Archive

Վտանգված մանկություն` անավարտ պատերազմի ու փխրուն խաղաղության արանքում

Երևանից 200 կմ հեռավորության վրա գտնվող հայ-ադրբեջանական սահմանային Չինարի գյուղում ապրող 14-ամյա Տիգրան Ղարախանյանը դպրոց գնալիս խուսափում է անցնել ճանապարհի կենտրոնով, քայլում է գյուղի տների պատերի կողքով, որպեսզի անվտանգ դպրոց հասնի: Տիգրանը դրա համար պատճառ ունի, քանի որ Չինարին գրեթե մեկ կիլոմետր է հեռու ադրբեջանական դիրքերից եւ պարբերաբար հակառակորդի թիրախում է:

«Մեզ փոքրուց են սովորեցնում, թե ինչպես ավելի ապահով քայլել գյուղում: Ճիշտ է, սովորել ենք կրակոցներին, բայց չգիտենք` ինչ կպատահի»,-ասում է Տավուշի մարզի Չինարիի դպրոցի յոթերրորդ դասարանի աշակերտը:

Թեեւ ավելի քան 23 տարի է անցել զինադադարի հաստատումից, այնուամենայնվիվ, հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում պատերազմը դեռևս շարունակվում է: Այս մարզն Ադրբեջանի հետ ունի ավելի քան 300 կմ սահման:

Երբեմն լինում են առանձին կրակոցներ, երբեմն էլ տեւական գնդակոծություններ:

Վտանգված են բոլորը, բայց գյուղացիներն ավելի շատ մտահոգվում են, թե ինչպես է այս ամենն ազդում իրենց երեխաների վրա: Չնայած պաշտպանիչ պատը կրակոցներից պահպանում է  դպրոցը, ապահով սենյակները եւ աշակարտներին, տեղացիներն ասում են, որ  գյուղում ապահով տեղ չկա:

Չինարին ցածրադիր գյուղ է` 1000 բնակչությամբ: Ադրբեջանի հետ համատեղ ունի 30 կմ սահման: Այն սահմանային ամենավտանգավոր գյուղերից է: Հակառակորդի տեսադաշտում են Չինարիի գրեթե բոլոր տները, ճանապարհները, դպրոցը, մանկապարտեզը:

Եթե առավոտյան կրակահերթ է լինում, Տիգրան Ղարախանյանը, ինչպես նաեւ իր համադասարանցիները, դպրոց չեն գնում:

«Հավաքվում ենք տան հաստ պատերով եւ առանց պատուհանների անվտանգ սենյակներից մեկում եւ սպասում, մինչև կլռեն»,-ասում է Տիգրանը:

Այս գյուղում անվտանգությունը հարաբերական նշանակություն ունի: «Մեր տունը վտանգավոր տեղում է, երկու անգամ հրետանիով խփել են, երկրորդ հարկը ամբողջովին քանդել, բայց նորից սարքել ենք: Կտուրին, պատերին մնացել են փամփուշտների հետքերը, անգամ փամփուշտներ կան մնացած պատերի մեջ»,-պատմում է փայլող աչքերով Տիգրանը:

2014 թվականին գյուղի կենտրոնում կառուցվել է 2 մետր բարձրությամբ եւ 160 մետր երկարությամբ պաշտպանիչ պատ` երեխաների դպրոց գնալու ճանապարհը համեմատաբար անվտանգ դարձնելու համար: Դպրոցի այն պատուհանները, որոնք նայում են դեպի ադրբեջանական դիրքերը, գրեթե ամբողջությամբ փակվել են քարերով: Միայն մի փոքր հատված են թողել լույսի համար:

Լրացուցիչ պաշտպանիչ պատ է կառուցվել նաեւ մանկապարտեզի մուտքի մոտ, որը ադրբեջանական դիրքերից ընդամենը 600 մետր հեռավորության վրա է: Եւ՛ դպրոցի, եւ՛ մանկապարտեզի վրա երեւում են գնդակոծության հետքերը:

«Ամբողջությամբ հակառակորդի տեսադաշտում ենք, այդ պատճառով երբեք երեխաներին դուրս չենք հանում խաղալու: Առավոտվա իննից մինչև երեկոյան հինգը պահում ենք միայն ներսում»,-ասում է Չինարիի մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Աղասյանը:

Չինարիի Վ. Սաղոյանի անվան միջնակարդ դպրոց հաճախում է 94 աշակերտ:
Սահմանամերձ Չինարիի աշակերտները:
Չինարիի դպրոցը գնդակոծությունից պաշտպանելու համար պատուհանները հանվել են, իսկ փոխարենը այդ հատվածներում քարեր են դրվել:
Դպրոցի ստորգետնյա ապահով սենյակը կարող է տեղավորել մի քանի տասնյակ աշակերտներ: Այն կառուցվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:
9-րդ դասարանի աշակերտներ Տիգրան Ղարախանյանն ու Կորյուն Ծերունյանը ամեն օր դպրոց գնալիս վտանգում են իրենց կյանքը:
Գրետա Դալլաքյանը նախքան Չինարիի դպրոցի տնօրեն դառնալը բազմաթիվ տարիներ եղել է դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհին: Նա ունի 3 զավակ եւ 8 թոռ:
Չնայած կրակոցների վտանգին` երեխաները շարունակում են խաղալ Չինարիի դպրոցի բակում:
Չինարիի աշակերտները վոլեյբոլ են խաղում դպրոցի պաշտպանված պատուհաններով մարզասրահում:
Չինարիի աշակերտները ֆուտբոլ են խաղում մարզադաշտում, որը ադրբեջանական գնդակոծության թիրախում է, ներառյալ խաղերի ժամանակ:
Չինարիի մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Աղասյանը ցույց է տալիս, թե ինչպես են գնդակոծությունից պաշտպանում ննջասենյակի պատուհանները:
Մանկապարտեզի պատուհանի գնդակոծության հետքը:
Թեեւ Չինարիի դպրոցի այս պատուհանը նոր է, սակայն արդեն գնդակոծության հետք կա:

«Երբ կրակում են, բարձր երաժշտություն ենք միացնում, որպեսզի խլացնենք կրակոցների ձայնը, կամ երեխաներին տանում ենք ապահով սենյակ»,-ասում է Աղասյանը` նշելով, որ երեխաներին արթնացնելիս պատճառը չեն ասում:

Բարեբախտաբար, հակառակորդի կրակոցները մահացու հետեւանք չեն ունեցել աշակերտների համար: Այնուամենայնիվ դրանք իրենց ազդեցությունն են թողում երեխաների հոգեկան ներաշխարի վրա:

«Նրանց խաղերում գերիշխում է պատերազմը. կրակում են ավտոմատներից, դիրքեր են փորում, թաքնվում խրամատներում, պլաստիլինից տանկ, ավոտմատ կամ պատերազմը խորհրդանշող այլ առարկաներ են պատրաստում»,-պատմում է մանկապարտեզի տնօրենը:

Չինարիի համայնքի ղեկավարի տեղակալ, երեք երեխաների հայր  28-ամյա Գևորգ Պետրոսյանն  ասում է` այն ինչ իր սերունդն է տեսել,  շարունակում են տեսնել իրենց երեխաները:

«Երեք տղաներս արդեն տարբերում են, թե ինչ տեսակի զենքերով են կրակում, գիտեն, որ հակառակորդն է: Ես իմ տղաներին ամեն ինչ բացատրել եմ, որպեսզի հասկանան կրակոցի վտանգը»,-նշում է Գևորգ Պետրոսյանը:

Չինարիից Մովսես գյուղ հասնելու համար պետք է անցնել 30 կմ-ոց, ոչ ասֆալտապատ ճանապարհ: Գյուղը ձորի մեջ է, ռելիեֆը բազմազան է: Ադրբեջանի հետ ունի 27 կմ սահման: 2000 բնակչություն ունեցող  Մովսեսի հարևանությամբ երեք ադրբեջանական գյուղ կա:

Մովսես գյուղը գրեթե մեկ կիլոմետր է հեռու ադրբեջանական դիրքերից, այն ամբողջությամբ գտնվում է ադրբեջանական զինված ուժերի անմիջական նշանառության տակ:
Մովսեսի առօրյա կյանքն է: Գյուղն ունի 2000 բնակիչ:
Անվտանգության նկատառումներից ելնելով` Մովսեսի ուսուցիչներն աշակերտներին արգելում են կուտակվել մի վայրում կամ նստել դպրոցի դիմացի նստարանին, սակայն աշակերտները միևնույնն է, նստում են։
Մովսեսի դպրոցի դասասենյակներից:
Ինչպես Հայաստանի այլ դպրոցներում, ռազմագիտություն առարկան Մովսեսի 12-րդ դասարանցիների դասացուցակի բաղկացուցիչ մասն է կազմում:
12-րդ դասրանցի Անի Մկրտումյանը ռազմագիտության դասի ժամանակ:
Մովսեսի մանկապարտեզի տնօրեն Արեվիկ Ավալյանը:
Մովսեսի մանկապարտեզի ապահով սենյակը, որը կառուցվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից, զարդարված է` երեխաներին հարձակման վտանգից շեղելու համար: Մանկապարտեզի մոտ կառուցված պատը պաշտպանում է պատուհանները` գնդակոծությունից:
Մովսեսի մանկապարտեզում քնելու ժամն է:
Մովսեսի դպրոցի պատին գնդակոծության հետքեր են:

Եթե գյուղում տուն կամ մեկ այլ բան է հրետակոծվում, այդ մասին լուրը բերնեբերան շատ արագ տարածվում է, իսկ դպրոզի զանգն էլ աշակերտներին իմացնել է տալիս, թե երբ է անհրաժեշտ ապահով սենյակ տեղափոխվել:

«Կրակոցներից անմիջապես հետո երեխաներն իրար են պատմում, վերլուծում, թե որ կողմն ավելի շատ կրակեց, որ կողմը քիչ, ինչ տեսակի զենքից»,-ասում է մանկապարտեզի տնօրեն Արեւիկ Ավալյանը:

Նրա խոսքով, երեխաների խաղերում կարմիր գծի նման անցնում է պատերազմի թեման:

Չնայած գյուղի մեծահասակները փոձում են պաշտպանել երեխաներին, միևնույն ժամանակ, համոզված են, որ երեխաները պետք է հասկանան պատերազմի իրողությունը եւ ի վիճակի լինեն պատասխանել: Մովսեսում, ինչպես Հայաստանի այլ սահմանամերձ գյուղերում եւ քաղաքների ավագ դպրոցներում, աշակերտներն անցում են ռազմագիություն, որի ընթացքում սովորում են կրակել, քանդել, հավաքել եւ մաքրել ուսումնական կալաշնիկով տեսակի ավտոմատը:

«Ենթադրենք հակառակորդը մտավ գյուղ, անսպասելի իրավիճակներ ստեղծվեցին, այդ տարիքի երեխան չկարողանա՞ զենքին  տիրապետել, կարծում եմ պետք է կարողանա: Ունենք հակառակորդ, հետևաբար պետք է պատրաստ լինենք ցանկացած բանի»,-ասում է Մովսեսի համար 116 դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Սարգիս Առաքելյանը:

Դասաժամի ընթացքում աշակերտները կրակում են էկրանի վրա հայտնվող երեւակայական հակառակորդի զինվորներին: Իսկ համակարգիչը հաշվում է, թե 10-ը փորձից քանիսն է դիպել թիրախին:

Մովսեսի դպրոցի աշակերտ 16-ամյա Դիանա Աթաբեկյանը զենքն ընդունում է որպես պաշտպանության միջոց, ու չնայած որ այնքան էլ լավ նշանառու չէ, կարծում է, որ պետք է կարողանալ կրակել` պաշտպանվելու համար:

«Մանկությունից մի բան եմ ավելի շատ հիշում, ծնողներիս ձայնը` տուն մտեք, կրակում են»,-վերհիշում է Դիանան` հավելելով, որ շատ ավելի ուշ է հասկացել, որ հենց իրենց տան դիմաց հակառակորդն է, եւ որ այդ կրակոցները կարող էին ճակատագրական լինել:

«Մեր հակառակորդը հաշվի չի առնում ոչ դպրոց, ոչ մանկապարտեզ, ոչ խաղաղ բնակչություն, երբ ուզի՝ կրակում է: Նրա նկատմամբ պետք է լինել ուժեղ, դիրքավորված ու զսպող»,-համոզված է ռազմագիտության ուսուցիչ Սարգիս Առաքելյանը:

Երբ գյուղում կրակոցները դադարում են ու ժամանակավոր խաղաղություն է տիրում, գյուղացիները սկսում են միմյանց զանգահարել, տեսնել` արդյոք որևէ մեկը չի վնասվել:

«Կարևորը մարդկային կորուստներ չունենանք, նյութականը ոչինչ, արդեն հարմարվել ենք: Բայց ամենակարևորը` խաղաղության վերջնական հաստատումն է»,-ամփոփում է Արևիկ Ավալյանը:

Archive

Every news story eventually grows old. Since 2015, over the course of a decade, Chai Khana has documented the narratives of the South Caucasus. This archive brings together the photo projects, documentary films, and articles from that era—stories that have now become the history of the region.