Ճնշման տակ տանը. ռուս լրագրողները Հայաստանում

Լրագրող: Էլլա Կանեգարիան,

Լուսանկարիչ: Արտյոմ Միկրյուկով

11.10.22
թեման: Կոնֆլիկտ

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուց 2 շաբաթ դեռ չանցած՝ Վիկտոր ու Վիկտորիա Մուչնիկը հայտնվում են Հայաստանում։

 «Մենք երբեք չենք մտածել Ռուսաստանը լքելու մասին, անգամ այն տարիներին, երբ մեր հեռուստաալիքը՝ Սիբիրյան ՏՎ2-ը արգելափակվել էր, բայց հարձակումից հետո, հեռուստաալիքը, որն արդեն օնլայն տիրույթում էր գործում, կրկին արգելափակվել էր այն բանից հետո, երբ մենք հրապարակել էինք նյութ, որտեղ հատուկ օպերացիան անվանում էինք պատերազմ»,-ասաց Վիկտորիան: 

Երկու օր անց նրանք Հայաստանում էին։

«Դա շատ արագ տեղի ունեցավ․ ես անգամ չհասցրի իրերս կարգին հավաքել կամ ավելի մտածված անել ամենը, մենք ուղղակի տեղափոխվեցինք Հայաստան, որտեղ գոնե ընկերներ ունեինք ու մեզ ծանոթ մարդիկ»,- ասում է Վիկտորիան։

Մուչնիկները միակը չէին։

Ռուսական լրատվական կայք «Ագենստվո»-ն, որը ներկայումս գործում է Վրաստանում, նշում է, որ ռուսական տարբեր անկախ մեդիաները ներկայացնող մոտ 150 խմբագիրներ ու լրագրողներ լքել են իրենց երկիրը՝ խստացվող օրենսդրության ու Ռոսկոմնադզորի կողմից ավելի ու ավելի ռեպրեսսիվ գործողությունների հետևանքով։

Չնայած Հայաստան ժամանած մոտ 150 000 ռուսների մեծամասնությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ են, լրագրողների որոշ փոքրիկ խումբ էլ է հայտնվել այստեղ եւ ձևավորել մի փոքրիկ համայնք։

Սամվել Մարտիրոսյանն ով լրագրող է, մեդիայի մասնագետ, կիբերանվտանգության մասնագետ ու CyberHUB նախագծի հիմնադիր, նշում է , որ նրանց ներկայությունն ավելի աննկատ է, քան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներինը։

«Հայաստանը հիմնականում լավ է նրանց համար, ովքեր աշխատում են IT ոլորտում կամ դրան հարակից մարքեթինգի ու սեյլզի։ Այն լավ տարածություն է նրանց համար, ովքեր փնտրում են աշխատանք, քանի որ Հայաստանի IT ոլորտը լավ զարգացած է ու մշտապես նոր մասնագետների կարիք ունի․․․այլ պլյուսեր էլ կան․․․բնակչությունը համեմատաբար ավելի rուսախոս է կամ գոնե լեզուն է հասկանում, անվտանգ է ու չունի որևէ  ագրեսիա  rուսների հանդեպ, գները ցածր են, ուտելիքը՝ առողջ ու բազմատեսակ․․․»,- ասում է նա։

«Լրագրության մեջ շատ տարբեր է։ Դեռ տեսանելի չեն որևէ էական փոփոխություններ, որովհետև մարդիկ, ովքեր տեղափոխվել են համեմատաբար ավելի փակ կյանքով են ապրում, և հայկական մեդիայի դաշտն ու խմբագիրներն էլ իրենց հերթին ունեն բավականին փակ կյանք ու դժվարությամբ են փոփոխությունների գնում։

Նա ավելացնում է, որ հայաստանյան իշխանության հարաբերությունը մեդիայի հետ «բավականին իռռացիոնալ է», բայց լրագրողներն անկախ ամենից շատ ավելի մեծ ազատություն ունեն, քան իրենց Ռուսաստանի գործընկերները։

«Մի կողմից այն ողջունում է ազատ արտահայտվելու իրավունքը, բայց միևնույն ժամանակ ստեղծում դրան խոչնդոտող բազմաթիվ օրենքներ ավելի, քան նախորդ կառավարությունները»,- ասում է նա՝ շարունակելով․ «Մյուս կողմից էլ մեդիան շատ բևեռացված է և առավել քան երբևէ ներգրավված քաղաքական դեբատների նարրատիվում։ Սա նույնպես ամբողջությամբ ազդում է խոսքի ազատության ու դրա ուղղության վրա։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե արդյոք Ռուսաստանի սիտուացիան որևէ կերպ կազդի դրա վրա թե ոչ»։ 

Յան Շենկմանն, ով թղթակցում է՝ «Նովայա Գազետա» ռուսական անկախ թերթի, որը հայտնի է Ռուսաստանի քաղաքական ու սոցիալ տիրույթները լուսաբանող իր քննադատական ու հետաքննող հոդվածներով, արդեն ադապտացվել է իրավիճակին և փորձում աշխատել այս կետից, որպես մարդ, ով անհայտ ժամանակով լքել է իր պետությունը։

«Բարդ է։ Ի՞նչ պետք է անեմ․․․շարունակեմ գրել Ռուսաստանի մասի՞ն։ Բայց, ես արդեն գրեթե յոթ ամիս այդտեղ չեմ ապրում։ Այդտեղ բաներ են փոխվել հիմա»,- ասում է նա․ «Շատ անորոշ է լինել կախված երկու տարբեր աշխարհների արանքում։ Դրանցից մեկը մի ժամանակ քո իրականությունն էր, բայց էլ չէ։Ես այստեղ եմ, բայց այստեղից ի՞նչ կարող եմ ես անել։ Սա ավելի ծանր է քան տան կորուստը, դու կորցնում ես քո թեմաները, քեզ ծանոթ բաները, որոնք տալիս էին ինքնավստահություն ու դու արդեն դադարում ես որևէ բանում վստահ զգալ»։ 

Նա նաև նշում է, որ նկատել է թե տեղացիներն ինչպես են դժվարությամբ հասկանում իր այցի նպատակը, որովհետև կամ դիտարկում են որպես զբոսաշրջիկ կամ գործով ճամփորդող մարդ, բայց ոչ մարդ, ով եկել է մնալու։

«Ինչն ինձ զարմացնում է Հայաստանում՝ մարդկանց հարցերն են, թե արդյոք տուրիստ եմ կամ ինչքան ժամանակով եմ եկել․․․իրենցից ոչ մեկը դեռ չի ենթադրել անգամ, որ կարող է ես միգրանտ եմ, ով լքել է իր երկիրը, որովհետև ստիպված էր»,- ասում  է նա․ «Ես հեռացել եմ ու պատճառն իմ հեռանալու այն էր, որ էլ չէի կարողանում շարունակել իմ մասնագիտական գործունեությունը»։

Իլյա Բաժանը՝ անկախ մեդիա մասնագետ, Հայաստան ժամանելուց հետո  որոշեց գործածել Հայաստանում տիրող ավելի ազատ միջավայրն իր նոր՝ անկախ մեդիա հարթակը ստեղծելու համար, որը կենտրոնանա հավաստի տեղեկատվության տարածման վրա։ 

«Անկախ լրագրությունը ավելի հեշտ է ու անվտանգ Ռուսաստանի սահմանից դուրս»,- ասում է նա․ «Մենք շատ ենք այսօր խոսում խոսքի ազատությունից, բայց երբեք չենք խորանում թե այն ինչ է իրականում։ Իմ կարծիքով, առաջին հերթին դա տոլերանտությունն է այլ մարդու կամ կարծիքի հանդեպ, ունակությունը տեսնելու աշխարհն ինչպես այն կա, առանց դատապարտելու տեսածը կամ կանխակալ վերաբերմունքի։

Իլյայի թիմը ներկայում բաղկացած է գրեթե 40 մարդուց, չնայած իր պատկերացրած մեդիա հարթակի բնականոն ու ավելի հանգիստ աշխատանքի համար նրանց թիվը պետք է մոտավորապես հասներ 90-ի։ 

Մուչնիկները նույնպես որոշեցին օգատգործել նոր տարածքում նոր տան առաջարկած հնարավորություններն ու ստեղծել նոր մեդիա նախագիծ, որն իրենց այլախոհ հայրենակիցներին կօգնի խոսել ու արտահայտվել պատերազմի դեմ։

«Մեզ մոտ այլ տարբերակ չկար բացի ընդունելուց այս փաստը, փակելուց մեր գործունեությունն ու առաջ շարժվելուց․ Մենք հասկացանք, որ այս կետից միակ բանը, որ կարող ենք անել՝ հակապատերազմական ձայների ֆիքսումն է։ Մենք այդպես ձեռնարկեցինք Ականատես նախագիծը»,- նշում է Վիկտորիան, շարունակելով՝ «Սկզբում մենք զարմացած էինք տեսնել, թե քանի մարդ էր Ռուսաստանից բաց խոսում իր քաղաքական դիրքորոշման մասին, առանց որևէ վախի։ Մեր նախագիծն ունի երկու նպատակ, մեկը՝ դոկումենտացնել այս ձայները, մյուսը՝ մարդկանց տրամադրել ինքնաարտահայտման մի հարթակ, որովհետև անգամ դա է հիմա անհնար»: 


Այս պատմությունը պատրաստվել է Friedrich-Ebert-Stiftung (FES) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ: Բոլոր արտահայտված կարծիքները միայն հեղինակինն են և պարտադիր չէ, որ արտացոլեն FES-ի կամ Չայխանայի տեսակետները:

 

 

https://chaikhana.media/en/stories/1380/freedom

https://chaikhana.media/en/stories/1377/the-flight-2022

https://chaikhana.media/en/stories/1382/russian-emigres-find-safe-haven-in-armenias-second-city

 

ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ՉԱՅԽԱՆԱՅԻՆ
Մենք շահույթ չհետապնդող մեդիա կազմակերպություն ենք, որը լուսաբանում է թեմաներ ու առանձին խմբերի մասին պատմություններ, որոնք հաճախ անտեսվում են հիմնական լրատվամիջոցների կողմից: Մեր աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր համայնքի և ձեր նման ընթերցողների աջակցության: Ձեր նվիրատվությունները մեզ հնարավորություն են տալիս աջակցել լրագրողներին, ովքեր լուսաբանում են տարածաշրջանի չներկայացված պատմությունները:
նվիրաբերեք հիմա