Ոգեշնչելով հեռավոր գյուղի աշակերտներին
Լեռնային Ղարաբաղի բարձր լեռներում ծվարած այս գյուղն ընդամենը 30 բնակիչ ունի: Երբ 2017 թվականի ամռանը նորավարտ լրագրողներ Վերոնիկա Շահնազարյանը եւ Նարինե Վարդանյանը այցելեցին Վաղազին` ծանոթանալու գյուղական պայմաններին, բնակիչներից ոչ մեկը չէր հավատում, որ մեկ ամիս անց աղջիկները կվերադառնան` դասավանդելու 10 աշակերտ ունեցող հեռավոր գյուղի դպրոցում: Սա մարտահրավեր էր, որը նրանք որոշեցին ընդունել:
«Համալսարանից հետո տարբեր տեղերում եմ աշխատել, սակայն գոհ չէի: Չեմ սիրում, երբ աշխատանքն առօրեական է դառնում: Հայրս ինձ ոգեշնչեց՝ մի իմաստալից բանով զբաղվելու»,-ասում է Վերոնիկան, ով 2016-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
Վերոնիկան Երեւանից է, իսկ Նարինեն ուսման նպատակով տարիներ առաջ է Երևան տեղափոխվել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղից։ Աղջիկները դիմել էին «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին, որը ՀՀ մարզերի եւ ԼՂՀ շրջանների ամենակարիքավոր դպրոցներում փորձում է բարելավել կրթության հասանելիությունը:
Այդ նպատակով երկամյա պայմանագիր է կնքվում երիտասարդ մասնագետների հետ: Վաղազինի դպրոցը նման մասնագետների խիստ կարիք ունեցող դպրոցներից մեկն է։
Քաշաթաղի շրջանի այս գյուղում շատ են պատերազմի հետևանքով առանց տանիքի շինությունները։ 1994֊ի հրադադարից հետո գյուղը կամաց֊կամաց վերաբնակեցվել է։ Սակայն ծանր պայմանները գյուղացիներից շատերին ստիպել են նորից լքել Վաղազինը։ 2000-ականների սկզբում գյուղում բնակվող 50 ընտանիքներից այսօր մնացել է ընդամենը 8֊ը․ ընդհանուր առմամբ այստեղ ապրում է 32 հոգի` ներառյալ Վերոնիկան եւ Նարինեն:
Գյուղի դատարկվելը անդրադարձել է նաև կրթական համակարգի վրա։ Ընդամենը 10-ը աշակերտ ունեցող դպրոցում հնարավոր չէ կիրառել սովորական ուսումնական պլան, և յուրաքանչյուր առարկայի համար առանձին ուսուցիչ ունենալ: Վերոնիկան դասավանդում է անգլերեն և ռուսերեն, իսկ Նարինեն՝ հայոց լեզու և գրականություն։ Դասերը համարեցված են յուրաքանչյուր երեխայի կարիքներին համապատասխան:
Երևանի ակտիվ կյանքը աղջիկների համար կարծես ուրիշ մոլորակում մնացած լինի: Նրանց դռան վրա գրված է՝ «Դասավանդիր սերը ազատագրված հայրենիքում»։ Տան միակ սենյակի պատերին նկարիչ` Մինաս Ավետիսյանի և պոետներ՝ Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի նկարների կողքին կախված են Ֆիդել Կաստրոյի, Չե Գևարայի և Էռնեստ Հեմինգուեյի դիմանկարները։ Իսկ ռուս գրող Եսենինից մեջբերումներն էլ զարդարում են պատուհանին մեխված տախտակները։ Կահույքից ընդամենը երկու մահճակալ, երեք կիսաջարդված աթոռ, մի հին սեղան և փայտի վառարան կա։ Քաղաքից եկած երկու աղջիկները հարմարվել են այս պայմաններին:
«Մենակությունը երբեմն կարող է խեղդող լինել»,- ասում է Նարինեն եւ հայացքը շրջում դեպի իր նոր աշխարհը շրջապատող ձյունածածկ լեռներին։
Մեկուսացումը գյուղի հիմնական խնդիրն է։ Ամենամոտ մեծ բնակավայրը 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բերձորն (Լաչին) է, որտեղ ապրում է 1900 մարդ: Վաղազինից Ստեփանակերտ արդեն 90 կիլոմետր է։ Մարդիկ հիմնականում կամ իրենց սեփական մեքենաներով են քաղաք գնում, կամ օգտվում են համայնքային «ՈՒԱԶ»֊ից, որը և ավտոբուս է, և շտապօգնության մեքենան։ Ամենամոտ խանութը գտնվում է Բերձորում, իսկ այնտեղ տանող ճանապարհը ձմռանն առատ ձյունը հաճախ է փակում:
Բայց գյուղը շարունակում է գոյատեւել, քանի դեռ այնտեղ կա դպրոց և աշակերտներ։ Իսկ Վերոնիկան և Նարինեն էլ կարծում են, որ կրթությունը գյուղում հույս է սերմանում։
«Մենք ամեն ինչ կանենք, որ մեր գնալուց հետո նոր ուսուցիչներ գան՝ մեր գործը շարունակելու»,-ասում է Նարինեն։
նվիրաբերեք հիմա