Խախտելով լռությունը դաշտանի մասին

Լուսանկարիչ: Մարիա Զաքարյան

22.01.24

20-ամյա Էմմա Վանեցյանն ընդամենը ինը տարեկան էր, երբ սկսվեց նրա դաշտանը։։ «Շատ տարօրինակ էր. տատիկս եկավ ինձ շնորհավորելու ու ասաց, որ ես հիմա մեծ աղջիկ եմ։ Քանի որ դեռ 9 րարեկան էի, ահավոր ամաչում էի»:

 Էմման սկսեց թաքցնել իր միջադիրներն ու չխոսել դաշտանի մասին այն ժամանակ, երբ շրջակայքում տղամարդիկ կային։

«Ես ինչ-որ չափով պատրաստ էի, քանի որ գիտեի, որ մայրիկիս դաշտանը նույնպես շուտ էր սկսվել… Բայց կարծում էի, որ մեկ անգամ է լինելու, ես չգիտեի, որ ամեն ամիս կրկնվելու է», - ասում է Էմման:

Հետազոտող Սոնա Բալդրյանը նշում է, որ Հայաստանում, ինչպես նաեւ Հայաստանից դուրս, դաշտանի հարցում աղջիկներն ու կանայք շատ հաճախ բախվում են  ամոթի և տեղեկատվության պակասի հետ։

«Դաշտանը դեռևս հին ժամանակներից ամոթի ու կանանց ու աղջիկներին հանրային տարածքից ու կյանքից առանձնացնելու պատճառ է եղել։ Այս ամենը ուղեկցվում է, դպրոցներում համապարփակ սեռական դաստիարակության բացակայությամբ, երբ աշակերտներին այս շատ սովորական գործընթացները համապատասխանաբար չեն ներկայացվում։ Որի պատճառով դեռահասները և պատանիները, եթե ծնողների կողմից էլ համապատասխան գիտելիքներ չեն ստացել, խուճապի են մատնվում առաջին դաշտանի ժամանակ։»

Այդպես էր նաեւ 22-ամյա Վիկա Ներսիսյանի դեպքում, ով ոչ-բինար է և  անգլերենում օգտագործում  է she/they դերանունները: Առաջին դաշտանը սարսափելի փորձառություն  էր, մասամբ այն պատճառով, որ մայրը չէր նախապատրաստել նրան:

«Ես կարծում էի, որ հիվանդ եմ, սարսափելի ծանր հիվանդություն ունեմ: Հիշում եմ, որ ընկերներիս հետ խոսում էինք այդ մասին՝ առանց դաշտան բառն օգտագործելու:  Այլ բառեր էինք օգտագործում, օրինակ ասում էինք՝ այդ օրերը»,- ասում է Վիկան։ «Դա տաբու էր, և մենք գիտեինք, որ տղամարդիկ չպետք է իմանան այդ մասին»:

Հետազոտող Բալդրյանը նշում է, որ հայրիշխանական բարքերի գերակայությունը կրթական համակարգում, ինչպես նաև մասանվոր տարածքում՝ ընտանիքում, «կանացի» հարցերը վերածում է խիստ անձնական խնդիրների, որոնք արժանի չեն հանրային քննարկման կամ ընդունման։ 

«Հիշում եմ իմ դպրոցական օրերը, երբ մեզ ասում էին, որ տղաները գաղտագողի մտնում են աղջիկների պայուսակներ, ու երբ «պակետ» էին գտնում, սկսում էին ձեռ առնել»:,- ասում է նա։ «Սրանք շատ էին ազդում իմ գիտակցության վրա ու վախի մթնոլորտում էինք մեծանում սրա պատճառով»:

Հասարակության մեջ, որտեղ դաշտանի մասին խոսակցությունները հաճախ գաղտնի են, լեզուն դառնում է հզոր գործիք, որն արտացոլում է հիմքում ընկած խարանը: Հայոց լեզվում կա դաշտանի մասին կոդավորված բառերի երկար ցանկ։ Օրինակ՝ «այդ օրերին», «մեջքս բացվեց», «Կրասնոդարից եկած մորաքույրը», «Կարմիրից եկած բարեկամը» եւ այլն։

Բալդրյանն ասում է, որ «կոդավորված լեզվի» օգտագործումը խնդրահարույց է. «Մինչև իրավապաշտպան կազմակերպությունում աշխատանքի անցնելը դաշտանին «հիվանդ եմ» էի ասում։ Եթե դու կարծում ես, որ դաշտանը հիվանդություն է, իսկ դաշտանի արյունը «կեղտոտ արյուն» ապա դու ապամարդկայնացված վիճակում ես հայտնվում։ Իսկ եթե քեզ քո մարդկությունից զրկում են, ապա քո ամբողջ իրականությունը արժեզրկված է»։

Վիկան ասում է, որ նա փորձում է բաց խոսել դաշտանի մասին, բայց Հայաստանում դա դեռ նորմալ չէ։ «Հայաստանում շատերը դեռ պահպանողական են այդ հարցում։ Հիշում եմ, որ դպրոցում մի անգամ հարցրի ուսուցչուհուս տամպոնների մասին, և նա շատ զայրացավ ու ասաց, որ երբեք չպետք է տամպոն օգտագործեմ ու ոչինչ չբացատրեց»,- ասում է նա։

«Հայաստանում կա երկու իրականություն, որտեղ արյունը խնդրահարույց է։ Մյուսը «կարմիր խնձորի» ավանդույթն է, որտեղ ամուսնության առաջին գիշերվանից հետո վերցնում ես սպիտակ սավանը՝ արյան հետքերով, ցույց տալիս բոլոր հարևաններին, կախում դռնից։ ինչո՞ւ է դա նորմալ, իսկ դաշտանը՝ աննորմալ»։

Տիգրանը, ով տրանս տղամարդ է, ասում է, որ դաշտանի ժամանակ իրեն «տարօրինակ» է զգում։

«Ես սիրում եմ տարբերվել իմ արտաքինով կամ գործողություններով, բայց տարբերվելը պարզապես այն պատճառով, որ ես այդպիսին եմ ծնվել, երբեք հեշտ չի եղել ինձ համար: Ես հակված եմ փակ լինել այն մարդկանց հետ, ում հետ  մտերիմ ընկերներ չենք, իսկ դաշտանի առկայությունն դա ավելի է դժվարացնում»,- ասում է նա: «Ես հաճախ պետք է թաքնվեմ, նախապես պլանավորեմ, թե ինչպես կամ որ զուգարանը գնալ կամ փոխել հիգիեանայի պարագաները, որպեսզի ոչ մեկ չհասկանա, և ես անընդհատ տագնապում եմ ու, մտածում եմ, որ ինչ-որ մեկը կնկատի»:

Հետազոտող Սոնա Բալդրյանը նշում է, որ այն անհատների համար, ովքեր նույնականացնում են գենդերային բինար համակարգից  դուրս, դաշտանը կարող է տրավմայի պատճառ լինել:

«Կարևոր է ընդունել, որ ոչ բոլոր ցիսգենդեր կանայք և աղջիկներն են ունենում դաշտան, միաժամանակ գիտակցելով, որ տրանս կանայք, օրինակ, կարող են վիրահատությունից հետո միջադիրներ օգտագործել», - ասում է նա:

«Կանայք շատ տարբեր են և միանման փորձառություններ չունեն, այդ փորձառությունները միայն գենդերային ինքնություններից ելնելով տարբեր չեն և ռեդուկցիոնիզմից պետք է խուսափել։»:

Դա նաև տարածվում է ցավի կամ անհանգստության մակարդակի վրա, որը կարող է առաջացնել դաշտանը, և բժիշկները միշտ չէ, որ լուրջ են վերաբերվում մտահոգություններին:

«Մյուս կողմից բուժսպասարկման տեսանկյունից շատ խնդրային հայացքներ կրող բժիշկներ ունենք մինչև հիմա։», - ասում է Բալդրյանը: «Օրինակ դեպքեր գիտեմ, երբ էնդոմետրիոզի շատ ծանր դեպքով դիմում են բժշկի ու փոխարենը նրանց առողջական խնդիրը լուծելու, բժիշկը կնոջը ասում է. «Ամուսնանաս, կանցնի»։  Սա ցույց է տալիս, որ վերարտադրողական ու սեռական առողջության տեսանկյունից խտրական մոտեցումները համատարած են առողջապահական համակարգում, ինչը բացասաբար է ազդում հանրային առողջապահության վրա։»։

Լիլիթն ունի նախադաշտանային դիսֆորիկ խանգարում (PMDD): Սկզբում նրա դաշտանը ցավոտ չէր, բայց աստիճանաբար դարձավ անտանելի: «Դրա մասին իմացա երկու տարի առաջ…պարզվեց, որ ամսվա մեջ միայն երկու շաբաթ եմ ունենում, երբ ինձ լավ եմ զգում, իսկ մյուս երկու շաբաթը ես շատ վատ եմ», - ասում է նա:

«Խնդիրն այն է, որ շատ քիչ է խոսվում դաշտանի մասին, և չկա նորմալ հետազոտություն։ Հոգեբանությունն ու հոգեբուժությունը, որին մենք ծանոթ ենք, ցիս տղամարդկանց մասին է։ PMDD-ին շատ քիչ է ուսումնասիրված »:

Այսօր նա դեղորայք է ընդունում ցավերը թեթևացնելու համար։

Էմման նույնպես 15 տարեկանից դեղորայք է ընդունում. «Ամիսներ կան, որ դաշտանը շատ ցավոտ է, և ես, օրինակ, ի վիճակի չեմ աշխատել, և պետք է նորմալ լինի, որ այդ օրերին աշխատանքի կամ դասի չգնաս, քանի որ չես կարող ոտքի վրա կանգնել»,-ասում է նա։

Ցավոք սրտի, Հայաստանում դաշտանի ժամանակ վճարովի հանգստյան օր վերցնելու հնարավորություն չկա։

«Վերջերս ընկերներիս հետ քննարկում էինք այս թեման, և կարծիք հնչեց, որ եթե ցիս տղամարդիկ դաշտան ունենային, դա պաշտամունք կդարձնեին,- ասում է Էմման,- կասեին, որ դա առնականություն է ցույց տալիս, բայց մեզ ստիպում են, որ ամաչենք դրա համար»։

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա