Տիկնիկագործը, որ խաղաղություն է բերում իր պատմությունների միջոցով

Լրագրող: Բասա Մետրևելի, Սերինե Գաբրիելյան,

Լուսանկարիչ: Բասա Մետրևելի

28.12.23

Ինքնուս տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը խաղաղության համար անհավանական գործիք է գտել՝ տիկնիկները։

«Ես փոքր ժամանակ չէի սիրում հեքիաթներ… Հետո հասկացա, որ հեքիաթները կարող են նաև շատ հզոր ուժ լինել իրենց  ներքին հեքիաթը մարդկանց վերադարձնելու համար»,- բացատրում է 35-ամյա Արմեն Հովհաննիսյանը:

«Ես որոշեցի ստեղծել թատրոն՝ մի փոքր բարիություն բերելու և աշխարհը տիկնիկների միջոցով փոխելու նպատակով», - հավելում է նա։

Արմենը վիրահայ է, Վրաստանի հարավային Մառնեուլի շրջանից, որտեղ մեծամասամբ ազգային փոքրամասնություններ են բնակվում՝ հայեր և ադրբեջանցիներ։ Նա իր գործունեությունը սկսել է 5 տարի առաջ՝ մի ճամպրուկով՝ ներկայացնումներն ու մշակույթը բերելու այն համայնքներ, որոնք զրկված են թատրոնից։ Այսօր նա ճամփորդում է գյուղից գյուղ՝ բեմադրելով հայկական մշակույթի վրա հիմնված պիեսներն՝ իր ձեռքով պատրաստած տիկնիկներով։

«Երբ ես մանուկ էի, սպասում էի, որ թատրոնը կգա մեր գյուղ, բայց այն այդպես էլ չեկավ», - հիշում է նա, - «Հիմա, երբ ես գնում եմ, բացում եմ ճամպրուկս, և (հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես) Թումանյանն իր հերոսներով դուրս է ցատկում, կամ (կինոռեժիսոր Սերգեյ) Փարաջանովը ու հեքիաթը սկսվում է երեխաների համար…. Երեխայի մոտ, որը մեծանում է տիկնիկների հետ խաղալով, ձևավորվում է բոլորովին այլ ներաշխարհ, իսկ նրանք, ովքեր ձգտում են պատերազմների, հավանաբար, մանկության տարիներին տիկնիկներ չեն ունեցել»։

Որպես ազգությամբ հայ՝ Արմենն իր տիկնիկներով փորձում է ոչ միայն տեղի հայերին կապել իրենց մշակույթին, արմատներին, այլ հնարավորություն տալիս վրացիներին ու ադրբեջանցիներին սովորել այդ մշակույթի մասին, իմանալ այն։ Նկատելով, որ որևէ մեկը չի պարտադրում ազգային փոքրամասնություններին հրաժարվել իրենց լեզվից կամ մշակույթից, նա հավելում է, որ հնարավոր է, որ դժվար լինի սեփական էթնիկ ինքնությունը պահելը։

«Ես իմ ճանապարհը գտել եմ տիկնիկային թատրոնում: Բացի այդ, վրացիները հարգում են իրենց մշակույթը պահպանող մարդկանց»,- ասում է նա:

«(Վրաստանի) ադրբեջանցի երեխաները գալիս են հայկական ներկայացում դիտում, կամ հայ երեխան վրացերենով վրացական մշակույթ է լսում: Վրացական մշակույթին առնչվող հայ երեխան նույնպես կսովորի այդ լեզուն, իսկ վրացին, ծանոթանալով մեր մշակույթին, նույնպես կսկսի հարգել այն։ Այդպես կարող է բարեկամություն ծնվել տարբեր ազգերի երեխաների միջև, և հեքիաթը կարող է միավորել բոլորին։ Եվ դա հենց այն է, ինչ ես ուզում եմ»:

Այս ֆոտոռեպորտաժը և օրագիրը պատրաստել է Չայխանայի լուսանկարիչ Բասա Մետրևելիին, որը մի քանի օր հետևել է Արմեն Հովհաննիսյանին և վավերագրել նրա արվեստն ու երեխաների հետ իր շնորհը կիսելու նվիրվածությունը:

...

Հայրս միշտ խոստանում էր ինձ մարիոնետների թատրոն տանել, բայց նա այդպես էլ դա չարեց։ Այնուամենայնիվ, տիկնիկները նորից գրավեցին իմ ուշադրությունը, երբ ծանոթացա Ալան Մուրի «Պահապանները» կոմիքսներին: Դոկտոր Մանհեթենի գիծը՝ «Ես պարզապես տիկնիկ եմ, որը կարող է տեսնել լարերը», միշտ մնացել է ինձ հետ: Ես մտածել եմ դաջվածք անելու մասին, բայց չգիտեմ, թե ինչպես նկարել տիկնիկ, որը տեսնում է իր լարերը կամ ո՞ւմ հարցնել:

Այնպես որ, ես ոգևորվեցի, երբ հանձնարարություն ստացա լուսանկարել իրական տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանին:

Նա բարձրահասակ տղամարդ է՝ արտիստիկ գլխարկով։ Նա կարծես ամբողջովին կլանված է իր աշխատանքով, գեղարվեստական աշխարհով։ Արմենը Սերգեյ Փարաջանովի մեծ երկրպագուն է։ Ես, իհարկե, գիտեմ, թե ով է Փարաջանովը, բայց երբեք մեծ ուշադրությամբ չեմ դիտել նրա ստեղծագործությունները։

Սա ճիշտ ժամանակն է՝ ասացի ինքս ինձ եւ սկսեցի «Սայաթ Նովայով». Ես ապշած էի։ Իմ կարդացած հոդվածում նշվում էր, որ նա բանտարկվել է ֆիլմի համար, բայց ես զարմացած էի, որ նրան չեն գնդակահարել: Ես արդեն ուրախ էի, որ համաձայնեցի անել այս հանձնարարությունը: Հետո նայեցի «Աշիկ-Քերիբը». Փարաջանովն է այն հասցրել ստեղծել բանտից ազատվելուց հետո։ Հանճարեղ լինելը մի բան է, իսկ քաջություն ունենալը՝ մեկ այլ բան: 

Արմենը կարծում է, որ հայելիները կախարդական ուժ ունեն, հատկապես եթե դրանք հին են։ Իր տան շուրջը պահում է մի քանիսը։ 

Արմենի տունը, Շահումյան գյուղ

3 հուլիսի, 2023 թ

Մառնեուլի եմ հասնում վաղ առավոտյան։ Արմենը դիմավորում է ինձ Մառնեուլիի հանրային գրադարանի մոտ և ներս հրավիրում։

Ասում է՝ այսօր երկու դաս ունի՝ մեկը Մառնեուլիի հանրային գրադարանում, մյուսը՝ Թամարիսի գյուղում։ Այսօր նրանք կկենտրոնանան նրա վրա, թե ինչպես կարելի է ուկրաինական թեւերով բու տիկնիկ պատրաստել։

«Չգիտեմ՝ նրանք օրվա վերջում արտիստ կդառնան, թե ոչ, բայց գիտեմ, որ նրանք հաստատ լավ հանդիսատես կլինեն ցանկացած թատրոնում»,- ասում է Արմենը։


Երեխաները ոգևորված են իրենց դասով։ Նրանք պատրաստվում են իրենց փոքրիկ շոուին՝ «Marneuli News»-ին՝ «Մառնեուլիի լուրերին»։ Նրանք իրենց իսկ ձեռքով պատրաստած տիկնիկներն են կիրառում՝ քննարկելու տարածաշրջանի խնդիրները և կանխատեսելու եղանակը։

Արմենը երեխաներին սովորեցնում է տիկնիկագործության իր արհեստը՝ Մառնեուլիի համայնքային կենտրոնում։

Արմենը շուտով ևս մեկ մեծ տիկնիկային ներկայացում ունի։ Այն կանցկացվի Մառնեուլիի համայնքային կենտրոնում։ Նա ինձ պատմեց, որ պիեսում իրեն անձնավորող կերպար կա. նրա անունը Հարուկ է և նա ունի իր մարիոնետների թատրոնը մտացածին «Այսիա» գյուղում։

«Թատրոն թատրոնի ներսում… Չե՞ք կարծում, որ սա չափազանց բարդ է: Այս անգամ շատ հեռուն գնացիր, Արմե՛ն»,- նրան է դիմում գրադարանավարուհիներից մեկը։ Արմենը պարզապես ժպտում է:

Թամարիսիի դասից հետո Արմենն ինձ հրավիրեց Շահումյան իր տուն։

Արմենն իր բակը զարդարել է թբիլիսյան հին ոճով։ Արմենի տունը, Շահումյան 

Արմենի տան սենյակները լի են տիկնիկներով, նկարներով և տարբեր տեսակի ստեղծագործություններով։ Ամեն անկյունում ինչ-որ արտեֆակտ կա՝ կենդանի աչքերով: Ես դժվարանում եմ տեսախցիկի վրա կենտրոնանալ... Բոլոր հայացքներն ինձ վրա են: Բայց, երևի այդ պատճառով է, որ ցնկացել եմ լուսանկարիչ լինել՝ ուսումնասիրել այն վայրերը, որոնք ես երբեք չէի պատկերացնի, վայրեր՝ որտեղ ես այլ կերպ մուտք չէի ունենա:

Արմենն է պատրաստել տիկնիկները, սեղանը, կախարդական երաժշտական տուփը և այն ամենը, ինչ տեսնում եք նկարում։ Նրանք բնակվում են նրա ննջարանի մի անկյունում։ Արմենի տունը, Շահումյան

Արմենի սենյակներում ես սկսում եմ ընկալել նրա մտապատկերը: Ես տեսնում եմ նրա հրապուրանքը 19-րդ և 20-րդ դարերի բազմամշակութային Կովկասի նկատմամբ, մի վայր, որտեղ միահյուսվել է բազմազանությունը, և տարբեր ազգեր են գոյակցել՝ հիմքը դնելով առանձնահատուկ ու շքեղ մշակույթի:

Սուրբ Ծննդյան փոքրիկ տեսարան Արմենի հյուրասենյակում. Արմենի տունը, Շահումյան

Դարակներից մեկում նկատում եմ Նիկո Փիրոսմանիին։ Անկասկած, նա իր ուրույն տեղն ունի Արմենի աշխատանքներում։ Ես սկսեցի նաև շատ հայելիներ նկատել։

«Հայելիները հզոր կախարդական ուժ ունեն, հատկապես եթե հին են»,- ասում է Արմենը։

«Երազներ և հեքիաթներ. դրանք կապված են: Իմ հեքիաթները նաև մեծերի համար են, քանի որ նրանց նույնպես հեքիաթներ են պետք: Մենք կարող ենք մտածել, որ մենք մեծ ենք, բայց մեր մեջ միշտ երեխա է ապրում: Իմ պիեսների միջոցով ես նպատակ ունեմ օգնել նրանց վերամիավորվել իրենց ներքին երեխայի հետ: Այնուամենայնիվ, ինչ-որ կերպ իմ պատմությունները հաճախ ողբերգական են դառնում», - նշում է նա:

14-ը հուլիսի, 2023 – «Այսիայի» ներկայացումը Մառնեուլիի համայնքային կենտրոնում

«Այսիա» ներկայացման ռեժիսոր Տատո Գելիաշվիլին շոուի մեկնարկից առաջ զրուցում է դերասանների հետ։

Դռները բացվում են։ Հանդիսատեսը հիմնականում երեխաներն են՝ մի քանի մեծահասակների ուղեկցությամբ։ Գլխավոր լույսերը մարում են, և ինձ անմիջապես ողջունում են հիանալի տեսարանները, մարիոնետներն ու գունագեղ լուսավորությունը:

Երեխաները, ծնողները և ուսուցիչներն տեղավորվել են՝ դիտելու Տատո Գելիաշվիլիի բեմադրած թատրոնը, որտեղ ներկայացված են Արմենի տիկնիկները:

Ներկայացման գործողությունները տեղի են ունենում «Այսիա» գյուղում, որը հայտնի է նաև որպես Ծագող արևի գյուղ: Այն պատկերում է տարբեր ազգություն և աշխարհայացք ունեցող մարդկանց, ովքեր ապրում են միասին և երջանիկ՝ աջակցելով միմյանց կյանքի դժվար պահերին:

Կադրեր բուն պիեսից, ցույց են տալիս Հարուկին՝ պիեսում Արմենի կերպարին և նրա տիկնիկների թատրոնը։

Ես ամբողջովին կլանված եմ բեմականացմամբ: Ամեն ինչ գեղեցիկ է արված։ Միայն ներկայացման կեսից հասկացա, որ առաջին անգամն է, մարիոնետների ներկայացման եմ եկել:

Հորս տված բոլոր խոստումներից հետո ոչ թե ինքը, այլ տեսախցիկը բերեց ինձ այստեղ: Թերևս երբեմն տեսախցիկն այսպես է աշխատում. այն ստիպում է քեզ հետամուտ լինել քո չկատարված ցանկություններին՝ ճանապարհին բացահայտելով քո ենթագիտակցությունը: Սակայն, երբեք չէի պատկերացնի, որ առաջին անգամ մարիոնետների ներկայացում կդիտեմ Մառնեուլիում։ Ես պետք է մի օր երեխայիս բերեմ այստեղ:

Ներկայացումից հետո դերասանները խոնարհվում են

Ներկայացումից հետո Արմենին առաջարկեցի մեքենայով վերադառնալ տուն։ Ես նրան իմ հիացմունքը հայտնեցի, իսկապես չէի մտածում, որ նման տեսարանի ականատես կլինեմ։ Նա հրաժարվում է ընդունել իմ գովասանքները՝ ասելով, որ ամեն ինչ կարող էր ավելի լավ լինել: Չնայած նա ինձ կրկին իր տուն է հրավիրում, ես ստիպված եմ հրաժարվել, քանի որ պետք է որդուս վերցնեմ մանկապարտեզից: Երբ իմանում է տղայիս անունը՝ Ներսես, որ հայկական ծագում ունի, շատ է հուզվում։

«Գիտե՞ք՝ ով է Ներսես Շնորհալին, չէ՞։ Իհարկե, գիտեք»,- բացականչում է նա։

Իհարկե, չգիտեմ։ Ես ամոթից գլուխս օրորում եմ։ Այս մարդն ինձնից ավելին գիտի նույնիսկ իմ որդու անվան մասին։

«Նա տասնմեկերորդ դարի հայ մեծանուն աստվածաբան, բանաստեղծ, գրող և շարականների հեղինակ էր: Նա սրբադասված է և՛ հայ, և՛ կաթոլիկ եկեղեցիների կողմից»,- բացատրում է նա:

Խոստանում եմ Google-ում փնտրել նրան և իմ երեխային բերել իրենց հաջորդ ելույթին:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա