Օրենքի փոփոխություններն ու նոր գործիքները մեծացնում են ընտանեկան բռնության ենթարկվածների պաշտպանությունը

Լրագրող: ,

Իլյուստրատոր:

06.02.24
թեման: Կանայք

Վեց տարի շարունակ Անահիտն* ամեն օր վախի մեջ էր ապրում։

Ամուսինը սկսել էր հարվածել նրան ամուսնության առաջին օրվանից, և բռնությունը չէր դադարել, մինչև որ վերջինս փախել էր և ոստիկանություն հաղորդում ներկայացրել:

Կինը վերջապես հեռացել էր այն բանից հետո, երբ հասկացել էր, որ ամուսինը կարող է սպանել իրենց երեխներից մեկին։ 

«Ամուսինս բոլորովին չէր մտածում, որ ես հղի եմ, որ երեխային կվնասի. եթե նա որոշեր, որ պետք է ծեծի ինձ, ապա կծեծեր, և վերջ»,- ասում է նա։ «Եթե ես պատմեմ իմ կյանքը՝ դրվագ առ դրվագ, ապա այն սարսափ ֆիլմ կհիշեցնի»:

40-ամյա Անահիտն այն հայ կանանցից մեկն է, ովքեր քրեական հետապնդում են պահանջում բռնարար ամուսինների համար եւ այս կանանց թիվը գնալով ավելանում է։ Իրավապաշտպանները կարծում են, որ վերջին բարեփոխումները, ներառյալ չարաշահողների համար մոնիտորինգի սարքերի ներդրումը, օգնում են վերացնել մշակութային խորը տաբուները, որոնք ժամանակին կանանց շղթայված էին պահում բռնարարներին:

Մարդու իրավունքների պաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նշում է, որ թեև ընտանեկան բռնության դեպքերի ընդհանուր թիվը դեռ մտահոգիչ է, սակայն ակնհայտ է, որ կանայք սկսում են բարձրաձայնել բռնության դեպքերի մասին։

«Կոմպլեքսը հաղթահարվում է», - ասում է նա: «Կանայք սկսում են հասկանալ, որ ամոթ չէ բռնության ենթարկվելը, որ իրենք մեղավոր չեն, որ բռնության են ենթարկվում, և եթե լռեն, կարող են մահանալ»։

Ըստ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա տեղական ոչ կառավարական կազմակերպության, 2022 թվականին բռնարարների կողմից 16 կին է սպանվել: Ընդհանուր առմամբ, ընտանեկան բռնության մասին հաղորդումների թիվն աճել է, ինչը իրավապաշտպան Արման Ղարիբյանը համարում է նշան առ այն, որ բարեփոխումները սկսում են գործել։ Մի բան, որ միշտ չէր հանդիպում անցյալում։

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ տարիների համեմատ ընտանեկան բռնությունների թիվն աճել է։ Փաստորեն, խնդրի մասին խոսողների թիվն է ավելացել, և դա դրական է»,- ասում է իրավապաշտպան Արման Ղարիբյանը։

«Իրավապահ համակարգը գերծանրաբեռնված է, ինչը նշանակում է, որ երբեմն դեպքերը երկար են հետաքննվում… բայց դրական է, որ գործերը քննվում են»,- ավելացնում է իրավապաշտպանը։

Փոփոխությունները մի շարք օրենքների և կառավարության նոր ռազմավարությունների արդյունք են՝ սկսած 2018 թվականի ընտանեկան բռնության մասին օրենքից, որն  իրավապահներին իրավունք է տվել ավելի ակտիվ գործել: Օրենքի վերջին փոփոխությունները թույլ են տալիս ոստիկանության աշխատակիցներին օգտագործել էլեկտրոնային մոնիտորներ՝ ապագա չարաշահումները կանխելու համար:

«Սա դրական քայլ է, որը մեծ օգուտ կբերի»,- նշում է Հովհաննիսյանը, որն իրավապաշտպան  լինելուց բացի նաև աշխատում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի PR թիմում։

«[Այժմ] բռնարարը կարող է հետևել զոհին, լուռ մոտենալ և նորից բռնություն գործադրել։ Այս համակարգի ներդրմամբ այդ ռիսկը նվազում է։ Տուժողը չպետք է վախենա, որ թիկունքից կհարձակվեն»,- նշում է Հովհաննիսյանը։

Անահիտի համար դա մշտական վախ է։ Չնայած այն հանգամանքին, որ  2021 թվականի ամուսնու ձերբակալությունից հետո նա իր երեք երեխաների հետ առանձին է ապրում, դեռ վախենում է, որ ամուսինը կգտնի իրենց ու նորից կհարձակվի։ Անահիտը նշում է, որ առաջին անգամ իրեն լրիվ ազատ զգաց այն ժամանակ, երբ ամուսինը կրում էր ընտանեկան բռնության համար վեցամսյա ազատազրկումը։

«Այդ ժամանակ ես կարողացա վերագտնել ինձ․ առաջին անգամ կարողացա տանից դուրս գալ, առանց վախի քայլել արևի տակ, գնալ խանութ և երեխաներիս համար կոնֆետ գնել։ Չեք պատկերացնի, թե ինչ երջանիկ պահ էր»,- ասում է նա։ «Այժմ, սակայն, նորից վախ եմ զգում, ամուսինս բանտից դուրս է եկել, և վախենում եմ, որ նա մեզ նորից հանգիստ չի թողնի… Հուսով եմ, որ մի օր ինձ չի սպանի»:

Փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո, դատապարտված անձը կկրի էլեկտրոնային ապարանջան կամ մոնիտոր, որը թույլ կտա ոստիկանությանը վերահսկել նրա տեղաշարժը  և համոզվել, որ նա չի հետապնդում իր նախկին զոհերին: Նմանատիպ սարքեր արդեն օգտագործվում են հարեւան Վրաստանում, ինչպես նաև Կանադայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում:

Անահիտն ասում է, որ սոցիալական աշխատողն իրեն պատմել է մոնիտորինգի սարքի և այլ իրավական գործիքների մասին, որոնք պետությունը ներդնում է նման կանանց պաշտպանելու համար։ Այսօր նա փորձում է կենտրոնանալ իր երեխաների համար ավելի լավ կյանք կառուցելու վրա:

«Ես շատ ուշ հասկացա, որ իմ խնդիրը ոչ թե դեմքիս կապտուկներն էին, այլ իմ լռությունը։ Կարծում էի, որ ինձ մատնացույց կանեն, կմեղադրեն»,- ասում է նա: «Բռնարարին վերահսկելուց բացի, կարևոր է նաև հասարակությանը փոխելը»:


* Չայխանան չի նույնականացնում Անահիտին կամ նրա երեխաներին ու չի բացահայտում նրանց գտնվելու վայրը՝ ելնելով նրանց իսկ անվտանգությունից: 


 

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա