Նուբարաշենի ծխացող աղբավայրը․ Հայաստանի ամենամեծ աղբավայրին մոտ ապրելիս

Լրագրող: Շուշան Աբրահամյան,

Լուսանկարիչ: Հակոբ Մարգարյան

14.11.23

45-ամյա Արմինե Ժամկոչյանը մեծացել է Նուբարաշենի աղբավայրին հարող թաղամասում ու սովոր է աղբի հոտին։

Նուբարաշեն թաղամասը, որտեղ նա միշտ ապրել է, գտնվում է Հայաստանի ամենամեծ աղբավայրից ընդամենը երկու կիլոմետր հեռավորության վրա։ Աղբավայրը գործարկվել է 1950-ականներից և այժմ էլ, ըստ զեկույցների, այնտեղ 7.5 միլիոն տոննա աղբ կա։

Արմինեն պատմում է, որ չնայած տարիների ընթացքում բնակիչները հարմարվել են հոտին, այդուհանդերձ, հաճախ բողոքում են անընդհատ այրվող աղբից՝ հավատացած լինելով, որ առաջացող ծուխը առողջության համար վտանգավոր է։ Շրջակա միջավայրի մասնագետներն էլ, իրենց հերթին, նշում են, որ եթե հստակ, առանցքային քայլեր չձեռնարկվեն, դժվար թե իրավիճակը բարելավվի։

«Ժամանակ առ ժամանակ կրակ է բռնվում, աղբը սկսում է ծխալ, ծուխն անտանելի է՝ էն տիպի, որ ոնց որ էդ ճանապարհը մառախուղի միջով անցնես, ուժեղ ծուխ, հոտ․․․ »

Երբ մայիսին, հերթական հրդեհը բռնկվեց աղբավայրում ու հրշեջ ծառայության աշխատակիցները պայքարում էին հրդեհը մարելու համար, ծուխը տարածվեց ողջ քաղաքով՝ աղտոտելով այն ու դրա շրջակայքը։ Հրդեհից մի քանի օր անց, Շրջակա միջավայրի նախարարության մոնիթորինգային կենտրոնը տեղեկություն տարածեց, որ ծուխը առաջացնում է այնպիսի վտանգավոր արտանետումներ, ինչպիսին է օրինակ՝ դիոքսինը։

Էկոլուր տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը շեշտում է, որ տեղեկատվության պակասը ենթադրում է, որ մարդիկ լիարժեքորեն տեղյակ չեն աղտոտվածության այն մակարդակից, որն առաջանում է հրդեհների հետևանքով՝ լինի դա մայիսին, թե ցանկացած այլ ժամանակ։ Առաջացող ծուխը տևական է․ այն կարող է շարունակաբար ծխալ մինչև անգամ մեկ տարի՝ նշում է աղբի վերամշակման մասնագետ Հարություն Ալպետյանը։

47-ամյա Քրիստինա Սերոբյանը 18 տարի է՝ ինչ ապրում է Էրեբունի թաղամասում, որն ընկած է Նուբարաշենի աղբավայրից դեպի հարավ։ Հինգերորդ հարկում ապրելով նա հաճախ է իր խոհանոցի պատուհանից նկատում հորիզոնում աստիճանաբար հայտնվող ծխի մոխրագույն ամպը։ Դա վկայում է, որ պատուհանները պետք է անմիջապես փակել․ հակառակ դեպքում մի քանի րոպե ևս, և հոտը տանը կտարածվի։

Արմինեն ու Քրիստինան հավատացած են, որ աղբավայրը պետք է հեռու լինի իրենց տներից ու առհասաակ բնակելի թաղամասերից։ Քրիստինան նշում է, որ բնակիչների իրավունքն է մաքուր օդ շնչել։ 

«Էս կողմ, իրականում, ծխի տեսքով չի գալիս, միայն հոտի տեսքով է գալիս»։  

Ուժեղ ու արտահայտիչ հոտը նրան այրվող ռետին է հիշեցնում։

«Առավոտյան, որ ուզում ես պատուհան բացես, մաքուր օդ շնչես, ասենք ամռանը, էդ ժամանակ էլ մեկ էլ շատ սուր գալիս է [հոտը]՝ առավոտ յոթին, յոթ անց կես, ութի կողմերը, որ պատրաստվում ենք աշխատանքի գնալ, այ էդ ժամանակ․ հա դե անդուր է, իհարկե։ Տհաճ հոտ է, շատ տհաճ հոտ է»։ 

Ըստ Զարաֆյանի՝ Շրջակա միջավայրի մոնիթորինգային կենտրոնները պետք է հետևեն քամու ուղղությանը և ակտիվորեն տարածեն այդ ինֆորմացիան՝ հստակ հայտարարելով, թե որ ուղղությամբ է քամին փչում, ինչ տարածում ունի՝ մետրերով և կիլոմետրերով, որպեսզի մարդիկ գոնե իմանան, թե ինչ վտանգ է իրենց սպառնում։


«Պետք է ունենալ նորմալ կառավարման պլան և պետք է ունենալ  մարդկանց, ովքեր դրա համար պատասխանատվություն կվերցնեն, իսկ մեզ մոտ պատասխանատվություն ոչ ոք չի կրում, մեզ մոտ ամեն ինչ սահմանափակվում է գովազդային հայտարարություններով, երբ լավ է, ու լիակատար լռությամբ, երբ վատ է։ Քանի դեռ ոչ ոք պատասխանատվություն չի կրում, ոչ մի որոշում հորինել հնարավոր չէ»։  

Ըստ քաղաքապետարանին ուղղված հարցման պատասխանի՝ 3500 բեռնատար հող է բերվել, որպեսզի ծուխը հանգցվի։ Դրանից ավելի վաղ՝ 2021 թ․ օգոստոսին էլ, նրանք հայտարարել էին, որ առաջին անգամ աղբավայրի 70%-ը ծածկվելու է հողով։  

Հարություն Ալպետյանը նշում է, որ աղբավայրի համար բնակիչները վճարում են իրենց առողջությամբ։ «Յոթանասուն տարի է՝ իմ պապերը լցրել են աղբ էնտեղ, իմ ծնողները լցրել են, ես լցնում եմ, իմ երեխեքն էլ հավանաբար կլցնեն․․․»

Հողով աղբավայրի ծածկումը, այդուհանդերձ, ժամանակավոր լուծում է ըստ Հարություն Ալպետյանի, ով շեշտադրում է այլ չափանիշների կիրառությունը ևս։ Թեկուզ հողով աղբավայրը ծածկելը պետք է նվազագույնը շաբաթը երկու անգամ արվի։ 

Նշելով սանիտարական աղբավայրերի կարևորությունը՝ նա շեշտադրում է, որ դրանք ոչ միայն պետք է պատնեշ ունենան, այլև ներառեն մեթանի հավաքման համակարգեր և ընդհանուր առմամբ լինեն «լրիվ վերահսկելի ինժեներական կառույցներ»։ Բայց այժմ, Նուբարաշենը և մյուս աղբավայրերը, ըստ նրա, անվերահսկելի աղբանոցներ են․ մեղադրանքները հաճախ ուղղվում են մարդկանց՝ աղբ թափելու, միջավայրն աղտոտելու համար, մինչդեռ աղբահանությունը շարունակում է մնալ շատ ավելի լուրջ և համակարգային խնդիր։ 

«300 աղբավայր ունենք Հայաստանում` 300 գործող աղբավայր։ Քանի դրանք կան, անիմաստ է ինչ-որ բաների համար մարդկանց մեղադրել»…

Աղբավայրի հոտը շարունակում է մնալ Նուբարաշենի թաղամասում։ 

Մի քանի տարի առաջ քաղաքապետարանը մրցույթ էր հայտարարել նոր աղբավայր կառուցելու ծրագրի համար, որը հետագայում չեղարկվեց։ Այժմ, Նուբարաշենը մնում է մայրաքաղաքի կենցաղային աղբի հիմնական վերջնակետը։ Նուբարաշեն գնացող ճանապարհով ավտոբուսով ամեն օր անցնելիս՝ աղբավայրի հարակից հատվածը Արմինեն անվանում է «Ցելոֆանի դաշտ», որտեղ ամեն քամուց օդում պտտվում են տոպրակները։

Այսօր, ըստ նրա, թաղամասի բնակիչները փորձում են արհամարհել աղբավայրի առկայությունը․ «Դրա կողքով անցնելիս՝ մարդիկ հաճախ անգամ չեն ծածկում իրենց քթերը։ Ճիշտ է՝ հոտը տհաճ է, բայց արդեն մեզ համար սովորական»։

Մի քանի տարի առաջ Նուբարաշենի բնակիչները փակել էին թաղամաս տանող ճանապարն իրենց մեքենաներով՝ պահանջելով իշխանություններից հստակ քայլերի գնալ աղբավայրի հետ կապված։

«Մի բան ուզել են անել»,- ասում է Արմինեն,- «բայց դե 1, 2, 3․․․ 10 օր ի՞նչ՝ մեկ է կհոգնես․․․»։ 


Այս պատմությունը պատրաստվել է Friedrich-Ebert-Stiftung (FES) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Արտահայտված բոլոր կարծիքները պարտադիր չէ, որ արտացոլեն FES-ի տեսակետները:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա