"Ցավդ տանեմ"

Լուսանկարիչ: ՎԱՂԻՆԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ

12.12.23
թեման: Կոնֆլիկտ

Կան հույզերի արտահայտման ձևեր,  որոնք հատուկ են որոշակի մշակույթների: «Ցավդ տանեմ»-ը խոսույթ է, որը հատուկ է հայկական հայեցակարգին: Այն չի թարգմանվում այլ լեզուներով. կարել է նկարագրել որպես ապրումակցման խիստ մտերմիկ ձև։

Հայերի համար «ցավդ տանեմ»-ը կամ «կյանքիդ մեռնեմ»-ը խոր զգացմունքների արտահայտման հիմնական ձևերից է. մեծ ուրախության, սիրո ու նաև մեծ վշտի արտահտման ժամանակ հայերը հաճախ են դիմում այս խոսույթին։ 

Զոհված զինվորի իրերից. բջային հեռախոսը գտնվել է զինվորի մասունքների հետ, զոհվելուց 8 ամիս անց:

Զոհված զինվորի իրերից՝ ուսադիր:

Սակայն խորը զգացումներն երբեմն արտահայտվում են նաև տվյալ հասարակությանը հատուկ վարվելակերպով, կամ սովորույթով, որի հետևում ընկած ապրումները, սակայն, ծանոթ են մեզանից յուրաքանչյուրին։ 

Վերջին տասնամյակում ամեն նոր պատերազմից հետո, հետո չդարձող, դեռ չավարտված, նորից թարմացող պատերազմների անավարտ շղթան մերօրյա աշխարհում առօրեական է դառնում։ Լուրերի մեջ, մտքերի մեջ, գործի, հոգոցի, բարևի մեջ, ամեն անգամ, պակասում է մի բան, որ նախկինում կար, սակայն հետևողականորեն նվազում է ամեն օրվա ընթացքում։ Խաղաղության երաշտը անբնականը սովորակն է դարձնում։ Աշխարհը զինվորական համազգեստի գույն է հիշեցնում։

Այս համատեքստում հետմահու», «հերոս», «զոհեր» բառերն էլ սովորական մի բան են  դառնում ու այդ «սովորականությամբ» դատարկում դրանց իմաստն ու բովանդակությունը։ Մենք դատարկում ենք դրանք սուրճի ումպերի, զրույցների մեջ, լուրերի, քաղաքական վեճերի մեխանիկական աղմուկով, նոր պատերազմների կոչերով, ուր կրկին հետմահու հերոսներ են լինելու։ 

Ո՞վքեր են նրանք, այդ հետմահուները, ովքեր ցավդ տանում են իրապես ու իրապես կյանքիդ մեռնում։ Նրանց քանակը գնալով այնքան շատ է դառնում, որ երբեմն մեր հոգեկանը պաշտպանվում ու հրաժարվում է ամրագրել փաստը, որ դրանք անդեմ, աբստրակտ կյանքեր չեն, կամ շիրմաքարերի շղթա, այլ կենդանի մարդիկ, ովքեր սիրում են կոնֆետ, կամ կողքի մուտքի աղջկան։ Գրկում են մորը, կարոտում քրոջը, խնամում հորը, կարդում «Փոքրիկ իշխանը» կամ կատակում ընկերների հետ` վախն ու հուսահատությունը ցրելու համար, հենց այն պահից մեկ րոպե առաջ, երբ պիտի զոհվեն։

Զոհված զինվորի իրերից՝ շոկոլադ որ ծնողները գտել են նրա համազգեստի գրպանում:

2020թ․ հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի ժամանակ իմ նկարահանումների ընթացքում հայտնվեցի ռմբակոծվող մի տարածքում, ուր մի կողքիս հին գերեզմաններ էին, մյուս կողմում  երկրորդ համաշխարհայինի հաղթանակին նվիրված քայքայված հուշարձանն էր, իսկ իմ առաջ, պայթյուններ էին, որոնք հուշում էին, որ հենց այդ պահին՝ ամեն պայթյունով, ավելանում է նման գերեզմանների ու ապագա հուշարձանների պոտենցիալ թիվը։

Ինքս ինձ ուղղված հարցը, թե այս ահռելի վիշտը հնարավո՞ր է նորից տեղավորել նոր հուշարձանի մեջ, պարադոկսալ էր թվում։ 

Զոհված զինվորի իրերից՝ դրամապանակ, լուսանկարում պատկերված է զինվորի ընկերուհին մանուկ ժամանակ:

Զոհված զինվորի իրերից՝ զինվորի կողմից ձեռքով գծած տեղանքի քարտեզը:

Սա առիթ դարձավ` պատերազմից հետո փնտրել բոլոր այն «տարաները», ուր մարդիկ զետեղում են կորստյան վիշտը, հասկանալու համար, թե որտեղ է այն հնարավոր տեղավորվել։ 

Երբ այցելում էի զոհված զինվորների հարազատներին, տան հուշանկյուններում՝ զինվորի պատկերի և պարգևատրումների կողքին, տեսնում  էի գրպանի իրեր, որոնք վերջին պահին նրա մոտ են եղել. վերջին կոնֆետը, վերջին գումարը, ընկերուհու արյունոտ նկարը, պարանոցի խաչը, որը կոտրվել է ականի հարվածից, հենց կրծքի հատվածում…

Ծնողները տանը փայփայում են մնացած վերջին իրերը, որ հայտնաբերել են որդու գրպանում, զոհվելուց հետո․ դրանք իրեղեն կապեր են զինվորի ու նրա հարազատի միջեւ, որ փաստում են կյանքի վերջին պահը, որ կանգ է առել ինչ-որ մի կետում։ Ծնողներից մեկը պահպանում էր որդու շապիկը, որից որդու հոտն էր գալիս։ Ու սուր կարոտի պահին, փորձում էր շնչել ու ասես կենդանացել նախկին իրողությունը։

Յուրաքանչյուր իր` կապված կորստի հետ, կարծես սակրալ նշանակություն է ստանում։ Այստեղ վիշտը միայն զգացմունքներից մեկը չէ, այն թույլ չի տալիս մոռանալ, պոկել, անջատել, այլ մղում է ցավը հավաքելու, պահպանելու ու դրանից նոր իրողություն, նոր հիշողություն ստեղծելու։ 

Զոհված զինվորի իրերից՝ թևի ժամացույց:

2020 թվականի պատերազմի արդյունքում զինվորի կրծքագրպանում հայտնաբերված լուսանկարը (որտեղ հայրը, մայրը և ինքն են) իմ ձեռքում այլ իմաստ է ստանում:

Զգուշանում եմ՝ բեկորից վառված նկարը կարող է հանկարծ մասերի բաժանվել։  Լուսանկարում եմ: Լուսանկարից «ինձ նայողը» ժպտացող ընտանիքն է, իսկ քիչ ներքեւում՝ լուսանկարի մեջտեղում, բեկորի ծակած խոռոչն է․․․

Զոհված զինվորի ծոցագրպանի իրերից՝ ականից ծակված  լուսանկարում պատկերված է մայրը, հայրը և զինվորը; Լուսանկարն արվել է բանակում երդման արարողությունից հետո՜ ծնողների հետ տեսակցության ժամանակ:

Զոհված զինվորի իրերից՝ տուփում տեղադրված լուսանկարում զինվորն է ընկերուհու հետ մինչ զինծառայությունը, իսկ վարդը ընկերուհու նվերն է:

(1997 թվականին ինքս զինծառայող էի։ Ընկերոջս ընտանիքը, ում հետ Մոսկվայում էի ապրել, նամակ էր ուղարկել ինձ։ Թղթից ինձ ծանոթ օծանելիքի հոտն էր գալիս։ Ես պարբերաբար շնչում էի նամակի հոտը, որ տարբերվում էր Հորադիզի տապի, հողի, քրտինքի հոտից։ Շնչում էի, որ հիշեի ինքս ինձ մինչ ծառայությունը)։

Ի՞նչ էր մտածում զինվորը, երբ խրամատում, շրջափակման մեջ, արկի պայթունի ժամանակ գրպանից հանում էր այս լուսանկարը, ում «ցավն էր տանում», «ում կյանքին մեռնում» վերջին պահին։

Զոհված զինվորի իրերից՝ օրացույց, որտեղ զինվորը իր ծառայության օրերի նշումներն է արել:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա