Լոռու կապույտ, թունավոր, հիվանդաբեր լիճը․ «Նահատակ»

Լրագրող: Տաթևիկ Ճուղուրյան

12.03.24

Երբ երեքամյա Վալենտինա Միրզոյանը սկսում է իրեն վատ զգալ, ծնողներն արդեն գիտեն, թե ինչ անել՝ զանգում են բժշկին, մեքենա են փնտրում հիվանդանոց հասնելու համար և փորձում են այնպես անել, որ աղջիկը գիտակցությունը չկորցնի։

Փոքրիկը երկար օրեր է անցկացրել հիվանդանոցներում, սակայն նրա ախտանշանները պահպանվել են, իսկ բժիշկները չեն կարողացել համաձայնության գալ ախտորոշման հարցում: Նրա ծնողները՝ Հրաչն ու Նարինեն, սակայն, վստահ են՝ պատճառը Լոռու մարզի Մեծ Այրումի օդն է։ 

«Էրեխեն դառնում ա սպիտակ, պահի տակ գույնը ընկնում ա, ու ձեռիս վրա վատանում ա։ Զոռով ենք հետ բերում։ Ոնց որ մահից փրկենք։ Երկու տարի ա՝ հիվանդանոցների դռներին ենք։ Տարել ենք Արաբկիր հիվանդանոց, ասել են՝ ոչ մի պրոբլեմ չունի, ջրի պակաս ա օրգանիզմում։ 3-4 անգամ էլ տարել ենք արյունաբանական կենտրոն։ Էնտեղի բժշկուհին էլ ասում ա՝ ոչ թե ջրի պակաս ա, այլ՝ յոդի և երկաթի։ Բայց Վանաձորի հիվանդանոցում երեք անգամ մահից փրկել են, երկու սուտկա թթվածնի տակ ա էղել։ Ասին՝ ալերգիկ բրոնխիտ ա», - պատմում է Վալենտինայի մայրը՝ Նարինե Կիրակոսյանը։

3-ամյա Վալենտինան փնտրում է իր դեղը։

Նա հիշում է բժշկի արձագանքը, երբ իրենք ասացին, որ ապրում են հանքարդյունաբերության թափոններից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, որն էլ հայտնի է իր թունավոր հոտերով:

«Բժշկուհին ասեց, որ դրա հոտը էրեխու համար շատ վտանգավոր ա։ Բայց ոչ մի թուղթ չեն տվել, ասին, որ իրանց տեղամասը չի, չեն կարա ինչ-որ թուղթ տան», - ասում է Նարինեն։ 

Միրզոյանները բնակվում են 13,7 հեկտար տարածքով պոչամբարի` «Նահատակ»-ի հարեւանությամբ, որտեղ թափվում են «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» -ի արտադրական թափոնները։ 2021-ին պետք է մեկնարկեր պոչամբարի ռեկուլտիվացիան, սակայն այն շարունակում է գործել: Հրաչն ու Նարինեն, ինչպես նաեւ նրանց հարևաններն առողջական խնդիրներ ունեն։ Ընդհանուր առմամբ, Լոռու մարզում հանքարդյունաբերությանը հարող տարածքներում 13 բնակավայր կա՝ շուրջ 40000 բնակչությամբ։

«Բոլորս էլ գլխացավեր ունենք, ամբողջ ընտանիքով վատ ենք լինում։ Ես շաքարով հիվանդ եմ, նաև ճնշում ունեմ։ Շուտ-շուտ վատանում եմ, ամբողջն էդ օդից ա։ Ու մենակ մենք չենք, սաղ գյուղն ա էդ օրին։ Քամու ժամանակ դուք մենակ տենաք, թե ինչ ա կատարվում», - ասում է Նարինեն։ 

Վալենտինայի հայրը՝ Հրաչ Միրզոյանը, պատմում է, որ հանքարդյունաբերության գործընթացից մնացած թափոններն ու թունավոր նյութերը քամին իրենց այգի է բերում։ 

«Անձրևից հետո ընդհանրապես անտանելի ա։ Տհաճ հոտ ա տարածվում։ Այգում ցանածը  վախում ենք էրեխեքին տանք»,- ասում է նա։

«Նահատակը» կառուցվել է խորհրդային տարիներին, սակայն մի քանի տասնամյակ չի գործել ու  վերաբացվել է 2010 թվականին: Մեծ Այրումի նախկին բնակիչ,  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը հաստատում է՝ տեղի երեխաները միշտ առողջական խնդիրներ են ունեցել, սակայն բժիշկները երբեք չեն կարողացել հստակ բացատրություններ տալ:

Տեղամասային մանկաբույժ Անուշ Ղալայանը, ով բուժել է Վալենտինային, ընդգծում է, որ նախ անհրաժեշտ է մանրակրկիտ հետազոտություն անցկացնել, հետո արդեն խոսել առողջության վրա պոչամբարների բացասական ազդեցության մասին:

«Ես որպես մանկաբույժի եմ խոսում, բացարձակ տեղեկություն չունեմ ո՛չ պոչամբարի պարունակությունից, ո՛չ էլ նրանից, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ նրա մեջ պարունակվող նյութերը երեխայի օրգանիզմի վրա։ Բայց գիտեմ, որ եթե երեխայի առողջ ապրելակերպը գիտակցված ձևով չի պահպանվում, հնարավոր են հաճախակի հիվանդացություններ։ Երեխաների որոշակի տոկոսի մոտ ջերմության բարձրացման ֆոնին և՛ ուշագնացություն, և՛ թուլացում լինում են։ Դրանք հստակ կապել պոչամբարի հետ հնարավոր չի՝ առանց լուրջ հետազոտություններ անելու։ Թերի սնուցումն ու խնամքն էլ հիվանդանալու պատճառ կարող են դառնալ՝ անկախ նրանից կողքը կա ինչ-որ մի աղբյուր, որտեղ քիմիական նյութեր կան, թե ոչ», - նշում է մասնագետը։

2018 և 2021 թվականներին կատարված ուսումնասիրությունները, սակայն, տվյալ տարածքում վտանգավոր աղտոտվածության ապացույցներ են գրանցել: Օրինակ՝ մոտակա համայնքների՝ Ախթալայի, Շամլուղի և Ճոճկանի բնակիչների մեզի և մազերի նմուշներում հայտնաբերվել է մկնդեղի բարձր մակարդակ: Ամենաբարձր մակարդակը գրանցվել է Միրզոյանների գյուղում՝ Մեծ Այրումում ապրող երեխաների մոտ։

Քիմիական անվտանգության հարցերով զբաղվող չեխական «Առնիկա» կազմակերպության մասնագետները «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «ԷկոԼուր» և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ների հետ գործակցությամբ նմուշառման աշխատանքներ են իրականացրել Լոռու մարզի հանքարդյունաբերական գործունեության ազդեցության տակ գտնվող և քիմիական աղտոտվածության ենթարկված տարածքներից։ 

Սենյակային փոշու, հողի, գետային նստվածքների, ձվի և կենսանյութերի (մեզի և մազերի) 136 նմուշ է վերցվել։ Հետազոտության արդյունքները փաստել են, որ վերցված նմուշներում ծանր մետաղների, մասնավորապես մկնդեղի, կադմիումի, պղնձի, ցինկի և կապարի պարունակությունը նորմայից մի քանի անգամ բարձր է։ Իսկ որոշ փորձանմուշներում ծանր մետաղների սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է նույնիսկ տասնյակ անգամները։ 

 

Անցորդները կանգ են առնում ու նայում են պոչամբարին` հաճախ կարծելով, թե փոքր լիճ է։ 

Ուսումնասիրությունների արդյունքները, սակայն, չեն օգնել Միրզոյանների ընտանիքին և մյուս բնակիչներին։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Դուլգարյանը նշում է, որ Առողջապահության նախարարությանը հետաքրքրել են ուսումնասիրությունների արդյունքները և նրանք Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետներին Հայաստան են հրավիրել՝ չորս համայնքներում ուսումնասիրություն անելու համար, սակայն 2020 թվականի համաճարակի պատճառով ծրագիրը չի իրականացել։ Դուլգարյանի խոսքով՝ դրանից հետո նախարարությունը ոչ մի գործողություն չի ձեռնարկել։

Հայաստանի առողջապահության նախարարությունից «Չայխանա»-ին օրեր առաջ հայտնել են, որ «Առնիկա»-ի հետազոտությունների զեկույցը չի պարունակում այնպիսի վերլուծություններ, ինչպիսիք են տարբեր գործոններով պայմանավորված և տարբեր ուղիներով մարդու օրգանիզմ մտնող նյութերի չափաբաժինների, վտանգավորության գործակիցների, անհատական և պոպուլյացիոն ռիսկերի հաշվարկներ։  

Ըստ նախարարության՝ Հայաստանի տարբեր մարզերում ու բնակավայրերում, այդ թվում՝ պայմանական «մաքուր» գոտիներում, իրենց կողմից վերցված հողի նմուշների քիմիական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հողի մեջ ծանր մետաղների (պղինձ, ցինկ, արսեն, քրոմ, կապար և այլն) բարձր խտությունները պայմանավորված են Հայաստանի աշխարհագրական առանձնահատկություններով։ 

Իսկ կենսանմուշներում քիմիական նյութերի բարձր  պարունակությունը նախարարությունը պայմանավորում է ոչ միայն հանքարդյունաբերության, այլև տարատեսակ գործոնների ազդեցությամբ։ Օրինակ այն, որ կապարի աղբյուր կարող են հանդիսանալ որոշ ներկեր, բենզինը և այլն։ 

«Դրանց բացահայտման, ինչպես նաև այդ գործոնների մարդու առողջության վրա բացասական ազդեցության պատճառահետևանքային կապը հաստատելու համար անհրաժեշտ է իրականացնել երկարատև և խորացված համաճարակաբանական հետազոտություններ՝ զուգորդելով լաբորատոր հետազոտությունների հետ և ներգրավելով գիտական ներուժը», - ասված է Առողջապահության նախարարության պատասխանի մեջ։ 

Իսկ թե ինչու Առողջապահության նախարարությունը մինչև հիմա չի իրականացրել նշված «երկարատև և խորացված համաճարակաբանական հետազոտությունները», հայտնի չէ։ 

«Առնիկա»-ի անցկացրած հետազոտությունների արդյունքների հիման վրա են Ալավերդու վարչական կազմում գտնվող Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի 70 բնակիչներ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» դեմ հայցով դատարան դիմել՝ իրենց առողջությանը և տնտեսությանը հասցված վնասի փոխհատուցման պահանջով։ 

Գործը ի սկզբանե մերժվել է դատարանների կողմից. բնակիչները բողոքարկել են որոշումը, և վերաքննիչ դատարանը որոշել է այն ուսումնասիրել և վերաքննել առաջին ատյանի դատարանում։ Դատարանը ներկայումս քննում է հայցը։ Բնակիչներն ասում են, որ գործը կհասցնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եթե չկարողանան արդարադատություն գտնել Հայաստանում:

Դուլգարյանը կարծում է, որ կան բազմաթիվ ապացույցներ այն ուսումնասիրություններում, որոնք արդեն իսկ իրականացվել են։ 

«Չընդունել դրանք, նշանակում է կասկածի տակ դնել այն երկրի պետական հավատարմագրված լաբորատորիան, որն աշխատում է Եվրոպական միության ստանդարտներով։ Իսկ Հայաստանը Եվրամիության հետ ունի ընդլայնված գործընկերության պայմանագիր, որի մեջ մեծ տեղ է տրված շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը, նաեւ նրան, որ մարդկանց իրավունքները պետք է պաշտպանվեն», - նշում է Դուլգարյանը։  

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա