Սահմանագծելով վարակը. խոսք ու զրույց հարևանների մեջ

Լրագրող: Թամարա Մշվենիերաձե, Մարիամ Ջաճվաձե,

Իլյուստրատոր: Նատիա Կալանտաձեի

23.06.20
Հրատարակություն: Անցում

Առավոտյան Միշան դուրս է գալիս պատշգամբ ծխելու։ Շենքի մոտ գտնվող մթերային խանութի դիմաց մեծ հերթ է գոյացել։ Ծխախոտը վերջացել է, բայց նա դեռ չի զբաղեցնում իր տեղն այդ հերթի մեջ։ Այս հերթը շատ ավելի կազմակերպված է, քան այն, ինչ նա հիշում է իր մանկությունից, այնուամենայնիվ ծուլանում է։ 

Վերջերս ամեն ինչ հիշեցնում է իր մանկությունը․ արտակարգ իրավիճակը, երկար հերթերը մթերային խանութների դիմաց և մարդիկ՝ փակված իրենց տներում, Թբիլիսիում։ Իրականությունից խուսափելու համար նա օգտվում է «Գլովո»-ի ծառայությունից՝ ծխախոտ գնելու համար։ Առաքման ծառայությունը միակ բանն է, որ տարբերում է ներկան անցյալից։ Առաքիչը պլաստիկ տոպրակը թողնում է պատի մոտ։ Միշան լուռ փակում է դուռը։  

Վրաստանում արտակարգ իրավիճակը հայտարարվել էր մարտի 21-ին, հինգ օր անց այն հաստատվեց Հայաստանում։ Ադրբեջանը տարածաշրջանում վերջինն էր, որ վիրուսի կողմից պարտադրված սահմանափակումներն ակտիվացրեց։ Բայց արտակարգ իրավիճակի փոխարեն պետությունը հայտարարեց հատուկ ռեժիմ՝ սկսած մարտի 24-ից։ 

Էլշանեն մի օր առաջ գնացել էր քրոջը տեսնելու։ Նա կմնար այնտեղ մինչև ուշ երեկո, ինչպես սովոր էր անել, բայց ամեն տեղ զգում էր վիրուսի գոյությունը։ Այդ պատճառով նա մի ժամ հետո հեռացավ։ Էլշանեն գնեց 300 կիլոգրամ այլուր և պահեց պահեստում։ Նա դեռ չի կպել այդ ալյուրին, ավելին, ամեն չորս օրը մեկ տասը կիլոգրամով ավելացնում է։ 

Հացի ալյուր չունենալու վախն Ադրբեջանին, Վրաստանի նման, տանում է հետ այն ժամանակներ, երբ ձևավորվել էր ճգնաժամի մեջ գտնվելու սովորությունը։ Համավարակը վախեր ծնեց 1990-ականների հետսովետական մարդկանց մեջ, և նրանք սկսեցին պահեստավորել ալյուր և նպարեղեն՝ զուգարանի թղթի փոխարեն։ Վրաստանում նույնիսկ արևային վահանականեր վաճառվեցին։ Թվում է՝ որոշ մարդիկ վախեցան, որ հետ կգնան մութ ժամանակներ։  

Արտակարգ դրության հայտարարությունից ի վեր Վրաստանից, Ադրբեջանից և Հայաստանից մոտ 30 մարդ խոսել է մեզ հետ իրենց տներից։ 

Սա շատ լավ ժամանակ է մարդկանց համար՝ վերադառնալու իրենց «ես»-ին, մտածելու և վերագնահատելու ինչ-որ արժեքներ, սակայն մյուսների համար քիչ բան է փոխվել։ 

Տները, որտեղ նրանք անցկացրել են իրենց հիմնական ժամանակը այս երկու ամիսների ընթացքում, հեռու են իրարից, տարբեր քաղաքներում և երկրներում են։ Սակայն այս ամենօրյա դիտարկումներն ու հայտնաբերումներն ավելի շատ նման են մի մեծ տան մեջ տեղի ունեցող մի պատմության, որտեղից կարելի է ուրվագծել Հարավային Կովկասի երեք հարևան երկրների ներկան և ապագան։ 

Նինոն գնել է տանը պատրաստված սնունդ և մթերային ապրանքներ իր ավագ դստեր համար, ով ինքնամեկուսացման մեջ էր իր հին բնակարանում՝ Գերմանիայից ժամանելուց հետո։ Նինոն նույնիսկ տուն մտնել չի փորձում։ Նա թողնում է սնունդը պատշգամբում և հեռանում։ Այդ պահին նա հասկանում է, որ իր ապրելակերպը փոխվել է, բայց գաղափար անգամ չունի, թե ինչքան ժամանակով։

Բոլոր անդամները տանն էին, պահում էին իրենց այնպես, կարծես նոր են հայտնաբերել տունը։ Այսպիսով, դա ամենալավ ժամանակն էր նրանց հետ տնային գործելը կիսելու համար։ Առաջ նա երբեք ժամանակի նման վերահսկում չէր ունեցել։ Նա իրեն զգում էր կարծես կայանված տրանսպորտի մեջ նստած և հանգիստ սպասում էր շարժվելուն։ 

Երեկոյան նրա ամուսինը պատմում էր, թե քանի նոր դեպք է գրանցվել երկրում և աշխարհում, քանիսն են մահացել, փրկվել և լավացել, ինչ ախտանշաններ նրանք ունեն և ինչ են ասում գիտնականները։ Նա հատուկ խուսափում էր վիճակագրության վերաբերյալ հաշվետվություններից։ 

Ադրբեջանը հայտարարել էր կորոնավիրուսով վարակված 150 մարդու մասին, նորություններով ասում էին, որ վարակվածների թվով երկիրը հասնում է իր պիկին։ Էլշանեն նստած է խոհանոցում՝ հեռուստացույցի առջև, սեղանին թխվածքաբլիթներ են դրված։ Նա թխել էր դրանք անցած շաբաթ, երբ պլանավորում էր տեսակցել նոր ամուսնացած աղջկան։ Նա ճնշված է, բայց, միևնույն է, չի կարողանում հեռուստացույցն անջատել։ Նա վախից դողում է։ Տղայի կինը զգուշացնում է, որ անհանգստանալը նրան ավելի արագ կսպանի, քան կորոնավիրուսը։ 

Արդեն ուշ կեսօր է, իսկ Էլշանի տղան դեռ քնած է։ Հավանաբար նա կարթնանա 22։00-ին, կնստի համակարգչի առաջ և կխաղա իր վիդեո խաղերը մինչև առավոտյան վեցը, յոթը։ Նրա ծիծաղն ու գոռգռոցը գիշերը մի քանի անգամ կարթնացնեն իրեն։ 

Այս ընտանիքում նախաճաշն էլ ոչ մի բան չի ներկայացնում իրենից, քանի որ նրա չորս թոռներն արթնանում և ուտում են օրվա տարբեր ժամերի, և Էլշանի առօրյան կախված է նրանցից։ Նա փորձում է հնարավորինս շատ շփվել ամուսնու հետ, ով ամբողջ օրը տանն է։ Նա հոգնել է լինել վերջինիս հետ։ Երբ նա մենակ է մնում, զանգում է բարեկամներին, ընկերներին և ամեն օր նույն բանը հարցնում. «Ինչպե՞ս ես»:

Տարօրինակ է, բայց հիմա, երբ ընտանիքի բոլոր անդամները տանն են, նա ավելի մենակ է իրեն զգում։ Երբ այս ամենը վերջանա, նա խոստանում է ավելի լավ հետևել իրեն։

Վերջին հաստատված դեպքերի հետ միասին Նինոն իմանում է ամուսնուց, որ քաղաքում արգելվում է ավտոմեքենա վարել։  Հենց իմանում է, որ հոգևորականներին դա չի վերաբերում, որոշում է քայլել եկեղեցի՝ մասնակցելու Զատիկի արարողակարգին, որը չեղյալ չի հայտարարվելու։ 

«Այժմ ես գիտեմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Ես հպարտ եմ, որ ամբողջ ուղղափառ աշխարհում մեր երկիրը միակն է, որ դիմավորում է Զատիկը բաց տաճարներով։ Իտալիայում այնքան սրբավայրեր կան, բայց առաջին բանը, ինչ նրանք արեցին, աղոթող մարդկանց առջև բոլոր տաճարները փակելն էր, իսկ իմ կարծիքով այդ տաճարները փրկություն կլինեին նրանց համար»։

Կեսօրին Միշան զանգեց իր մենեջերին և տասնօրյա արձակուրդ խնդրեց։ Նրանք պետք է հանդիպեին հաճախորդի հետ այն օրը, երբ հայտարարվեց կարանտինը։ Հաճախորդը ձկների վաճառքով զբաղվող կազմակերպության տնօրեն էր, և նրանք պետք է գաղափարներ քննարկեին գովազդի համար։ Այս հանդիպումը առաջինն էր, ինչ նա հիշեց, երբ մտածեց մեկուսացման մասին։ Այն չհետաձգվեց, բայց հետո, նրա խոսքով, ոչ միայն գովազդի նկարահանումները հետաձգվեցին, այլ նաև կյանքն ինքն իրենով դրվեց դադարի վրա։

Սենյակում նրա կինը, նստած համակարգչի առաջ, աշխատում է հեռահար։ Երկրորդ դասարանում սովորող նրա տղան առցանց դաս է անում հյուրասենյակում։ Երեխան հանկարծ հարվածում է էկրանին ու սկսում է լացել։ Միշան հանգստացնում է նրան, և նա ի վերջո անջատում է համակարգիչը, ու դասատուի պատկերը անհետանում է էկրանից։

Մի տարի առաջ Վրաստանի ուսուցիչների մեծ մասը բաժանորդագրվել էր Microsoft Office 365 փաթեթին։ Գիորգի Չաուչիդձեն վրացերեն լեզվի և գրականության դասատու է Մառնեուլիում։ Նա հենց նոր ավարտել է իր դասը 11-րդ դասարանում և ընդմիջում է անում։ Նա նայում է կնոջը, ով հենց նոր վերադարձել է խանութից, և մտածում․«Տեսնես՝ բացի հացից և ջրից ինչ-որ մի բան բերե՞լ է։ Լվա՞ց ձեռքերը։ Փոխե՞ց հագուստը, թե՞ մոռացավ։ Քանի՞ բռնակներ է բռնել»:

Հետո նա գիտակցում է, թե ինչքան պաթետիկ են իր մտքերը, և վերադառնում է Microsoft-ին։ Կասկածներ կային, թե ինչքանով են օգտակար ծրագրի դասընթացներն ի սկզբանե։ 

«Կրթական համակարգում կիրառվող գործիքներից մեկը դարձավ մի իր, որը, կարծես, անօգուտ էր ընտանիքում։ Այս իրականության մեջ այս ամենաանտեսված իրը հանկարծ դարձավ ամենապետքականը։ Ահա թե ինչ տեղի ունեցավ կրթական համակարգի հետ»: 

Գիորգի․

«Տեխնոլոգիան միակ բանն է, որ չի թողնում մեզ ամբողջովին կանգ առնել»: 

Արազ.

«Ամենատարօրինակ բանն այն է, որ տեխնոլոգիաների դարաշրջանում աշխարհն օգտագործում է համավարակը կանգնեցնելու ամենապարզունակ մեթոդը․ բացարձակ մեկուսացումը, սակայն այս համավարակը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը։ Եվրոպայում միլիոնավոր մարդիկ են մահացել Սև Մահից»: 

Արազ Զեյնիևը Գիորգիի կոլեգան է Ադրբեջանից։ Ընդհանուր առմամբ նա մտածում է, որ շահել է այս տարօրինակ ժամանակներում։ Նա մենակ է ապրում Բաքվում և շարունակում է գրել իր հետազոտությունը տանը։ Լավ է, երբ ոչինչ չի շեղում իրեն, բացի կենսաբանության մի քանի դասերից։ Այժմ նա համբերատար սպասում է այն ժամանակներին, երբ գործարանները կսկսեն գործել կրկնակի ուժգնությամբ և հավանաբար կբազմապատկեն շրջակա միջավայրի աղտոտվածությունը։ Նա նաև սպասում է, որ մարդիկ Ադրբեջանում կհոգնեն աճող համերաշխությունից, որովհետև կարծում է, որ նավթի դարաշրջանի ավարտը շուտով կհասնի հասարակ Ադրբեջանցիներին։ 

Բախտիյար.

«Ես պատկերացրել եմ, թե ինչ կլիներ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը միավորվեին միասնական վտանգի առջև»:

Աղասի․

«Հայաստանն ու Վրաստանը, չնայած կոնֆլիկտներ չունեն իրար հետ, միևնույն է, այս օրերին խիստ օտարված մնացին իրարից»:
 

Բախտիյարը դեռ երկար ժամանակ չի կարողանա մեկնել Ադրբեջանի մարզեր։ Խաղաղության շարժումը կապված է խմբակային հանդիպումների հետ, բայց նա օրը 12 ժամ անցկացնում է համակարգչի առջև։ Ակտիվիզմը տեղափոխվել է առցանց տիրույթ, և իրականում այն լավ է աշխատում։ 

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանն ունկնդրում էր երկրի առողջապահության նախարարի ելույթը, երբ վերջինս հարցականի տակ դրեց հարևան Վրաստանի վարակվածների պաշտոնական թվերը։ 

Աղասին սպասում էր, որ այս երկու երկրները կհամագործակցեն, կաշխատեն միմյանց հետ՝ օգնելով բնակիչներին այս ճգնաժամի ընթացքում։ Բայց նախարարի մեկնաբանություններից մի քանի օր անց տպավորություն ստեղծվեց, որ վիրուսը կազդի նաև երկկողմանի հարաբերությունների վրա։ 

«Դրա պատճառը ավտորիտարիզմն է: Խոսքս ոչ միայն քաղաքական ավտորիատարիզմի, այլ նաև հասարակական համակեցությունում ու մարդկային փոխհարաբերություններում առկա ավտորիտարիզմի մասին է: Սա շատ վատ է, քանի որ կաշկանդում է մարդկանց ու հասարակությունների` միմիանց հետ ստեղծարարության սկզբունքով հաղորդակցվելը և հակառակը՝ նպաստում շահագործողական, մեկը մյուսին տիրապետելու սկզբունքի խորացմանը», - ասում է Աղասի Թադևոսյանը։ 

Քանի որ Հայաստանում դեպքերի թիվը կայուն կերպով աճում է, Վրաստանն առաջարկել է 10.000 թեստ և այլ օգնություն ուղարկել:

Առավոտյան Լիլիթը սովորաբար ստուգում է աշխատանքային մեյլը՝ տեսնելու համար, թե արդյոք կան թեստերի վերջին խմբաքանակի արդյունքները: Պոլիկլինիկան, որտեղ նա աշխատում է, Երևանում է և ի սկզբանե ընդունում է վիրուսի ախտանիշներով հիվանդների: Լիլիթն ուժ է հավաքում, պատրաստում ինքն իրեն և գնում հիվանդների մոտ՝ իմանալով այն բառերը, որ պետք է ասի. «Վիրուսը դատավճիռ չէ, և հազարավոր մարդիկ արդեն ապաքինվել են այս հիվանդությունից»:

Այնուամենայնիվ, Լիլիթի խոսքով ավելի հեշտ է ասել, քան համոզել մարդկանց, ովքեր դեռ հավատում են, որ հարյուրավոր վարակված հիվանդներ ստում են, և պետությունը վճարել է նրանց՝ ձևացնելու համար: Նրանք կարծում են, որ վիրուսը Հայաստանում չի տարածվել, և որ այն հորինված է:

Արփին, ով հայ սոցիոլոգ է, կարծում է, որ այդ կասկածները, իռացիոնալ մտածողությունը և դավադրության տեսությունները ցույց են տալիս, թե ինչպես են Հարավային Կովկասում մարդիկ արձագանքում ճգնաժամին. Դա այն մարդկանց ռեֆլեքսն է, ովքեր փորձում են կողմնորոշվել այս դժվար և անորոշ ժամանակներում:

«Սովորաբար մենք մեզ վերաբերվում ենք այնպես, կարծես միակն ենք ամբողջ աշխարհում, և մեզանից բացի այլ տարածաշրջաններ կամ ազգեր գոյություն չունեն: Կա միայն Հայաստանը, և նրան չի կարող սպառնալ արտաքին աշխարհը և դրա վտանգները: Այս իրավիճակը ստիպեց հայ հասարակությանը մտածել, որ մենք նույնպես մաս ենք այս մեծ աշխարհի, և այո, մեզ հասել է չինական մի արվարձանի վիրուս»:

Ապրիլին Լիլիթը պարգևավճար ստացավ: Հաշվի առնելով դոլարի փոխարժեքը՝ 62 դոլար և 29 ցենտ՝ երեք անգամ պակաս, քան 186 դոլարը, ինչը ՀՀ պետական կլինիկաներում բուժքույրերի միջին աշխատավարձն է: Նա չգիտի, թե ինչ է լինելու հաջորդ ամիս:

Լիլիթ.

«Աշխատավարձի մասին խոսելու ժամանակ չկա: Այժմ ես պետք է աշխատեմ լրիվ դրույքով, ներառյալ հանգստյան օրերը»:

Նոնա.

«Առավոտյան մենեջերներից մեկն ինձ վերցնում և տանում է աշխատանքի: Ես լուռ նստում եմ հետևում: Մենք հազվադեպ ենք խոսում, և ես անհամբեր սպասում եմ, թե երբ կավարտվի այս ամենն ու ես նորից կկարողանամ ավտոբուս նստել»:

Նոնան ավելի քան 30 տարվա բուժքույր է: Վերջերս նա տեղափոխվել է մասնավոր կլինիկա. Նրա՝ ապրիլի աշխատավարձը ժամանակին չի վճարվել, և ղեկավարությունն արդեն նախազգուշացրել է, որ այս ամիսների աշխատավարձը կրճատվելու է: Պատճառն այն է, որ հիմնադիրների բոլոր բիզնեսները դադարել են աշխատել, իսկ կլինիկան չի կարող բավարար եկամուտ ապահովել աշխատակազմի աշխատավարձը պահպանելու համար: Նրանք դեռ սարքավորումներ չեն գնել՝ հույս ունենալով, որ ստիպված չեն լինի վարակված հիվանդների ընդունել: Միևնույն ժամանակ, ըստ հիվանդանոցի ցուցումների, նրանք պետք է ընդունեն այն հիվանդներին, ովքեր բարձր ջերմություն ունեն, և եթե նրանցից որևէ մեկի մոտ կորոնավիրուսի թեստը դրական լինի, ապա բուժքույրերն ու բժիշկները վտանգի կենթարկվեն:

Նոնան այժմ տեսնում է, որ մասնավոր կլինիկաները փորձում են խուսափել կորոնավիրուսով հիվանդներից, քանի որ դա կստիպի փակ պահել կլինիկան, իսկ կառավարությունն իր հերթին կստիպի, որ կլինիկան անձնակազմին ավելի շատ աշխատավարձ տա, ապահովի սննդով, փոխադրի և սարքավորումներ տրամադրի. այս ամենը լրացուցիչ ծախս է:

Նոնա.

«Հիմա պարզ է, որ մենք չպետք է վաճառենք այդքան շատ հիվանդանոցներ: Հնարավոր է՝ մի օր չկարողանաք գնալ ձեր նախընտրած կլինիկա, որտեղ, ձեր կարծիքով, ձեզ կբուժեն ավելի հոգատար բուժքույրեր ու որակյալ անձնակազմ: Մի օր գուցե չկարողանաք ընտրել կլինիկա, ինչպես այս երկրում շատերը, և ստիպված կլինեք ձեր առողջությունը վստահել այն բուժանձնակազմին, որի աշխատավարձն ամսական ընդամենը 400 կամ 500 լարի է, և ում համարում եք որակավորմամբ ավելի ցածր»:

Լալա.

«Ֆիզուլիում՝ ղարաբաղյան հակամարտության գոտուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա, ինտենսիվ թերապիայի ընդամենը երեք բժիշկ կա. ես նրանցից մեկն եմ, բայց գլխավոր բժիշկն իմ փոխարեն բազմոցն ընտրեց»:
 

Տաքսիստը Ֆիզուլիից մինչև Բաքու 300 կիլոմետր է քշում, մինչ Լալան գիշերով տուն է հասնում: Մարդիկ մահանում են Ադրբեջանում, ինչպես և ամբողջ աշխարհում, շատ մարդիկ մնում են առանց աշխատանքի, և ամեն ինչ գլխիվայր շրջվել է: Այս պայմաններում անհարմար է նույնիսկ հիշել մի քանի ժամ առաջ իր ու գլխավոր բժշկի միջև տեղի ունեցած միջադեպը: Նա չափազանց համառ թվաց. նա կարող էր ավելի համբերատար լինել, նա կարող էր դիմանալ առանց նոր բազմոցի, որպեսզի կարողանար աշխատել այն մարդկանց համար, ում այդքան լավ գիտեր և սիրում էր: 

Ի վերջո, նա վերադարձել էր Ֆուզուլիի հիվանդանոց՝ այս ամենաբարդ ժամանակահատվածներից մեկում մարդկանց բուժելու մտադրությամբ: 

Լալան՝ ինտենսիվ թերապիայի երիտասարդ բժիշկը, ամեն շաբաթ ստիպված էր լինում մի քանի ժամ ճանապարհ անցնել Բաքվում գտնվող իր տնից՝ կլինիկայում գիշերային հերթափոխով աշխատելու համար: Գլխավոր բժիշկը որոշել էր բազմոցը սրահ տեղափոխել, և նա ստիպված էր գիշերն անցկացնել սենյակում՝ ընդամենը մեկ մահճակալով:

«Ես ստիպված էի նստել և ուտել նույն անկողնու վրա, ուստի բժշկին խնդրեցի վերադարձնել իմ բազմոցը: Նա մերժեց և ավելացրեց, որ եթե ինձ դուր չի գալիս իր որոշումը, ես կարող եմ պարզապես հեռանալ: Այնպես որ ես հեռացա»:

Լալան վերադարձավ իր վարձով բնակարան: Ամուսնու աշխատավարձն արդեն ուշացել է, և նա կարող է չվարձատրվել հաջորդ ամիս: Այսպիսով, Լալան վախենում է, որ կարող է մնալ առանց եկամտի: Այնուհանդերձ, նա իր ինքնակենսագրությունն ուղարկել է Ադրբեջանի բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման ասոցիացիային և նշել, որ պատրաստ է կամավոր բուժել վարակված հիվանդներին: 

Լելա.

«Միգրանտների ողբերգական վիճակը խորանում է: Դա ինձ ստիպեց մտածել այն մասին, թե ինչ պետք է անեմ առաջիկա տարիներին»:

Սոնա.

«Կարծում եմ, որ  սխալ է մտածել, որ սա ամենավատ բանն է, որ կարող է պատահել մեզ հետ»:

Աղասի.

«Մարդիկ պետք է գտնեն այնպիսի լուծում, որը չի հանգեցնի անվտանգության, հումանիզմի և ազատության միջև բախման»:

Վերջին 10 տարիների ընթացքում Լելայի կյանքը անվերջանալի մի տեղաշարժ էր եվրոպական քաղաքներում: Նրա սոցիալական կապերը տարածվում են Վրաստանից մինչ Գերմանիա, Գերմանիայից Հունգարիա՝ մեկ հիմնարկությունից մյուսը, որովհետև սա այն է, ինչ պահանջվում է ակադեմիական կարիերա ունենալու համար: Մի կողմից դա հնարավորություն է, իսկ մյուս կողմից` խնդիր և սահմանափակում:

«Ես հոգնել էի, բայց միևնույն ժամանակ գիտեի, որ իմ կայուն կյանքը հիմնված է այս շարժի վրա: Երբ ես այստեղ եմ, մտքերս խաղաղ են այն առումով, որ եթե վաղը մայրս և հայրս հիվանդանան, ես կարող եմ ինքնաթիռի տոմս գնել և թռչել Վրաստան»:

Բայց Կորոնան ապացուցեց, որ ենթադրությունը, ինչը հնարավոր էր դարձրել նրա կյանքը տարբեր երկրներում, շատ փխրուն է: Քանի որ մեծ հավանականություն կա, որ այդ շարժունակությունը կխափանվի՝ ի դեմս տարբեր ճգնաժամերի: Սա ուղեկցվում է երկրորդ տագնապով: Եթե նա հեռանա, չգիտի, թե ինչպիսին կլինի իր կյանքը Վրաստանում: 

Որպես հոգեբան Սոնան կարող էր օգտագործել աշխատանքի նոր հնարավորությունները. նրա սոցիալական ցանցը հագեցած է առցանց թերապիայի դասընթացներով, որտեղ իր գործընկերներն իրական ժամանակում հանդիպում են իրենց այցելուներին Facebook- ում ՝ խորհուրդ տալով, թե ինչպես խուսափել սթրեսից, ձանձրույթից, ընտանեկան բախումներից և այլն, և ինչպես դառնալ ավելի պրոդուկտիվ: 
 

Սոնան հրաժարվել է սթրեսի կառավարման այս մարաթոնի մաս կազմել: Վերջերս նա ավելի վատատեսորեն է վերաբերվում ապագային և, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր կարանտինի ժամանակ իրավիճակը դրամատիզացրել են, Սոնան փորձում է պատրաստվել ամենավատ սցենարին, որը, նրա կարծիքով, մեծ հավանականությամբ տեղի է ունենալու, քանի որ մեր նման երկրները ընտրում են գոյատևման ռեժիմ՝ նույնիսկ ազատությունը սահմանափակելու հաշվին:
 

Սոնա.

«Կարծում եմ, որ աշխարհի ավելի ու ավելի շատ երկրներ կհետևեն այս ռազմավարությանը, որին հետագայում կարող են հաջորդել բազմաթիվ ռազմական որոշումներ»:

Այդ հնարավորության մասին ահազանգում է մշակութային մարդաբան Աղասին.

«Դուք գիտե՞ք, թե ինչն է ամենաշատն անհանգստացնում ինձ: Այն փաստը, որ մարդիկ պատրաստ են իրենց ազատությունը զոհաբերել անվտանգության համար: Ըստ իս, սա մարդկության համար մի փորձություն է՝ խնդիրը  հնարավորինս խելացի կերպով լուծելու համար»: 

Իսկ ի՞նչ, եթե ապագան, որը մենք ակնկալում ենք, պարզապես անցյալն է, որը կառավարությունների կողմից փաթեթավորվում է որպես հետպանդեմիկ ապագա: Սա հենց այն է, ինչից Լելան վախենում է:
 

«Որպեսզի պետությունները և կորպորացիաները հաղթահարեն Կորոնայի պատճառած տնտեսական ծախսերը, մեզ կրկին ու կրկին կառաջարկեն գնալ այստեղ և այնտեղ, լինել լավ զբոսաշրջիկներ և հնարավորինս շատ թռչել: Մեզ կառաջարկվեն ավելի լավ պայմաններ և ավելի էժան գներ, որպեսզի ավելի լավ «սպառողներ» լինենք: Առաջին մտավախությունս այն է, որ հաստատությունները կանեն ամեն ինչ, որպեսզի մեզ վերադարձնեն «նորմալ կյանքին»: Եվ այս գործընթացում մեր ուղեղը կարող է նույնիսկ մոռանալ, թե ինչ է մեզ սովորեցրել այս ճգնաժամը»:

Հարցազրույցները վարեցին.

 

Դուռնա Սաֆարովա, Չայխանայի ադրբեջանական մասի մեդիա մենեջեր

Սոնա Սիմոնյան, Չայխանայի հայկական մասի մեդիա մենեջեր 

Ռուզան Գիշյան, Չայխանայի հայկական մասի մեդիա մենեջեր 
 

Զրուցակիցներն էին.

 

Միշա Բախսոլիանի, սցենարիստ

Էլշանե Ռահիմովան, տնային տնտեսուհի

Նինո Կվանչիանի, տնային տնտեսուհի

Գիորգի Չաուչիձե, ուսուցիչ

Արազ Զեյնիև, ուսուցիչ

Բախտիար Ասլանով, խաղաղության ակտիվիստ

Աղասի Թադևոսյան, մշակութային մարդաբանության դոկտոր

Արփի Մանուսյան, սոցիոլոգ

Լիլիթ Թովմասյան, բուժքույր

Նոնա Զանդարաշվիլի, բուժքույր

Լալա Մուսաևա, վերակենդանացնող բժիշկ

Սոնա Մանուսյան, հոգեբան

Լելա Ռեքվիաշվիլի, հետազոտող

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա