Տաբուներ և բեկումներ

Հեղինակ՝: Էլլա Կանեգարիան
29.12.20
Հրատարակություն: Արվեստ և Ակտիվիզմ
թեման: Ակտիվիզմ

Մշակութային տաբուների հետ առաջին բախումս տեղի ունեցավ դպրոցում: Մի բանաստեղծություն էի անգիր արել, որն իմ ուսուցչին դուր չեկավ, որովհետև գրվել էր Հայաստանի Խորհրդային Միության մաս էր կազմելու ժամանակ: Սովետական մշակույթի հետ կապված ցանկացած բան հաճախ անտեսվում էր հայկական դպրոցներում, իսկ այդ ժամանակահատվածում գրված գրականությունը համարվում՝ ցածրորակ: Հիշում եմ ՝ ուսուցիչս ինձ քննադատեց, որ «հայ գրականության աստվածներից» մեկի «ամենավատ բանաստեղծությունն» եմ ընտրել:

Ես 10 տարեկան էի և իմ սովորության համաձայն պատասխանեցի  մեջբերելով սիրած ֆիլմիցս հատված, («The Messenger: The Story of Joan of Arc»)՝ հարցնելով իմ ուսուցչին, արդյոք նա իրավունք ունի քննադատել աստվածներին:

Ես կարծում էի, որ դա ուժեղ փաստարկ է: Այդպես էլ կար: Ուժեղ փաստարկ ուսուցչի համար`զանգահարել մայրիկիս ու կրկին բողոքել իմ «անտանելի պահվածքից»:

Հետագայում դա ավանդույթ  դարձավ, ինչը ծիծաղելի է, քանի որ սկսվեց նրանից, որ ես իսկապես փորձում էի պատասխաններ ստանալ և ոչ թե ըմբոստանալ ավանդականի հանդեպ:

Ի վերջո, ես սովորեցի խուսափել նման քննարկումներից, քանի որ դրանք երբեք չէին տանում դեպի պատասխաններ: Ես շուտով նույնիսկ դադարեցի սպասելը երբևէ իրական բացատրություն գտնելու ու հասկանալու, թե ինչու չեմ կարող որոշ բաներ այլ կերպ անել կամ որոշ արժեքներն այլ կերպ ընկալել:

Թուրքիա կատարած իմ վերջին ճանապարհորդության ժամանակ (այն տարածքներ, որը հայերը պատմականորեն համարում են Արևմտյան Հայաստան) ես հասկացա, որ գուցե մեր մշակութային ժառանգության այդքան անձեռնմխելի լինելու պատճառները պարզապես այնտեղ ինչ-որ տեղ են՝ անցյալի մոխիրների խորքերում: 

Ես հասկացա, որ մենք գենետիկորեն գոյատևող տեսակ ենք՝ դեպի անցյալն ուղղված գեր-նոստալգիկ հայացքով: Դրանով է լցված մեր մշակույթը:

Մեր մայրաքաղաքը՝ Երևանը,  աստվածաշնչյան լեռան դիմաց է. լեռը համարում ենք կորցրած, սակայն այն շարունակում է ապավեն լինել մեզ: Ինչ-որ տեղ՝ Թուրքիայիում գտնվող Բինգյոլի մոտակայքում, (հայերեն ՝ Ճապաղջուր, հռոմ.՝ Chapaghjur) ես հստակ զգացի, որ ներկայացնում եմ մի մշակույթ, որն ամբողջովին կառուցված է կորուստների վրա: 

Կորցրած տարածքներ, կյանքեր և մշակութային ժառանգություն, որը ցաքուցրիվ է եղել ամբողջ աշխարհով մեկ, բայց դեռ չի ընկալվել մեր իսկ երկրի կողմից:

Գուցե դա է պատճառներից մեկը, որ մենք վախենում ենք փոխել այն ամենն, ինչն ընկալվում է որպես մեր ժառանգության մաս և մեր ազատ ոգին անընդհատ բախվում է ստանդարտների ու ավանդույթների պինդ պատին: Ավանդույթների ու ստանդարտների, որոնք մի ժամանակ, պարզապես փորձեր ու փորձարկումներ էին:

Իմ ընկերը՝ Ամստերդամում բնակվող դիզայներ և արվեստագետ Գայանե Երկանյանը, սկսեց փորձեր կատարել հայկական այբուբենի ու քաղաքային ժարգոնային բառերի հետ:

Նա վերափոխեց տառերը, որոնք համարվում են հայկական ժառանգության կարևորագույն մաս, ու նրանց տվեց ժամանակակից ձևաչափ: իսկ ես անգամ չեմ համարձակվի փոխել մայրիկիս բաղադրատոմսերը, որը տատիկիցս է ժառանգել: 

 

 

Երբ Գայանեին հարցրի իր փորձառության մասին, նա ասաց, որ սկզբում վախենում էր, որ կարող է ինչ-որ բան այնպես  չանել ու այդպսիով «անարգել հայկական տառագրության ավանդույթը, դրա համամասնությունները և այլն»:

«Երբ առաջին անգամ Շվեյցարիա այցելեցի, հնարավորություն ունեցա տեսնելու տեղի հարուստ տպագրական ավանդույթն ու  նոր բաներ սովորեցի», - ասաց Գայանեն:

«Ես ուսումնասիրում էի նրանց պատմությունը, բայց նաև հետևում էի, թե ինչ են անում երիտասարդները: Ես շատ հետաքրքրված էի, բայց նաև նախանձով էի լցվում, տեսնելով թե ինչպես են նրանք կարողանում այդքան ազատորեն աշխատել տառերի հետ և պարզապես հաճույք ստանալ իրենց ստեղծած դիզայնից: Ինչո՞ւ չէի կարող ես էլ այդպես անել»:

Գայանեն, հայոց այբուբենի ժամանակակից ընկալումը ցուցադրելուց հետո, սկսեց փորձեր կատարել ժարգոնի և այնպիսի հայտնի արտահայտությունների հետ, ինչպիսիք են «քաքլան»-ը կամ «Օքեյ ֆաք իթ»-ը: 

«Ինձ հետաքրքրում է նաև ոչ պատշաճ բառերի վիզուալացիան: Թերեւս դա նաև խայտառակ բաներից հեռանալու միտում է: Օրինակ «Ամօթ ա» արտահայտությունը  մեր հասարակության մեջ շատ է օգտագործվում: Եվ դա կապված է այնքան ծիծաղելի ու սովորական բաների հետ, որ դու արդեն մի պահ կորցնում ես «ամոթալի»-ի և «նորմալ»-ի տարբերությունը: Ես խաղում եմ այդ տարբերակումների հետ», - ասում է Գայանեն:

Նա ավելացրեց, որ բառերի և գաղափարների միջև այս տարբերակումները կամ սահմանները ոչ թե սահմանափակում են կամ զրկում նրան ազատությունից, այլ ավելի շուտ իրերն այլ կերպ դիտելու հնարավորություն տալիս:

Այլընտրանքային տեսակետների բացակայությունը կարող է ստեղծել մշակութային երկխոսության մի տեսակ, որտեղ մի կողմը խոսում է, իսկ մյուսը`լռում: Դա բաց է ստեղծում, և երբ լռողը որոշի խոսել, նրա խոսքն՝ անկախ պարունակությունից կարող է հանգեցնել բախման:

Հավանաբար հենց դա էլ տեղի ունեցավ 2019 թվականի նոյեմբերի 4-ին, «ՀուԶԱՆՔ ու ԶԱՆԳ» ժամանակակից պարի և պոեզիայի հանրային ներկայացման ժամանակ: 

Համահեղինակներ պարուսույց Հասմիկ Թանգյանը և գրող Լիլիթ Պետրոսյանը, իրենց կատարողների թիմի հետ միասին, հարձակման ենթարկվեցին Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող ազգայնական ակտիվիստների խմբի կողմից: 

 

 

Ներկայացումը հիմնված էր 1920-ականների ֆուտուրիստական պոեզիայի փորձարարական ընթերցման վրա (Կարա Դարվիշ, Գևորգ Աբով, Ազատ Վշտունի):

«100 տարի առաջ հայ բանաստեղծները արդեն մտահոգված էին ռիթմով, փնտրում էին իրենց ներկայի հետ սինխրոնիզացման տարբերակներ, որը 100 տարի անց մենք դարձյալ փնտրում ենք», - ասում է Լիլիթը:

«Մենք դեռ փնտրում ենք մեր լեզուն մեր կյանքին հարմարեցնելու ուղիներ՝ այն ավելի կարճացնելով, համապատասխանեցնելով ներկայիս ռիթմերին: Արձագանքը, որը շատերը տեսնում են որպես «ապստամբություն», ինձ համար այժմ ընդամենը երկխոսություն էր երկու փորձերի միջև՝ մեր, որը կապված էր ֆուտուրիզմի հետ, և նրանց, որը կապված էր ազգայնականության հետ»:

Լիլիթը հավելեց, որ այսօր ինքն ազգայնական ակտիվիստներին չի համարում հարձակվող, այլ ավելի շուտ դիտում է որպես «հակագործողության կամ հականերկայացման մասնակից»:

«Մեր դիմակայություն-երկխոսության ընթացքում հասարակական տարածքը դարձավ մի վայր, որտեղ տաբուները հանդիպեցին միմյանց: Դա հստակ ցույց տվեց մեր մշակույթի չմարսված բացերը: Դա շատ նման է նրան, երբ մարդն ուտում է տարբեր տեսակի ուտեստներ՝ առանց իրեն մարսելու ժամանակ տալու և վերջում պարզապես փսխում է», - ասաց նա:

«Ես կարծում եմ, որ հենց դա էլ տեղի ունեցավ: Լեզվի, նրա վերափոխման և գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ չմարսված կոնֆլիկտը թեժացավ: Կարծում եմ, որ իրադարձությունը, որը մենք կոնֆլիկտ համարեցինք, կարող է հիմք դառնալ չմարսված այլ կոնֆլիկտներ լուսաբանելու և ընդունելու համար»:

Հասմիկը նշեց, որ շատ տարբեր մարդիկ իրեն հարցրել են, թե ինչու իրենք չեն կանխատեսել հասարակության արձագանքը: 

«Ես չեմ հասկանում, երբ մարդիկ ինձ հարցնում են, թե ինչու մենք նման բան չենք կանխատեսել, կամ ինչու մենք դա չկանխեցինք, կամ փորձեցինք ավելի լավ կազմակերպել, կամ էլ՝ զգալով, որ կարող է ծայրահեղ արձագանք լինել, չհակազդեցինք՝ ավելի կազմակերպված ձևով: Ես այդ տրամաբանության մեջ ինչ-որ ծուղակ եմ տեսնում», - ասաց նա:

«Եթե դուք կանխատեսում եք կամ փորձում եք կանխատեսել արձագանքը և միաժամանակ օգտագործել այն ի շահ ձեր աշխատանքի, ապա հավակնում եք մտնել նուրբ մանիպուլյացիաների դաշտ: Բայց ես դա այդքան չեմ սիրում: Ես զգում եմ, որ ինձ որպես կատարող անհրաժեշտ է մնալ այնքան  բնական ու ռեֆլեկտիվ, որքան կարող եմ ինձ թույլ տալ ու չկանխատեսել իրերն, այլ դրանք արտացոլել»:

 

 

Արտիստները, որպես մարդիկ, ովքեր արտացոլման հնարավորություն ունեն, այդ նպատակի համար կարող են օգտագործել տարբեր ձևեր ու միջոցներ: Հայ-ուկրաինական արտ ռեփ խումբ SAMUUM-ն իր դեբյուտային «Մարիա» սինգլում գործածել է մշակութային ազդեցությունների խառնուրդ: Սա հեգնանքով ու խորքայնությամբ լի, սահուն ու “տանող” երգ է «Հարգանքի» մասին:

SAMUUM նախագծի անդամ Անդրանիկ Բերբերյանի խոսքերով՝ երգը թողարկելիս իրենք  ոչ մի արձագանքի սպասում չունեին: Նրա խոսքերով խմբի անդամներն ավելի շատ մտածում էին ինչպես իրենց զայրույթն արտահայտել մի շարք հարցերի վերաբերյալ, ներառյալ  «հարգանք»-ն ու դրա երկակի ու հեղհեղուկ սահմանումը:

«Տեսահոլովակում կան խորհրդանիշներ կամ նշաններ, որոնք համալրում են երգի շերտերը: Մենք ուզում էինք վիզուալ ցույց տալ “հարգանքի” սյուրռեալիստական կողմն ու ավելի ընդգծել դրա տարօրինակությունը: Եթե ուզում եք լուրջ բան ասել, փորձեք այն մատուցել զվարճալի ձևով, չնայած ինձ դա երբեմն վախեցնում է, հատկապես այն դեպքում, երբ օրինակ առեւանգված ու գորգի մեջ փաթաթված հերոսուհին երբեք էլ չի փորձում փախչել: Նա չի ըմբոստանում. նա նույնիսկ չի փորձում ազատվել կամ հակահարված տալ», - ասում է Բերբերյանը:

 

 

 

«Գորգն այստեղ սահմանափակ մտքի խորհրդանիշն է, մտքի, որը պարփակված է տուփի մեջ: Ինչպես ենք մենք կաղապարում մեր վերաբերմունքն ուրիշների ու աշխարհի հանդեպ և ինչպես ենք օգտագործում ավանդույթները՝ մեզ մի տուփի մեջ թակարդելու և այլ բաներ փորձելուց ազատագրելու համար: Մենք զարգանում ենք, և մեր հարաբերություններն աշխարհի հետ նույնպես զարգանում են, ինչպես նաև ձևերն ու նարատիվները՝ հաղորդակցվելու ու միմյանց հետ հարաբերվելու», - ավելացնում է նա:

«Love աղջիկ» (հայերեն «լավ աղջիկ» արտահայտության խաղարկումը) երգը, որը թողարկվել է 2016 թ.-ի դեկտեմբերին Երևանում բնակվող արտիստ և կատարող Մելինեի կողմից, շոշափում է գրեթե նույն թեմաները, բայց ավելի կտրուկ ձևով:

 

 

«Մի հատված կա, որտեղ ես ասում եմ. “Նա ունի յոթ երեխա՝ յոթն էլ Տղա”: Ինձ համար տարօրինակ և հակասական է այն հասարակությունը, որը քննադատելով հղիության արհեստական ընդհատումներ կատարող կանանց, «արդարացնում է» սեռով պայմանավորված աբորտները: Ես փորձում եմ ոչ մեկի կողմը չբռնել, այլ ավելի շուտ ցույց տալ տաբուների անտրամաբանականությունը»:

Օգտագործելով իր սուր հեգնանքն ու նուրբ ու սուր բառախաղերը՝ Մելինեն մեզ խնդրում է ավելի խորը նայել այն ամենին, ինչը մենք ընդունում ենք որպես «նորմալ»՝      կասկածի տակ դնելով դրա ընկալումը: Արդյոք մեր ապրելակերպը համընկնում է մեր գաղափարների ու նպատակների հետ:

«Ես զարմացա, երբ շատ կանանցից լսեցի, որ իմ տեքստերի մեջ իրենց են տեսնում կամ գոնե զվարճալի ու համարձակ են համարում դրանք: Նույնիսկ նրանք, որոնց ես «պահպանողական» էի համարում, բավական դրական էին արձագանքում», - ասաց նա:

«Ես իսկապես զարմացա, բայց հետո հասկացա, որ ես շփվել եմ ֆիլտրված շերտերի հետ և գաղափար չունեմ այն մասին, թե ինչ են մտածում ուրիշները կամ ինչպես են նրանք իրականում ապրում։Նրանց մասին իմ պատկերացումները սովորաբար բաղկացած են բազմաթիվ կլիշեներից, այնպես, ինչպես նրանցն իմ մասին: Տարօրինակ է հասարակության շերտերի միջև ունենալ նման բաց և սխալ հաղորդակցություն Երևանի պես փոքր քաղաքում»:

 

 

Իմ հետ զրուցած արվեստագետներից շատերն ասում էին, որ մեր հասարակությունը չի սիրում փոփոխություններ կամ դեռ պատրաստ չէ փոխվելուն: Բայց մյուսներն, ինչպես SAMUUM-ը, Գայանեն ու Մելինեն, ապացուցեցին հակառակը. Հասարակությունը կարող է ամեն ինչ մարսել, դա կախված է փոփոխություններ կատարողների մոտեցումից և մտադրությունից: Ազատ ոգիները երբեք չեն կարող սահմանափակվել. նրանք միշտ մի միջոց կգտնեն կոտրելու մշակութային դոգմատիզմի ամենաուժեղ և կոշտ պատերը: 

Ես սկսեցի մտածել, որ միգուցե այն վախը, որն ինձ խանգարում է իմ լեզվի հետ ավելի ազատ փորձեր կատարել, նույն վախն է, որն ունեցել է Գայանեն նախքան իր՝ այբուբենի վրա հիմնված աշխատանքը սկսելը, և , միգուցե, այդ վախը կապված է մեր ժառանգությունը բարելավելու, ոչ թե նվաստացնելու կամ նվազեցնելու ցանկության հետ: Բայց մենք երբեք չենք իմանա որ գործով ենք այն հարստացնում, իսկ որով՝ նվաստացնում, մինչև չփորձենք:

Ընդհանուր առմամբ, մեր հասարակությունը վախենում է փոխել այն ամենը, ինչը մենք համարում ենք մեր ժառանգությունը. Մենք հազվադեպ ենք փորձարկումներ անում այնպիսի ուտեստի հետ, ինչպիսին բստուրման է: Մենք պարզապես շարունակում ենք արտադրել բաստուրման նույն կերպ՝ նույն տրամաբանությանբ, առանց անգամ հարցադրում անելու դրա համի, որակի, տեսքի մասին: 

Բայց հենց որ մենք տիրապետենք մեր ավանդույթներին ու օգտագործենք դրանք ոգեշնչելու, այլ ոչ թե սահմանափակելու համար, գուցե դրանք դադարեն մեզ շղթայելև դառնան կապեր, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ,  ով ենք մենք՝ որպես հասարակություն: 

Մենք կարող ենք մեր ավանդույթները բերել ներկա`հարմարեցնելով նորօրյա ռիթմին և կարիքներին, քանի որ բոլոր ավանդույթները ժամանակին պարզապես փորձեր էին ժամանակի հետ համահունչ ապրելու: Այս մասին ամենալավ ձևակերպումը SAMUUM խմբի Անդրանիկ Բերբերյանինն է. «Մենք այստեղ ենք, որովհետև մեր նախնիները պատրաստ էին փոփոխություն անել»:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա