Գլուխն առնել գնալ․ ուղեղների արտահոսքը Հայաստանում

Լրագրող: Մարիամ Եղիազարյան,

Իլյուստրատոր: Մերի Հովսեփյան

26.12.22
Հրատարակություն:

Ողջ Հարավային Կովկասում ուսանողներն ու երիտասարդ մասնագետներն ավելի լավ կրթություն և աշխատանքի հեռանկարներ են փնտրում արտասահմանում: Կառավարության նրանց հետ հրապուրելու նախաձեռնություններն էլ կարծես թե ձախողվում են:

«Փախել եմ էն կյանքից ու իրականությունից, որ ունեի Հայաստանում»,- ասում է 27-ամյա Նորա Գալստյանը։ Նա 4 տարի է ապրում է Գերմանիայում, որտեղ աշխատում է որպես մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ։

Հայաստանն ունի ուղեղների արտահոսքի ամենաբարձր ցուցանիշը Հարավային Կովկասում։ 2022 թվականին Հայաստանը առավելագույնը 10 միավորից գրանցել է 6,7 արդյունքը (42/177)՝ Վրաստանի 5,8-ի (42/177) և Ադրբեջանի 4,40-ի (116/177) համեմատ։ Գիտահետազոտական ինդեքսով (H index) Հայաստանն աշխարհում 91-րդ տեղում է (Վրաստանը՝ 85-րդ, Ադրբեջանը՝ 94-րդ)։

Հայաստանի կառավարությունը որոշ քայլեր է ձերռնարկել՝ ուղեղների արտահոսքը մեղմելու համար, սակայն դրանք նշանակալի արդյունքներ չեն գրանցել։ 2021 թվականի մայիսին կառավարությունն ընդունել է «ՀՀ Միգրացիայի պետական կառավարման հայեցակարգը եւ գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» որոշում, որի նպատակն է. «Հայաստանի կայուն զարգացման տեսանկյունից, կանխել ուղեղների արտահոսքը, նվազեցնել անցանկակի էմիգրացիոն հոսքերը»։«2014-2025թթ․ Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը»-ը փաստում է, որ Հայաստանի գիտական համայնքը տուժել է հատկապես ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զբաղվածության խնդիրը մարդկանց, երկրից մեկնելու, հիմնական դրդապատճառն է։ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն֊ Հայաստան»֊ի կողմից 2022 թվականին իրականացված «Միգրացիան հայաստանյան եւ տարածաշրջանային համատեքստում» հետազոտության համաձայն, Հայաստանում միգրացիոն արտահոսքը կապված է անվտանգության, ուղեղների արտահոսքի, ինչպես նաեւ միգրացիայի եւ զարգացման կապի հեռանկարների հետ։ ՀՌԿԿ-Հայաստանի 2021 թվականի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ապրող մարդկանց մեծամասնությունն ավելի շատ հետաքրքրված է ժամանակավոր (հարցվածների 57%-ը), այլ ոչ մշտական (հարցվածների 33%-ը) արտագաղթով։ Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կողմից իրականացված «Միգրացիոն տվյալները օրակարգ 2030֊ի համատեքստում․ միգրացիայի եւ զարգացման գնահատումը Հայաստանում» զեկույցը, միգրացիան նվազեցնելու համար, մի քանի առաջարկ է ներկայացրել՝ այդ թվում կրթության բարելավումը, զբաղվածության խթանումը, անհավասարության վերացմանն ուղղված ջանքերը եւ համագործակցությունը սփյուռքի հետ։ 

 27-ամյա սոցիոլոգ, կոնֆլիկտաբան և հետազոտող Հայկ Սմբատյանը, Երևանի պետական համալսարանում բակալավրի և մագիստրոսի կոչում ստանալուց հետո, մեկնել է Շվեդիա՝ կրթություն ստանալու։ Նա որոշել է տեղափոխվել եւ սովորել Սկանդինավիայում, երբ դեռ ուսանող էր, քանի որ համոզված էր, որ կրթությունը սկանդինավյան երկրներում կյանքի բարձր որակի հիմքն է։ Դանիայում և Նորվեգիայում ասպիրանտական կրթություն ստանալու մի քանի անհաջող փորձերից հետո նա հասկացել է, որ Հայաստանի կրթական համակարգից ստացած գիտելիքները բավարար չեն Սկանդինավիայում ուսումը շարունակելու համար, ուստի Շվեդիայում ստացել է մագիստրոսական երկրորդ կոչումը։

«Ինձ թվում է, որ մարդիկ ինչ-որ տեղից «գլուխները վերցնում ու փախչում են», երբ հասկանում են, որ այդ ուղեղների համար տեղ չկա և իրենք այլընտրանք չունեն»,- ասում է նա։

Ի վերջո Սմբատյանը որոշեց վերադառնալ Հայաստան եւ Շվեդիայում ստացած գիտելիքները փոխանցել հումանիտար եւ սոցիալական գիտություններով զբաղվող երիտասարդներին։

«Հենց ես հասկացա, որ կարող եմ ընտրություն անել ու ունեմ որոշակի ազատություն՝ իմ ուղեղը որեւէ տեղ ուղղորդելու՝ զգացի, որ պետք է վերադառնալ։ Երբ սովորում էի Ուփսալայում, ամեն թեմայից մտածում էի, թե ո՞նց կարող է այս թեման Հայաստան հասած չլինել, ո՞նց կարող է այսքան գիտելիք Հայաստանից դուրս մնացած լինել։ Ինձ համար աբսուրդ է, թե որքան շատ գիտելիք է շրջանցում Հայաստանն ու տարածաշրջանը, մինչդեռ դրանք կարող էին նպաստել այստեղ եղած խնդիրները հասկնալուն։ 

Ես հասկացա, որ ինչ որ բան ունեմ տալու Հայաստանին»,֊ նշում է Սմբատյանը։

Նա ընդգծում է, որ այն, որ Հայաստանում այժմ «իր ուղեղի համար տեղ կա» իր համախոհների, գործընկերների, ծանոթների շրջանակների և սեփական նախաձեռնողականության եւ ջանքերի շնորհիվ է, այլ ոչ թե տեղական աշխատաշուկայի։

«Շուկան ադապտիվ չի»,- ասում է նա,- « Չեմ ուզում ամեն ինչ դարձնել աշխատանքի մասին, որովհետեւ ինձ թվում է, որ ամեն դեպքում ուղեղների արտահոսքի խորքերում, ավելի շատ անձերի ազատությունների հարցեր կան, որոնք որ մարդուն անհարմարության մեջ են գցում եւ ինքը չի կարծում, որ որեւէ բան ունի անելու այս երկրում, որ իր գիտելիքն ու փորձը կարող են որեւէ ձեւով օգտակար լինել այս երկրին»։

Գերմանիայում աշխատող մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Գալստյանը ի սկզբանե նույնպես ծրագրել էր վերադառնալ Հայաստան, բայց Գերմանիայում կյանքը կամաց-կամաց փոխեց նրա միտքը:

«Երբ ես ապրում էի Հայաստանում, ամեն վայրկյան պայքարում էի իմ ինքնության, գաղափարախոսությունների, սեփական որոշումները կայացնելու ազատության համար։ Անվերջ բացատրությունների, արդարացումների և հիմնավորումների պահանջը հոգնեցուցիչ էին, և ինչ-որ պահի ես հասկացա, որ այլևս չեմ կարող այդպես ապրել»,- ասում է նա։

«Ես կուզեի իմ սովորածը տալ այն երկրին, որտեղ ծնվել, մեծացել եմ, որի ամեն մանրուքն ու դետալը ճանաչում եմ, ինձ հոգեհարազատ է։ Ես զգում եմ, որ Հայաստանում ավելի շատ բան կարող եմ նշանակել, քան օտար երկրում, որտեղ որ 80 միլիոնից ավել մարդ է ապրում․ եթե ես չլինեմ, այդ տեղը հարյուրավոր այլ մարդիկ կլցնեն, բայց Հայաստանում կարող եմ մի բան անել, որն իսկապես նշանակություն կունենա։ 

Եթե հայկական հասարակությունը գոնե մի քիչ իր բնակչության կեսի՝ կանանց, նկատմամբ հարգալից լինի, մի քիչ ավելի բարի գտնվի, չսահմանափակի, ամեն ձեւ չճնշի, ազատ թողնի, պոտենցիալ ունեցող շատ ու շատ մարդիկ կբացահայտվեն»,֊ համոզված է Նորան։


Վրաստանի եւ Ադրբեջանի նմանատիպ պատմությունները դիտելու համար սեղմեք հղումը.

https://chaikhana.media/en/stories/1413/leftovers-for-children-georgias-playgrounds

https://chaikhana.media/en/stories/1406/azerbaijan-funds-students-abroad-to-stymie-brain-drain

Այս հոդվածը պատրաստվել է Friedrich-Ebert-Stiftung (FES) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Բոլոր արտահայտված կարծիքները միայն հեղինակինն են և պարտադիր չէ, որ արտացոլեն FES-ի կամ Չայխանայի տեսակետները:


Այս հոդվածը պատրաստվել է Չայխանայի ամառ/աշուն 2022 թ. կրթաթոշակային ծրագրի շրջանակներում։ 

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա