Փախչել ապագայից. ԽՍՀՄ-ի նոստալգիան ու դրա սպառնալիքը

Լրագրող: Էլլա Կանեգարիան,

Լուսանկարիչ: Արտյոմ Միկրյուկով

17.02.23

«Մենք ասում ենք «խորհրդային»` նկատի ունենալով քաղաքական կոնստրուկտ կամ  նման մի բան, բայց ինձ համար խորհրդայինն առաջին հերթին մարդիկ են՝ սերունդներ, որոնք բախվեցին կտրուկ փոփոխությունների, ու ոմանք երբեք էլ չկարողացան գտնել նոր աշխարհում տեղավորվելու միջոց»,- ասում է  լուսանկարիչ դոկումենտալիստ Հայկ Բիանջյանը։ ԽՍՀՄ-ի շրջանի իրեր հավաքելու հանդեպ իր սերը նրան տարավ դեպի խորհրդային կյանքի մասին ինտերակտիվ թանգարանի ստեղծում:

«Կարևոր չէ, թե քանի տարի է անցել Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) փլուզումից, դրա մասին հիշողությունները դեռ վառ են այնտեղ ներգրավված երկրներից շատերում, ու դեռ ապրում են այն սերունդների սրտում, ովքեր ապրել են այդ ժամանակաշրջանում»,- նշում է Բիանջյանը.

Արդեն մոտ երկու տասնամյակ է, ինչ նա հավաքում է ԽՍՀՄ-ում արտադրված ամենատարբեր իրերն իր հավաքածույում։ Այստեղ կարելի է գտնել ամեն ինչ՝ օծանելիքներից, ափսեներից, կոշիկներից և թերթերից մինչև ալկոհոլային խմիչքներ, կահույք և նույնիսկ ավտոբուսներ: Նրա ինտերակտիվ թանգարանի տարածքում պահպանվել են նաև լքված հյուրանոցներից և ռեստորաններից փրկված դեկորներ։

Խորհրդային ակումբ ինտերակտիվ թանգարան. Խոհանոցի և ճաշասենյակի ցուցանմուշներ

2015 թվականին ներդրում ստանալուց ու գործընկեր ձեռքբերելուց հետո  Բիանջյանի հավաքածուն էլ ավելի  ընդլայնվեց՝ արդեն ձևակերպվելով որպես ինտերակտիվ թանգարան ու "Խորհրդային ակումբ"։ Ակումբը տեղակայված է նախկին՝ խորհրդային ժամանակաշրջանի «Մետաքսի գործարանի» տարածքում: 

«Սա ուղղակի թանգարան չի, այն ավելի շատ ինտերակտիվ տարածություն է, որտեղ մարդիկ կարող են նայել, կպնել ու անգամ հագնել այն ամենը ինչ տեսնում են․ նրանք կարող են խաղալ նույն ատրակցիոնների վրա, որոնց վրա խաղում էին երեխա ժամանակ», - ասում է նա: 

Իրականում այս թանգարանի ցուցանմուշները հիշեցնում են իրական կյանքի սառեցված ու պահպանված պահեր, որոնք ուղղակի սպասում են, որ որևէ մեկը գա ու սղմի «Play» կոճակը, ու ամեն ինչ նորից կենդանանա:

Սովետական ակումբ ինտերակտիվ թանգարան, խաղային գոտի վինտաժ տեսախաղերով

«Եթե սա թանգարան կոչենք, ուրեմն ավելի շուտ հիշողությունների ու զգացմունքների թանգարան, ոչ թե իրերի»,- ասում է Վարդան Հարությունյանը, ով  Բիանջյանի հավաքածուին մի քանի իր ավելացնելուց հետո, շատ սահուն սկսեց աշխատել նրա հետ ու դարձավ ակումբի ադմինիստրատոր։ «Այստեղ ծնողները ծանոթանում են իրենց երեխաների հետ, իսկ երեխաները ավելի լավ են ճանաչում իրենց ծնողներին ու նոր բաներ իմանում նրանց մասին: Այս ողջ տարածությունը լցված է զգացմունքներով»,- շարունակում է նա։

«Վերջերս մենք մասնավոր ծննդյան երեկույթ կազմակերպեցինք մի կնոջ համար:  Նրա թոռներն էին պատվիրել այս երեկույթը ու խնդրել մեզ վերստեղծել խորհրդային ժամանակաշրջանի ծննդյան տորթերը… Մենք դա արեցինք՝ նույն գույներով ու համով: Նա այնքան հուզվեց: Ես չեմ պատկերացնում որևէ այլ տեղ կամ իրավիճակ, որտեղ մարդիկ, որքան էլ մտերիմ լինեն, նման նուրբ ու էմոցիոնալ կապ ստեղծեին իրար հետ»:

Սովետական ակումբ ինտերակտիվ թանգարան, Հին Նոր տարվա տոնակատարություն խորհրդային ոճով

Սովետական ակումբ ինտերակտիվ թանգարան,  ԽՍՀՄ-ի հայտնի Դվին հյուրանոցի  (Ինտուրիստ) օրիգինալ պահպանված ձևավորումը, նստած են հին հյուրանոցի նախկին աշխատակիցներոը:

Հայաստանի համար ու շատ այլ երկրների, որոնք ժամանակին ԽՍՀՄ կազմում են եղել, ձեռք բերված անկախությունը, որքան էլ որ ցանկալի էր, ասոցացվում է նաև ավերված տների, լքված գործարանների ու կորցրած կյանքերի հետ, որոնք ենթագիտակցաբար ստիպում են ավելի բացասական տրամադրվել ձեռքբերման հանդեպ ու հարցադրել դրա պետկությունը:

«Ինձ թվում է, որ կարոտի, նոստալգիայի զգացումը մոր արգանդ վերադառնալու պես մի բան է»,- ասում է համադրող, ճարտարապետ և ժամանակակից արվեստագետ Սամվել Սաղաթելյանը, ում ստեղծագործությունը սերտորեն կապված է նոստալգիզմի ու կարոտի հետ:

Սաղաթելյանը հաճախ  է անդրադառնում հասարակության ձևավորման գործում տրավմատիկ հիշողությունների դերին և իր ստեղծագործության մեջ օգտագործում է ԽՍՀՄ  մշակութի սիմվոլիզմ: Նրա՝ «Արվեստագետը երբեք մենակ չի» գործերի շարքն անդրադառնում է նոստալգիայինն քաղաքական գաղափարախոսության մեջ՝ մերկ Վլադիմիր Պուտինի կերպարի միջոցով, ում առնանդամի փոխարեն Վլադիմիր Իլիչ Լենինի արձանն է:

Սամվել Սաղաթելյանի «Արտիստը երբեք մենակ չի» կոլաժային շարքից, տրամադրվել է  արվեստագետի կողմից իր անձնական արխիվից

Այստեղ կա սիմվոլիկա ու ավելին, քան ուղղակի սադրանք՝ ասում է նա։ «Այդպես ես խորհրդանշական կերպով ներկայացնում եմ՝ ոնց եմ Ռուսաստանը պատկերացնում: Իմ դիտարկման համար Պուտինը շատ հետաքրքիր է որպես կերպար, ու հատկապես այն, որ նրա շարժիչ ուժն է անցյալը։ Դրա համար եմ սեռական օրգանները՝ վերարտադրման ու հետևաբար ապագայի օրգանն այստեղ փոխարինել անցյալի սիմվոլներով, անցյալի մեռած հիշողություններով»,- բացատրում է Սաղաթելյանը։

«Ես հաճախ եմ աշխատում անցյալի հետ՝ իմ կամ ուրիշների։ Բայց ես շատ հստակ գիտեմ, որ անցյալը պահանջում է շատ լուրջ հմտություններ, առանց որի այն քեզ ուղղակի  ամբողջությամբ կուլ կտա»:

Ներկայի անորոշությունը կարող է ակտիվացնել դեպի ավելի ապահով անցյալ հետ գնալու ցանկությունը: Հոգաբանության մեջ այս երևույթն ունի «վարդագույն ռետրոսպեկցիա» անունը… Սա մի հոգեբանական երևույթ է, որն անցյալն ավելի դրական է հիշեցնում, քան այն իրականում կար: Սա կարող է լինել պատճառներից մեկը, որ հայերի մի քանի սերունդներ՝ չգտնելով ապահովություն իրենց ներկայում, դեռ հիշում են խորհրդային «փառավոր ժամանակները», քանի որ դրանք նաև իրենց բարօրության ժամանակներն էին։

Խորհրդային ակումբ ինտերակտիվ թանգարան. Հյուրասենյակի ցուցանմուշներ

Այս հոգեբանական ֆենոմենը, որը հաճախ՝ թաքնվելով «հին լավ ժամանակներում» օգնում է մեզ դիմանալ ու գոյատևել անհարմարության պահերին, որպես հզոր զենք օգտագործվում է նաև քաղաքական քարոզչության մեջ և գործում է հիմնականում այն դեպքում, երբ մենք համաձայն չենք մեր ներկայի հետ ու դեռ պատրաստ չենք փոխել այն:

Թեև ոմանց համար նոստալգիան քաղցր հիշողությունների համ ունի, մյուսների համար այն կարող է մահացու լինել: Քաղաքական խորհրդատու և լրատվամիջոցների վերլուծաբան Ռոման Պալամարչուկը, ով ներկայումս բնակվում է Կիևում (Ուկրաինա), նշում է, որ  նոստալգիայի տարրերը, որոնք մարդիկ օգտագործում են ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դրա կազմում ներգրավված երկրները նկարագրելու համար, արդեն նույնպես ավելորդ են: «Նախևառաջ՝ հենց  "հետխորհրդային երկրներ" արտահայտությունը հնչում է այնպես, որ ցույց տա, որ այդ ամբողջի մասերը ներկայում էլ ամբողջական չեն, այլ ընդամենը մասնիկ… Ամբողջը միշտ ավելի մեծ է, ավելի պարզ ու հասկանալի, այնպես չէ՞: Ուրեմն ինչո՞ւ չփորձել ամբողջը կրկին հետ հավաքել»,- ասում է Պալամարչուկն՝ ընդգծելով, որ այս նոստալգիկ տրամադրությունները, որոնք հնչում են նույնիսկ խոսքի տեսքով, իրականում ուժեղացնում են այն ռեժիմները, որոնք ձգտում են վերականգնել ԽՍՀՄ-ը կամ ցանկացած նման տոտալիտար ռեժիմ։

«Ինչ վերաբերվում է Հայաստանին կամ Ուկրաինային՝ մեզ պետք չեն խորհրդային այս հիշողությունները»,- ասում է նա․«Մենք այլ անցյալ էլ ունեինք՝ մեր ազգայինը։ Մշակույթի և ավանդույթների վրա հիմնված մեր ազգային առասպելների հիշողությունը պետք է ավելի վառ լինի, քան որևէ կայսրության մաս լինելու հիշողություններ»։

Արվեստագետ Սաղաթելյանը զգուշացնում է, որ անցյալը վերլուծելիս կամ հիշելիս մարդիկ պետք է հստակ գիտակցեն, թե ինչու են դա անում, ու ինչ դեր դա կարող է խաղալ ներկայի համար:

«Եթե մենք խոսում ենք մեր երկրում տիրող նոստալգիզմի մասին, ապա, ինչպես նկատել եմ, մեր մոտ տարբեր «նոստալգիաներ» միահյուսված են, ինչը պարզապես խանգարում է ներկան պարզ տեսնելուն»,- ասում է նա։

«Ես տեսնում եմ մեր պատմության տարբեր հիշողությունների հատվածներ՝ դեռ չմարսված ու պարզապես կրկնվող: Ես կասեի, որ Հայաստանն այժմ պետք է կենտրոնանա իր ներկայի վրա, նրա՝ ինչ ունի հիմա, որպեսզի մի քիչ ուժեղանա։ Անցյալը կարող է կոտրել այդ ընթացքը, հատկապես՝ ԽՍՀՄ անցյալը»:


Այս հոդվածը պատրաստվել է Friedrich-Ebert-Stiftung (FES) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Բոլոր արտահայտված կարծիքները միայն հեղինակինն են և պարտադիր չէ, որ արտացոլեն FES-ի կամ Չայխանայի տեսակետները:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա