Տունուտեղ

Լրագրող: Էլլա Կանեգարիան
16.06.22

“Դե, ու՞ր ա մեր տունը, ցույց կտա՞ս բալես”

 Վերջերս էր, որ Երևանյան փողոցներից մեկում լսեցի մի ռուս կնոջ ու իր փոքրիկ երեխայի խոսակցությունը, երբ կողքներով անցնում էի։ Տղան սկսեց մատով ցույց տալ մի քանի շենքերին, իսկ իր մայրը գլխով էր անում, երբ տղան մոտենում էի ճիշտ շենքին ասելով՝ “համարյա”, “մի քիչ էլ մոտ”։

Այս տեսարանը շատ տպավորվեց, հատկապես երբ ռուսների քանակը Հայաստոնւմ այս ձմեռ ու գարուն կտրուկ աճեց։ Չնայած պարզ էր, որ իմ տեսած կինը փորձում է երեխային այսպես սովորեցնել իրենց նոր տան հասցեն, այս մոտեցումն ինձ հուզեց նաև նրանով, որ մայրն ասես ինչ-որ քողարկված թերապիա էր անում՝ օգնելով երեխային ադապտացվել նոր տարածքին ու այդ տարածքն ընկալել իբրև տուն։

Ես չեմ հիշում մայրս երբևէ հետս խոսել է տան գաղափարի մասին, կամ ուղղորդել իմ ընկալումները տան վերաբերյալ, բայց հիշում եմ, որ իմ տան զգացումը մեծապես կապվեց իր հետ, երբ նա էլ 90-ականների Հայաստանի տնտեսական ճգնաժամից դրդված մեկնեց Ռուսաստան։ Մայրս միակը չէր, ով գնաց։ 

1991-ից 1998 թվականներին Հայաստանից արտաքին միգրացիայի հարցման արդյունքների համաձայն՝ այդ ճգնաժամի ընթացքում երկիրը լքել է 760-780 հազար մարդ՝ անկախության ժամանակ բնակչության գրեթե 20 տոկոսը: Բնակչության գրեթե կեսը՝ 40 տոկոսը, տեղափոխվել է Ռուսաստան։

Այս ընթացքը նկատելիորեն հետ պտտվեց Փետրվարից, երբ Ռուսաստանն Ուկրաինային հարձակվեց։ Մոտ 300,000 Ռուսաստանի քաղաքացիներ և բնակիչներ լքել են Ռուսաստանը մինչև 2022 թվականի մարտի կեսերը որպես քաղաքական փախստականներ և տնտեսական միգրանտներ: Նրանք քիչ տարբերակներ ունեն, և մոտ 50000-ն ընտրել են Հայաստանը՝ փոքր, մոնոէթնիկ երկիր, որտեղ նույնիսկ ամենափոքր փոփոխությունները ընկալվում են որպես կատասրտոֆիկ մեծ ու կտրուկ։

Նրանց ներկայությունն աճում է Երևանում ու այլ տեղերում, և ես էլի ու էլի ես հիշում եմ տեսածս մորն ու նրա տղային՝ մտածելով, թե ինչ են զգում մարդիկ, ով տնից ստիպված հեռանում է։ Հատկապես ինձ հետաքրքիր էր թե ինչ են զգում մարդիկ, հիմա ռուսները, ովքեր այս կամ այն կերպ՝ անկախ իրենց անձնական դիրքորոշումներից, չափվելու են իրենց կառավարության քաղաքականությամբ։

Միգուցե զարմանալի չէ, որ շատ ռուսաստանցիներ նախընտրեցին լռել իրենց՝ Հայաստան այցի մասին, կամ ապագայի պլանների։ Նրանց փոխարեն հետս արվեստի գործը խոսեց, որը հիանալի ձևակերպել էր բոլորի զգացումները․ “и страшно из дома и страшно домой” (Ռուսերենից թարգմանաբար՝ “սարսափելի է տանն ու տնից դուրս”)

Լուսանկարը՝ Վլադիմիր Աբիխի

Այս գրաֆֆիտին Ռուսաստանցի ժամանակակից ուրբան-մեդիա արտիստի,  35 ամյա Վլադիմիր Աբիխի գործն է, ով փոխառել է բառերն իր ժամանակակից պոետ Ալեքսանդր Վավիլովի “Հարամ Մոլորակ” պոեմից։

«Վերջին մեկ ամսվա ընթացքում ավելի քան հազար մարդ է հեռացել  Ռուսաստանից՝ վախից ու իրենց պլաններն իրագործելու անկարողությունից։ Երեւանում բոլորն ասում են, որ ռուսներն են իրենց հետ ձյուն բերել…»,- վերջերս Instagram-ում գրել էր Վլադիմիրը։

 Նա այլևս Հայաստանում չէր, երբ ես փորձեցի կապվել նրա հետ, բայց  համաձայնեց պատասխանել իմ հարցերին Ռուսաստանից, խոսելով տան գաղափարի ու դրա հետ կապի մասին:

«Տան գաղափարը տարբեր հարթություններ ունի, դա կարող է լինել ֆիզիկական տարածք , որտեղ դու քեզ ապահով ես զգում, կամ մշակութային, որտեղ լեզուն ու մշակույթը քեզ հարազատ են», - գրել է նա՝ հավելելով, որ «այժմ տունը նաև վիրտուալ տարածությունն է, մեր սոցիալական ցանցերի էջերը»:

Տների այս տարբեր հարթություններն, ըստ Վլադիմիրի, ավելի փխրուն են դարձնում բուն տան գաղափարը, քանի որ դրանցից որևէ մեկի կորուստը կամ կորստի վախը կարող է հանգեցնել տունն իրականում կորցնելու զգացողության։

«Ռուսաստանի պատմությունը, ցավոք, ունի մեկուսացման և խորը ներքին սարսափի օրինակներ։ Դեռևս անորոշ է, թե ինչպես կարող է կլուծվի ներկա իրավիճակը, գուցե հակամարտությունը տարիներով շարունակվի, սահմանները փակվեն, ռեպրեսսիաներ սկսվեն…»,- գրել է Վլադիմիրը։ 

Նա հավելեց, որ տարբեր դրդապատճառներ են մարդկանց մղում տեղափոխվել. “Իմ ճամփորդությունը “․․․ԻՑ” էր ոչ թե “դեպի․․․”, դրա համար էլ հետ վերադարձա։ Ես ճանփորդում եմ շատ, բայց ուր էլ գնում եմ միշտ վերադառնում եմ Ռուսաստան, որովհետև տան զգացողությունս շատ առումներով այստեղի հետ է կապված։”

Ինձ համար հետաքրքիր էր, որ հետգլոբալիզացիոն  դարաշրջանում, որտեղ շատ երկրների քաղաքները քիչ թե շատ նմանվել են ու մշակույթները համասեռացվել, «տան» և դրա հետ կապվածության զգացումը դեռ չի լղոզվել: Վլադիմիրը դրան պատասխանեց ամփոփելով, որ տունը վայր է  “որտեղ քեզ ՈՒրիշ չես զգում”։

Ռուս լուսանկարիչ և նկարիչ 25-ամյա Իլյա Ռոդինը, ում ազգանունը տարօրինակ կերպով հիշեցնում է ռուսերեն “հայրենիք” բառը, «родина »-ն այլ կերպ է բնորոշում տունը: Նա Երեւան է ժամանել երեք ամիս առաջ և մտադիր չէ վերադառնալ Մոսկվա՝ իր տուն։

«Հենց հիմա էլ կարող եմ վերադառնալ Մոսկվա, բայց ընկերներիցս ոչ ոք այնտեղ չէ: Օդանավակայանում ինձ ոչ ոք չի դիմավորի, դրան էլ գումարած այն ֆոտոստուդիան, որտեղ ես աշխատում էի փակ է։ Այնպես որ, ես այնտեղ անելիք չունեմ»,- բացատրեց Իլյան, ում ես հանդիպեցի Երևանում բացված նոր այլընտրանքային վայրերից մեկում՝ «TUF»-ում, որտեղ բազմաթիվ ռուս երիտասարդ արվեստագետներ ու ակտիվիստներ “համայնք” են ձևավորել՝ ինչ-որ կերպ «տուն» ստեղծելով գաղափարակիցների համար։

«Հենց այստեղ ես սկսեցի արխիվացմամբ զբաղվել ու շուրջ 120 ուկրաինացի լուսանկարիչների գործերին եմ հետևում, ովքեր տվյալ պահին այնտեղ աշխատում են, հավաքում ու սորտավորում նրանց գործերը։Այստեղ շատ շատ գաղափարներ են գալիս մոտս։  Այնպես չի, որ Հայաստանում հիմա կտրուկ ուրիշ գործերով եմ զբաղված, բայց ինչ էլ անում եմ շատ ավելի հեշտ է ստացվում, հատկապես որևէ բան կազմակերպելը։Բոլորը բավականին բաց ու հասանելի են, մեր համայնքն էլ  ուղղահայաց հիերարխիկ չի»։

Լուսանկարները՝ Իլյա Ռոդինի

Իլյայի համար ամենակարևոր գործոնը, որը դրդեց նրան հեռանալ Մոսկվայից, անորոշությունն ու անապահովության զգացումը չէ, այլ իշխանության լուռ համախոհների հետ տարածք կիսելն ու հատկապես՝ հնարավոր մոբիլիզացիայի միտքը։

“Եթե մոբիլիզացիայից խուսափեյի էլ, մեկ է տեսականորեն գիտեի, որ եթե ստիպված լինեմ ուկրաինացու սպանել, ավելի շուտ ինձ կկրակեմ։ Գիտեմ, նաիվ է հնչում, բայց էդ միտքը միայն ինձ դրդեց գնալ” ասեց նա, նշալով, որ դեպի Երևան իր թռիչքն առաջինն էր ու նա երբեք ինքնաթիռ չի նստել։

«Այստեղ գալուց զրո ակնկալիքներ ունեի: Մտածում էի, որ ինձ միայն տանիք է պետք գլխիս վերևում, ու ես հատուկ հարմարավետության կամ նախապատվությունների ակնկալիք չպետք է ունենամ, ամեն ինչի ինչը որոշ առումով ունեյի Մոսկվայում»:

Այնուամենայնիվ, Իլյան իրեն նույնացնում է ռուսական մշակույթի և փիլիսոփայության որոշ ասպեկտների հետ: «Կան արժեքներ, որոնց համար ես վստահ եմ՝ կմեռնեի»,- ասաց նա՝ հավելելով, որ «Իմ տեսած Ռուսաստանում ապրող մարդիկ տարբերվում էին այստեղի տեսածս ռուսներից։ Ինչ-որ առանձնահատուկ զգացողություն է, որը ես նախկինում երբեք չեմ զգացել, ոնցոր այստեղ մենք բոլորս կանգնած ենք նույն հորիզոնում, ոչ թե հիերարխիկ համակարգում, ինչ-որ «զրոյական» կետի վրա ու ինչ-որ կերպ մեզանից յուրաքանչյուրը պետք է սկսի շատ բաներ հենց զրոյից: …այնպես որ մենք այստեղ բաց ենք: Ես գիտեմ, որ ես այստեղ բաց եմ նոր հնարավորություններն»,- ասում է Իլյան:

64-ամյա Արթուր Աղաջանյանցը նույնպես «զրոական» կետի բախվեց, քսան տարեկանում՝ Իրանի հեղափոխությունից հետո,  երբ արտերկրում գտնվող հազարավոր ուսանողների պես չկարողացավ տուն վերադառնալ:

 «Ամերիկան շատ շատ տարբեր էր, շատ ազատ, ամեն բան էնտեղ կար՝ լեցուն էր։Ես շատ լավ էի զգում էնտեղ, մի քանի ամիս հետո որ ոգեորությունս գնաց, շատ ուժեղ ձևով կարոտեցի ընկերներիս, քաղաքը, փողոցը, մամայիս, իրա սարքած կերակուրները”ասաց նա:

Արդեն 45 տարի է, որ Արթուրը չի վերադարձել իր ծննդավայր Իրան, բայց նաև Իրանն այլևս չի զգում որպես իր տուն կամ հայրենիք:

«Ամերիկայում էլ տանը չեմ զգացել, հայրենիքս չեմ տեսնում Ամերիկան։ Ամերիկան մեծ հնարավորությունների տեղ էր, թողեց ինձի որ ես աճեմ», - ասաց նա: «Մարդիկ ծանր են նայում փոփոխություններին, երբ չեն հաղթում դրանք ու դուրս էլնում  նոր էջ: էդ ժամանակ կարոտում են անցած օրերը, հայրենիքը, տունը, փողոցը։»:

 Այսօր Արթուրն ապրում է Հայաստանում, որտեղ հարթակ է ստեղծում երիտասարդ հայ արտիստների համար՝ ցուցադրելու իրենց երաժշտությունը:

“Կարևոր չի ամբողջ կյանքդ մի տեղ էլնես, թե տարբեր տեղեր ապրես, պիտի որ դու ամենալավը ստանաս կյանքիցդ որտեղ որ կաս։” ասում է Արթուրը “Պետք չունես  հույս դնես աշխարի վրա, աշխարն արագ կփոխվի։ Քո հաջողությունը դու կստեղծես։”

Դիանա Սերոբյանն, ով պնդում է, որ 35 տարեկան է, իր հաջողությունը ստեղծել ու փորձարկել է տարբեր երկրներում։ Նրա ընտանիքը լքել է Հայաստանը 1990-ականներին։ Դիանան ապրել է Ռուսաստանում, հետո Հունաստանում՝ ճանփորդելով տարբեր մասնագիտությունների ու ոլորտների շերտերով ու  ի վերջո  Երևանում բացելով սրճարան, որտեղ մեծ ուշադրություն է հատկացված հացերի տեսականուն։

 1990-ականներին դեռահասության տարիներին Դիանան ապրել է Հայաստանում,  “մութ ու ցուրտ տարիներ”-ը տեսնելով, երբ հացը  փոքր, ֆիքսված չափաբաժիններով բաժանվում  էր հատուկ կտրոնների միջոցով:

“Լավ կհիշեմ հացի համը” ասում է Դիանան “իշխ-օր շուշաթուղթ էղներ․․․Ես 14 տարեկան էի որ մենք տեղափոխվեցինք Մոսկվա։ Հեշտ սորվեցի Մոսկվային ու միանգամից սիրեցի։ Մոսկվան իմ քաղաքն է։”

Սրճարանը, սակայն, հարգանքի տուրք չէ նրա պատանեկության տարիներին, այլ Նյու Յորքի Բրուքլինում տեսած Գրինփոյնթ թաղամասի, որը Դիանային շատ է դուր եկելու դարձել նրա  «Greenpoint» սրճարանի և անվան և տեսքի հիմքը:

Դիանան 2018 թվականից սկսած մշտապես  Հայաստանի ու Ռուսաստանի միջև էր։ Թավշյա հեղափոխության տարին էր, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց Հայաստանի նկատմամբ օտարերկրացիների ու հայրենադարձների կողմից։ Բայց, Դիանան, իրեն չի համարում դրանցից ոչ մեկը ոչ էլ մյուսը, քանի որ իր ինքնաիդենտիֆիկացիան չի սահմանափակում հայկական ծննդավայրով կամ հայ-ռուսական երկքաղաքացիությամբ։

“Տունը մենակ ծննդավայրի ու պատրիոտիզմի գաղափարի հետ կկապեն։ Հիմա աշխարհն ըդպես բաժանումներ չունի։ Երկիր սիրել-չիրելու մասին չէ ըսածս, այլ մտածելու, որ մենակ էդ քո ծննդավայրն է՝ քոնը” ասում է նա, ավելացնելով, որ չի հասկանում ինչու պետք է ամեն ինչ հակասության մեջ տեսնել, ինքն օրինակ Մոսկվան որպես իր մայրաքաղաք, իսկ Գյումրիի իր պապիկի տունը մի տեղ, որն ինքն ընդմիշտ կասոցացնի տան գաղափարի հետ։

 “Ինձ համար ամեն ինչ պարզ է՝ տունս ընդեղ է, որտեղ կապրիմ։ Կյանքն ընդպես կրնա դասավորվի, օր մի օր գնաս դեպի ուրիշ տեղ, որտեղ քեզ կթվա որ դու կունենաս աճ ու կվայելես էն կյանքն, օր կուզիս ապրել։ Կյանքդ նույն ձև կշարունակես բայց  ուրիշ տեղ”։


Այս պատմությունը պատրաստվել է Friedrich-Ebert-Stiftung (FES) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Բոլոր արտահայտված կարծիքները միայն հեղինակինն են և պարտադիր չէ, որ արտացոլեն FES-ի կամ Չայխանայի տեսակետները:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա