Տեղ՝ ապագա քաղաքացիների համար․ Հայաստանի խաղահրապարակները

Լրագրող: Էլլա Կանեգարիան Գյոկթաշ,

Լուսանկարիչ: Արտյոմ Միկրյուկով

22.12.22
Հրատարակություն:

«Ես հստակ չեմ կարող ասել, թե ինչու սկսեցի այս բոլոր իրերը հավաքել, բայց մի բանում վստահ եմ՝ իմ մանկությունը Սովետական Միությունում է անցել ու դա շատ երջանիկ շրջան էր»,- ասում է Հայկ Բիանջյանը, վավերագրական լուսանկարիչ, ով դարձել է խորհրդային հուշերի հավաքող։ Նրա հավաքածուն ընդգրկում է կոշիկներից մինչև ծխախոտ ու ավտոբուս, մանկական ատրակցիոններ, որոնք մի ժամանակ քաղաքի այգիների խաղահրապարակների մի մասն էին։ 

Բիանջյանն այս իրերը սկսեց հավաքել մոտ երկու տասնամյակ առաջ, երբ հստակ զգաց, որ հին Երևանն արդեն սկսում է անհետանալ ու շուտով կմնա զուտ հիշողություն։ «Ես գիտակցեցի, որ մենակ լուսանկարներ անելն ու արխիվ հավաքելը հերիք չէ ու սկսեցի երբեմն լքված շենքերից տարբեր իրեր վերցնել՝ դրանք պահպանելու համար»,- հիշում է նա։

Նրա ներկա հավաքածուն ներառում է իրեր Հայաստանի խորհրդային ժամանակաշրջանի այգիներից ու խաղահրապարակներից, այդ թվում հրաձգության հետ կապված խաղեր, որոնք հիմա էլ շարունակում են մնալ շատերի սիրելին:

«Այն ժամանակվա խաղերը ուղղորդում էին երեխաներին՝ փորձում նրանց նախապատրաստել ապագային: Դրա համար էլ շատ տարածված էին հրաձգային խաղերը կամ խաղերը՝ կապված պատերազմի հետ։ Որոշ զենք-խաղալիքներ, թեև իսկական չէին, շատ մանրակրկիտ ու իրականին մոտ էին պատրաստված ու նույնիսկ դրանցով կրակելու զգացողությունը նման էր իրական զենքով կրակելուն»,- ասում է նա։

Հին իրերի ապամոնտաժման գործընթաց, Մերգելյան պուրակ, Երևան, Հայաստան

Պատերազմական թեմաներով խաղերն ու տիեզերական ուղղվածությամբ խաղահրապարակները բավականին տարածված էին խորհրդային տարիներին ու օգտագործվում էին որպես քարոզչության հարթակ, հատկապես Սառը պատերազմի ժամանակ։ Այդ տարիներին տիեզերքի նկատմամբ երեխաների հետաքրքրասիրության խթանումը առաջնահերթություն էր թե Խորհրդային Միության և թե Արևելյան Եվրոպայի քաղաքական ուղեծրում, ինչը շատ լավ ներկայացվում էր հանրային խաղահրապարակների շնորհիվ: Խորհրդային տարիների անվտանգության ստանդարտներն ու չափորոշիչներն էլ ցույց էին տալիս, որ պետության գաղափարախոսությունը տարածելն ավելի կարևոր էր, քան երեխաների իրական պահանջները բավարարելն ու նրանց անվտանգության մասին հոգ տանելը։

Այս մոտեցման արդյունքը, Խորհրդային Միության փլուզումից հետո, տասնամյակներով ժանգոտվող սարքավորումներն էին, որոնք երեխաների համար անվտանգ չէին:

Հին իրերի ապամոնտաժման գործընթաց, Մերգելյան պուրակ, Երևան, Հայաստան

Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի գիտնականներից մեկը ցանկանում էր փոխել այս իրողությունը. Արթուր Հովսեփյանն այն սակավաթիվ գիտնականներից էր, որը մնաց քաղաքի «Մագնոն» գիտական կենտրոնում 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո։ Երկրաշարժից ավերվել էին համալիրը և դրա սարքավորումները:

Մի միանձնուհու խորհրդով նա որոշեց կենտրոնում մնացած գործիքներով մանկական խաղահրապարակի սարքավորումներ պատրաստել եւ սկսեց ուսումնասիրել, թե տարածաշրջանում ինչպես են արտադրվում սղարաններն ու խաղահրապարակների համար անհրաժեշտ այլ սարքավորումները: Հովսեփյանը հասկացավ, որ խորհրդային ժամանակների չափանիշները բավարար չէին երեխաների համար անվտանգ  միջավայր ստեղծելու համար, ու սկսեց ուսումնասիրել այլ երկրների պրակտիկաները, հիշում է նրա դուստրը՝ Աստղիկ Հովսեփյանը: Արթուր Հովսեփյանը ԱՄՆ-ի մի ծրագրի ֆինանսավորում ստացավ և մեկնեց Ամերիկա՝ ուսումնասիրելու, թե ինչպես է դա արվում այնտեղ։ 

Երբ գիտնականը վերադարձավ, նա «Մագնոն»-ի արտադրությունը սուզանավից և տիեզերական մաքոքային մասերից փոխակերպեց խաղահրապարակի սարքավորումների՝ դառնալով տարածաշրջանային փորձագետ և անվտանգ միջավայրի ջատագով։ Այսօր նրա դուստրն է ղեկավարում ընկերությունը, որն, ներկայում տարածաշրջանում խաղահրապարակների, ֆիթնեսի, փողոցային մարզումների, և սպորտային սարքավորումների ամենամեծ արտադրողն է: Նրանց սարքավորումները տեղադրված են Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում, արտահանվում են Վրաստան և այլ երկրներ, այդ թվում՝ Մալավի։

«Մագնոն» խաղահրապարակները օգտագործվում են բազմաթիվ վայրերում ու պատվիրվել են ամենատարբեր կազմակերպությունների կողմից, այդ թվում նաև «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ), որի նպատակն է կրթական ծրագրերի միջոցով ապահովել Հայաստանի գյուղական համայնքների զարգացումն ու ենթակառուցվածքների ստեղծումը՝  երեխաների և նրանց ընտանիքների համար։

«ԽՍՀՄ-ում բազմաթիվ գյուղական համայնքներ արհեստականորեն ստեղծվեցին որոշակի գործարանների և դրանց հարակից տարածքների շուրջ։ Դրանք ստեղծվել էին աշխատողներին ու նրանց ընտանիքներին համար: Իհարկե, գործարաններում աշխատողների երեխաների համար ստեղծվեցին նաև դպրոցներ, մանկապարտեզներ, բայց երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, և այդ գործարանները դադարեցին աշխատել, դպրոցներն ու երեխաների համար նախատեսված բոլոր տարածքներն ամայացան, իսկ երեխաները մնացին առանց որևէ բանի»,- ասում  է Հասմիկ Սարգսյանը՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) բարերարների հետ հարաբերությունների զարգացման և ֆոնդհայթայթման պատասխանատուն։

Հայաստան, Երևան, Աղբյուր Սերոբի 11/1, խորհրդային պանելային շենքերի մոտ նոր տեղադրված մանկական խաղահրապարակի նմուշ

«Մեր աշխատանքը ոչ այնքան  խաղահրապարակներ ստեղծելն է ամբողջ երկրում, այլ  երեխաների մեջ երկխոսելու ու փոխվելու ցանկություն առաջացնելը։ Դրանից երեխաները երբեմն զրկված են, և խաղահրապարակն առաջին քայլն է նրանց ավելի դրական բան ցույց տալու ու շփման հրավիրելու», - ասում է նա՝ հավելելով, որ «երեխաներին զվարճացնելով դաստիարակելը» շատ ավելի հասանելի նպատակ է։ Հասմիկը նշեց, որ կազմակերպությունն արդեն աշխատում է 64 գյուղական համայնքում։

Լուսանկարները տրամադրվել են «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ)-ի կողմից

«Կարծում եմ, որ հանրային տարածքներն օգտագործելու գաղափարն ապագա քաղաքացի դաստիարակելու համար բավականին հետաքրքիր է ու կարող է լավ նպատակ դառնալ բոլորիս համար»,- շարունակում է Սարգսյանը։

Ապագա քաղաքացու դաստիարակության համար հանրային տարածքն օգտագործելու գաղափարը մոտ է նաև զարգացման հոգեբանության մագիստրոս, «Վերլուծական հոգեբանության հայկական ասոցիացիա»-ի համահիմնադիր Արաքս Առաքելյանին։ Բայց նա անհանգստանում է, որ չափազանց մեծ ուշադրություն է հատկացվում անվտանգությանը և պակաս ուշադրություն՝ զարգացող միտքը խթանելուն:

«Մագնոն»-ի կողմից ստեղծված խաղահրապարակ «Բիբլոս» բանկի համար, Հայաստան, Երևան, Բաղրամյան փողոց

«Ես նկատել եմ, որ երեխաների նկատմամբ ժամանակակից մոտեցումը, ընդհանուր առմամբ, պարզապես կենտրոնանում է անվտանգության վրա այնքան, որ մենք մոռանում ենք նրանց կարիքների և զարգացման մասին: Մենք ավելի շատ ժամանց ենք ստեղծում: Երեխաներին ավելի գրավիչ թվալու համար մենք ունենք վառ գույների այս՝ երբեմն իսկապես հիասթափեցնող համադրությունները: Իրականում երեխաները սիրում են ներգրավվել ստեղծման գործընթացի մեջ, սիրում են հրավիրվել երևակայական խաղի՝ նոր իրեր ստեղծելու այնպիսի բաներից, որոնք մենք չէինք կարող պատկերացնել, որ հետաքրքիր կլինեն իրենց համար»,- նշում է Առաքելյանը։

Թեև խորհրդային ժամանակաշրջանի խաղահրապարակները կարող էին ոգեշնչված լինել ժամանակի քարոզչությամբ, սակայն այսօր պետության նպատակը պետք է լինի կրթել երեխաներին, ոչ թե պարզապես զվարճացնել նրանց՝ ավելացնում է նա:

«Գուցե մենք կարող ենք օգտագործել հին ձևաչափը և այդ տարածքները նվիրել երեխաներին կրթելուն՝ դիտելով նրանց ոչ միայն որպես արարածներ, որոնց պետք է լռեցնել խաղալիքներով կամ ատրակցիոններով, այլ ապագա քաղաքացիների, մարդկանց, ովքեր պատրաստվում են կառավարել աշխարհը, երբ իրենց ժամանակը գա»,-ասում է նա։

Հայաստան, Երևան, Վերին Անտառային 133 փող. «Մագնոն»-ի կողմից ստեղծված խաղահրապարակ 

«Այդ տեսանկյունից մենք պետք է նրանց հմտություններ տանք, այնպես որ նրանց համար հեշտ լինի հարմարվել քաղաքային կյանքին: Ժամանակակից քաղաքային կյանքն ունի շատ տարրեր, որոնք կարևոր են մեզ համար, օրինակ՝ սկուտերներ վարելը, որոնք ապագայում կարող են փոխարինել մեքենաներին: Որպեսզի երեխաները սովորեն դրանք ճիշտ օգտագործել, նրանք պետք է ապահով տարածք ունենան, որտեղ կարող են սովորել պահել հավասարակշռությունը…Ես նաև կառաջարկեի ստեղծել տարածքներ, որոնք կարող են ունենալ քվեստային տարրեր կամ նույնիսկ հեքիաթային մոտիվներ, ավելացնել մի քիչ ավելի հետաքրքիր թեմաներ և նպատակ, ինչու ոչ, ստեղծել մինի-քաղաք կամ փոքրիկ աշխարհ, որտեղ նրանք կարող են ընտրել, թե ինչպես են ցանկանում խաղալ»։


Այս նախագիծը Հարավային Կովկասի խաղահրապարակների մասին շարքի մի մասն է: Վրաստանում և Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին պատմող նյութերը տե՛ս հետեւյալ հղումներով՝ Playground Love| Leftovers for childrenBeyond the swings and slides։ 


Այս պատմությունը պատրաստվել է Չայխանայի կրթաթոշակ ամառ/աշուն 2022 թ. ծրագրի շրջանակներում։ 

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա