Պատերազմի սերունդները

Հեղինակ՝: Քնար Բաբայան

18.06.16
Հրատարակություն: 90-ականների սերունդ

90-ականների սկզբին` Ղարաբաղյան պատերազմի եւ դրան հաջորդած տարիներին ծնված սերունդն ավելի քան 20 տարի անց պարտադրված էր մասնակցելու եւս մեկ պատերազմի: 2016թ. ապրիլի սկզբին ղարաբաղյան և ադրբեջանական կողմերի միջև ծավալված քառօրյա պատերազմում կողք-կողքի կռվեց արդեն երկու սերունդ՝ անկախության սերնդակիցներն ու նրանց հայրերը: 


 

 

Վլադիմիր Նարինյան, 20 տարեկան, Մարտունի

Վլադիմիրը ժամկետային զինծառայող էր, երեք ամսից պիտի զորացրվեր: Մայրը` Նելան, պատմում է, որ երբ որդին զանգում էր դիրքերից, ընտանիքի անդամների որպիսությունը հարցնելուց հետո միշտ խնդրում էր հարազատ Կարվին թաղամասի հարևանների մասին պատմել: Իսկ երբ հաջողվում էր մի քանի օրով արձակուրդ գալ շրջում էր բոլորի տներով ու զրուցում նրանց հետ: Նելան ձեռքով շոյում է Վլադիմիրի նկարի շրջնակը եւ, կարծես, մտովի զրուցում որդու հետ: Տպավորություն է, որ  ծնկներին ոչ թե զոհված որդու նկարն է, այլ կենդանի որդին:

 

Մայոր Սուրեն Մելքումյան, Հադրութի շրջան, գյուղ Տումի

Սուրենը աշխատանքի  պատճառով չէր հասցնում ժամանակ անցկացնել չորս որդիների հետ: Կինը` Արևն է հիմնականում զբաղվել տղաների դաստիարակությամբ: Արեւը պատմում է, որ իր հարցին, թե երբ Սուրենը վերջապես մնացած հայրերի նման տղաներին դպրոց կտանի, ամուսինը միշտ նույնն էր պատասխանում`«մի քիչ էլ համբերի, թոշակի կանցնեմ եւ մնացած հայրիկների նման կդառնամ»:

 

Մայոր Մաքսիմ Գրիգորյան, Հադրութի շրջան, գյուղ Տումի

Մաքսիմի մայրը` տիկին Լուսիկը, երեք զավակներին մենակ է մեծացրել: Ամուսինը մահացել է 90-ականներին Ղարբաղյան պատերազմում: Մայրը պատմում է, որ որդուն վերջին անգամ թոռան ծնունդին է տեսել: Մաքսիմը այդ օրը շատ ուրախ էր: Նրա ուսուցիչն այդ օրը կիթառ նվագեց, իսկ Մաքսիմն էլ երգեց «ծաղիկներ, ծաղիկներ, անթառամ ծաղիկներ» երգը:

 

Ազնաուր Բալայան, Հադրութի շրջան, գյուղ Մոխրենես

90-ականների պատերազմին զոհվեց Ազնաուրի հայրը:  24 տարի հետո` 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում` ինքը: Ազնաուրի մայրը` Սիրունը, ասում է, որ որդին կենդանիներ շատ էր սիրում, մանավանդ իրենց ձիուն, որին անվանել  էր Զիտա: Ազատ օրերին նա հեծնում էր ձին ու այցելում հարևան գյուղերում ապրող բարեկամներին: Իսկ երբ դիրքերից զանգում էր, առաջինն բանը որ ասում էր` «մամ Զիտայիս լավ խնամի»:

Մայոր Ռուդիկ Մովսեսյան, Ստեփանակերտ

Ռուդիկի կինը` Նելին պատմում է, որ Ռուդիկը ազատ օրերը սիրում էր դստրերի հետ անցկացնել: «Երաժշտություն էին միացնում ու աղջիկների հետ երեխայություն անում ու պարում: Ամենից շատ պարել էր սիրում»,-պատմում է Նելլին:

 

Մասիս Թովմասյան, կամավոր, Ստեփանակերտ

Թովմասյանների ընտանիքի բոլոր տղամարդիկ զինվորականներ են: Մասիսը, սակայն, մի քանի տարի առաջ թողել էր զինվորական գործն ու անցել քաղաքացիական աշխատանքի: Ապրիլյան պատերազմի օրերին, կեսօրից հետո գործի հետ չգնաց, նստեց կամավորների ավտոբուսն ու մեկնեց դիրքեր: Նախկին զինվորականը դիրք հասնելուց հետո, չսպասելով իր հերթափոխին, գնաց ուղիղ առաջնագիծ, որտեղ էլ և զոհվեց:

Հայկ Գրիգորյան, Մարտունու շրջան, գյուղ Գիշի

Անկախության հասակակից 23-ամյա տանկիստ Հայկը  նշանված էր և պատրաստվում էր ամռանն ամուսնանալ: Զոհվելուց մի քանի օր առաջ` ծննդյան տարեդարձին, ասաց, որ մինչև հարսանիքը կհասցնի հայրական տունը վերանորոգել: Շինանյութը բերել էր արդեն և ազատ օրերին հոր հետ միասին աշխատում էին:

 

Փոխգնդապետ Օնիկ Գրիգորյան, Ասկերանի շրջան, գյուղ Խրամորթ

Օնիկը որդու` Հովհաննեսի հետ սիրում էր ֆուտբոլ նայել մեծ էկրանին: Տանը դրա հնարավորությունը չունենալով պատճառով  հատուկ գնում էր Ստեփանակերտ` այնտեղի  սրճարաններում վայելելու խաղը: Նրա զոհվելուց մի օր առաջ  որդին` Հովհաննեսը հորը հարցրել էր, թե Չեմպիոնների լիգայի առաջնության խաղը կկարողանան միասին նայել: Հայրը որդուն պատասխանել էր, որ այս անգամ մենակ նայի, հաջորդ խաղը հաստատ միասին կդիտեն մեծ էկրանին:

 

Նվեր Սիմոնյան, Հադրութի շրջան, գյուղ Թաղասեռ

Նվերը նշանված էր ու պատրաստվում էր մոտ ժամանակներս ամուսնանալ: Տատիկը, ում հետ շատ էր կապված, տունը նվիրել էր թոռանը, որպեսզի նորպասկաներն այնտեղ ապրեն: Նվերն էլ ոգևորված տունն էր վերանորոգում:

This material may contain terms, which are not favored by all the parties of the dispute/conflict. Terms used in a material belong to the author and not Chai-Khana.

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա