Շրջափակումից այս/այն կողմ

Լուսանկարիչ: Քնար Բաբայան

09.05.23

Արդեն չորս ամսից ավել է, ինչ 3.5 տարեկան զարմուհիս հարցնում է՝ «Հիբը՞ս տոն կիլական» (ե՞րբ ես տուն գալու)։ 

Ես այդ հարցի պատասխանը չունեմ։ 

Ընտանիքիս, որն ապրում է Արցախում, կարող եմ տեսնել միայն տեսակապով, իսկ թե երբ կստացվի նորից տուն գնալ` չգիտեմ: Ճանապարհը չորս ամսից ավելի է, որ փակել են ադրբեջանական ինքնակոչ «էկոակտիվիստները»:

 Ծնողներիս, եղբորս, քրոջս ու իր երկու երեխաներին վերջին անգամ տեսել եմ անցած տարվա ամռանը, երբ հերթական անգամ այցելել էի նրանց։ Հայրս գյուղում՝ Գիշիում, մեղուներ է պահում։ Գնացել էի մեղրաքամին օգնելու։
Պլանավորել էի սեպտեմբերին նորից գնալ՝ տոնելու քրոջս՝ Տաթևի և զարմուհուս՝ Սառայի ծննդյան տոները։ Բայց անցած տարվա սեպտեմբերի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի պատճառով ընտանիքս համոզեց տուն՝ Արցախ գնալս հետաձգել։ Վախենում էին, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին նույնպես կարող է հարձակում լինել։ 

Շունչս պահած սպասում էի դեկտեմբերին։ Բոլոր հնարավոր արձակուրդային օրերս հավաքել էի, որ ամանորյա տոներին հնարավորինս երկար մնայի ընտանիքիս հետ։ Իսկ ամենակարևորն այն էր, որ ես գիտեի՝ ամեն տարի դեկտեմբերի 28-ին պետք է լինեմ Մարտունիում` մորս ծննդյան տարեդարձին:

Բայց տուն տանող ճանապարհը անցած տարվա դեկտեմբերի 12-ից մինչ այսօր փակ է, և ես այդ փակ ճանապարհի այս կողմում եմ մնացել։ 

Ընտանիքիս հետ շփվելու միակ միջոցը հեռախոսն ու համացանցն է, բայց նույնիսկ դա է սահմանափակումներով։ Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների ու դրանցով պայմանավորված՝ համացանցի ու հեռախոսակապի խափանումների պատճառով մենք կարողանում ենք շփվել միայն հստակ ժամերի։ 

Ես խնդրել եմ ընտանիքիս լուսանկարել իրենց «շրջափակված կյանքը», նույնը արել եմ ես այստեղից՝ վավերագրելով նրանց հետ իմ սահմանափակ շփումները։ 

Մայրս քրոջս ու թոռների հետ իր 64-րդ տարեդարձն է նշում։ Այդ օրը մենք, ուր էլ լինենք, հավաքվում ենք Մարտունու մեր հայրական տանը։ 35 տարվա մեջ առաջին անգամ շրջափակման պատճառով ես իմ ընտանիքի հետ չէի։

3.5-ամյա զարմուհիս՝ Սառան, պատրաստվում է լոգանք է ընդունել հյուրասենյակում։ Քրոջս ընտանիքն ապրում է Ստեփանակերտում՝ բազմաբնակարան շենքում։ Սովորական պայմաններում տունը գազով է ջեռուցվում։ Շրջափակումից ի վեր գազի և էլեկտրաէներգիայի պարբերական անջատումների պատճառով նրանք, ինչպես և քաղաքաբնակներից շատերը, անցել են փայտի վառարանի։

Դեռ համավարակի ժամանակներից մի ընտանեկան ավանդույթ ենք ձևավորել։ Շաբաթ ու կիրակի առավոտյան տեսակապով միանում եմ մորս ու քրոջս, որպեսզի միասին սրճենք ու շփվենք իրար հետ։ Քանի որ շրջափակման առաջին օրերն էին ու մրգերի լուրջ պակաս կար, սուրճի սեղանի մնացած ուտելիքը տեսախցիկից հեռու եմ դրել, որպեսզի փոքրիկ զարմուհիս հանկարծ չտեսնի այն։

Սառային բացատրել եմ, որ հիմա չեմ կարող իր մոտ գնալ, քանի որ ճանապարհը փակ է։ Մի օր էլ առավոտյան զարթնել, վազել է դեպի պատուհանը և տեսնելով իրենց փողոցով ազատ երթևեկող ավտոմեքենաները՝ մորը զարմացած հարցրել է՝ «հնե հղեն պեց ա, պա խե Քեն կյա՞մ չի» (նայիր, ճանապարհը բաց է, բա ինչո՞ւ Քեն (զարմիկներս ինձ այդպես են անվանում) չի գալիս)։

Հենց լույսերն անջատում են, Սառան հավաքում է իր խաղալիքներն ու լապտերիկը բռնած նստում նրանց մոտ, որպեսզի մթությունից չվախենան ո՛չ խաղալիքները, ո՛չ ինքը։ Շրջափակման ընթացքում նրա մոտ սրվել է մթության վախը։

Զարմիկս՝ 11-ամյա Դանիելը, հանքափորի լույսը դնում է ճակատին ու սկսում դաս անել։

Դանիելը ջեռուցման բացակայության ժամանակ տաքանալու իր մեթոդն է գտել։ Հենց մրսում է, սկսում է ֆիզիկական վարժություններ անել։

Երբ տուն եմ գնում, Դանիելի հետ միասին գիրք ենք կարդում. մի էջ ես, մի էջ՝ ինքը։ Այսօր այդ նույնն անում ենք տեսակապով։

Գարունը ժենգյալով հաց թխելու լավագույն սեզոնն է։ Ամեն անգամ, երբ կարոտում եմ տունս ու ընտանիքս, ժենգյալով հաց եմ թխում՝ մտովի տուն տեղափոխվելով։ Հեռախոսի էկրանին ընտանիքս է, որն ինձ հորդորում է ամուր մնալ։

Ամեն շաբաթ եղբայրս՝ Դավիթը, զանգում է ինձ Գիշիից ու ցույց է տալիս մեր այգին։ Այս տարի նրանք աննախադեպ քանակությամբ կարտոֆիլ են ցանել։ Պապան կատակում է՝ «Շատ ենք ցանել, որ քո բաժինն էլ Երևան ուղարկենք»։

Երեկոյան՝ հենց լույսերն անջատում են, պապան հարմար տեղավորվում է  բազկաթոռին, գրկում իր անլար ռադիոն ու երաժշտություն լսում։


Այս նյութը պատրաստվել է մինչ Ադրբեջանի ապրիլի 28-ի հայտարարությունն այն մասին, որ շրջափակում չկա։ Հայաստանը հերքել է տեղեկությունը, թե Լաչինի միջանցքով բնականոն երթեւեկությունը վերսկսվել է։


Այս պատմությունը պատրաստվել է Friedrich-Ebert-Stiftung (FES) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Բոլոր արտահայտված կարծիքները միայն հեղինակինն են և պարտադիր չէ, որ արտացոլեն FES-ի տեսակետները:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա