«Լուռ համաձայնությունը» Հայաստանում. հոմոֆոբիան բանակում

Լրագրող: Էլեն Մանգասարյան,

Լուսանկարիչ: Էլիզա Մխիթարյան

30.09.22

Դավիթը** լավ հիշում է այն ամենօրյա խուճապի զգացումը, երբ մոտենում էր իր 18-ամյակը, իսկ դրա հետ մեկտեղ՝ նաև զորակոչը: 

Պարտադիր զինվորական ծառայությունը, երբ հայրենիքդ պատերազմի մեջ է, կարող է սարսափելի լինել ցանկացած երիտասարդի համար։ Սակայն Դավիթի համար ավելացել էր ևս մեկ անհանգստություն. վախենում էր, որ իր զորամասի մյուս զինվորները կիմանան իր՝ գեյ լինելու մասին։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Արմինե Սադիկյանը նշում է, որ գեյ, բիսեքսուալ, տրանս անձինք, ում ինքնության մասին իմանում են բանակում, ստիպված են լինում ապրել մշտական վախի մեջ իրենց անվտանգության համար:

«Ես դեպքեր եմ ունեցել, որ ստիպված եմ եղել գնալ զորամաս, խոսել հրամանատարի հետ: Կողմնորոշման մասին իմանալուց հետո տղային մեկուսացրել էին առանձին սենյակում՝ առանց հացի ու ջրի, որպեսզի բռնություն չկիրառեն նրա հանդեպ: Ինձ էլ հրամանատարն ասաց՝ մեկուսացրել ենք, պաշտպանված ա, մատով չենք կպել: Այսինքն՝ էդ պայմաններում մեկուսացնելն ու արդարանալը, որ «նույնիսկ չենք ծեծել», արդեն բավարար էր նրանց համար»,- պատմում է Արմինե Սադիկյանը: 

Դավիթը ամենից շատ վախենում էր բանակում իր քաղաքից մեկ այլ զինվորականի հանդիպել, քանի որ շատ դեպքերում հենց այդպես էլ տեղեկանում են մյուսի սեռական կողմնորոշման մասին: Նաև մեծ վախ կար չինտեգրվելու ու մեկուսանալու: 

«Եթե իմ հոգեկան առողջությունը հիմա ա վատ վիճակում, բանակում առավել ևս վատ կլիներ: Եթե իմանային իմ մասին էնտեղ, արդեն պարզ ա, թե ոնց կվերաբերվեին ինձ թե՛ շարքայինները, թե սպաները: Ով գիտի՝ բանակում ինչ կլիներ, ես կարող ա նաև հետ չգայի էնտեղից», - կիսվում է Դավիթը: 

 Ներկայումս գեյ, բիսեքսուալ, տրանս անձինք կարող են դիմել բանակից ազատվելու համար՝ համաձայն 2018 թվականի կառավարության N 404-Ն որոշման: Սակայն կարգն այնպիսին է, որ զորակոչիկն անձամբ պետք է ասի, որ իր կողմնորոշումն ու ինքնությունը համարում է հիվանդություն և անբնական երևույթ, այլապես նա նորից կունենա նույն պարտավորությունը ծառայելու ՀՀ բանակում, ինչ բոլոր 18 տարին լրացած արական սեռի անձինք:

Դավիթը որոշել է պատմել իր սեռական կողմնորոշման մասին և այդպես ազատվել բանակից՝ չնայած շատ դժվար էր պատկերացնել, թե ինչ կասեն իր ծնողներն ու գործընկերները, եթե իմանան այդ մասին:

«Ես ամենավատին էի պատրաստվում: Մտածում էի մամայի հետ տանը կռիվների մասին, վախենում էի, որ ինձ տնից դուրս կհանեն, մտածում էի՝ բա որ գործի տեղը իմանան: Բայց էդ պահին մտքումս մի բան էր՝ ավելի լավ ա բանակից ազատվեմ, գնամ, աշխատեմ ամեն օր, մենակ ապրեմ, քան գնամ ծառայության»,- անկեղծանում է նա:  

Պարզ հիշում է օրերը, երբ իրեն զանգել են և կանչել պարտադիր նախնական բուժզննմանը:

Երբ արդեն հիվանդանոցում էր, հասկացավ, որ իր համար այդքան էլ հեշտ չի լինելու իրագործել մտածածը: Բոլոր սենյակներով անցել էր, հոգեբույժինը թողել ամենավերջում: Երբ նա վերջապես մտավ բժշկի սենյակ, չկարողացավ խոսել, բայց բժիշկը, մի քանի հարց տալուց հետո, գրեց, որ Դավիթը նևրոզ ունի, և նա պետք է գնա նաև Երևանում ստուգվելու: 

Սկզբից, սակայն, պետք էր գնալ հոգեբուժարան իր քաղաքում։ Այդ ժամանակ էլ տարբերակ չուներ վախենալու ու չասելու: Այդտեղ վատ վերաբերմունքի կամ բռնության չի հանդիպել։ Ասում է, որ զարմացել էր, որովհետև շատ պատմություններ էր լսել, թե ոնց են նույնիսկ հարվածել, ծեծել հենց կոմիսարիատում, երբ այդ հարցով մոտեցել են աշխատողներին:

Ամեն ինչ ուրիշ էր արդեն Երևանի հոգեբուժարանում: Այստեղ էլ Դավիթին նույն հարցերն են տվել, ինչ լսել եմ այլ մարդկանց պատմություններից՝ խնդիրներ ընտանիքում, ծնողները բաժանված են, թե ոչ, առաջին սեռական հարաբերություններ, տղա զուգընկերներ, ում հետ է ավելի շատ բնակվել՝ մոր, թե հոր։ Հետո կանչել են գլխավոր հոգեբույժի մոտ, նա էլ է նույն հարցերը տվել։ 

«Գլխավոր հոգեբույժը վերջում հարցրեց՝ արդյո՞ք իմ կարծիքով այդ հոգեբուժարանում էլի իմ նման մարդիկ կան: Չէի հասկանում՝ ինչ նկատի ուներ, ստիպված ասեցի՝ հա, կան»,- պատմում է Դավիթը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին դասակարգումով տրանսգենդերությունը հանվել է հոգեկան առողջության խնդիրների ցանկից, սակայն մեզ մոտ այդ կարգավորումը դեռևս չի գործում: Այս հիմքով, բացի նույնասեռկանությունից, նաև տրանսգենդերությունն է մտնում անձի խանգարումների ցանկի մեջ: Ինչպես նաև, մարդիկ ստիպված են լինում որոշ ժամանակ հոգեբուժարանում անցկացնել, ինչը տպավորություն է ստեղծում, որ նրանք «հոգեկան հիվանդություն» ունեն։

Բարեբախտաբար, Դավիթը ստիպված չի եղել գիշերն անցկացնել հոգեբուժարանում: Բուժզննումների մի քանի շրջաններից և բժիշկների հանձնաժողովների տևական հարցաքննություններից հետո նա ազատվել է զինվորական ծառայությունից։


«Ես ամաչում էի ասել իրենց կողմնորոշմանս մասին, կոմպլեքսավորվում էի, բայց վերջին պահին, երբ հասկացա, որ էլ տարբերակ չկա, ստիպված սկսեցի խոսել, որովհետև գիտեմ, որ դա ինձ համար եմ անում։ Էլի նույն հարցերն էին տալիս ու ստանում նույն պատասխանները»,- անկեղծանում է Դավիթը, - «Տագնապ կար մեջս անընդհատ: Հետո նայեցին ուղեգրիս, նայեցին իրար, նայեցին ինձ, ասացին՝ կարաս գնաս: Էդ նշանակում էր, որ ազատվել եմ»։

Սակայն «անձի խանգարման» պատճառով բանակից ազատումը հետագա կյանքում կարող է նաև խնդիրներ առաջացնել:

Շատ հավանական են դժվարությունները պետական պաշտոններ զբաղեցնելիս կամ կրթական հաստատություններում աշխատելիս: Չնայած Հայաստանի Հանրապետության Հիվանդությունների պետական դասակարգչում առանձին տողով նշվում է, որ սեռական կողմնորոշումը ինքնըստինքյան չի դիտվում որպես խանգարում, իրավաբանները պատմում են դեպքերի մասին, երբ հրաժարվել են տրամադրել վարորդական իրավունք հենց այդ «ախտորոշման» հիման վրա:

Իրավաբանները և հոգեբույժներն ասում են, որ դեպքերը հիմնականում պետք է քննվեն առանձին հանձնաժողովների կողմից՝ հասկանալու համար՝ արդյոք այդ մարդը տվյալ ախտորոշմամբ կարող է գործունեություն ծավալել՝ առանց մյուսներին վնասելու: Սակայն շատ ժամանակ Հայաստանում աշխատատուները կամ պետական մարմինները աչք են փակում այս որոշման վրա: Իրավաբան Լուիզա Վարդանյանը, ով աշխատում է «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի հետ, նշում է, որ այս որոշումը հնարավոր է կյանքի յուրաքանչյուր փուլում բողոքարկել․ պետք է նորից հոգեբույժների հանձանժողով հավաքվի և փորձաքննություն անցկացվի: Այստեղ արդեն առաջ է գալիս ձևակերպման հարցը: Ի՞նչ պետք է անի անձը՝ ասի, որ այլևս նույնասեռական չէ՞, թե՞ որ այլևս նույնասեռականությունը չի համարում խնդիր:

Պաշտոնական հարցում է ուղարկվել Պաշտպանության Նախարարությանը` ներկա իրավիճակի և ընտրված քաղաքականության վերաբերյալ նրանց մեկնաբանությունը ստանալու համար։ Այնուամենայնիվ, նրանք չեն պատասխանել մեկնաբանության գրավոր խնդրանքին մինչև հրապարակման ամսաթիվը, քանի որ նրանց լրացուցիչ ժամանակ էր պետք հարցերը ուսումնասիրելու և պատասխանելու համար: Չայ Խանան կթարմացնի հոդվածը, երբ լինի պաշտոնական պատասխանը:

Կառավարությունն այս պահին չի քննարկում այս հարցը, ասում է Լուիզա Վարդանյանը, ով «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի հետ հետազոտություններ է անցկացրել բանակում գեյ, բիսեքսուալ և տրանս անձանց ծառայության վերաբերալ
բանակի վարած քաղաքականության և բնակչության տեսակետի մասին:

«Այս թեմայով հետազոտություններ ենք անցկացրել, սակայն պատերազմից հետո թեման շատ զգայուն է դարձել, մեզ պետք է ավելի լայնածավալ հետազոտություն: Մենք պետք է փորձենք իմանալ համայնքի տեսակետը էս հարցում, տեղեկանալ միջազգային փորձից, հետո այդ երկուսը համատեղել և դիմել կառավարությանը առաջարկներով: Մինչ այդ մենք օգնելու ենք անձանց, ովքեր խտրականության են բախվել զորակոչի ընթացքում կամ բռնության ենթարկվել բանակում»,- ամփոփում է իրավաբան Վարդանյանը:


Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակ զորակոչի ժամանակ այս հարցերով դիմումներն ավելի շատ են, քան ծառայության: Ամեն զորակոչին լինում է մոտավորապես 3-4 զանգ: Իրավապաշտպանները նրանց օգնում են, խորհրդատվություն են տալիս, թե ինչ օրենքներով է կարգավորվում այս հարցը և ինչպես կարող են պաշտպանել իրենց անձնական տվյլաները զինկոմիսարիատում։ Նույնը նաև «Փինք» իրավապաշտպան կազմակերպությունում է․ տարեկան արձանագրում են զորակոչի ժամանակ և բանակում մեկից երեք բռնության դեպք, սակայն նաև նշում են, որ այս դեպքերը իրական պատկերը չեն արտացոլում, քանի որ մարդիկ հիմնականում, վախից ելնելով, չեն ցանկանում բարձրաձայնել իրենց հետ կատարվածի մասին:

Դավիթը ոչ մեկին չէր ասել, որ պատրաստվում է ազատվել բանակից։ Տարբեր բաներ էր հորինում, ասում, որ նևրոզի պատճառով են 3 տարով տարկետում տվել։ Բայց մայրը գնացել էր զինկոմիսարիատ, փորձել էր ճշտել։ Ինչքան էլ իրավունք չունեին չափահաս մարդու անձնական տվյալները բացահայտել, մեկ է ուղեգիրը դրել էին նրա առաջ, կարդացել էր: 

«Մաման ասում էր՝ ես որ կարդացի, չգիտեի՝ էդ մարդու աչքերի մեջ ոնց նայեմ, խայտառակել ես ինձ, մարդիկ իմանան, ինչ կմտածեն», - պատմում է Դավիթը։

«Ես գիտեմ, որ նրա մի կեսը ուրախ ա, որ ես հիմա ապահով վայրում եմ, մյուս կեսը մտահոգվում ա իր անունի համար: Մի քանի անգամ թեթև կռվել ենք էս թեմայով, բայց փորձել եմ շատ չշարունակել: Ես կարծում եմ, որ իրենց անունը չեմ գցել, ես իրենց անունը բարձր եմ պահում, բայց ես չէի ուզում գնալ, իմ կյանքը վտանգի տակ դնել»:

 

**Չայխանան չի օգտագործում նրա իսկական անունը՝ նրա ինքնությունը պաշտպանելու համար


Պատմությունը պատրաստվել է Unit-ի՝ լրագրողների և ակտիվիստների ցանցի օգնությամբ, ովքեր աշխատում են ԼԳԲՏ+ թեմաներով:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա