Դասեր, որ քաղեցինք պատերազմից. Սիրո նամակ ուկրաինացիներին

Լրագրող: Էդգար Բաղդասարյան,

Իլյուստրատոր: Թինա Չերթովա

09.05.22
թեման: Կոնֆլիկտ

Յուրաքանչյուր պատմություն պետք է սկսվի ներածությամբ. ո՞վ է հեղինակը, որտեղի՞ց է եկել և ո՞ւր է գնում: Այս պատմությունը ևս բացառություն չէ, բայց այն ամենից հետո, ինչ տեսա ու զգացի Ուկրաինայում վերջին ամիսների ընթացքում, դժվարանում եմ անգամ տալ նշյալ հարցերի պատասխանները։ Փոխարենը, կարող եմ գրել միայն այն մասին, թե ով էի և ինչպես իմ կյանքն ընդմիշտ փոխվեց այն մարդկանց շնորհիվ, որոնց ճանաչեցի այստեղ՝ հաշված ամիսների ընթացքում:

Ես Էդգար Բաղդասարյանն եմ։ Երկար տարիներ աշխատել եմ, որպես լրագրող և հեռուստահաղորդավար։ Ինձ միշտ համարել եմ արդարության և ազգային պատվի համար պայքարող անհատ։ Ես իմ աչքով պատերազմ տեսած դժբախտներից եմ։ Իրականում ես հայտնվեցի Ուկրաինայում, քանի որ փորձում էի փախչել Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին հիշողություններից։ Ճակատագրի հեգնանք․․․

Մինչ ռուսական ներխուժումը, ես Կիևում ապրեցի մոտ վեց ամիս՝ ամենաերջանիկ ամիսներն իմ կյանքում: Հանդիպեցի զարմանալի մարդկանց, ովքեր ինձ սովորեցրին չվախենալ փոփոխություններից, նշել յուրաքանչյուր տոն, ինչպես սեփական որդու ծնունդը, արժեւորել առողջությունն ավելի՝ քան աշխատանքն ու փողը, երազել, պլանավորել և հավատարիմ լինել ինքդ քեզ:

Այս պատմությունը նաեւ այն մարդկանց մասին է, որոնց կյանքը բաժանվեց երկու մասի՝ «առաջ»-ի և «հետո»-ի: Նրանց անունները, մասնագիտությունն ու բանկային հաշիվներն այլևս նշանակություն չունեն, քանի որ պատերազմը բոլորիս հավասարեցրեց՝ վերածելով մրջյունների, ովքեր փորձում են իրենց կյանքը փրկել դաժան տղայից, որը փայտի կտորով խառնում է մրջնանոցը:

Մենք հինգ ընկեր էինք։ Համախմբվել էինք, որպեսզի վավերագրական ֆիլմ նկարենք պարանորմալ երեւույթների մասին: Ես , ի դեպ, միակ օտարերկրացին էի. անձնակազմի մյուս բոլոր անդամները կիևցիներ էին: Նրանք երիտասարդ էին, ստեղծագործ և զերծ ընտանեկան պարտավորություններից։ Կարող էին իրենց թույլ տալ շրջել երկրով մեկ՝ գաղտնիքներ ու առեղծվածներ որոնելու նպատակով: Առաջին անգամն էի այս տեսակ արկածախնդրության մեջ, և հենց դա էր ինձ գրավում: Երբեք չէի պատկերացնի, որ ամեն ինչ կարող է փոխվել մեկ ակնթարթում:

Փետրվարի 24-ի գիշերը մեզանից ոչ մեկը քնած չէր։ Աշխատում էինք․ դիտում և մոնտաժում էինք ֆիլմի կադրերը։ Սակայն բոլորս անհանգիստ էինք, կարծես կանխազգում էինք մոտեցող աղետը։ Չէինք հավատում, որ պատերազմ կարող է սկսվել, կամ գուցե չէինք ուզում հավատալ դրան:

Հավանաբար այդ պատճառով է, որ երբ լսեցինք պայթյունների ձայները, յուրաքանչյուրս հասկացանք, որ մեր ստեղծած անհոգ ու երջանիկ աշխարհը ամեն մի պայթյունի հետ փլուզվում է։ Անորոշությունից հետո սկսվեց խուճապը. Ի՞նչ անել, ո՞ւր գնալ, ի՞նչ փրկել. Իրադարձությունների դժոխային կալեիդոսկոպը սկսեց պտտվել մեր շուրջը: Պայթյուններ, հեռուստատեսությամբ պատերազմի մասին հայտարարություններ, արևելքում և հարավում ռմբակոծությունների մասին լուրեր։ Հետո… երեք անքուն օր: Ամենուրեք չդադարող օդային տագնապի ազդանշանի ձայներն էին ու դեպի ապաստարան փախչող մարդիկ։ Մինչ օրս զգում եմ ապաստարան-նկուղի փոշին, խոնավությունն ու այն վախը, որ առաստաղը կարող է փլվի մեզ վրա։ Աչքերիս առաջ խանութների դատարկ դարակներն են, բանկոմատների ու բենզալցակայանների երկար հերթերը։ Պատերազմի առաջին օրը դեղատների դարակներից ամեն ինչ մաքրվել էր։

Ավելի ուշ տեղեկացանք, որ մայրաքաղաքում հարյուրավոր մարդիկ են մահանում՝ առանց դեղամիջոցների։ Շաքարային դիաբետով, քաղցկեղով, էպիլեպսիայով և ասթմայով հիվանդները չեն կարողանում ոչ հաբ ստանալ, ոչ ներարկում: Ի վերջո, չորրորդ օրն արդեն որոշեցինք հեռանալ Կիևից և շարժվեցինք դեպի երկաթուղային կայարան… Մեր մենեջերը, ով մնացել էր Կիևում, խումբ էր կազմակերպել, որտեղ մարդիկ կարող էին դեղեր պատվիրել։ Նա պարզել էր, թե որտեղ կարող է գտնել դրանք, և մեկնել էր այնտեղ՝ մարդկանց ոչ միայն անհրաժեշտ դեղամիջոցներ հասցնելու, այլև հույս:

Չշեղվեմ. Մենք չորսով երկաթուղային կայարանում էինք։ Այնտեղ փրկության գնացքին սպասող հազարավոր քաղաքացիների հետ։ Կայարանի հարթակի վրա կանգնած՝ հասկացա, թե մարդիկ ինչն են ամենաշատը գնահատում՝ վախեցած մայրը երեխային սեղմել էր կրծքին․ տարեց կինը կատվին տեղավորել էր վանդակում ու լուռ աղոթք էր մրմնջում. մի մարդ խնամքով պահել էր ջութակի պատյանը։ Յուրաքանչյուրը փրկում էր այն, ինչն արթուն էր պահում իր հոգին:

Ի վերջո, գնացք նստեցինք երեքով… Անպաշտպան մարդկանց օգնելու ցանկությունը մեր պրոդյուսերին ուղիղ տարավ դեպի վաշտ: Մենք նրանից լուր ստացանք մեկ շաբաթ անց միայն։ Նա մեզ հետ կապ հաստատեց այլևս երկրի երեսից ջնջված Գոստոմել քաղաքից: Հաշված օրերի ընթացքում նա ծերացել էր ավելի քան 20 տարով։ Ես ամբողջ կյանքում կհիշեմ նրա խոսքերը. «Տղե՛րք, առաջնագծում ուղղակի մսաղաց է... Երեկ մենք ավերակներից ոչ մի կենդանի շունչ չհանեցինք... միայն աղացած միս՝ կազմված ձեռքերից և ոտքերից»: Մենք երբեք չենք իմանա, թե ինչ սարսափելի տանջանքների մեջ են եղել այդ մարդիկ իրենց կյանքի վերջին պահերին, այդ ճշմարտությունները երբեք չեն հնչի լուրերի թողարկումներով։
Այդ հեռախոսազանգից հետո մեր խմբում մնացինք երկուսով. սցենարիստը՝ պրոդյուսերի ընկերուհին, որոշեց հնարավորինս մոտ գնալ Գոստոմելին՝ սպասելու իր սիրելիին: Նա հետևեց հարյուրավոր զինվորների կանանց և մայրերի օրինակին:
Նրանց ճակատագիրն ամենադառն է. աղոթել և սպասել... սպասել... սպասել կարճ հաղորդագրության. «Ես դեռ ողջ եմ: Պատերազմում ենք»։
Եվ այսպես, մենք երկուսով հասանք արևմտյան Ուկրաինայի հեռավոր գյուղ, որտեղ մեր առօրյան սկսվում եւ ավարտվում էր սպասելով և համացանցում անվերջ նորություններ փնտրելով։ Հետո արդեն տեսանյութեր, հոդվածներ, լուսանկարներ․ պայթյուններից կոտրված ապակու բեկորներ․ ռումբից տուժած ծննդատուն։ Ինչ-որ տեղ բռնաբարել են մի աղջկա. ինչ-որ տեղ խուճապի մեջ երեխա է կորել։
Ու սկսեցինք ապրել նորովի, պատերազմի պարտադրած կանոններով․ որոշ ժամանակ անց մեր վավերագրական ֆիլմի ռեժիսորը սոցցանցում տեսավ մի գրառում, որ Կիևի մերձակայքում կենդանիների ապաստարանի աշխատակիցները վանդակներում փակված թողել են ավելի քան 400 շների և կատուների։ Նշեմ, որ ուկրաինացիներն իրենց ընտանի կենդանիներին ընտանիքի անդամի նման են վերաբերվում։ Շատերը նախընտրում են փրկել իրենց կատվին կամ շանը, քան փողով լի ճամպրուկը: Գրառումը տեսնելուց հետո նա ասաց. «Եթե ես կարողանայի կրակել, ես կգնայի պատերազմ որպես դիպուկահար: Եթե ես իմանայի, թե ինչպես կարելի է մշակել վերքերը, կգնայի և կծառայեի որպես բժիշկ: Ես չգիտեմ որևէ բան, որը կարող է օգտակար լինել պատերազմի ժամանակ։ Ես պարզապես կարող եմ բացել վանդակները…»։ Պատերազմի ժամանակ վանդակ բացելու ունակությունը թերևս նույնպես հերոսություն է:
Դա այն օրն էր, երբ ես հասկացա այս ազգի ուժը։ Բոլորը, ում ես ճանաչում էի, մի քանի օրվա ընթացքում իրենց տեղը գտան երկրի ազատության և գոյատևման այս մեծ պայքարում: Կռվելու ընդունակ տղամարդիկ ոտքի կանգնեցին և գնացին առաջնագիծ։ Նրանք, ովքեր այս կամ այն պատճառով չկարողացան զենք վերցնել, մինչ օրս դեղորայք ու սնունդ են հասցնում տարեցներին, թեժ կետերից տարհանում են հաշմանդամներին, արյուն են հանձնում կամ իրենց վերջին դրամն են փոխանցում իրենց բանակին։ Նրանք, ովքեր այլ բան չեն կարող անել, աղոթում են խաղաղության համար և մոմեր վառում եկեղեցիներում՝ ոսկեզօծ գմբեթների տակ:
Յուրաքանչյուրը հաղթանակի զոհասեղանին դրել է այն, ինչ կարող էր։ Իսկ ես, որտեղ կարող եմ, խոսում ու գրում եմ ճշմարտությունն այս պատերազմի մասին։ Ես ուկրաինացի չեմ, այս երկրի քաղաքացի նույնպես չեմ, բայց անկեղծորեն ցանկանում եմ, որ Ուկրաինան հաղթի։ Որպեսզի ուկրաինացիների ձեռքերը բացեն աշխարհը վանդակող դռները։ Համոզված եմ, որ նրանց հաղթանակը կփոխի համաշխարհային պատմության ընթացքը և կբերի չարի բռնապետության վերջը։
Հ.Գ Մինչ գրում եմ սա, պատերազմի 74-րդ օրն է։ Ես դեռևս գտնվում եմ արևմտյան Ուկրաինայի հեռավոր գյուղում և միայնակ սպասում եմ այս մղձավանջի ավարտին, որպեսզի կարողանամ վերադառնալ Կիև կամ Հայաստան։ Իմ բոլոր ընկերներն ողջ են և առողջ: Նրանք բոլորն էլ անում են նույնն, ինչ պատերազմի առաջին օրերին։ Ոչ ոք չի հանձնվել, և որ ամենակարևորն է՝ բոլորը հավատում են Ուկրաինայի հաղթանակին։
ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա