մաստուրբացիա անող տղամարդու է նկատել։ Երբ ընկերուհու հետ սկսել են վազել, տղամարդը հետապնդել է նրանց մինչեւ որ կարողացել են փախչել։ Մյուս ընկերուհիս պատմեց, որ իրեն եւ իր ընկերուհուն հետապնդել են մեքենայով եւ նույնիսկ ընկերներիցս ոմանք կիսվեցին, որ նախընրում են կիրճը մեքենայով անցնել՝ քայլելու փոխարեն։ Մի ընկերուհի մի անգամ ասաց, թե պարզապես սրտնեղել եմ, որ ինչ֊որ անշորհք տղաներ փորձել են հետս ֆլիրտ անել, երբ կիսվեցի, որ չեմ սիրում այդ տարածքը։ Ես չեմ կարծում, որ ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդկանց կողմից հետապնդվելն ու անպարկեշտ սեռական արտահայտություններ լսելը որեւէ կապ ունեն ֆլիրտի հետ։ Մի ֆեմինիստ աղջիկ ասաց, որ նման շատ պատմություններ կան, որ կանայք վախենում են բարձրաձայնել եւ որ Հրազդանի կիրճը միակ խնդրահարույց տարածքը չէ այս առումով։ 

Ինչ֊որ պահից սկսեցի զեկույցներ փնտրել կիրճում տեղի ունեցած հանցագործությունների մասին։ ՀՀ ոստիկանությունը կանոնակարգված բաց դատաբազա չունի, որը հստակ կմատնանշեր դեպքերի վայրերը։ DataLex֊ում կարելի է մի քանի դատական գործ գտնել, այն էլ քննիչների «բարի կամքի դրսեւորման» արդյունքում, այդքանը։ Հետո սկսեցի նյութեր նայել, կարդալ տարածքի ընկալման եւ ճարտարապետության, ուրբան պլանավորման կապի մասին։ Մի հայ ճարտարապետի գտա, ով այժմ ապրում է Նիդեռլանդներում։ Նա ինձ պատմեց գոտիավորման, տարհանման պլանների, ուղեկցող պայմանական նշանների, անվտանգության համակարգերի, մատչելի տրանսպորտի եւ WiFi կապի, ինչպես նաեւ մեքենաների, հեծանվորդների եւ հետիոտների համար առանձնացված ուղիների առկայության կարեւորության մասին, բայց ամենից շատ տպարվել է միտքը, որ ոչ մի կին չի կարող իրեն ապահով զգալ մի տարածքում, որտեղ տղամարդիկ ծառերի ճյուղերից հպարտորեն կախում են իրենց անդրավարտիքները։

Երեւանի քաղաքապետարանը տեղեկատվություն չունի այն մասին, թե քաղաքի որ հատվածում է գտնվում կիրճը։ Ո՞ր փողոցից է սկսվում։ Որտե՞ղ է ավարտվում։ Որո՞նք են աշխարհագրական կորդինատները։ Արդյոք միայն Երեւանն է ներառում, թե՞ նաեւ այլ մարզեր։ Պետական կառույցը, որը «Երեւաննախագիծ» ՓԲԸ֊ին 2005 եւ 2011 թվականներին պատվիրել է կիրճի զարգացման պլան մշակել, որը պնդում է, որ պարբերաբար կիրճում մաքրման, կանաչապատման եւ լուսավորման աշխատանքներ է իրականացնում, հարցմանը պատասխան գրությամբ հայտնեց, որ տեղեկատվություն չունի կիրճի  ճշգրիտ դիրքի մասին։ Այս տեղեկատվությունը բացակայում է նաեւ հանրագիտարաններում եւ առցանց աղբյուրներում, որոնք կարողացա գտնել։

Եւ ապա՝ որտե՞ղ եմ կանգնած հիմա, այս անձրեւին։ Ի՞նչն եմ լուսանկարում։ Որտե՞ղ են ավարտվում ծառերն ու սկսվում իմ վախերը։ Ո՞ր կետում է Հրազդան կետի աղմուկը խառնվում իմ ներքին զրույցների հետ։ Ինչու՞ իմ քաղաքում կան տարածքներ, որ չեն պատկանում ինձ, ինչու՞ ես չեմ պատկանում այդ տարածքներին։ Ինչու՞ է այդպես։

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա