Հայաստանի թաքնված հիշողությունը. ստալինյան բռնաճնշումներ

Հեղինակ՝: Գայանե Մկրտչյան, Նելլի Շիշմանյան
04.05.18
Հրատարակություն: Հիշողություն

6 տարի առաջ 45-ամյա տնտեսագետ Ներսես Տեր-Պետրոսյանի ընտանիքը հուշարձան տեղադրեց հայրենի Գողթ գյուղում` նվիրված իրենց  պապիկին եւ 16 այլ համագյուղացիներին, որոնք ստալինյան բռնաճնշումների զոհ էին դարձել: 1920 թվականին Իոսիֆ Ստալինի` Խորհրդային Միության ղեկավար դառնալուց հետո սկսվում են քաղաքական զանգվածային բռնաճնշումներ, որոնք իրենց գագաթնակետին են հասնում 1936-1938 թվականներին, սակայն շարունակվում են մինչեւ 1950 թվականը:

Պետրոսյանների կողմից հուշարձան տեղադրելը սովորական եւ հերթական գործուղություն չէր, այլ ինչպես իրենք են նշում, պարտքի կատարում: Նպատակը` զոհերի հիշատակը վառ պահելն է եւ պատմության այդ էջն ավելի բաց դարձնելը: Նրա հավաստմամբ, հուշարձանի տեղադրման վայրը հատուկ է ընտրվել հենց դպրոցի ճանապարհը, որպեսզի ներկա ու գալիք սերունդները տեղյակ լինեն պատմության ցավոտ էջի մասին:

Պատմության նկատմամբ խորը կապվածություն ունեցող այս երկրում ստալինյան բռնաճնշումների հազարավոր զոհերի սերունդներ հանրայնորեն չեն խոսում իրենց ընտանիքների տառապանքների մասին: Իսկ զոհերին նվիրված հուշարձան մայրաքաղաք Երեւանում բացվեց միայն 2008 թվականին:

Ներսես Տեր-Պետրոսյանն ու իր եղբայրը Գողթում հուշարձան են կանգնեցրել` նվիրված ստալինյան բռնաճնշումներին ենթարկված իրենց 17 համագյուղացիներին, այդ թվում նաեւ իրենց պապին, որը մահացել է աքսորում:
45-ամյա Ներսես Տեր-Պետրոստանն իր որդու 11 ամյա Վահանի հետ կանգնած են ստալինյան բռնաճնշումներին նվիրված հուշարձանի մոտ, որը նա տեղադրել է իր հայրենի գողթ գյուղում: Գյուղի համայնքապետարանը հուշարձանի խնամքի պարտավորություններն իր վրա է վերցրել:

Որոշ առումով դա պայմանավորված է կոլեկտիվ մեղքի զգացողությամբ, մի մասն էլ նրանով, որ մութ անցյալը պեղելը կբերի մեղադրանքների տարափի այն մարդկանց նկատմամբ, որոնց նախնիները դերակատարություն են ունեցել բռնաճնշումների կազմակերպման գործում: Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ կատարված 1915-1923թթ.-ի Ցեղասպանությունը եւս շեղել է ուշադրությունը Ստալինյան բռնաճնշումներից:

Պետրոսյանների պապը` Պետրոս Տեր-Պետրոսյանը, ով աշխատում էր Երեւանի տպագրատանը, գնդակահարվեց 1938 թվականին` մեղադրվելով հակակոմունիստ լինելու մեջ (փաստը, որ իր մեծ պապը քահանա է եղել, մեծապես ազդել է գնդակահարության վճռի վրա): Պետրոս Տեր- Պետրոսյանին ձերբակալել են, երբ նրա կինը հղի է եղել: Նա երբեք չի կարողացել տեսնել իր տղային` Ներսես Տեր-Պետրոսյանի հորը:

«Հայրս պատմում էր, որ իրենց տուն ոչ ոք չէր մտնում, գյուղացիները չէին շփվում հետները, բարեկամներն էլ ուտելիք են տարել գիշերով՝գաղտնի»,-ասում է Ներսես Տեր-Պետրոստյանը:

Մահապատժի ենթարկելուց միայն 20 տարի անց սովետական իշխանությունը հայտարարել է, որ Պետրոս Տեր-Պետրոսյանի վճիռն անհիմն է եղել:

Ներսես Տեր-Պետրոսյանի պապիի` Պետրոս-Տեր-Պետրոսյանի արդարացման փաստաթուղթը` արված 1958 թվականին: Փաստաթղթում նշվում է, որ վերջինս ոչ մի հանցագործություն չի արել, եւ 1938 թվականին նրա ձերբակալության համար ոչ մի հիմք չի եղել:
72-ամյա Մերուժան Թովմասյանը ցույց է տալիս իր հոր` Եղիշե Թովմասյանի նկարը, ով 10 տարի է անցկացրել կուլակում նախքան 1949-ին Սիբիր ցմահ աքսորվելը:
62-ամյա Անդրանիկ Թովմասյանը ստալինյան բռնաճնշումների ժամանակ Սիբիր աքսորված Եղիշե Թովմասյանի որդիներից մեկն է: 1961-ին, երբ իր հայրը նոր ընտանիքի հետ վերադարձավ Հայաստան, նրանց երկաթգծի կայարանում դիմավորեց հորեղբայր Լեւոնը: «Ամուր գրկելուց ու համբուրելուց հետո նա մեզ տարավ իր տուն»,-հիշում է Անդրանիկը:

82-ամյա Սենիկ Սարգսյանի հայրը, Գողթի մեկ այլ բնակիչ, ավելի «բախտավոր» էր, նա անձամբ հիշում է հոր ձերբակալության հետեւանքերը: 1937 թվականին իր հայրը` Սիմոնը, մասնագիտությամբ գյուղատնտես, աքսորվել է Ուրալ (Սուխոբեզվոդնոյե գյուղ)  ենթադրաբար Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ լինելու կասկածանքով: Կուսակցություն, որը դեմ էր սովետական հասարակարգին:

«Գյուղացիները ծիծաղում էին մեզ վրա, անվանում էին «դաշնակի տղա»: Մեզ վատ էին վերաբերվում դպրոցում: Շատ հազվադեպ էինք հայրիկից նամակներ ստանում: Սովորաբար նա շատ կարճ նամակներ էր գրում, հիմնականում, որ կենդանի է ու վերջ»,-ասում է Սարգսյանը:

1943 թվականին  Սիմոն Սարգսյանը վերադարձել է Հայաստան: 17 գյուղացիներից նա այն երեքի մեջ էր, որոնք աքսորից հետ են եկել:

«Մեծ մասը սովորաբար գնդակահարվել է աքսորի առաջին կամ երկրորդ ամսում», -ասում է նա:

1937 թվականին Ստալինյան բռնաճշումնեիր ժամանակ, 82-ամյա Սենիկ Սարգսյանի հայրը` Սիմոն Սարգսյանը, աքսորվել է Ռուսաստանի Ուրալի շրջան` հակակոմունիստ եւ դաշնակցական լինելու մեղադրանքով:
Գողթ գյուղը` Սենիկ Սարոյանի տան բակից:

Երիտասարդների և մեծահասակների կրթությամբ զբաղվող «Դի-Վի-Վի» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լուսինե Խառատյանն ասում է, որ Հայաստանի պատմության դասագրքերը շատ քիչ ինֆորմացիա են պարունակում ստալինյան բռնաճնշումների մասին: Այս կազմակերպությունը «Հազարշեն» ազգաբանական հետազոտությունների  կենտրոնի հետ համատեղ,  2012 թվականին ստեղծել է  www.armeniatotalitaris.am կայքը, որտեղ ներկայացված են Հայաստանի տարբեր վայրերում ԽՍՀՄ քաղաքական բռնությունների ենթարկված մարդկանց և նրանց ընտանիքների պատմությունները:

«Պետական հաստատությունները եւ լրատվամիջոցները շատ հետաքրքրված չեն այս թեման լուսաբանելով կամ քննարկումներ կազմակերպելով տարբեր շրջանակներում»,-ասում է նա:

2017-ի սեպտեմբերին, կառավարությունը փակեց ստալինյան բռնաճնշումների զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսը` կազմակերված Հովհաննես Թումանյանի տուն–թանգարանում: Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը պատճառաբանել էր, թե ցուցահանդեսը քաղաքականացված է, իսկ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն էլ ասել էր, որ չեն համաձայնեցրել իրենց հետ եւ որ ոչ մի պետական թանգարան իրավունք չունի սեփական քաղաքականությունը մշակել: Խորհրդարանական խմբակցություններից միայն «Ելքն» էր քննադատել ցուցահանդեսի արգելումը: (Ավելի ուշ ցուցահանդեսը վերաբացվել է մասնավոր ցուցասրահում, այնուհետեւ տեղադրվել օնլայն):

Մշակույթի նախարարի եւ փոխնախարարի նման պատճառաբանությունը զարմացրել է Մերուժան եւ Անդրանիկ Թովմասյաններին:

Երկու եղբայրները ծնվել են ստալինյան բռնաճնշումների երկու տարբեր ալիքների ժամանակ:

Մեծ եղբայրը` 72-ամյա Մերուժանը, ծնվել է, երբ հայրը` Եղիշե Թովմասյանը, կոմունիստական կուսակցության նախկին անդամը եւ Կոտայքի մարզի  երեք գյուղերի կոլտնտեսության ղեկավարը, հետ է վերադարձել Հայաստան 1946 թվականին` 10 տարի տանջակիր աշխատանք կատարելով Հյուսիսային բեւեռային շրջանին մոտ գտնվող Վորկուտայի վատահամբավ աքսորյալների ճամբարում:

Կրտսեր եղբայրը` 62-ամյա Անդրանիկը եւ իր եղբայր Գառնիկը ծնվել են Սիբիրում, երբ նրանց հայրը կրկին մեղադրվել է հակակոմունիստ լինելու մեջ եւ հազարավոր այլ հայերի հետ 1949 թվականի հունիսին 28-ին ցմահ աքսորվել է Կրասնոյարսկի շրջանի Յենիսեյսկ գյուղ: Նա այնտեղ աշխատել է ածուխի հանքում եւ, ինչպես ընդունված է բաժանված աքսորյալների մոտ, կրկին ամուսնացել է:  

Խրուշչովյան ձնհալի շրջանում՝Եղիշե Թովմասյանը արդարացվում է, որից հետո նրան վերականգնում են  կոմունիստական կուսակցության շարքերում և ընտրում Ռուսաստանի Կարբոյարսկի շրջանային կոմիտեի պատգամավոր: 1961 թվականին նա որոշում է կայացնում  վերջապես վերադառնալ Հայաստան իր նոր ընտանիքի հետ:

«14 տարեկան էի, երբ ինձ ցույց տվեցին մի տղամարդու և ասացին, որ հայրս է: Պապային տարել էին, երբ ես դեռ երկու տարեկան էի: Նրան տեսել էի մեկ էլ նամակների հետ իր ուղարկած լուսանկարներում»,-պատմում է Մերուժան Թովմասյանը Երեւանի երկաթգծի կայարանում հորը դիմավորելու մասին:

Աքսորի մասին հոր պատմությունները Հայաստանում ծնված տղայի վրա ազդեցիկ տպավորություններ են թողել: 

«Առաջին աքսորից անմարդկային պատմություններ էր պատմում, օրինակ` ինչպես են հացի փշրանքները միեւնույն ժամանակ նետել շներին ու կալանավորներին, որպեսզի տեսնեն, թե ով շուտ կուտի: Հիտլերի համակենտրոնացման ճամբարները, երևի առաջինը սովետում են եղել: Իսկ հիմա Ռուսաստանում արդարացնում են գազանին, դա ի՞նչ է նշանակում»,-ասում է Մերուժանը:

Հոր 12 տարվա աքսորի ընթացքում, Մերուժանին արգելված էր եղել անդամագրվել կոմունիստական կուսակցությանը: Նա նաեւ պատմում է, որ իրեն կոչում էին «տրոցկիստի տղա» (Այս պիտակավորումը բացասական նշանակություն ուներ` նշանակում էր հակաբոլշեւիկ եւ ժողովրդի թշնամի):

Ճակատագրի հեգնանքով, Թովմասյանը ղեկավարել է Ողջաբերդ եւ Գեղադիր գյուղերի կոլտնտեսությունները, որոնք մինչեւ 1936 թվականի ձերբակալությունը, ղեկավարում էր իր հայրը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի հավաստմամբ, եթե պետական կառույցները եւ դպրոցները նման պատմությունները չուսումնասիրեն, Հայաստանը չի կարող առաջընթաց ունենալ:

«Այդ հանգամանքը, ցավոք, բացասականորեն է ազդում նաև պատմական գիտության, կրթության վրա: Այս խեղաթյուրումը ցույց  է տալիս որ մեզ մոտ հումանիտար, պատմական գիտությունը չի ձերբազատվել խորհրդային ժառանգությունից»,-ասում է իրավապաշտպանը:

77-ամյա Նելլի Սարգսյանն է: Նա 1949-ին Հայաստանից Ռուսաստան աքսոր ուղարկված 4,541 երեխաններից մեկն է, ըստ Armeniatotalitaris տվյալների բազայի: Նրա հայրը` Վարագ Սարգսյանը, աքսորվել է 1941 թվականին, աղջկա ծնունդից մի քանի ամիս անց: Երբ Նելլին 8 տարեկան էր, նա եւս աքսորվել է իր տատիկի եւ հորեղբոր հետ Ռուսաստանի Ալթայի երկրամաս: Նրա պապը, ով եղել է Դիլիջանի քահանան, գնդակահարվել է աքսորում:

Իսկ ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը, որի 2015-ին արված «Ընտանեկան ալբոմ» դոկումենտալ ֆիլմը պատմում է ստալինյան ժամանակաշրջանում տեղի ունեցած նրա երկու մեծ պապերի գնդակահարության մասին, ասում է, որ նկարահանումների ընթացքում շատերին չէր էլ հետաքրքրում այդ պատմությունը:

«Ստացվում է, որ պատմական այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած մարդկային  ողբերգությունները գովազդի կարիք ունեն: Եթե դիսկուրսը մեծանա, մարդիկ կխոսեն իրենց ընտանիքներում փակված պատմությունների մասին: Այստեղ նաև պետությունն անելիք ունի»,-ասում է նա:

«Դի-Վի-Վի» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լուսինե Խառատյանն էլ հավելում է, որ  հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների շրջանակներում թեմայի նկատմամբ հետաքրքրությունը ավելի մեծացել է, սակայն  ամեն ինչ դեռ այնքան էլ հստակ չէ: Ըստ նրա, խորհրդային մյուս երկրները ավելի ձևակերպված քաղաքականություն ունեն, ինչպես օրինակ Վրաստանը:

«Դեսովետիզացիային վերաբերվող օրենք ունեն, գործում է ռուսական օկուպացիայի թանգարանը: Մեր պարագայում ոչ կա քաղաքաականություն, որը դրա պրոպագանդան է անում, ոչ էլ կա հակառակը: Այսինքն շատ դժվար է ասել, թե արդյո՞ք պետական մոտեցում կա դրա դեմ թե՞ ոչ»,-ասում է Խառատյանը:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա