Հայ կնոջ դիմանկարը Իրանում

Հեղինակ՝: Նազիկ Արմենակյան

13.03.17

Օդանավ նստելիս գլուխս ծածկում եմ գլխաշորով, քանի որ երկիրը, ուր մեկնում եմ, այդպես է պարտադրում: Իրանը, որտեղ թույլատրելիի և անթույլատրելիի սահմանները հստակ նշված են կարմիր գծերով, դժվար է պատկերացնել հայ կնոջ ապրելակերպը, որը հենց լուսանկարելուս թեման է: 

Իրանահայ համայնքը պատմական մեծ անցյալ ունի, սակայն հենց 17-րդ դարի սկզբին Շահ Աբասի կողմից կազմակերպած հայ ժողովրդի բռնագաղթը նոր երանգավորում տվեց դարեր առաջ Իրանում հաստատված հայ համայնքին: Արարատյան դաշտավայրից և հարակից գավառներից բռնի տեղահանված շուրջ 300 000 հայեր տարածվեցին Իրանում երեք ուղղություներով` դեպի Ատրպատական, Թեհրան և Սպահան: Հայերի գալով` Իրանում սկսեց ծաղկել մշակույթը, առևտուրը, արհեստներն ու արդյունաբերությունը։

Իրանահայ համայնքն այսօր շուրջ 60 000 անդամ ունի, որի մեծ մասը` 50 000-ը կենտրոնացած է Թեհրանում: Հայկական համայնքում հայ կանանց դերակատարությունը բանակի հետ են համեմատում, քանի որ մեծ է նրանց ներդրումը համայնքի պահպանման և հզորացման մեջ:

«Հայ կին», «Անահիտ», «Արմենուհի», «Անի», «Հայ կանանց բարեգործական ընկերությունը», Թեհրանի հայ կին եկեղեցասիրաց միություն` սրանք հայ կանանց միություններ են Թեհրանում, որոնք հիմնականում կազմվել են` բավարարելու որոշակի կարիքների, այդ թվում չքավորներին, փախստականներին օգնելու, ծերերին խնամք, անուսում կանանց և աղջիկներին կրթություն տալու, ձեռագործ, գորգագործություն ուսուցանելու համար:

 

Իրանի Փերիայի շրջանի Վերին Խոյգան գյուղը:
Անահիտ Բարսեղեանը, 66, աղոթում է Սրբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում: Անահիտն արդեն վեց տարի է, ինչ Թեհրանից տեղափոխվել է Վերին Խոյգան գյուղ, ապրում է Սրբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում: Գյուղում հայեր չեն մնացել և Անահիտը հանձն է առել հետևել գյուղի երեք եկեղեցիներին:
Իրանի Փերիայի շրջանի Բոլորան գյուղից տեսարան: Բոլորանը Փերիայի շրջանի 17 գյուղերից միակ հայաբնակ գյուղն է:
61-ամյա Հասմիկ Շահջանեան-Նազարեանը Բոլորանի տարազով է: Հասմիկը Բոլորան գյուղի բնակիչ է: Նա ասում է, որ մինչև վերջերս էլ տոնակատարություններին և տարբեր միջոցառումներին Բոլորանի կանայք տարազ էին հագնում:
Սուրբ Ամենափրկիչ վանք (Նոր Ջուղա), Սպահան:
44-ամյա Անուշ (Էստիկ) Հովհաննիսեանը բնիկ ջուղայեցի երաժիշտ է, ուդ նվագարանի մասնագետ, եկեղեցու երգչախմբի ղեկավար: Որպես երաժիշտ` Իրանում ելույթներ և մենահամերգներ չի կարող տալ, քանի որ արգելքներ կան: Հիմնականում ելույթ է ունենում հայկական համայնքում:
Նոր Զուղայի հայոց ազգային կրթահամալիրի Քանանեան օրիորդաց դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհիներ Անիա Թորոսեանը և Մինելի Ղազարեանը:
Բոլորան գյուղի դպրոցի ստեղծման հուշաքարերից, 1915թվական:
31-ամյա Մարիաննա Աբրահամեան-Վարդանեանն է` որդու հետ: Մարիաննան հայաստանցի է, լրագրող և վավերագրական ֆիլմերի հեղինակ, չորս տարի առաջ ամուսնացել է իրանահայի հետ և տեղափոխվել Թեհրան: Իրանը համարում է իր մտածելակերպին մոտ երկիր:
Թեհրանի Սասուն քաղաքամասի «Թունեան» աղջ. տարրական դպրոցում մարզանքի ժամ է:
Սպահանի Քանանեան օրիորդաց դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհիները փորձարարական լաբորատորիայի դասաժամին:
Հայ նորապսակ զույգը Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու բակում:
Հայ Մշակութային Արարատ Կազմակերպությունն է, կամ ինչպես անվանում են իրանահայերը` Արարատ մարզավանը: 70 տարուց ավել է, ինչ մարզավանը Իրանի խոշորագույն հայկական մշակութային կենտրոնն է, որը ներառում է սկաուտական, մարզական, արվեստների և երեցների միություններ:
Մշակութային փառատոն Արարատ մարզավանում:
Արարատ պարախմբի պարուհիները: Պարախումբը քսան տարի է, ինչ գործում է Թեհրանի հայկական համայնքում: Պարն ու ազատ ելույթները արգելված են Իրանում, սակայն համայնքի ներսում պարախումբն անկաշկանդ ելույթ է ունենում, երբեմն կազմակերպվում են համերգներ նաև պարսիկ կանանց:
Հայ Կաթողիկէ եկեղեցու հովանավորության տակ գտնվող «Մարիամ» կրթական հաստատության բակը:
Թեհրանի Սասուն քաղաքամասի «Թունեան» աղջ. տարրական դպրոցի աշակերտուհիները:
Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցին և Իմամ Խոմեյնու դիմանակարը:
Արարատ պարախմբի պարի ուսուցման դաս:
Վալերիկ Աբրահամեանի արխիվային լուսանկարներից: Տիկին Վալերիկը Իրանի ազգային բալետի պարուհի էր: Թագավորի օրոք մշակութային պալատի բացումն արվեց բալետով, որտեղ տիկին Վալերիկը ելութ էր ունենում:
Իրանի հեղափոխությունը վերջ դրեց բալետին, եւ Վալերիկ Աբրահամեանը 30 տարի պարելուց հետո ստիպված էր դադարեցնել իր գործունեությունը: Նման պարային ելույթները հիմա անհնար են: Կան տարբեր պարային հայկական խմբեր, որոնց թույլատրվում է ելույթ ունենալ միայն հայկական համայնքային երեկոների ժամանակ:
Էդնա Զեյնալեանը` 62 տարեկան, բեմական հագուստի ձևավորող է, Իրանի ազգային համալսարանի դասախոս: Անցած տարի տիկին Զեյնալեանին շնորհվեց «Իրանի բեմական հագուստի ձևավորման մայր» կոչումը:
69-ամյա քույր Ռեբեկա Ավշարեանը հայ Կաթողիկէ եկեղեցում:
87-ամյա քանդակագործ Լիլիթ Տերեանը Իրանի մշակութային կյանքի կարևորագույն արվեստագետներից մեկն է: Երկար տարիներ դասավանդել է Թեհրանի Ազադ համալսարանում: Օրիորդ Լիլիթն ասում է, որ երբեք խտրականություն չի դրվել կնոջ ու տղամարդու միջեւ, եթե զգար որևէ տարբերություն, երբեք քանդակագործ չէր լինի:
31-ամյա Լինդա Սարգսեանը գործադիր տնօրեն է իրանական ճարտարապետական գրասենյակում, պարում է Արարատ պարախմբում, նաև պարուսույց է:
90-ամյա Լալիկ Թաշճեանը գեղանկարչուհի է, բեմահարդար, թատրոնի գեղարվեստական ղեկավար: Լալիկի տան բակում տեղադրված է մոր քանդակը, դա նրա վաղ աշխատանքներից է:
Թեհրանի քաղաքային տեսարան:

Կանանց միությունների շարանը համալրվում է Սպահանում: Փերիայի շրջանի միակ հայաբնակ Բոլորան գյուղում կանայք դեռ մի քանի տարի առաջ են տարազը փոխարինել առօրյա հագուստով:

Սակայն հայ կանայք միայն տարազով ու ամոթխածությամբ չէ, որ առանձնանում են: Դեռ մի դար առաջ Նոր Զուղայում հայ կանայք ձեռագործ ու ասեղնագործ աշխատանքներ էին անում, գորգեր էին գործում և իրենց աշխատանքների վաճառքի գումարը դնում էին եկեղեցի, դպրոց, մշակութային օջախներ կառուցելու համար:

Ժամանակակից Թեհրանում հայ կնոջ դիմանկարը շատ բազմազան է: Թեհրանի հայ կանայք այսօր ղեկավարում են տարբեր պաշտոններ թե՛ հայկական համայնքում և թե՛ իրանական գրասենյակներում: Թագավորի օրոք երգն ու պարը, բալետը, նկարչությունն ու քանդակագործությունը վերելք էր ապրում: Հատկանշական է, որ Իրանի աստղագիտության, քանդակագործության, բեմական հագուստի ձևավորման «մայր» կոչումը հենց հայ կանանց է շնորհվել:

Հեղափոխությունից հետո շատ սահմանափակումներ և արգելքներ դրվեցին Իրանում ապրող թե՛ իրանցի և թե՛ իրանաբնակ փոքրամասնությունների կին ներկայացուցիչների առջեւ: Մյուսների նման, հայ կանայք հարգելով երկրի օրենքները, ծածկեցին իրենց գլուխները, բայց ոչ միտքն ու խոսքը: Նրանք այսօր էլ շարունակում են ստեղծագործել և աշխատել Իրանի Իսլամական Հանրապետությունում:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա