loading
Archive

«Ե՞րբ է հայրիկս տուն վերադառնալու»

«Ե՞րբ է հայրիկս տուն վերադառնալու»
Archive

Հոդվածը, որը կարդում եք, Չայ Խանայի արխիվի մի մասն է։ 2015-ից մինչև 2025 թվականը Չայ Խանան լուսաբանում էր Հարավային Կովկասը` կիսելով պատմություններ Վրաստանից, Հայաստանից և Ադրբեջանից։

Վերջին անգամ Դավիթ Դավթյանի ընտանիքը նրան տեսավ Գևորգ Սուջյանի հետ, մեքենայում`հայ բնակչությանը և զինվորներին օգնելու նպատակով Արցախյան երկրորդ պատերազմին մեկնելիս: Դա 2020 թվականն էր։

Որդու հետ կապը կորցնելուց հետո, Տիգրան Դավթյանը նրա հետքը գտնելու հույսով սկսեց զննել մահացածների ցուցակները։ Որոնումներից մեկ շաբաթ անց, սակայն, Տիգրանը տեսանյութ տեսավ համացանցում, որտեղ երևում էր, թե ինչպես էին ադրբեջանցի զինվորները գերեվարում Դավիթին և Գևորգին: Նրանց կալանավորել էին Ռուսաստանի միջնորդությամբ կնքված զինադադարից հետո, «լրտեսության և սահմանի ապօրինի հատման համար» և դատապարտել 15 տարվա ազատազրկման:

«Պատերազմից հետո ոչ մի լուր չունեինք։ Մենք հուսահատ փնտրում էինք նրան նույնիսկ դիահերձարաններում։ Բայց Աստված չթողեց շարունակենք, քանի որ Կարմիր խաչը շուտով հաստատեց, որ Դավիթը գերի է»,- վերհիշում է Տիգրան Դավթյանը։

31-ամյա Դավիթը և «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական կազմակերպության հիմնադիր 35-ամյա Գևորգը մարդասիրական առաքելության նպատակով էին մեկնել Լեռնային Ղարաբաղ, Չայ Խանային պատմել են նրանց հարազատները:

Գևորգի կինը՝ Լիլիթ Սուջյանը ամուսնու ձերբակալության մասին նույնպես տեսանյութից է տեղեկացել։ Միայն երեք ամիս անց է նրան հաջողվել խոսել Գևորգի հետ։ Չնայած ստեղծված իրավիճակին, խոսակցությունը հիմնականում վերաբերում էր 12-ամյա որդուն և Գևորգի ինքնազգացողությանը։ «Ինձ պարզապես պետք էր լսել Գևորգի ձայնը, որպեսզի համոզվեմ, որ նա լավ է»,- ասաց նա։

Հույսի մի շող արթնացավ պատերազմից հետո, երբ հայտարարվեց հայ գերիների մի խմբի ազատ արձակման մասին։ Լիլիթը շտապեց գնալ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայան՝ ամուսնուն տեսնելու ակնկալիքով։ Սակայն ամուսինը ժամանած գերիների շարքում չէր։ 

«Էմոցիոնալ առումով տղայիս համար շատ դժվար ա: Ամեն օր հարցնում ա՝ ե՞րբ ա պապան տուն գալու», - ասաց նա Չայ Խանային:

Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ հակամարտությունից հետո, նախորդ սեպտեմբերին Բաքուն ամբողջությամբ գրավեց այն՝ տեղահանելով գրեթե ամբողջ էթնիկ հայ բնակչությանը: Սակայն գերիները, այդ թվում՝ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, դեռ շարունակում են մնալ կալանքի տակ` Բաքվի բանտերում: Արցախյան երկրորդ պատերազմից հետո 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, ի թիվս այլ կետերի, նախատեսում էր «ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում», սակայն մինչև այսօր գերիների մի մասն է միայն ազատ արձակվել և անգամ հստակ չէ, թե քանի հայ է մնացել ադրբեջանական կալանքի տակ: Ըստ Հայաստանի Քննչական կոմիտեի` ներկայումս Ադրբեջանում գերության մեջ է գտնվում 55 հայ, սակայն Բաքուն մինչ այժմ ընդունել է նրանցից միայն 23-ի գտնվելու փաստը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի ղեկավար Իլահա Հուսեյնովան APA լրատվական գործակալությանը հայտնել էր, որ 1990-2020 թվականներին երկու կողմերից վերադարձվել է 700 գերի։ Վերջին անգամ գերիների փոխանակում տեղի է ունեցել 2023 թվականին, երբ Բաքուն և Երևանը պայմանավորվել էին ազատ արձակել 32 հայ և երկու ադրբեջանցի գերիների։ Նրանց փոխանակման մասին հայտարարել էին երկու երկրների ղեկավարները` համատեղ հայտարարությամբ, այն բանից հետո, երբ Հայաստանը հրաժարվել էր վետո դնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը հյուրընկալող Ադրբեջանի վրա: Երևանը, նաև որպես «բարի կամքի դրսևորում» ետ վերադարձրեց ադրբեջանցի մի զինծառայողի, ով 2024 թվականի փետրվարի 28-ին հատել էր Հայաստանի սահմանը։

Թեև անցել է մոտ չորս տարի, Լիլիթը չի կորցրել հույսը, որ Գևորգը նույնպես ազատ կարձակվի։

«Գևորգի Արցախ գնալու միակ նպատակը մարդասիրական օգնություն ցուցաբերելն ու մարդկանց օգնելն էր»,- բացատրեց նա։ «Ես պարզապես ուզում եմ, որ նրանք լսեն իրենց խղճին: Գևորգը ոչ մի վատ բան չի արել. պատերազմի ժամանակ նա նույնիսկ զենք չի ունեցել: Նրան [Ադրբեջանը] դատապարտել են շինծու քրեական մեղադրանքով»։

Հռոմի Ֆրանցիսկոս պապին ուղղված բաց նամակում Գևորգ Սուջյանը գրել էր, որ ինքը մարդասպան չէ, բայց դատապարտվել է որպես հանցագործ։ «Ես ընտանիք ունեմ, որդի, որը սպասում է իմ վերադարձին՝ անվերջ արցունքներ թափելով: Աղաչանքներս լցված են տառապանքով, և դրանք հնչում են իմ հոգու խորքից»,- գրել էր նա։

Համաձայն Միացյալ Նահանգների Մարդու իրավունքների զեկույցի՝ հայ գերիների հրապարակային դատավարություններն առանց պատշաճ ընթացակարգերի են, ինչպես օրինակ՝ սեփական ընտրությամբ անկախ իրավական խորհրդատու չտրամադրելը և ակնհայտ հարկադրանքի տակ խոստովանություն ստիպելը:

«Մի քանիսը նշել են, որ չեն տեսել իրենց շահերը պաշտպանող փաստաբանին մինչև դատական ​​նիստը և իրենց չեն տրամադրել համապատասխան փաստաթղթեր»,- ասված է հաղորդագրությունում։

Միջազգային իրավունքի մասնագետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների ներկայացուցիչ Սիրնաուշ Սահակյանը կարծում է, որ պատերազմից երեքուկես տարի անց քաղաքական խնդիրներն են հիմնական խոչընդոտները, որոնք դեռևս արգելք են հայերի ազատ արձակման գործընթացում։

«Հակամարտության սառեցումը, պետք է անխուսափելիորեն հանգեցներ գերիների հայրենադարձման: Բայց մենք տեսանք, որ գերիների գործոնն օգտագործվում է որպես լծակ` Հայաստանի իշխանությունից տարբեր պահանջներ կորզելու նպատակով»,- մատնանշեց Սահակյանը և բերեց օրինակներ անցյալ տարվա ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի գործարքից և Երևանի՝ Լեռնային Ղարաբաղում տեղադրված ականների քարտեզները վերադարձնելուց: 

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 2021 թվականի սկզբին հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողները հայերին ենթարկում են դաժան, նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգումների, ինչը քննադատել էր Ադրբեջանի իշխանությունը՝ հայտնելով, որ զեկույցը միակողմանի է և չի ապահովում անաչառություն: 

Զեկույցում ներկայացված են հայերնիք վերադարձածների հիշողությունները և վկայությունները, ինչպես նաև այն տեսանյութերը, որոնք լայնորեն տարածվել էին սոցիալական ցանցերում: Ըստ դրանց՝ ադրբեջանցի զինվորները, ապտակում, ոտքերով հարվածում և ստիպում էին գերիներին խոսել ակնհայտ հարկադրանքի ազդեցությամբ:

«Արդարացում չի կարող լինել ռազմագերիների նկատմամբ բռնի և նվաստացուցիչ վերաբերմունքին»,- 2020 թվականի վերջին հայտարարել էր Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

2021 թվականի վերջին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կարևորելով գերիների խնդիրը՝ կոչ արեց Ադրբեջանին առանց հապաղելու ազատ արձակել նրանց՝ Ժնևի կոնվենցիայի համաձայն:

Սակայն Ադրբեջանի կառավարությունը պնդում է` ազատ արձակման պահանջը Եվրոպական խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի միջամտությունն է իրենց երկրի ներքին գործերին: Ըստ Բաքվի պնդումների՝ հայ գերիները, որոնք մնում են կալանքի տակ, ռազմագերիներ չեն, այլ «դատապարտվել են հանցանքների, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների համար»:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը չի պատասխանել Չայ Խանայի հարցմանը՝ գերիների նկատմամբ վերաբերմունքի և նրանց ձերբակալության դրդապատճառների վերաբերյալ:

Որոշ ընտանիքների համար նույնիսկ ազատության խոստումը բավարար չի եղել՝ իրենց սիրելիների ազատ արձակման համար:

44-ամյա լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը գտնվում է Ադրբեջանական բանտում, 2020 թվականին Արցախի Շուշի քաղաքում կալանավորվելուց հետո։ Վիգենը պատերազմից առաջ բնակություն էր հաստատել Շուշիում, և պատերազմի սկզբից կամավոր միացել էր Հայաստանի զինված ուժերին։ Մի քանի օր հետո, սակայն, վերադարձել էր Երևան։ 

Ռուսաստանի միջնորդությամբ զինադադարի մասին փաստաթղթի ստորագրելուց հետո, Վիգեն Էուլջեքջյանը և լիբանանահայ Մարալ Նաջարյանը վերադարձել էին Շուշի՝ իրենց իրերը վերցնելու: Սակայն ադրբեջանցի զինվորները նրանց ձերբակալել էին, իսկ մի քանի ամիս անց ազատ արձակել Մարալ Նաջարյանին։ Ադրբեջանական դատարանը Վիգենին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ որպես «վարձկան ահաբեկիչ, որը կռվել էր 2500 դոլարի դիմաց»։

Վիգենի որդին ասաց, որ ընտանիքից երեք ամիս պահանջվեց նրա ճակատագրի մասին իմանալու համար: «Մինչ այդ մենք կարծում էինք, որ Վիգենը մահացել է, քանի որ նրանից ոչ մի լուր չունեինք», -  Չայ Խանային ասել է Սերգեյ Էուլջեքջյանը:

Անցյալ տարի ընտանիքը հուսով էր, որ նա կվերադառնա, երբ Վիգենի անունը ներառվել էր 2023 թվականի դեկտեմբերի 13-ին վերադարձող գերիների  ցուցակում: Բայց վերջին պահին նրա անունը հեռացվեց ցանկից: Սերգեյն ասում է՝ մինչ օրս չգիտեն, թե որն է եղել դրա պատճառը։

Ընտանիքի ամենամեծ մտահոգություն այժմ Վիգենի առողջությունն է։

«Հայրս առողջական խնդիր ունի [սրտի հիվանդություն]։ Նա և՛ ադրբեջանցիներին, և՛ Կարմիր խաչին ասել էր, որ դեղորայքի կարիք ունի, բայց մինչև հիմա մենք հստակ չգիտենք՝ իրեն դեղորայք տվել են, թե ոչ»,- ասաց Սերգեյը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, միակ անկախ մարդասիրական կազմակերպությունն է, որը հնարավորություն ունի այցելել Բաքվում պահվող հայ գերիներին։ Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Չայ Խանային ասաց, որ գաղտնիության պատճառով չեն կարող հրապարակային ձևով քննարկել գերիների հետ կապված հարցերը, բայց մշտապես տեղեկացնում են Ադրբեջանի կառավարությանը իրենց մշտադիտարկումների և մտահոգությունների մասին:

«Առաջին իսկ տեսակցությունից, երբ մենք գրանցում ենք անձանց անունները, որոշակի պարբերականությամբ հետևում ենք նրանց պահման պայմաններին: Մենք օգնում ենք կապ պահպանել ընտանիքի հետ՝ շփման տարբեր միջոցներով և, իհարկե, հետևում ենք նաև նրանց առողջությանը և այլ կարիքներին», - ընդծեց Ամատունին: 

Սերգեյին, հատկապես ամենից շատ անհանգստացրել է հոր վիճակը այն բանից հետո, երբ Մարալ Նաջարյանը ընտանիքին պատմել է` Վիգենի հանդեպ վատ վերաբերմունքի մասին։ Սակայն այսօր նրանց ուշադրությունը կենտրոնացած է ապագայի վրա: «Մենց ցանկանում ենք օգնել Վիգենին և մյուս գերիներին որպեսզի նրանք տուն վերադառնան»:

Այս պատմությունը պատրաստվել է Friedrich-Ebert-Stiftung (FES) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Արտահայտված բոլոր կարծիքները պարտադիր չէ, որ արտացոլեն FES-ի տեսակետները:


Այս հոդվածը պատրաստվել է Chai Khana Fellowship ծրագրի շրջանակներում՝ գարուն-ամառ 2024 թ: