«Կարծես մի մեծ խաղի մասնակից լինեինք»

Լուսանկարիչ: ՎԱՂԻՆԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ

09.11.21
Հրատարակություն: Քովիդ 19-ը եւ երեխաները

Չայխանան Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տաղանդավոր լուսանկարիչներին խնդրեց կանանց հետ խոսել համաճարակի ժամանակ մայրության իրողության մասին՝ առողջության եւ հարաբերությունների վրա դրա ազդեցության, ինչպես նաեւ այն փորձի, որ  նրանց ինքնությունը ձևավորեց որպես ծնող: 

Արդյունքը կանանց դիմանկարը և նրանց յուրահատուկ տեսակետներն են այն մասին, թե ինչ է նշանակում լինել մայր և ինչպես են ցավը, զոհաբերությունը և անսպասելի ուրախությունները վերջին 20 ամիսների ընթացքում ազդել նրանց և նրանց երեխաների վրա:

Ոմանց համար դա նշանակում էր կտրվել երեխաներից կամ ծնողներից, կորցնել աջակցության այն համակարգերը, որոնց վրա նրանք հույս էին դրել: Մյուսների համար համաճարակը և դրան հաջորդած արգելափակումները շաբաթներ տեւած բարձր ռիսկի և վախի մասին էին: Որոշ հաջողակների էլ համաճարակի պատճառով առաջացած սահմանափակումները թույլ տվեցին դանդաղել և վայելել երեխաներ մեծացնելու կախարդական քաոսը՝ առանց ուշադրությունն այլ բաների վրա շեղելու:


38-ամյա Փիրուզա Խալափյանը, 38-ամյա Հակոբը, 86-ամյա Լաուրան, 7-ամյա Կարպիսը եւ 4-ամյա Գաբրիելը.


Լուսանկարիչ Փիրուզա Խալափյանն այդ ընթացքում երեխաներին հիմնականում միայնակ է դաստիարակել, քանի որ ամուսինը՝ Հակոբը, լոքդաունի ժամանակ ստիպված է եղել աշխատել։

«Դժվար էր։ Կարպիսը, ավագ տղաս, նոր էր ընդունվել դպրոց, ու առաջին տարվա ոգևորությունը ավարտվեց լոքդաունով։Ու ընդհանրապես, լոքդաունը մեծ մարտահրավեր էր բոլորիս համար։

Դրանից հետո ես հասկացա՝ երբեք չպիտի բացառես անսպասելի իրավիճակներն ու պիտի հանգիստ տանես։ Ասենք այն, որ դու տանն ես, բայց արձակուրդում չես։ Իսկ մենք, տարօրինակ ձևով, ընկել էինք թվացյալ ծուղակի մեջ, երբ ընդամենը յուրաքանչյուրս մեր տանն էինք, մեր ստեղծած իրերի միջավայրում, մեր հարազատ երեխաների հետ: Այնինչ համատարած դեպրեսիվ տրամադրություններով էինք ընդունում այդ փաստը, որը հիմա զավեշտալի է թվում»։

«Այլ բան է, երբ որևէ խնդրի մասին լսում ես միջազգային մամուլից, այլ է, երբ խոսքը վերաբերում է քո քաղաքին… Երբ կարանտինի ժամանակ անձրև էր գալիս, Կարպիսն ու Գաբրիելը հովանոցներ էին վերցնում, հագնում իրենց ռետինե կոշիկները և գնում պատշգամբ. անձրևանոցների տակից գլուխները հանում էին ու թրջվում, կարծես բակում խաղալիս լինեին»։

«Ամուսնուս հետ միասին տանը մնալու շրջանը մեկ շաբաթ էր։ Դրանից հետո ամուսինս մշտապես աշխատանքի էր։ Ես մենակ էի երեխաներիս հետ։ Ինձ համար արհեստական զգացողություն էր առաջացնում քովիդը, ասես սարքած, արհեստական գոյացություն, որ իր վերջնական կերպարը չունի։ Պլաստիկի հետ է  ասոցացվում. ինչպես պլաստիկը, շատ տարիներ է պահանջվում, որ անհետանա, չի  ձուլվում բնության հետ,  այնպես էլ քովիդը թվում էր երկար ժամանակ չի անհետանա, չի ձուլի մարդու հետ։ 

Այդ շրջանում ինձ հանգիստ էի զգում խոհանոցում, դա զավեշտալի է, ինձ մոտ նախկինում էդպես չէր։ էստեղի պատուհանը քովիդի ընթացքում շատ սիրեցի։

Քովիդի ժամանակ սկսեցի շատ սուրճ խմել։ Ամենաշատ կիրառվող իրերը, լոքդաունի ընթացքում, սուրճի բաժակն էր,որ նվեր էի ստացել, անմիջապես լոքդաունից առաջ,  Ֆոտոխցիկս ու օրագիրս, որի մեջ գրում էի օրվա ընթացքում կատարվածը, մինչ այդ նման փորձառություն չէի ունեցել։

Որպես լուսանկարիչ միշտ ուրիշին ենք նկարում, բայց ինքներս մեզ, մեր մասնավոր տարածքը, քիչ ենք ուսումնասիրում։ Այդ շրջանում, ես սկսեցի իմ տունը, տան անդամներին ու ինձ ուսումնասիրել։ Դա էլ միջոց էր` վավերագրելով հաղթահարել այդ դժվար վիճակը։ Մտածում էի, որ էրեխեքի համար հետաքրքիր ֆոտոհիշողություն կլինի այս օրերի մասին, երբ մեծանան»։

«Հետո հիվանդացանք ես ու Գաբրիելը՝ կրտսեր տղաս։ Ամուսինս այդ ընթացքում աշխատում էր, տանը մնալու հնարավորություն չուներ։ Ես էի, երկու երեխաներս ու տատիկը։ 

Ամենադժվար բանը, այս հիվանդության անհասկանալի լինելն էր, տատանումները, անվերահսկելիությունը։ Մեկ լավ ես, մեկ էլ կտրուկ վատանում ես։ Ինձ համար բացահայտում  էր, այն զգացողությունը, որ մենք կարծես մի մեծ խաղի մասնակից ենք, բայց չգիտենք էդ մասին»։


39-ամյա Լուսինե Մկրտչյանը, 42-ամյա Վարդանը, 10-ամյա Անին, 7-ամյա Վանը եւ 4-ամյա Նուշակը.


 

Լուսինե Մկրտչյանն ու իր ընտանիքը կարանտինը դիմավորեցին Ծաղկաձորում՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող առողջարանային քաղաքում՝ բնության գրկում և ընտանեկան հաճելի միջավայրում։ Այն բանից հետո, սակայն, երբ նա երեխաների հետ մայրաքաղաք վերադարձավ, կյանքը դժվարացավ։  

«Լոքդաունի սկզբում Ծաղկաձորում էի, մնում էինք մեր հյուրանոցում, որտեղ բացի մեզանից ոչ ոք չկար։ Վայելում էի բնությունը երեխաներիս հետ ու ափսոսում, որ շատ ենք հեռացել նրանից։ Իմ  ծանրաբեռնված աշխատանքը, կենցաղը  թույլ չէին տալիս երեխեքիս հետ հաճախ լինել։ Քովիդը հիշեցնում էր կողքիդ մարդկանց գոյության մասին, ուշադրություն՝ որ զբաղվածության մեջ կորցնում ենք։ Բոլորովին մենության զգացողություն չունեյի. հրաշք էր էն ազատությունը, որ դրանից առաջ հնարավոր չէր: Պայծառ շրջան էր»։

«Հետո այլ էր։ 2020-ի Սեպտեմբերի 21-ին մեր ողջ երգչախումբը հիվանդ էր, ես նույնպես։ Դպրոցները փակվեցին, գրեթե զուգահեռ, 27-ին սկսվեց պատերազմը։ Ահավոր էր։ Ամուսինս  սնունդ էր բերում, թողնում դռան մոտ, ներս չէր մտնում։ Նա այլ քաղաքում էր աշխատում՝ Ծաղկաձորում, այն հյուրանոցում, որտեղ հիմա ապաստան էր հատկացրել Արցախից գաղթած ծերերի և փորձում էր չվարակվել և չվարակել նրանց։

Ուժերս սպառված էին, քանի որ այդ վիճակում ստիպված էի խնամել 3 երեխաներիս, օնլայն աշխատել, տան կենցաղով զբաղվել։ Թոքաբորբ ունեի։ Արգելափակման ժամանակ երբ Ծաղկաձորում էինք, գիշերային ստվերների թատրոն էինք բեմադրում անկողնում։ Բայց երբ հասանք Երևան, փակվեցինք տանը։ Ես շրջապատված էի երեխաներով ու նրանց կռվի ձայներով, մուլտֆիլմերով և առցանց դասերով»։

«Քո սովորական կյանքի ձևը փոխվում է, աշխարհընկալման մոդելը փոխվում է, անընդհատ տագնապի զգացողություն կա։ Անընդհատ պանիկա։

Քովիդը երբեմն ասոցացվում էր պատերազմի հետ, պատերազմական լուրերի հետ. դոն-դոն-դոն-դոն ռեպորտաժի ձայնն էր։ Անընդհատ պատերազմի դաշտի լուրերին էի հետևում հիվանդության ընթացքում։

Տունն էլ, մեծ աշխարհն էլ վախենալու էր դարձել։ Կարծես ինչ որ մեկը քո փոխարեն որոշում է ով պետք է ապրի, ով` ոչ»։ 

«Ամենաշատն ինչի մասին տենչում, երազում էի, դա քունն էր։ Երեխեքի աղմուկն ու ձայները խանգարում էին, բայց նաև ոտքի էին կանգնեցնում ու թույլ չէին տալիս ավելի թուլանալ, ինձ հետ էին բերում էն աշխարհից։ Կուզեյի լինել ավելի պինդ ծնող, բայց էդ վախի զգացողությունը իմ մեջ կար։ Վախենում էի, որ երեխեքիս կփոխանցեմ վարակը, տանը դիմակ էի կրում, չգիտեի պաշտպանիչ էլ ինչ տարբերակի դիմեմ»։ 

«Բայց շխարհը էն չի էլ, ինչ կարծել եմ նախկինում. իմ նայիվությունն եմ բացահայտել այս ընթացքում, նախկինում միշտ վստահությամբ եմ վերաբերվել աշխարհին»։


41-ամյա Լուսինե Ղևոնդյանը և 8-ամյա Մոնիկան 


Նկարչուհի Լուսինե Ղևոնդյանը միայնակ ծնող է, ուստի երբ Covid-19-ի նրա թեստը դրական եկավ, նա ստիպված եղավ միջոց գտնել դստերն ապահով պահելու և ինքն իրեն խնամելու համար։

«2021-ի սեպտեմբերի 16-ին թեսթը դրական եկավ։ 13-ից  ջերմում էի, բայց չէի մտածում քովիդի մասին։ Ես երբեք չեմ հիվանդանում, տանը անգամ ջերմաչափ չունեմ։ Իզոլացիայի առաջին օրերը լուրջ վախեր էին առաջացնում, ո°նց եմ ապրելու։ Ինձ բերեցին սնունդ, որը ես չէի ուզում ուտել, բայց ինձանից ասես էլ ոչինչ կախված չէր, անկառավարելի էր ամեն ինչ ու ես անզոր էի, ոչինչ չէի կարող փոխել։ Ես արտասվում էի»։

«Իզոլացման մեջ իմացա, որ ուշադիր չէի եղել մյուսների կյանքի, ժամանակի, զբաղվածության նկատմամբ։ Ես սկսեցի հարգել մարդկանց ու նրանց հնարավորությունները»։

«Քովիդից հետո սկսեցի հասկանալ թե ժամանակն ինչ է, ոչ միայն ինձ համար, այլ նաև իմ հարազատների։ Մինչ այդ ես կարծես չէի նկատում մյուսների զբաղվածությունը, միայն գիտեի իմ զբաղվածության մասին։ Հիմա հասկանում եմ, որ  ամենամեծ բանը, որ մեզ պետք է,  դա այսօրն ու հիման է:  Ես սկսեցի գնահատել էն ամենն ինչ որ ունեմ իմ կյանքում։

Ես բաժանված եմ, ունեմ երկու ավագ տղա, որոնց հետ չեմ ապրում, բայց որոնցից այս ընթացքում ստանում էի մեծ ջերմություն, հոգածություն իմ հանդեպ։ Միայն դժվար էր, որ չէի կարող գրկել բոլոր հարազատներիս։

Կկարոտեմ այս շրջանում այն, որ ինձ շանս էր տրվել  ունենալ ինչ-որ ժամանակ ինքս ինձ հետ լինելու համար։ Կկարոտեմ էս ժամանակը , որ հնարավորություն տվեց պուճուրիս հետ ավելի շատ գրկախառնվել»։

«Մոնիկան, աղջիկս իմ մութ քարանձավի լույսն էր։ Մեկուսացման շրջանում Մոնիկան նկարում էր, հեքիաթներ էր պատմում և խնամում կատվին, իսկ կատուն խնամում էր նրան: Երբ Մոնիկան ջերմություն ուներ կամ իրեն վատ էր զգում, կատուն չէր հեռանում նրա կողքից։ Նա պառկում էր և քնում Մոնիկայի հետ, ասես երեխայիս դայակը լիներ։ 

Այդ ընթացքում Մոնիկան սկսեց անկախություն դրսևորել։ Նա առաջին անգամ մեզ համար աղցան պատրաստեց և ինքնուրույն գնաց խանութ:

 Ընդունել, որ ես անզոր եմ որոշ բաների առաջ, ընդունել այն, ինչ որ կատարվում է հիմա ու այստեղ. սա ամենակարևոր հայտնագործությունն էր ինձ համար»։

 


49-ամյա Քրիստինե Բաղդասարյանը, 15-ամյա Ավետիսը և 70-ամյա Գոհարը

Քրիստինե Բաղդասարյանն երկու անգամ հաղթահարել է Covid-19-ը՝ այդ ընթացքում խնամելով ծեր մորն ու դեռահաս որդուն։

 «Առաջին անգամ հիվանդացել եմ 2020-ի փետրվարին, անտիբիոտիկները չէին օգնում, չէի կարողանում շնչել։ Աջ կողմում՝ թոքերում ջուր էր հավաքվել։ 25 օր բարձր ջերմություն ունեի։ Հիվանդանոցում տեղ չկար, որպեսզի պառկեյի։ Հետո  շտապօգնությունը հիվանդանոց տարավ, միանգամից վերակենդանացման բաժին ուղղորդեցին։ Ես մտածում էի դուրս չեմ գալու էս վիճակից։ Անճարությունից լացում էի, էդքան դեռ չէի լացել։ Քրոջս կանչեցի, ասեցի, որ տղայիս կպահես։ Մտածում էի վերջն ա։ Տղայիս ասում էի "մորաքույրը քեզ կպահի, տատիկին լավ կնայես:  Տղաս 13 տարեկան էր այդ ժամանակ»։

«Կային դրական կողմեր այդ շրջանում։ Հետաքրքիր էր այն, որ ես տանն էի։ Ես միշտ աշխատում եմ, ուշ եմ վերադառնում տուն։ Հաճախ մի քանի օրով գործուղման եմ գնում։ Ու ես ու տղաս  շատ ենք կարոտում իրար։ Իսկ հիմա հնարավորություն կար երկար տանը մնալ։ Ես երբևէ այդքան երկար տանը մնալու հնարավորություն չեմ ունեցել։ Դա օգնեց, որ կազդուրվեմ վարակից հետո, դա հանգստություն բերեց մեզ ու ավելի միավորեց»։ 

«Երկրորդ անգամ 2021թ-ի ապրիլին հիվանդացա, այս անգամ ընտանիքիս բոլոր անդամներն էլ վարակվեցին։ Ինձ մոտ նորից բարդացավ առողջական վիճակը, համն ու հոտը կորցրել էի, նորից թոքաբորբ ունեյի, ամբողջ բուժումը տանը իրականացրեցինք։ Տղայիս մոտ տրախեան էր բորբոքվել,անհանգիստ էի, քանի-որ սաքսոֆոն է նվագում, նաև նեղվում էի երեխայիս դասերի և իր մասնագիտական առաջադիմության հետ կապված խոչընդոտների պատճառով։ 

Տղաս հոգատար է, հանգստացնում էր ինձ, ասում էր ամեն ինչ լավ կլինի։ 

Քանի որ նա ցանկանում է երաժիշտ դառնալ, արգելափակումը նրան հնարավորություն տվեց ավելի շատ ժամանակ հատկացնել իր երաժշտությանը: Նա միայն ընկերներին էր կարոտում և նրանց հետ զրուցում էր առցանց։ Ի վերջո տղաս դրական արդյունքների հասավ։ 2020 թվականի նոյեմբերին նա առցանց մասնակցեց երկու խոշոր միջազգային մրցույթների [և արժանացավ մրցանակների]։

Աշխարհում ասես կարգը փոխվել է քովիդից հետո, բայց հայերիս մոտ պատերազմն ավելացավ քովիդին ու մենք մոռացանք հիվանդությունը։ Մարդկանց մոտ սառած, անտարբեր վիճակ է հիմա  քովիդի նկատմամբ։ Հիմա մարդիկ հոգնել են։ Չես կարող շատ տառապել։ Սկսում ես անտեսել։

Արհեստականության զգացողություն կա քովիդի հետ կապված։ Գլոբալ առումով ապոկալիպտիկ զգացողություններ են առաջացնում։ Սպասում ես, որ հիմա կանցնի, մի օրից, երկու օրից, մեկ տարուց … բայց չի անցնում»։ 

Նախագծի մյուս մասը դիտելու համար տես՝

"Seeing people in masks is all he knows"

"Like entering the sea during bad weather"

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները: donation.stories.donate-text
նվիրաբերեք հիմա