Ռուս էմիգրանտները ապահով ապաստան են գտել Հայաստանի երկրորդ քաղաքում

Լրագրող: Անահիտ Հարությունյան,

Իլյուստրատոր: Մերի Հովսեփյան

04.10.22
Հրատարակություն:
թեման: Կոնֆլիկտ

Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժած ամիսների ընթացքում հարավկովկասյան երեք երկրները վերածվել են պատերազմի երկու կողմերից փախած մարդկանց ապաստանի։ Մինչ ուկրաինացիները լայն ընդունելության են արժանանում, ռուսները տարբեր ազդեցություն են ունենում եւ ստանում Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Ռուսները տարբեր բաներով են առաջնորդվում՝ ոմանք փախչում են հետապնդումից, իսկ մյուսները ձգտում են խուսափել զինվորական ծառայությունից։ Նոր իրականության մեջ նրանց ճակատագիրն անորոշ է:


32-ամյա ՏՏ մասնագետ Արտյոմ Էմիլյանովը տարիներ շարունակ երազել է հեռանալ Ռուսաստանից։ Փետրվարին, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինայի տարածք, նա և եղբայրը հասկացան, որ երկրից դուրս գալու ժամանակն է:

«Պատերազմը սկսվեց, մտածեցի՝ հիմա կամ երբեք, պետք է հեռանալ»,- ասում է նա։

«Երբ ինքնաթիռով եկանք Հայաստան, շատերը միանգամից, նաև ես ու եղբայրս,  գնացինք Թբիլիսի։ Վրաստանում բիզնես սկսելը ավելի հեշտ էր, կարող ես առանց վիզայի մնալ մեկ տարի, հարկերը քիչ էին և լավ աշխատում են արևմտյան վճարային համակարգերը։ Բայց  Թբիլիսում շատ էին հակառուսական տրամադրություններն ու մնալ չէի կարող»,-ասում է Արտյոմը։ 

Եղբայրները պատերազմի հենց սկզբում երկրից դուրս եկած ալիքի մաս էին կազմում: Հայաստանն իր կանոնավոր չվերթներով, Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմով և ռուսալեզու մեծ բնակչությամբ, ռուսների համար առաջատար ուղղություններից մեկն էր։ 

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա հունվարից մայիս ամիսներին Հայաստան է ժամանել շուրջ 270 հազար ՌԴ քաղաքացի՝ հինգ ամսում 75 հազարով ավելի, քան 2020-ի ամբողջ տարվա ընթացքում։ Սակայն հնարավոր չէ ասել, թե քանիսն են մնացել։

Ռուսաստանի քաղաքացիներն առանց գրանցվելու կարող են Հայաստանում մնալ 180 օր։ Ժամանակացույցը վերանայվում է, եթե նրանք հատում են սահմանը և նորից վերադառնում: Մինչ օրս 1059 ռուս և 51 ուկրաինացի է դիմել և ստացել կացության կարգավիճակ, իսկ 240 ուկրաինացի և 3 ռուսաստանցիներ դիմել են փախստականի կարգավիճակ ստանալու համար:

Վրաստանյան իրենց փորձից հետո Արտյոմն ու եղբայրը փորձել են բնակություն հաստատել Հայաստանի մայրաքաղաք Երևանում, սակայն թանկացումները և ռուբլու անկումը դժվարացրել են վիճակը։ Ի վերջո, նրանք ճանապարհ են ընկել դեպի Գյումրի՝ մոտավորապես 100 հազար բնակչություն ունեցող եւ Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող քաղաք: Գյումրիում է տեղակայված նաև ռուսական բանակի բազան, հարմար հանգրվան է դարձել էմիգրանտների համար, որոնք փնտրում են քաղաքային միջավայր՝ լավ ինտերնետով և էժան բնակարաններով:

«Ռուսաստանից տեղափոխվածների թիվը գնահատվում է շուրջ 100 հազար։ Հիմնականում բարձր տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ են,  բայց կան  նաև այլ ոլորտի ներկայացուցիչներ՝ սկսած վարորդներից, հանրային  սննդի աշխատողներից, նկատի ունեմ մատուցողներ, խոհարարներ և այսպես շարունակ, բայց նրանք ավելի քիչ են»,-ասում է  ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։ Նա նշում է, որ ներհոսքը դրական է եղել տարբեր ոլորտների համար, օրինակ՝ ՏՏ ոլորտի, որտեղ տեղական աշխատուժի նեղ մասնագիտական հմտությունների բացերի պատճառով դժվար էր բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետներ գտնելը, իսկ այժմ այդ պահանջարկը համալրվել է ու կա մրցակցություն: 

Գյումրու «Կոմպաս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական ընկերության նախագահ Ղարիբ Հարությունյանը համաձայն է, որ ռուսաստանցիների նոր հոսքն անմիջական ազդեցություն է ունեցել քաղաքի ՏՏ ոլորտի վրա: Նրա կենտրոնի հետազոտությունները ցույց են տալիս նոր ստեղծվող ՏՏ ընկերությունների թվի զգալի աճ՝ ներառյալ տեղացիների հետ համագործակցությունները:

Նա հավելում է, որ տեղացիները մինչ օրս ռուսներին ընդունելու խնդիր չեն ունեցել։

«Քանի որ Գյումրիում ռուսական ռազմաբազայի գործոնը կա, գյումրեցիները սովոր են ռուսների ներկայությանը։ Սպասարկման օբյեկտներում, տարբեր թաղամասերում նրանք  որպես վարձակալներ տարիներով ապրում են, ու կարծում եմ, ավելի սովորական երևույթ էր, քան ասենք Վանաձորում կամ մյուս քաղաքներում լիներ նման մեծ հոսք»,- նշում է նա՝ հավելելով, որ նոր տեղափոխված ուկրաինացիների չի հանդիպել։

 

Մոսկվայից փաստաբան և երեխաների իրավունքների պաշտպան Լենա Պիրագովան չգիտեր ռազմաբազայի մասին, երբ որոշեց տեղափոխվել Գյումրի. նրան գրավել էին բնակարանային գները, որոնք ավելի ցածր են, քան Երևանում։ Լենայի դուստրը՝ Ագատան, աուտիզմ համախտանիշ ունի, և կինը հաճելիորեն զարմացավ, երբ տեղական դպրոցներում այդպիսի երեխաների համար հարմար պայմաններ գտավ:

«Մոսկվայում պայքարում էի, որ Ագաթայի նման երեխաները սովորեն հանրակրթական դպրոցներում, իսկ այստեղ  վաղուց են անցել այդ կրթական համակարգին։ Շատ էի զարմացել։ Այստեղ շատ ջերմ ու հոգատար են մարդիկ վերաբերում երեխաներին,  զարմացնող ու ուրախացնող է։ Այս ամենը ստիպեց, որ սիրահարվեմ Գյումրիին։ Հիմա ես եմ Երևանի ընկերներիս կանչում Գյումրի, որ իրենք էլ սիրահարվեն այս քաղաքին»,-ասում է Լենան։

Լենայի գործատուն՝ բարեգործական կազմակերպությունը, որը պաշտպանում է աուտիզմով երեխաների իրավունքները, թույլ է տալիս նրան աշխատել Հայաստանից՝ հեռակա կարգով։ Նա ստիպված չեղավ մարտ ամսին Գյումրի տեղափոխվելուց հետո, աշխատանք փնտրել: 

«Աշխատանքի սահմանափակ շուկան և էապես ցածր աշխատավարձերը ցնցող են եղել վերջերս ժամանածների համար»,-ասում է տնտեսագետ Ղարիբ Հարությունյանը։

Ըստ նրա դիտարկումների, աշխատանքի բացակայության և գույքի որոշակի թանկացումների պատճառով նկատվում է միտում, որ Ռուսաստանից կամ այլ վայրերից  տեղափոխվածները, վերադառնում են իրենց կամ այլ երկիր։  «Գյումրիում աշխատանք գտնելը տեղի բնակիչների համար դժվար է, իսկ ռուսների համար կրկնակի բարդ, որովհետև կան լեզվական խնդիրներ, մշակույթի, կենսակերպի տարբերություն ու աշխատաշուկա մտնելու համար երկար ժամանակ է պահանջվում, ինչին քչերն են պատրաստ»։ 

Տանյա Մինակովան Մոսկվայում աշխատել է որպես նախադպրոցական դասարանների մանկավարժ և հոգեբան։ Երբ նա Գյումրի եկավ, անմիջապես սկսեց աշխատանք փնտրել տեղի դպրոցներում։ Աշխատավարձերը, սակայն, շոկային էին.

«Եթե հեռավար աշխատողների համար հեշտ էր տեղափոխվել, ինձ համար շատ դժվար էր։ Ես դաստիարակ եմ ու հեռավար չէի կարող աշխատել։ Ունեի որոշ խնայողություն ու ամեն ինչ պետք է սկսեի զրոյից»։  

«Մասնավոր մանկապարտեզներից մեկին ուղարկեցի ինքնակենսագրականս, հրավիրեցին աշխատանքի, շատ ուրախացա,  բայց չէի հարցրել աշխատավարձի մասին։ Իհարկե, մտածում էի, որ շատ բան կփոխվեր իմ կենսակերպում։ Այն աշխատանքը, որ ես անում էի Մոսկվայում մտածում էի՝ դրա եռակի պակաս գումարով ինչ-որ աշխատանք գտնել։ Բայց ոչ տասնապատիկ քիչ»։ 

Նա մերժեց աշխատանքի առաջարկը, հետո իմացավ, որ իրեն առաջարկած աշխատավարձն իրականում տեղական շուկայի համար բավականին լավ է համարվում:

«Երբ տեղափոխվում ես այլ երկիր, շատ երկար ճանապարհ է սպասվում, որ ամեն ինչ փոխարինես քո դրամական արժույթով ու քո կենսակերպով։ Եթե աշխատանք չգտնեմ, կգնամ, բայց ոչ Ռուսատսան։ Տեսնեմ որ երկրում աշխատանք կկարողանամ գտնել»,- ասում է նա՝ նշելով, որ դեռ հույս ունի, որ նոր ուսումնական տարվա սկզբում ինչ-որ բան կգտնի։ 

«Գիտե՞ք ինչն է ցավալի․ իմ երկիրը գնացել է գրավելու նոր տարածքներ, բայց կորցնում է մարդկային ռեսուրս։ Շատ հեշտությամբ թողնում է, որ մասնագետները գնան։ Ովքեր հեռանում են իմ երկրից, նրանք հաստատ հիմար մարդիկ չեն։ Կան երկրներ, որոնք որպես էժան աշխատուժ օգտագործում են այդ մարդկային ռեսուրսը»։ 

«Ռուսատանում կա այդպիսի տրամադրվածություն, որ եթե գնում ես, ուրեմն հայրենիքի դավաճան ես։ Այս  իրադարձություններից հետո տարբեր երկրներ շատ վատ են  սկսել վերաբերվել ռուսներին։ Ստացվում է՝ քեզ  դավաճան են համարում հայրենիքում, որովհետև դեմ ես վարվող քաղաքականությանը ու հեռացել ես, միաժամանակ արտերկրում էլ վատ են վերաբերում՝ քեզ նույնականացնելով իշխանությունների հետ։ Հայաստանում վիճակը  այդպես չէ, տարբերակում են հասարակ ժողովրդին ու իշխանության քաղաքականությունը»,- ասում է Արտյոմ Էմիլյանովը։


 Այս պատմությունը պատրաստվել է Friedrich-Ebert-Stiftung (FES) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Բոլոր արտահայտված կարծիքները միայն հեղինակինն են և պարտադիր չէ, որ արտացոլեն FES-ի կամ Չայխանայի տեսակետները:

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա