Գիտության մեջ հաջողության հասնելու համար հայ կանայք հաղթահարում են «ոչ կանացի լինելու» կարծրատիպերը

Լրագրող: Շարմաղ Տոնոյան,

Իլյուստրատոր: Մարի Գրիգորյան

21.08.24
թեման: Կանայք

35-ամյա գիտնական Նաիրա Մանասյանը անքուն գիշերներ էր անցկացնում իր երեխաների մասին հոգ տանելու եւ զոգահեռ գիտական փորձեր անելու համար․ նա մրցանակի արժանի գյուտն էր զարգացնում։ 

Մանասյանը, ով տեքստիլ և թեթև արդյունաբերության գիտության դոկտորի կոչում ունի,  ծնվել է գիտնականների ընտանիքում և թերևս հասկանալի է գիտության նկատմամբ նրա մեծ սերն ու հետաքրքրությւոնը: Բայց գիտության մեջ նրա ընթացքն այդքան էլ հարթ չէր: Չնայած, Հայաստանում գիտության ոլորտում ներգրավված կանայք քիչ չեն, սակայն նրանց առջև դեռ շատ  մարտահրավերներ են ծառացած։ Նույնը չի կարելի ասել գործընկեր տղամարդկանց մասին։ 

Մանասյանը հիշում է, թե ինչպես էր մայրը զգուշացրել, որ դժվար կլինի համատեղել գիտական կարիերան և տնային տնտեսուհու  կյանքը:

«Մայրս  միշտ անհանգստանում էր այն խոչընդոտների համար, որոնց կարող էի հանդիպել, հատկապես ամուսնությունից հետո: Նա հաճախ էր բերում այնպիսի հասակակիցների օրինակներ, ովքեր ամուսնությունից հետո թողել էին գիտական ​​կարիերան»,- ասում է Նաիրան՝ նշելով, որ դեռ ուսանողական տարիներին ամուսնացել և երեխաներ է ունեցել:

«Աշխատանքի ծանրության բեռն ավելի մեծ սկսեց թվալ,հատկապես երբ  հղիոթւյանս ընթացքում նոր գյուտի վրա էի աշխատում և դիպլոմային աշխատանքս էի պատրաստում… բայց  կարողացա դիպլոմային աշխատանքս հանձնել և դառնալով նոր գյուտի հեղինակ նաեւ արժանացա  2013 թվականի ՀՀ կրթության նախարարության «Երիտասարդ գիտնական» մրցանակին»։

Երիտասարդ գիտնական Հռիփսիմեն ասում է, որ հայ հասարակության գենդերային ակնկալիքներն ու սահմանափակումները մեծ մարտահրավեր են։ Որպես Մեծ Բրիտանիայի Ռեդինգ համալսարանի ասպիրանտ՝ Հռիփսիմեն նկատել է զգալի տարբերություններ իգական սեռի ուսանողների փորձի միջև Մեծ Բրիտանիայում և Երևանում Ա. Ալիխանյանի անվան գիտական լաբարատորիայում աշխատելիս։, Այստեղ  նա ստացել է ֆիզիկոսի որակավորում: «Հայկական միջավայրում աշխատելու մարտահրավերը կին գիտնականի համար կարծրատիպերի հաղթահարումն է: Հենց ադ պատճառով շատ կանայք սարքավորումներով չեն աշխատում՝ չեն զոդում, չեն չափաբերում: Այստեղ Անգլիայում իմ գիտական ղեկավարը, ով գիտնական ինժինիեր է, սովոր է ամեն ինչ ինքնուրույն անել և նույնն էլ ինձ է խրախուսում, որը շատ ոգեւորող է:

«Ես միշտ գիտակցել եմ, որ հանդիպելու եմ մարտահրավերների ու ոլորտում  հեշտ չի լինի՝ անկախ նրանից՝ կին ես, թե տղամարդ։ Խոչընդոտներին նորմալ վերաբերվեցի և չթողեցի, որ դրանք ազդեն ինձ վրա... Հայաստանում հիմնական խնդիրներից է  ընտանիքի կողմից  աջակցություն չստանալը, քանի որ հայ տղամարդը հազվադեպ է տնային գործեր անում, իսկ այդ բեռը աշխատանքի հետ մեկտեղ կնոջ ուսերին է մնում»:

Հասարակության այն լուռ պահանջը, որ կինը պետք է ընտանիքը կարիերայից գերադասի միակ խոչընդոտը չէ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը նշում է, որ հաճախ երիտասարդ աղջիկների ծնողները չեն խրախուսում նրանց մասնագիտանալ գիտության ոլորտում, քանի որ այն համարվում է ոչ կանացի:

«Այսօրվա իրականությունն այն է, որ կան կանայք, որոնց ընտանիքի անդամները ճնշում են իրենց [գիտնական չդառնալ], քանի որ այն այդքան էլ կանացի չէ կամ էլ, որ ոլորտում շատ դժվար է լավ վարձատրվող աշխատանք գտնելը»,- բացատրում է նա։  «Այն համոզմումնքը, որ աղջիկները այդքան էլ խելացի չեն, որքան տղաները, բազմիցս հերքվել է և որպեսզի այդ կարծրատիպը կոտրվի հետագա սերունդների համար, մենք ներգրավում ենք տղաներին, որպեսզի իրենք էլ տեսնեն և համոզվեն աղջիկների կարողությունների և ներուժի հարցում»:

19-ամյա Ալվարդը ծնողներին դժվարությամբ է համոզել, որ ինքը կարող է բնագիտամաթեմատիկական գիտություններ ուսումնասիրել:

«Ծնողներս ուզում էին,որ ես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ կդառնամ։ Հայրս կարծում էր, որ աղջիկը պետք է կենտրոնանա երեխաների դաստիարակության և ուսուցման վրա: Ես հուսահատված էի, քանի որ մեծ սեր ունեի գիտության, հատկապես ֆիզիկայի և մաթեմատիկայի նկատմամբ»,- ասում է նա: «Բոլորը դպրոցում ասում էին, որ մաթեմատիկայի բնատուր տաղանդ ունեմ: Բայց ես չունեի գիտության ոլորտում կարիերա սկսելու վստահությունը, մինչև որ մի օր իմ ֆիզիկայի ուսուցիչը մեզ ներկայացրեց Մարի Կյուրիի՝ Նոբելյան մրցանակի առաջին կին դափնեկրի պատմությունը: Լսելով նրա ուժի  և հաստատակամության մասին,եսհասկացա, որ պետք չէ գիտնականների ընտանիք ունենալ այդ ճանապարհով գնալու համար՝ միայն հավատ ինքդ քո հանդեպ  և քրտնաջան սովորել:

Ալվարդը  սկսեց կերտել իր ուղին այն օրը, երբ գնաց համալսարան ընդունելության քննության մասնակցության գումարը վճարելու: «Ես ոգեշնչվեցի և ոգեւորության  բուռն ալիքի ներքո որոշում կայացրի: Իմ որոշումն էր հավատալ ինքս ինձ և իմ երազանքներին և վճարեցի մաթեմատիկայի քննության համար»,- հիշում է նա: Նա քննությունը հանձնեց, և հետո ստիպված եղավ այդ լուրը հայտնել իր ընտանիքին: Ժամանակի ընթացքում, ասում է նա, նրանք սկսեցին ընդունել Ալվարդի որոշումը և այսօր վերջինս Շիրակի պետական ​​համալսարանի մաթեմատիկայի բաժնում է սովորում։

2023 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստեղծեց Game Changers ծրագիրը՝ գիտությունը և ծրագրավորում ուսումնասիրող 12-24 տարեկան աղջիկներին ավելի շատ  խրախուսելու համար։ Նպատակն էր նաեւ նրանց ծնողներին օգնել հասկանալ աղջիկների համար այս մասնագիտությունների  արժեքը: Ծրագիրը խրախուսում է նրանց ստեղծել տեսախաղեր և մարտահրավեր նետել կարծրատիպերին ու սխալ պատկերացումներ, որոնք խոչընդոտում են աղջիկների ներգրավվածությանը գիտության, տեխնիկայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում: Հայաստանում ծրագրի գործարկման առաջին տարում դիմել է ավելի քան 300 աղջիկ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի անդամ Հասմիկ Ալեքսանյանը նշում է, որ կազմակերպության հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ճարտարագիտության ուսանողների ընդամենը 13,5 տոկոսն է իգական սեռի ներկայացուցիչ, իսկ ծրագրավորման ուսանողների՝ 29 տոկոսը: «Դա ահազանգող էր», - ասում է նա: «Պետք է ինչ-որ բան անել՝ կանանց և աղջիկներին STEM-ում ներգրավելու համար, ինչպես նաև զարգացնելու նրանց հմտությունները»:

19-ամյա Մարիամ Պետրոսյանն ասում է, որ «Game Changers» ծրագիրը փոխեց իր կյանքը: Նա դրան միացել է պատահաբար, երբ սովորում էր Շիրակի մարզի Բենիամին գյուղի միջնակարգ դպրոցում։

«Գյուղերում ամեն օր հանդիպում ես նույն մարդկանց և սկսում ես շատ ավելի լավ ճանաչել նրանց: Արդյունքում միշտ կարող ես լսել հարցեր, խորհուրդներ և  առիթը  օգտագործելով նաև քարոզներ՝ հին կարծրատիպերով համեմված»,- ասում է նա․ «Կրթությունը շատ կարևոր է, և բոլորն են  համաձայն դրա հետ, բայց այն սահմանափակ է աղջիկների համար այն առումով, որ եթե դու աղջիկ ես, անհրաժեշտ չէ ռիսկի դիմել և դրա փոխարեն կարող ես պահեստային տարբերակներ ունենալ: Բոլորն առաջարկում են աղջկա կյանքի  լավագույն մոդելը՝  դպրոց, համալսարան, աշխատանք և ամուսնություն: Եվ ես  ենթադրաբար պետք է նույն բանը կրկնեի»։

Սակայն Game Changers ծրագրում նրա փորձառությունը նոր աշխարհ բացեց նրա համար:

«Ինձ համար հետաքրքիր էր պարզել, որ աղջիկներն ավելի շատ տեսախաղեր են  խաղում, քան տղաները, ուստի ես մեծ հետաքրքրությամբ մասնակցեցի  այդ ճամփորդությանը», - ասում է նա: Նա իր թիմի հետ միասին ստեղծեց խաղ, որի գլխավոր հերոսը կին էր՝  մարտահրավեր նետելով այն գաղափարին, որ միայն տղամարդիկ են փրկում աշխարհը: «Մենք ներկայացրել ենք մեր ազգային էպոսի՝ Սասունցի Դավիթ էպոսի կին հերոսներին ընդգծող սյուժեներ, որոնք մեծ հավանության են արժանացել»,- ասում է Մարիամը:

Խաղի հաջողությունից հետո նա ընտրվեց Շվեդիայում կայանալիք Stockholm Ideations նիստում Հայաստանը ներկայացնելու համար:

«Իմ փոքրիկ գյուղից այստեղ հասնելու համար ես շատ խոսեցի և ընտանիքիս համոզեցի, որ ոչ ոք իմ մասին վատ բան չի մտածի, քանի որ գյուղում դեռ թերահավատորեն են մոտենում նման ծրագրերի դիմողներին, քանի որ տեղեկացված չեն»,- ասում է նա։ Այսօր նա ամերիկյան Ֆրանկլին և Մարշալի համալսարանի ուսանող է։ «Ես ուզում եմ ինձ կրթել, որ վերադառնամ և նպաստեմ STEM ոլորտում ավելի շատ աղջիկների ներգրավվածությանը», - ասում է նա:


Այս պատմությունը պատրաստվել է Friedrich-Ebert-Stiftung (FES) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Արտահայտված բոլոր կարծիքները պարտադիր չէ, որ արտացոլեն FES-ի տեսակետները:


Այս հոդվածը պատրաստվել է Chai Khana Fellowship ծրագրի շրջանակներում՝ գարուն-ամառ 2024 թ:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա