Լեռնային Ղարաբաղ. Արտագնա աշխատանքի կանացի դեմքը

Հեղինակ՝: Քնար Բաբայան
28.12.18
Հրատարակություն: Ճանապարհին

Սեպտեմբերի սկզբին, երբ արդեն վերջին հանգստացողները հեռանում են, Մերին վերջին գնումներն է անում իր հարզատների համար ու վերադառնում տուն։ 3-4 ամսվա ընթացքում վաստակած գումարը հերիքում է մնացած ամիսներին Մարտունիում ապրելու և այլ ծախսեր հոգալու համար։

«Գնալով ավելի դժվար եմ բաժանվում Ջուբգայի իմ ընկերներից ու գործընկերներից։ Ճիշտ է, ծնողներիս կարոտում եմ, բայց այս 4 տարվա ընթացքում այդ փոքրիկ գյուղաքաղաքն ինձ համար դարձել է երկրորդ տուն»,- խոստովանում է Չալյանը։

Մարիետա Մնացականյան

Մարիետա Մնացականյանը լույսը դեռ չբացված արդեն ոտքի վրա է։ Պետք է հասցնի ժինգալով հացի կանաչեղենը լվանա ու չորացնի:

Մերի Չալյանը Ջուբգայում` հաճախորդներ սպասելիս: Ջուբգան Սեւ ծովի ափին գտնվող ռուսական տուրիստական քաղաք է: Այնտեղ արտագնա աշխատանքի են մեկնում մեծաթիվ հայեր (նկարը` Չալյանի անձնական արխիվից):
Սա այն խանութն է, որտեղ Չալյանն աշխատում է որպես վաճառողուհի: 31-ամյա Մերին արդեն չորս տարի է սեզոնային աշխատանքի համար գալիս է Ջուբգա (նկարը` Չալյանի անձնական արխիվից):
Մերին` շուկայի իր գործընկերների հետ: Նրանք միասին ընթրում են աշխատանքից հետո (նկարը` Չալյանի անձնական արխիվից):

Չորս տարի առաջ, երբ Մերի Չալյանի հայրը հիվանդացավ, նրա առողջության մասին մտահոգվելուց բացի, դուստրը պետք է հոգար նաեւ բուժման ծախսերը։ Այդ ժամանակ 28-ամյա Չալյանը որոշեց մեկնել Ռուսաստան` լավ վարձատրվող աշխատանքի հետեւից, ինչը նրան չէր հաջողվում գտնել հարազատ Լեռնային Ղարաբաղում։ Մերիի մեկնելուն զուգահեռ նրա հայրենակից Մարիետա Մնացականյանը, որը հինգ տարի շարունակ արտագնա աշխատանքի էր գնում Ուկրաինա` վերադարձավ Ղարաբաղ հիվանդ մորը խնամելու:

31-ամյա Չալյանը և 51-ամյա Մնացականյանը ղարաբաղցի այն կանանցից են, որոնց կյանքն արտագնա աշխատանքը բաժանել է երկու մասի։ Նրանք սեզոնային աշխատանքի են մեկնում իրենց ընտանիքների կարիքները հոգալու համար։ Հնարավորությունների պակասը Ղարաբաղում 12,9 % գործազրկության հիմնական պատճառներից է: Այդ թիվն աճում է` հասնելով 13,8%, երբ խոսքը գնում է կանանց գործազրկության մասին։ Այս ամենում ավանդույթները ևս իրենց դերն ունեն: Ընդունված կարգի համաձայն` կանայք պետք է չաշխատեն, մնան տանը եւ հոգան ընտանիքի կենցաղային հարցերը, մեծացնեն երեխաներին: Սակայն, երբ ընտանեկան բյուջեն ճեղքվածք է տալիս, կանայք նույնպես արտագնա աշխատանքի են մեկնում։ Լեռնային Ղարաբաղի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2017թվականին Ռուսաստան 1,500 արտագնա աշխատանքի մեկնածների 16 % կանայք են եղել:

Յուրաքանչյուր սեզոնին մինչեւ 4 ամիս զբաղվել առեւտրով կամ աշխատել փոքր ռեստորանում կանանց համար հեշտ չէ: Նույնիսկ բարեկեցիկ ապագայի ձգտումը մարտահրավեր է երիտասարդ կանանց համար, ովքեր քաջություն ունեն ընդդիմանալ հասարակության կողմից ընդունված կարգերին եւ, տանը նստելու փոխարեն, միայնակ արտագնա աշխատանքի մեկնեն: Ավելի տարիքով կանայք նախընտրում են իրենց ամուսինների հետ գնալ:

Մերի Չալյան

Բիզնես մենեջերի կրթություն ստանալը շատ չօգնեց Մերի Չալյանին` լավ վարձատրվող աշխատանք գտնելու հարցում: Նա 2007թ․ քոլեջն ավարտելուց հետո վաճառողուհի է աշխատել Մարտունի քաղաքի տարբեր մթերային խանութներում։ Մերին ծնվել ու մեծացել է մոտ 4,500 բնակիչ ունցող այս քաղաքում։

Մերի Չալյանը Մարտունիի իր տանը:

«Ամսական վաստակում էի 35 000 դրամ (մոտ $73), իսկ այդ գումարի կրկնակի չափով պարտքով ուտելիք էի տուն բերում նույն խանութից»,-ասում է նա: 

Ֆինանսական անկայունության պատճառով Մերիի ընտանիքը կարող էր կորցնել իրենց տունը, որը գրավ էր դրված բանկում։ Չալյանը որոշեց, որ ժամանակն է նոր հնարավորություններ փնտրել ծանոթ միջավայրից դուրս։ 2014թ․ նա խորհրդակցեց Ռուսաստանի Ստավրապոլ քաղաքում ապրող բարեկամների հետ ու շատ շուտով մեկնեց ծովափնյա Ջուբկա քաղաքը։ Այն Սոչի քաղաքից 170կմ դեպի հյուսիս է գտնվում: Այստեղ կա հայկական մեծ համայք։

Ղարաբաղցի կանանց համար արտերկրում աշխատանք գտնելու հիմնական միջոցը ընտանեկան կապերն են։ Այսպես նրանք իրենց ավելի ապահով են զգում և ավելի քիչ է շահագործվելու վտանգը, ինչը սակայն չի բացառվում։

«Ես աշխատանք գտա մայրիկիս ծանոթի սրճարանում։ Չորս ամիս առանց հանգստյան օրերի առավոտյան 7-ից մինչև գիշերվա 2-ն աշխատում էի` դրա դիմաց օրական ստանալով 1000 ռուբլի ($15)»,- ասում է Մերին` հավելելով, որ սա իր ուզած աշխատանքը չէր:

Առաջին իսկ հնարավորության դեպքում Մերին փոխեց աշխատանքն ու որպես վաճառողուհի ընդունվեց շուկայում գտնվող մթերային մի տաղավարում, որը նախատեսված էր հիմնականում զբոսաշրջիկների համար։

«Ինձ դուր է գալիս տեղի շուկայում առևտրով զբաղվելը։ Դա ավելի հեշտ է, ու ավելի շատ եմ վաստակում։ Տունն ու սնունդը գործատուն է ապահովում, իսկ իմ ողջ աշխատածն ընտանիքիս եմ ուղարկում»,-ասում է նա։

 

Մարիետան Մարտունիի իր տան խոհանոցում ժինգալով հաց է պատրաստում:

«Ամեն ինչ շատ պատահական սկսվեց։ Ես հաճախ եմ տնեցիների համար ժինգալով հաց պատրաստում։ Մի օրը բարեկամներիցս մեկը զանգեց, թե պատվերով ժինգալով հաց ուզող կա։ Շատ արագ մարդիկ իմացան, որ ժինգալով հաց եմ թխում, և այն դարձավ իմ ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը»

2007-ին ֆինանսական սուղ վիճակից դուրս գալու համար Մնացականյանը որոշեց թողնել հարազատ Մարտունի քաղաքն ու արտագան աշխատանքի մեկնել, բայց կարծրատիպերի պատճառով չէր կարող մենակ գնալ։ Նրա ամուսինը՝ Յուրան, նրա հետ գնաց։ Նույն թվականին զույգը տեղափոխվեց Ուկրաինայի արևմուտքում՝ Ազովի ծովի ափին գտվնող շուրջ 3,500 բնակիչ ունեցող Կիրիլովկա փոքրիկ քաղաքը։ Չորս զավակներին նրանք ստիված թողեցին Մարտունիում Մարիետայի մոր խնամակալություն տակ։ Այդ ժամանակ նրանց կրտսեր որդին ընդամենը 6 տարեկան էր։

Մնացականյաններն այնտեղ կրպակ-տնակ էին վարձել, որի համար օրական վճարում էին 30 գրիվնա (այն ժամանակվա փոխարժույթով մոտ $6): Մարիետան ամբողջ օրն արագ սնունդ էր պատրաստում, իսկ  Յուրան խորոված էր անում երեկոները։

Մարիետա Մնացականյանն` իր զարմուհիների հետ: Հետեւում այն կրպակ-տնակն է, որը Մարիետան եւ ամուսինը վարձել էին օրական 6 դոլարով եւ որտեղ նրանք ապրում, պատրաստում եւ վաճառում էին չեբուրեկիներ եւ խորոված:
2013-ին Մարիետան որոշեց այլեւս արտագնա աշխատանքի չմեկնել, քանի որ մայրը հիվանդացավ եւ պետք էր հոգ տանել նրա մասին:
Մարիետան եւ նրա զինծառայող 19-ամյա որդին` Արտակը: Սկայպով խոսում են Մարիետայի ավագ որդու` Անդրեի հետ, որն ընտանիքով Ռուսաստանում է ապրում:

Չնայած ժինգալով հաց պատրաստելու գործում Մարիետան անգերազանցելի է, բայց նա ստիպված էր հարմարվել ուկրաինական քիմքին եւ սովորել չեբուրեկի պատրաստել։

«Մինչև Ուկրաինա գնալս կյանքում չեբուրեկի տեսած չկայի, էլ ուր մնաց իմանայի` ոնց են պատրաստում։ Կարճ ժամանակում ամեն ինչ սովորեցի։ Հետո արդեն 20 մետրանոց հաճախորդների հերթ էր գոյանում մեր կրպակի առաջ` համտեսելու իմ ֆիրմային չեբուրեկին»։

Ուկրաինայում իրենց վաստակածի շնորհիվ Մարիետան եւ ամուսինը կարողացել են երեխաների ուսման ծախսերը հոգալ և ավտոմեքենա գնել։ Իսկ արտագնա աշխատանքից վերադառնալուց հետո մնացած 9 ամսիներին Մարիետան Մարտունիում հացի փուռում էր աշխատում, Յուրան ավտոմեքենաներ էր վերանորոգում։

2013-ին Մարիետայի մայրը հիվանդացավ ու երկրից երեք ամսով բացակայելը այլևս անհնար դարձավ։ Մի քանի ամիս հացի փուռում աշխատելուց հետո Մնացականյանը որոշեց իր սեփական գործը սկսել։ 

Ժինգալով հացը սիրված ու լավ վաճառվող ուտեստ է։ Մարիետան օրական միջինը 40 ժինգալով հաց է վաճառում: Մեկ ժինգալով հացն արժե 500 դրամ (շուրջ $1)։ Ստացված եկամուտը հերիքում է իրենց ծախսերը հոգալու համար։

«Սկզբում ամեն ինչը մենք էինք անում։ Կանաչին սարերից հավաքում էինք, իսկ մի մասն էլ մեր բանջարանոցից էի ավելացնում։ Գնալով հաճախորդները շատացան, ու ես հազիվ էի հասցնում թխել։ Այս տարի տղաս՝ Արտակը, զորակոչվեց բանակ։ Ստիպված մոտակա գյուղերից կանաչեղենի մատակարար ենք գտել, ով ամեն օր մեզ թարմ կանաչի է բերում»,-բացատրում է նա։

Սեզոնային արտագնա աշխատանքը Մնացականյանի համար մնացել է անցյալում: Այսօր նրա միակ ցանկությունն իր հարզատ քաղաքում գումար վաստակելն է։ Իսկ արտագնա աշխատանքը նրա համար միջոց էր՝ բարելավելու ընտանիքի կացությունը։

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա