Կալավան գյուղի վերածնունդը
Հայաստանի հյուսիս֊արևելյան հատվածի ութ կիլոմետրանոց ոլորապտույտ ճանապարհը տանում է լեռների գագաթին, անտառների մեջ ծվարած մի գյուղ: Այստեղ իր հայրենի գյուղի ապագայի տեսլականով ապրում է 36-ամյա Ռոբերտ Ղուկասյանը: Նա ունի մի շատ պարզ մոտեցում․ «Տեսնել առավելություններ թերությունների մեջ»։
«Չունենք ճանապարհ, անգամ խանութ չկա Կալավանում, խնդիրները բազում են, եթե նայենք այդ տեսանկյունից, ուղակի անհնար է այստեղ ապրել»,-ասում է մասնագիտությամբ հնագետ, կենդանաբան Ռոբերտ Ղուկասյանը:
Անցած երկու տասնամյակների ընթացքում հարյուրավոր մարդիկ, նման կերպ մտածելով, լքել են գյուղը. միտում, որն առկա է Հայաստանի շատ այլ գյուղերում։ Ներկայումս Կալավանում բնակվում է շուրջ 200 մարդ:
Կալավանի դեպքը, սակայն, տարբերվում է հայկական այլ գյուղերից: Նախքան ղարաբաղյան հակամարտության բռնկումը Կալավանը կոմպակտ 700 հոգանոց ադրբեջանական գյուղ էր և կոչվում էր Ամիրխեր: Հակամարտության ընթացքում տեղի ադրբեջանցիները լքեցին գյուղը, փոխարենը այստեղ տեղափոխվեցին հայեր` Ադրբեջանի Շամխորի շրջանի հայաշատ բնակավայրերից:
Ռոբերտ Ղուկասյանը ծնողների հետ Կալավան է տեղափոխվել 1989 թվականին` Սումգայիթից: Պատմում է, որ գյուղը դատարկվում էր, իր սիրտը ցավում էր, քանի որ ահավոր շատ էր կապված Կալավանին, վերջապես իր երեխաների ծննդավայրն է:
«Եթե իմ ծնողները կարող են ինձ բացատրել, թե ինչու լքեցին իմ ծննդավայրը, ես կհասկանամ, բայց երբեք չեմ կարողանա ասել իմ երեխաներին, թե ինչո՞ւ ես նրանց դուրս բերեցի գյուղից: Որպեսզի դա տեղի չունենար, որոշեցի օգտագործել այն ամենը, ինչ ունի Կալավանը` դարձնելով արկածային, էկո, հնագիտական զբոսաշրջության կենտրոն»,-ասում է Ղուսկասյանը:
«Մենք սկսեցինք հակառակը մտածել` մեր թույլ կողմերը վերածել մրցակցային առավելության: Սկսեցինք շատ խորն ուսումնասիրել գյուղի մարդկային ու բնական ռեսուրսները, ճիշտ համադրել դրանք, ու մեխանիզմը սկսեց աշխատել: Բացահայտեցինք եզակի առավելություններով մարդկանց. նրանց, ովքեր ճանաչում են անտառում աճող բոլոր բույսերը, կամ թռչունների ձայնները: Նրանք այդ ամենը գիտեն իրենց ապրած կյանքով, ու դա չեն սովորցնում որևէ բուհում»,-ասում է հնագետը:
Սովորելով Գերմանիայում եւ աշխատելով տարբեր միջազգային արշավախմբերի հետ` լինելով 11 գիտական հոդվածների հեղինակ՝ հնագետ Ղազարյանը 2013 թվականին հիմնադրեց «Թայմ լենդ» գիտաուսումնական հիմադրամը, որի նպատակը զբոսաշրջիկներին լեռնագնացության, բույսերին, կենդանիներին ուսումնասիրելու եւ շրջակայքում ընթացող հնագիտական պեղումներին մասնակցելուց բացի, գյուղի կյանքով ապրելու հաճույքից օգտվելու հնարավորություն տալն է։ Այցելելով այստեղ` զբոսաշրջիկները կարող են քարե դարի մարդու կյանքով ապրել` կացարան կառուցել, ստեղծել գործիքներ, կրակ ստանալ եւ կրել այդ ժամանակշրջանին բնորոշ հագուստներ:
«Թայմլենդի» հաջողության համար Ղուկասյանն օգտագործել է հնագիտությամբ զբաղվող տարբեր միջազգային կազմակերպությունների հետ իր կապերն ու հնագետի իր անձնական վարկը։ Նրա հավաստմամբ, 2016֊ի ընթացքում Կալավան է այցելել 2500 զբոսաշրջիկ աշխարհի տարբեր երկրներից` ներառյալ Չիլիից, Պերուից, Նեպալից, Ավստրալիայից եւ Իրանի Իսլամական Հանրապետությունից:
Զբոսաշրջիկների այցելությունները նշանակում են աշխատանքի նոր հնարավորություններ տեղացիների համար։ Ներկայումս կառուցվում են 15 նոր հյուրատներ, իսկ եղած 17֊ն էլ վերանորոգվում եւ ընդլայնվում են: Կալավանի գյուղապետ Սամվել Ծատուրյանն ասում է, որ 2015 թվականից սկսած գյուղում 6 հողակտոր եւ մեկ տասնյակ տներ են գնվել:
«Գյուղում աշխուժություն է տիրում, ամեն տեղ շինարարություն է: Ամուսինս Ռուսաստանում է՝ արտագնա աշխատանքի, բայց որ վերադարձավ, այլևս չի գնա, այստեղ գործ հաստատ կա»,-ասում է երկու տղաների մայր 27-ամյա Գայանե Բադալյանը։ Նա գումար է վաստակում տնական թթվասեր, պանիր, հաց և ծիրանի, հատապտուղների ու ընկույզի մուրաբաներ վաճառելով։
Մինչդեռ 62-ամյա Ոսկան Բալյանը իր սովետական վիլիսով զբոսաշրջիկներին Դիլիջանից ու շրջակա վայրերից տանում է գյուղ և հակառակը՝ 5000 դրամի դիմաց։
«Գյուղից էլի մարդիկ կան, այս գործն են անում և գումար բերում ընտանիք»,- ասում է Բալյանը, ով նախկինկում մտադրված էր հեռանալ գյուղից:
«Հիմա մտափոխվել եմ, երկու տարի է լույս եմ տեսնում, համայնքը զարգանալ է սկսել, զբոսաշրջիկ է, որ գալիս է Կալավան»-հպարտությամբ ասում է Ոսկանը:
Ռոբերտ Ղուկասյանն առաջիկայում նախատեսում է $60,000 արժողությամբ գիտակրթական կենտրոն կառուցել, որտեղ կհավաքվեն հատկապես հնագետներ և այլ գիտնականներ։
Հայաստանի Ամերիկյան Համալասարանի «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» տնօրեն Ալեն Ամիրխանյանը Կալավան տեղափոխվելով` արդեն իր գիտական ներդրումն է արել գյուղում։
Նման կերպ է վարվել նաեւ համայնքային զարգացման մասնագետ Վահե Դարբինյանը, ով այս պահին վերակառուցում է գյուղի իր տունը` հյուրատուն դարձնելու նպատակով։
«Սա առաջին «hooghouse»-ն է, կունենա 4 սենյակ, կտեղավորվի 8-10 մարդ: Այս պահին աշխատում են և հետո էլ կաշխատեն միայն գյուղի բնակիչները: Ես հավատացի գյուղի երազանքին ու որոշեցի դրա մի մասնիկը դառնալ»,-ասում է Դարբինյանը,-«Գյուղն ինձ հետաքրքրեց նաև մասնագիտական առումով, ես ցանկացա ներդրում ունենալ համայնքի զարգացման գործում»:
ԱՄՆ-ից 30-ամյա Նինա Ռոմա Աղվանյանը և 28-ամյա Լորի Ալբանդյանը եւս բնակարան են գնել այս գյուղում: Հայաստանում նրանք հիմնադրել են «Բաց գիրք» կազմակերպությունը, որն անվճար փոքրիկ գրադարաններ է տեղադրում Հայաստանի եւ Արցախի գյուղերում:
«Մեկ հատ էլ տեղադրելու ենք Կալավանում: Մենք Կալավանի մասին իմացանք Ռոբերտի միջոցով, եկանք տեսանք գյուղը եւ սիրահարվեցինք: Հիմա աստիճանաբար մեր գնած հին տունը վերանորոգում ենք: Աշխատում ենք Երևանում, բայց ամեն ուրբաթ, շաբաթ, կիրակի այստեղ ենք անցկացնում: Սա դրախտային վայր է, եթե հանգիստ ես ուզում, ապա միայն Կալավանում»,-ասում է մասնագիտությամբ գրադարանավարուհի Լորի Ալբանյանը:
Գյուղի աշխուժությունը գրավել է նաև Կառավարության ուշադրությունը, որը գյուղական համայնքները դատարկվելուց փրկելու բազմաթիվ փորձեր է անում․ հավանական է, որ Կալավանն էլ հենց լինի փրկության մոդելը։
Այս տարվա օգոստոսին վարչապետ Կարեն Կարապետյանը խոստացել է կառավարության կողմից աջակցություն տրամադրել Կալավանի տասնամյա զարգացման ծրագրին։ Խոստումից մեկ ամիս անց նա պարգեւատրել է Ղուկասյանին` Երախտագիտության մեդալով:
Ղուկասյանը վստահ է, որ թեև կառավարման բազմաթիվ նախագծեր անհաջող են եղել, իր մոտեցումը արդյունք կբերի։
«Մենք չենք փոխում մարդկանց, մենք բացահայտում ենք իրենց գիտելիքները եւ ուժեղ կողմերի վրա հենվելով` զարգացնում ենք դրանք: Սա տալիս է արագության ազդեցություն, արդյունքը երևում է շատ արագ ու աշխատում է 100 տոկոսով: Մենք մարդուն չենք ասում համակարգիչ սովորի, լեզուններ սովորի, եթե սկսենք այդտեղից, ապա ոչինչ չի ստացվի»,-նշում է Ղուկասյանը:
Այնուամենայնիվ, գյուղում կան մարդիկ, ովքեր չեն ուզում ներգրավվել սպասարկման ոլորտում։ Ըստ Ղուկասյանի, դա ավելի շատ «պասիվ կյանքի» և սահմանափակ ֆինանսների արդյունք է։
Օլիգարխների` գյուղում ներդրումներ անելու հետաքրքրվածության վերաբերյալ էլ Ռոբերտն ասում է, որ նախաձեռնությունը ուղղված չէ մեկի անձնական հարստացման համար։ «Գյուղը մերժում է այն ներդրումները, որոնք ուղղված կլինեն անհատական բիզնեսների ծաղկմանը, սա մեր համայնքն է, մենք բոլորս ունենք երազանք, ունենք տասնամյա զարգացման ծրագիր, որտեղ էլ միայն տեսնում ենք գյուղի համաչափ զարգացումը»:
36-ամյա հնագետը նախատեսում է առաջիկայում զբոսաշրջությունը Կալավանից տարածել դեպի հարեւան Ճամբարակ քաղաքը:
«Դա կլինի իմ երկրորդ փորձը: Եթե Կալավանի դեպքում նշում ենք անտառը, բնությունը, ապա Ճամբարակը դա էլ չունի, բայց ես խոստանում եմ, որ այն կդառնա զբոսաշրջության կենտրոն, մենք կապացուցենք որ անհետաքրքիր տարածքներ չեն լինում, լինում են անհետաքրքիր մոտեցումներ»,-ամփոփում է Ղուկասյանը:
նվիրաբերեք հիմա